Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0062/04/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0062/04/16 2017 թ.
Նախագահող դատավոր`  Ա. Սմբատյան 
                                                  Կ. Հակոբյան
                                                  Ա. Հունանյան

                                                                                   

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2017 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2016 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.09.2016 թվականի վճիռը բեկանվել է, և Բանկի կողմից ներկայացված դիմումը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի կերպով չի հետազոտել գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, ճիշտ չի գնահատել դրանք և գործով կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում: Մասնավորապես` հղում կատարելով թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշմանը` գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է պարտավորության հիմք հանդիսացող գործարքը, ապա վճարային պարտավորությունը վիճելի է, հետևաբար բացակայում է սնանկ ճանաչելու հիմքերից մեկը` վճարային պարտավորության անվիճելիությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի համադրել նշված որոշման և սույն գործի փաստական հանգամանքները, հաշվի չի առել սույն գործի առանձնահատկությունները` անտեսելով, որ Դատարանն իրավացիորեն եկել է այն հետևության, որ անկախ թիվ ԵԿԴ/2093/02/16 քաղաքացիական գործի ելքից` Ընկերության վճարային պարտավորությունը Բանկի նկատմամբ չի դադարի` գործարքի անվավերության հետևանքով պարտապանը պարտավոր կլինի վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը` վարկի 470.000 ԱՄՆ դոլարը, ինչը, անկախ տոկոսների կամ տույժերի վերահաշվարկի հանգամանքից, ենթադրում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող վճարային պարտավորության առկայություն: Պայմանագիրն անվավեր ճանաչելու պարտապանի պահանջի մերժման դեպքում, առավել ևս, այդ հանգամանքը չի կարող որևէ ազդեցություն ունենալ սնանկության վարույթի ընթացքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.01.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.09.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Ընկերության միջև 27.12.2013 թվականին կնքվել է թիվ VP 023568 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկն Ընկերությանը տրամադրել է 470.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով` մինչև 08.01.2019 թվականը վարկը և տոկոսները պայմանագրի անբաժանելի մաս կազմող մարման ժամանակացույցին համապատասխան մարելու պայմանով (գործի հավելված, գ.թ. 7-13):

2) Համաձայն Բանկի կողմից 24.02.2016 թվականին տրված քաղվածքի` վարկի մնացորդը 24.02.2016 թվականի դրությամբ կազմել է 457.120 ԱՄՆ դոլար, որից ժամկետանց` 14.642,22 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսը` 18.398,9 ԱՄՆ դոլար, որից ժամկետանց` 14.774,27 ԱՄՆ դոլար, վարձավճարը` 572.460 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժը` 1.877 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսի տույժ` 2.339,91 ԱՄՆ դոլար: Վարկի գումարի վերջին մարումը կատարվել է 02.11.2015 թվականին, իսկ տոկոսի գումարի վերջին մարումը` 01.12.2015 թվականին (գործի հավելված, գ.թ. 15-16):

3) Ընկերությունը 01.06.2016 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն` հայտնելով, որ 24.05.2016 թվականին հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Բանկի և Ընկերության միջև 27.12.2013 թվականին կնքված թիվ VP 023568 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և խնդրել է մերժել Բանկի դիմումը (գործի հավելված, գ.թ. 32-35):

i

4) Ընկերությունը 24.05.2016 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Բանկի` խնդրելով անվավեր ճանաչել Բանկի և Ընկերության միջև 27.12.2013 թվականին կնքված թիվ VP 023568 վարկային պայմանագիրը` նկատի ունենալով, որ այն հակասում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ տրամադրված վարկի (մայր գումարի) գնանշումը և տրամադրված վարկից վճարվող տոկոսները (պայմանագիր գինը) սահմանված են ԱՄՆ դոլարով: Նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ 27.05.2016 թվականի որոշմամբ (գործի հավելված, գ.թ. 37-40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք այլ քաղաքացիական գործով ցանկացած հիմքով նյութաիրավական վեճի առկայությունը բացառում է սնանկության գործով պարտավորության անվիճելիությունը և ըստ այդմ` պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությունը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է` պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս, թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում է վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «դ» ենթակետի համատեքստում: Մասնավորապես` այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի առարկությունն ուղղված է պահանջի մի մասի դեմ, իսկ մնացած մասը չի վիճարկվում: Այլ կերպ` չվիճարկվող մասը, եթե այն գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, անվիճելի է դարձնում պարտավորությունն առնվազն այդ մասով (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը (օրինակ, վկայի պարտավորության կատարումից ընդհանրապես հրաժարվելու հնարավորության մասին, ինչպես որ առկա է եղել վերոնշյալ թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործի պայմաններում): Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած` ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ` անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է` բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն` նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը` անկախ նյութաիրավական վեճի հիմքից:

