Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 13.11.2008 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 13.11.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1337-Ն ՈՐՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/2182/05/14

    դատարանի որոշում                                               2017 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2182/05/14

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Գ. Ղարիբյան

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի

                                             Ս. Անտոնյանի

                                             Վ. Ավանեսյանի

                                             Ա. Բարսեղյանի

                                             Մ. Դրմեյանի

                                             Գ. Հակոբյանի

                                             Ռ. Հակոբյանի

                                             Ե. Սողոմոնյանի

                                             Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Թադևոսյանի ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձ ՀՀ քաղաքաշինության նախարարություն` Ռոբերտ Թադևոսյանին վերաբերող մասով Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետն անվավեր ճանաչելու և Ռոբերտ Թադևոսյանին մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Թադևոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետը, պարտավորեցնել Հանձնաժողովին Ռոբերտ Թադևոսյանին մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 30.07.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2016 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 30.07.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերը, ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հանձնաժողովի կողմից 14.12.2012 թվականի նիստում Ռոբերտ Թադևոսյանի բնակապահովման հարցը քննարկելու ժամանակ Հանձնաժողովի տրամադրության տակ առկա չի եղել Ռոբերտ Թադևոսյանի` երկրաշարժի պահին տուն ունենալու մասին փաստաթուղթ: Հետևաբար Հանձնաժողովի կայացրած որոշումն իրավաչափ է, քանի որ Ռոբերտ Թադևոսյանի փաստաթղթային փաթեթում առկա չեն եղել վերջինիս բնակարանային ապահովման ծրագրում ընդգրկելու համար բավարար փաստաթղթեր: Ընդ որում, տվյալ դեպքում լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայում էր, քանի որ Հանձնաժողովը վարչական վարույթի ընթացքում ունեցել է վիճարկվող որոշումն ընդունելու բոլոր անհրաժեշտ հիմքերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցապահանջը ենթակա էր մերժման, քանի որ Ռոբերտ Թադևոսյանը Հանձնաժողովի կազմած արձանագրությամբ արդեն իսկ չի ընդգրկվել բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում, ինչը բացառում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում նրան ընդգրկելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի կազմումը և այդ նախագծի ներկայացումը ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի (այսուհետ` Համայնք) ղեկավարին հասցեագրված 14.05.2005 թվականի դիմումով Համայնքի բնակիչ Զեմֆիրա Թադևոսյանը հայտնել է, որ երկրաշարժի ժամանակ ինքը համարվել է առանձին ծուխ, սակայն իր տունը քանդվել է, և խնդրել է իրեն ընդգրկել պետական աջակցությամբ կատարվող անհատական բնակարանաշինության ծրագրերի հերթացուցակում (հատոր 1-ին, գ.թ. 79):

2. Համայնքի ղեկավարի և նույն համայնքի ավագանու անդամների կողմից ստորագրված տեղեկանքի համաձայն` Զեմֆիրա Թադևոսյանի ընտանիքը 1988 թվականին Համայնքում հաշվառված է եղել որպես առանձին ծուխ, ունեցել է սեփական տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է, իսկ Զեմֆիրա Թադևոսյանի ընտանիքը բաղկացած է երկու անձից. այդ անձինք են վերջինս և նրա տղան` Ռոբերտ Թադևոսյանը, որոնք բնակվում են վագոն-տնակում (հատոր 1-ին, գ.թ. 29):

3. Համայնքի ղեկավարի կողմից տնտեսական թիվ 4 գրքից տրված արխիվային տեղեկանքի համաձայն` ՀՀ Գուգարքի շրջանի Լեռնապատի գյուղխորհրդի 1986-1990 թվականների տնտեսական գրքում (տնտ. թիվ 332) Զեմֆիրա Թադևոսյանի տնտեսությունում գրանցված են Զեմֆիրա Թադևոսյանը, ամուսինը` Միշա Թադևոսյանը, և տղան` Ռոբերտ Թադևոսյանը, իսկ որպես տնտեսության անձնական սեփականություն գրանցված է 1960 թվականին կառուցված քարե տուն (հատոր 1-ին, գ.թ. 30):

