Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քաղաքացիական և վարչական պալատի որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ6/0666/05/13
Վարչական գործ թիվ ՎԴ6/0666/05/13 2017 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
 Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարիամ Լալայանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի (այսուհետ` Տարածքային բաժին), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և անցած տարիների չվճարված կենսաթոշակը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Մարիամ Լալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարիամ Լալայանը պահանջել է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը և պարտավորեցնել վճարել անցած տարիների չվճարված կենսաթոշակը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա.Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 08.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք.Մկոյան, Ա.Առաքելյան, Գ.Ղարիբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.09.2015 թվականի որոշմամբ Մարիամ Լալայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի որոշմամբ Դատարանի 08.12.2014 թվականի վճռի դեմ բերված մասով Մարիամ Լալայանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած մասով վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ Դատարանի 08.12.2014 թվականի վճռի դեմ բերված մասով Մարիամ Լալայանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած մասով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Լալայանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչվել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: Այսինքն` Մարիամ Լալայանի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է հարուցել Վճռաբեկ դատարանի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանը 08.12.2014 թվականի վճռով Մարիամ Լալայանի հայցը մերժելիս հաստատված է համարել, որ Մարիամ Լալայանը ստացել է իր կենսաթոշակը մինչև 2004 թվականը, որից հետո կենսաթոշակ չի ստացել: Հետագայում` 01.06.2012 թվականից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից դադարեցվել է Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը: Վերը նշվածի հիման վրա Դատարանը հանգել է այն հետևության, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից 01.06.2012 թվականից Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելն իրավաչափ է և համապատասխանում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջներին, քանի որ վերջինիս հինգ տարուց ավել, անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել (հատոր 1-ին, գ.թ. 91-101):

2) Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշմամբ Մարիամ Լալայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 71-80):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Մարիամ Լալայանի` Դատարանի 08.12.2014 թվականի վճռի դեմ բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 71-72):

4) Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում ճանաչվել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման իրավակարգավորումը, երբ հաշվի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը` առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitսtiօ iո iոtegrսm): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:

Սույն գործով Մարիամ Լալայանի հայցը մերժելիս Դատարանը հաստատված է համարել, որ Մարիամ Լալայանը ստացել է իր կենսաթոշակը մինչև 2004 թվականը, որից հետո կենսաթոշակ չի ստացել: Հետագայում` 01.06.2012 թվականից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից դադարեցվել է Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը: Վերը նշվածի հիման վրա Դատարանը հանգել է այն հետևության, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից 01.06.2012 թվականից Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելն իրավաչափ է և համապատասխանում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջներին, քանի որ վերջինիս հինգ տարուց ավել, անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի դեմ Մարիամ Լալայանի բերած վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով Մարիամ Լալայանը որպես նոր հանգամանք ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշումը, որով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչվել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման իրավակարգավորումը, երբ հաշվի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը` առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշմամբ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածներին հակասող է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման արդյունքում Մարիամ Լալայանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ6/0666/05/13
Որոշում