i

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ընկերության միջև 27.12.2013 թվականին կնքվել է թիվ VP 023568 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկը Ընկերությանը տրամադրել է 470.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Վարկի մնացորդը 24.02.2016 թվականի դրությամբ կազմել է 457.120 ԱՄՆ դոլար, որից ժամկետանց` 14.642,22 ԱՄՆ դոլար: Ընկերությունը 24.05.2016 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Բանկի` խնդրելով անվավեր ճանաչել Բանկի և Ընկերության միջև 27.12.2013 թվականին կնքված թիվ VP 023568 վարկային պայմանագիրը` նկատի ունենալով, որ այն հակասում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ տրամադրված վարկի (մայր գումարի) գնանշումը և տրամադրված վարկից վճարվող տոկոսները (պայմանագիր գինը) սահմանված են ԱՄՆ դոլարով: Նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ 27.05.2016 թվականի որոշմամբ:

i

Դատարանը, Բանկի դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ անգամ Ընկերության հայցը բավարարվելու և գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով սահմանված գործարքի անվավերության հետևանքները, այսինքն` Ընկերությունը Բանկին պետք է վերադարձնի այն դրամական միջոցները, որոնք վարկի ձևով ստացել է վարկային պայմանագրի հիման վրա: Հայցը մերժվելու դեպքում առավել ևս դատական ակտը որևէ ազդեցություն չի կարող ունենալ սնանկության վարույթի վրա: ՈՒստի Դատարանը գտել է, որ առկա են Ընկերությանը սնանկ ճանաչելու օրենքով նախատեսված պայմանները: Նկատի ունենալով, որ Ընկերությունը վարկային պայմանագիրը վիճարկելու հայց ներկայացրել է սնանկության դիմումը վարույթ ընդունելուց հետո, Դատարանը գտել է, որ նման հայց ներկայացնելը նպատակ է հետապնդում արհեստականորեն խոչընդոտել սնանկության վարույթը: Դատարանը նաև կարևորել է, որ թեև Ընկերության կողմից հայց է ներկայացվել պայմանագիրը` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին հակասելու հիմքով անվավեր ճանաչելու պահանջով, այդուհանդերձ, վերջինիս կողմից նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունը շուրջ մեկ տարուց ավելի պատշաճորեն կատարվել է:

i

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է պարտավորության հիմք հանդիսացող գործարքը, ապա վճարային պարտավորությունը վիճելի է, հետևաբար բացակայում է սնանկ ճանաչելու հիմքերից մեկը` վճարային պարտավորության անվիճելիությունը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի եզրահանգումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումներին, քանի որ, եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՈՒստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը, չկիրառելով նույնանման փաստական հանգամանքներ ունեցող` թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում:

i

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում ամրագրված հատկանիշները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` պայմանով, որ սնանկության պահանջի դեմ պարտապանի առարկությունները պետք է բավարար չափով հիմնավորեն պահանջի անհիմն լինելը: Ընդ որում, նման առարկությունները հիմնավոր լինելու պարագայում վճարային պարտավորության` պարտքի չափը պետք է նվազի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից, որպեսզի բացառվի պարտապանի սնանկությունը:

i

Տվյալ դեպքում Ընկերությունը ներկայացրել է հայցադիմում` վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին, այն հիմքով, որ այն հակասում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար` նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ընկերությունը հնարավորություն կարող է ստանալ պարտքի գումարը, մասնավորապես` վարկի մայր գումարը, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ընդհանրապես չվճարել Բանկին: Այլ կերպ ասած` պարտապանը չի հիմնավորում, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի` նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերությունը չի առարկել վարկի գումարը ստացած լինելու վերաբերյալ, ավելին, շուրջ մեկ տարի Բանկի հանդեպ կատարել է վարկային պայմանագրից բխող իր պարտավորությունները: Նշված հանգամանքները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործը` նյութաիրավական վեճը, սույն սնանկության գործով չի բացառում պարտավորության անվիճելիության հատկանիշը` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում:

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ Դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը` չկիրառելով թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊ ընկերություն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

i

Թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործի փաստերի համաձայն` «Սիփան 1» ՍՊԸ-ի կողմից այլ գործով ներկայացված հայցապահանջը վերաբերել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունն ընդհանրապես չկատարելուն, այսինքն` մեկ այլ վարույթում քննվող հայցի բավարարման պարագայում «Սիփան 1» ՍՊԸ-ն կարող էր ամբողջությամբ ազատվել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից` գումարի վճարումից, որպիսի պարագայում էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտապանը բավարար հիմքեր ունի սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու համար: Մինչդեռ սույն քաղաքացիական գործի պարագայում անգամ Ընկերության հայցը բավարարվելու դեպքում Ընկերությունը չի կարող ազատվել Բանկին նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը վերադարձնելու պարտականությունից, ինչն էլ հանդիսանում է քննարկվող քաղաքացիական գործերի փաստական հանգամանքների էական տարբերությունը: ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2016 թվականի վճռին:

2. «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԿԴ/0062/04/16
Որոշում