4. Բնակարանային պայմանների ստուգման ակտի համաձայն` 10.06.2005 թվականին բնակարանային հարցերով հանձնաժողովի կողմից ստուգվել են Զեմֆիրա Թադևոսյանի բնակարանային պայմանները և պարզվել է, որ վերջինս ժամանակավորապես բնակվում է տնակում, քանի որ երկրաշարժի հետևանքով նրա բնակելի տունը փլվել է (հատոր 1-ին, գ.թ. 31):

5. 25.05.2007 թվականի թիվ ԱԱ 105375 մահվան վկայականի համաձայն` Զեմֆիրա Թադևոսյանը մահացել է 14.05.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ 82):

6. Համայնքի ղեկավարին հասցեագրված 06.11.2008 թվականի դիմումով Համայնքի բնակիչ Ռոբերտ Թադևոսյանը հայտնել է, որ երկրաշարժի ժամանակ ինքը եղել է առանձին ծուխ, սակայն իր տունը քանդվել է, իր ընտանիքը բաղկացած է մեկ անձից, որը բնակվում է տնակում, և խնդրել է իրեն ընդգրկել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ կատարվող անհատական բնակարանաշինության ծրագրերի հերթացուցակում (հատոր 1-ին, գ.թ. 26):

7. Բնակարանային պայմանների ստուգման ակտի համաձայն` 07.12.2008 թվականին բնակարանային հարցերով հանձնաժողովի կողմից ստուգվել են Ռոբերտ Թադևոսյանի բնակարանային պայմանները և պարզվել է, որ վերջինս ժամանակավորապես բնակվում է տնակում, քանի որ երկրաշարժի հետևանքով նրա բնակելի տունը քանդվել է (հատոր 1-ին, գ.թ. 83):

8. Համայնքի ղեկավարի կողմից 15.12.2008 թվականին հաստատված` պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակի 135-րդ տողում նշված է Ռոբերտ Թադևոսյանը (մեկ անձից բաղկացած ընտանիքով)` որպես մեկսենյականոց բնակելի տուն ստանալու հավակնորդ (հատոր 1-ին, գ.թ. 115):

9. Համայնքի ղեկավարի 20.04.2012 թվականի թիվ 2091148 տեղեկանքի համաձայն` Ռոբերտ Թադևոսյանի տունը 07.12.1988 թվականին երկրաշարժի հետևանքով քանդվել է, իսկ նրա ընտանիքը կազմված է մեկ անձից (հատոր 1-ին, գ.թ. 84):

10. Համայնքի ղեկավարի 03.12.2012 թվականի թիվ 2091447 տեղեկանքի համաձայն` Զեմֆիրա և Ռոբերտ Թադևոսյանների տունը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ քանդվել է և դրա դիմաց նրանք բնակարանի տեսքով փոխհատուցում չեն ստացել (հատոր 1-ին, գ.թ. 89):

11. Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրությունից քաղվածքի համաձայն` Հանձնաժողովը քննարկել է Համայնքի բնակիչ Ռոբերտ Թադևոսյանի բնակապահովման մասին հարցը և պարզել, որ Համայնքի ղեկավարի կողմից 15.12.2008 թվականի դրությամբ հաստատված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող անձանց ցուցակում Ռոբերտ Թադևոսյանը հաշվառված է մեկ անձով` որպես մեկ սենյակի հավակնող: Միաժամանակ նշվել է, որ Ռոբերտ Թադևոսյանի փաստաթղթային փաթեթում ներկայացված չեն Համայնքի 2011-2015 թվականների տնտեսությունների գրքից քաղվածքը` Ռոբերտ Թադևոսյանի տնտեսության մասով, վերջինիս անվամբ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն (ամուսնության կամ ամուսնալուծության վկայական, իսկ ամուսնացած չլինելու դեպքում` համապատասխան տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրասենյակից), ինչպես նաև ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող` հերթացուցակում հաշվառվելու համար համայնքի ղեկավարին ուղղված դիմումին կից ներկայացվող փաստաթուղթը` 07.12.1988 թվականի դրությամբ Ռոբերտ Թադևոսյանի ընտանիքի կազմի և տուն ունենալու մասին քաղվածքը Համայնքի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանքը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

12. Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով որոշվել է Ռոբերտ Թադևոսյանին չճանաչել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

13. Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետի դեմ Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված վարչական բողոքը Հանձնաժողովի 28.03.2014 թվականի որոշմամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 21-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. քաղաքացուն բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու մասին գործողության կատարման հայցը կարո՞ղ է արդյոք բավարարվել, եթե դատական ակտի կայացման դրությամբ պարզված չեն հայցվող գործողության իրավաչափության բոլոր պայմանները:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ, որի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակների համաձայն` դրանցում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

Նույն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության» կարգը (այսուհետ` Կարգ), որի 2-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և տվյալ բնակավայրում հաշվառված ու մշտական բնակություն հաստատած (...) այն անձինք ու նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակելի տները երկրաշարժի հետևանքով քանդվել են կամ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա են քանդման:

Կարգի 3-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառման ժամանակ ընտանիքի կազմը որոշվում է երկրաշարժի պահին տվյալ բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքում գրանցված, ինչպես նաև հաշվառման պահին ընտանիքի փաստացի անդամների թվով` որպես մեկ ընտանիք:

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը, իսկ 5-րդ կետի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին (...):

Կարգի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումները, կից ներկայացված փաստաթղթերի հետ միասին, մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (...) և քաղաքացուն հաշվառման վերցնելու վերաբերյալ ընդունվում է որոշում (...):

Կարգի 19-րդ կետի համաձայն` հաշվառման վերցնելու մասին ընդունված որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակ (...):

Կարգի 22-րդ կետի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ենթակա են հաստատման համայնքի ղեկավարի կողմից` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը (...):

Կարգի 23-րդ կետի համաձայն` նույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) հաստատվել է ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և նույն կանոնակարգով:

Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները.

(...).

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.

(...).

7) այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

Հանձնաժողովի կանոնակարգի 8-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (...) միջոցով:

Հանձնաժողովի կանոնակարգի 10-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության (...) 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերով:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակների հիման վրա: Ընդ որում, բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր մինչև երկրաշարժը` 07.12.1988 թվականը, ունեցել են բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է կամ 15.12.2008 թվականի դրությամբ ենթակա է քանդման` բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված Կարգի 11-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված Կարգի 11-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռոբերտ Թադևոսյանը մեկ անձից բաղկացած ընտանիքով հաշվառվել է Համայնքի ղեկավարի կողմից 15.12.2008 թվականին հաստատված` պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում` որպես մեկսենյականոց բնակելի տուն ստանալու հավակնորդ: Հանձնաժողովը քննարկել է Ռոբերտ Թադևոսյանի բնակապահովման մասին հարցը և 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով որոշել է Ռոբերտ Թադևոսյանին չճանաչել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու: Հանձնաժողովն իր որոշման հիմքում դրել է այն փաստական հանգամանքը, որ Ռոբերտ Թադևոսյանի փաստաթղթային փաթեթում ներկայացված չեն (ա) Համայնքի 2011-2015 թվականների տնտեսությունների գրքից քաղվածքը` Ռոբերտ Թադևոսյանի տնտեսության մասով, (բ) վերջինիս անվամբ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն (ամուսնության կամ ամուսնալուծության վկայական, իսկ ամուսնացած չլինելու դեպքում` համապատասխան տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրասենյակից), ինչպես նաև (գ) Կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող` հերթացուցակում հաշվառվելու համար համայնքի ղեկավարին ուղղված դիմումին կից ներկայացվող փաստաթուղթը` 07.12.1988 թվականի դրությամբ Ռոբերտ Թադևոսյանի ընտանիքի կազմի և տուն ունենալու մասին քաղվածքը Համայնքի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանքը:

Ռոբերտ Թադևոսյանը վարչական կարգով բողոքարկել է Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով ամրագրված որոշումը, սակայն Հանձնաժողովի 28.03.2014 թվականի որոշմամբ Ռոբերտ Թադևոսյանի վարչական բողոքը մերժվել է: Այնուհետև Ռոբերտ Թադևոսյանը դիմել է դատարան` ներկայացնելով վիճարկման և գործողության կատարման հայցի տարրեր պարունակող հայցադիմում` հետևյալ հայցապահանջներով.

1) անվավեր ճանաչել Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետը (վիճարկման հայց),

2) պարտավորեցնել Հանձնաժողովին Ռոբերտ Թադևոսյանին մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն (գործողության կատարման հայց):

Դատարանը բավարարել է Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված թե՛ վիճարկման և թե՛ գործողության կատարման հայցապահանջները, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:

Նախ և առաջ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված (1) վիճարկման հայցապահանջի բավարարման իրավաչափությանը:

Այսպես, Դատարանը Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված (1) վիճարկման հայցը բավարարելիս գտել է, որ Ռոբերտ Թադևոսյանը պարտավոր չէր ներկայացնել Համայնքի 2011-2015 թվականների տնտեսությունների գրքից քաղվածք և վերջինիս անվամբ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն` ըստ Կարգի 6-րդ կետի, իսկ Կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը` 07.12.1988 թվականի դրությամբ Ռոբերտ Թադևոսյանի ընտանիքի կազմի և տուն ունենալու մասին Համայնքի տնտեսությունների հաշվառման գրքից քաղվածքը, ներկայացնելու պարտականությունը բովանդակային առումով կատարված է` հաշվի առնելով նաև Կարգի 9.1-րդ կետի իրավակարգավորումը, քանի որ վարչական վարույթի նյութերում առկա են Ռոբերտ Թադևոսյանի ընտանիքի կազմի, ինչպես նաև 07.12.1988 թվականի դրությամբ տուն ունենալու վերաբերյալ բավարար փաստաթղթեր:

Վերաքննիչ դատարանը վիճարկման հայցապահանջի մասով իր հերթին պատճառաբանել է, որ Ռոբերտ Թադևոսյանի փաստաթղթային փաթեթում առկա են բավարար փաստաթղթեր, որոնցով հաստատվում են նրա ընտանիքի կազմը և երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը, իսկ Համայնքի 2011-2015 թվականների տնտեսությունների գրքից քաղվածքը և ամուսնության վկայականի պատճենը ներկայացված չլինելու հանգամանքը չի կարող Հանձնաժողովի համար հիմք հանդիսանալ քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու որոշում կայացնելու համար: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Հանձնաժողովը վարչական վարույթի ընթացքում խախտել է Ռոբերտ Թադևոսյանի լսված լինելու իրավունքը, ինչը ևս հիմք է հանդիսանում վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Հանձնաժողովը որոշել է Ռոբերտ Թադևոսյանին չճանաչել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու` կիրառելով Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետը: Նշված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ Հանձնաժողովը կարող է քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունել ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված Կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում: Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Կարգի 11-րդ կետի 6-րդ ենթակետի հիմքով, որի համաձայն` դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձինք, ովքեր չեն ներկայացրել նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով, ինչպես նաև 9.1-ին կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:

Կարգի 6-րդ կետի համաձայն` դիմումին կից ներկայացվում են`

1) ընտանիքի անդամների անձնագրերի (...) պատճենները.

2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականների պատճենները.

3) 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը.

4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.

5) անավարտ շինարարության բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենները.

6) անապահովության համակարգում ընդգրկվածության և ընտանիքի անապահովության մեծության բալային ցուցանիշի մասին տեղեկանք:

Կարգի 9.1-րդ կետի համաձայն` նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին:

Փաստորեն, Կարգի 6-րդ կետով սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն քաղաքացու կողմից աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրին մասնակցելու և բնակելի տուն ստանալու համար: Ընդ որում, նշված ցանկում ներառված տարբեր փաստաթղթերը չներկայացնելն առաջացնում է տարբեր իրավաբանական հետևանքներ: Մասնավորապես, Հանձնաժողովն իրավասու է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնել միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների շարքում բացակայում են Կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը, այսինքն` 07.12.1988 թվականի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից քաղվածք, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք կամ այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը, և Կարգի 9.1-րդ կետում նշված փաստաթուղթը, այսինքն` վերոգրյալ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում` 07.12.1988 թվականի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ Ռոբերտ Թադևոսյանին վերաբերող փաստաթղթերի փաթեթում առկա են եղել 07.12.1988 թվականի դրությամբ վերջինիս ընտանիքի կազմի և տուն ունենալու վերաբերյալ բավարար փաստաթղթեր: Այսպես, Զեմֆիրա Թադևոսյանի կողմից Համայնքի ղեկավարին հասցեագրված 14.05.2005 թվականի դիմումով, Համայնքի ղեկավարի և նույն համայնքի ավագանու անդամների կողմից ստորագրված տեղեկանքով, Ռոբերտ Թադևոսյանի կողմից Համայնքի ղեկավարին հասցեագրված 06.11.2008 թվականի դիմումով, Համայնքի ղեկավարի 20.04.2012 թվականի և 03.12.2012 թվականի տեղեկանքներով հաստատվում է այն հանգամանքը, որ 07.12.1988 թվականի դրությամբ Ռոբերտ Թադևոսյանը և նրա մայրը` Զեմֆիրա Թադևոսյանը, եղել են առանձին ընտանիք և ունեցել են բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է: Իսկ Զեմֆիրա Թադևոսյանի մահվան վկայականով հաստատվում է, որ վերջինս մահացել է մինչև Համայնքի ղեկավարի կողմից պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակի հաստատումը, և Ռոբերտ Թադևոսյանը մասնակցում է այդ ծրագրին մեկ անձից բաղկացած ընտանիքով: Ընդ որում, նշված փաստաթղթերը ներկայացված են եղել Հանձնաժողովին և վերջինս պարտավոր էր ուսումնասիրել դրանք վիճարկվող վարչական ակտն ընդունելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է հանգել այն եզրակացության, որ «(...) Ռոբերտ Թադևոսյանի փաստաթղթային փաթեթում առկա են եղել համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր, որոնցով հաստատվել են թե՛ նրա ընտանիքի կազմը, թե՛ երկրաշարժի պահին բնակելի տուն ունենալու փաստը, հետևաբար անհիմն է նշված փաստաթղթերի բացակայության հիմքով (...) Ռոբերտ Թադևոսյանին աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչելը (...)»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Թադևոսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար հիմք հանդիսացած և Հանձնաժողովի կողմից մատնանշված մյուս փաստաթղթերի բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստաթղթերից` (ա) Համայնքի 2011-2015 թվականների տնտեսությունների գրքից քաղվածքը, ներառված չէ քաղաքացու կողմից աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրին մասնակցելու և բնակելի տուն ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում: Այսինքն` Ռոբերտ Թադևոսյանն առհասարակ պարտավոր չէր բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու վերաբերյալ Համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումին կից ներկայացնել (ա) Համայնքի 2011-2015 թվականների տնտեսությունների գրքից քաղվածքը, և այդ փաստաթուղթը չներկայացնելու հիմքով Հանձնաժողովը չէր կարող որոշում կայացնել Ռոբերտ Թադևոսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ:

Ռոբերտ Թադևոսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար հիմք հանդիսացած և Հանձնաժողովի կողմից մատնանշված մյուս փաստաթղթերից` (բ) Ռոբերտ Թադևոսյանի ամուսնության կամ ամուսնալուծության վկայականը ներկայացնելու անհրաժեշտությունը նախատեսված է Կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով, որի խախտումը չի հանգեցնում Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելուն, իսկ ամուսնացած չլինելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրասենյակի տեղեկանք ներկայացնելու պարտականություն Կարգով առհասարակ նախատեսված չէ: Հետևաբար, Հանձնաժողովը չէր կարող որոշում կայացնել Ռոբերտ Թադևոսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ` վերջինիս անվամբ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացված չլինելու հիմքով:

Վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Հանձնաժողովի կողմից 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով ամրագրված որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության որոշումներով հաստատված` Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի և Կարգի 6-րդ կետի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման, ինչն իրավացիորեն արձանագրվել է ստորադաս դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը խախտել է նաև Ռոբերտ Թադևոսյանի լսված լինելու իրավունքը, քանի որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու և այդ լսումների անցկացման տեղի ու ժամանակի մասին Ռոբերտ Թադևոսյանին ծանուցելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու միջոցով մարդու լսված լինելու հիմնարար իրավունքի կենսագործման կառուցակարգի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած` վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս անձի իրավունքների գործնականում պատշաճ իրացման, մասնավորապես` վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով ամրագրված որոշումը կարող էր ընդունվել առանց լսումների իրականացման միայն լսումներ չանցկացնելու համար օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում բացակայել են լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Ավելին, լսումներ անցկացնելու մասին հատուկ իրավակարգավորում է նախատեսված նաև Հանձնաժողովի կանոնակարգի 13-րդ կետում, որի համաձայն` (...) բնակարանային ապահովման ծրագրում չընդգրկվելու վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց` ծրագրում չընդգրկելու վերաբերյալ հարցերը (...): Հետևաբար Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով ամրագրված որոշմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացումը պարտադիր էր:

Փաստորեն, նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հետևանքով Ռոբերտ Թադևոսյանը ոչ իրավաչափ կերպով զրկվել է աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրին մասնակցելու և բնակելի տուն ստանալուն ուղղված վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից: Այսինքն` Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով ամրագրված որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածների խախտմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածով երաշխավորված Ռոբերտ Թադևոսյանի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով իրավացիորեն են եզրահանգել, որ Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետով ամրագրված որոշումը և այդ որոշման վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված Հանձնաժողովի 28.03.2014 թվականի որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտեր են և ենթակա են վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված (2) գործողության կատարման հայցապահանջի բավարարման իրավաչափությանը, արձանագրում է հետևյալը.

Դատարանը Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված (2) գործողության կատարման հայցը բավարարելիս գտել է, որ սույն գործով ներկայացված ապացույցները համապատասխանում են բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու դիմումին կցվող փաստաթղթերին Կարգի 6-րդ կետով ներկայացվող պահանջներին, հետևաբար հայցվող գործողությունը ենթակա է կատարման Հանձնաժողովի կողմից:

Վերաքննիչ դատարանը ևս հանգել է այն եզրակացության, որ գործողության կատարման հայցը ենթակա է բավարարման` հաշվի առնելով, որ Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության 5.8-րդ կետը ճանաչվել է անվավեր, իսկ Դատարանը հաստատված է համարել հայցվող գործողության կատարման համար բավարար փաստաթղթերի առկայության փաստը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործողության կատարման հայցի քննարկման ընթացքում դատարանների կողմից պարզման ենթակա հարցերին` կարևորելով նշված հայցատեսակով վարչական մարմիններին պարտադրվող գործողությունների իրավաչափության գնահատման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ դատավարության մասնակիցներին և այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին:

Օրենսդիրը, վերոգրյալ իրավանորմերում ամրագրելով, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է վարչական մարմնին ներկայացնել նաև հետևյալ հայցապահանջը. կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Նշված հայցատեսակով ներկայացված պահանջի բավարարման դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին: Ընդ որում, նման վճիռ կայացնելու իրավական նախադրյալն այն է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների կիրառմամբ հաստատվում է հայցվող գործողության կամ անգործության իրավաչափությունը: Այլ կերպ ասած` վարչական դատարանի կողմից վարչական մարմնին որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար պետք է հաստատվի, որ հայցվող գործողությունը կատարելու համար առկա են փաստական և իրավական բավարար հիմքեր, և հայցվող գործողությունը համապատասխանում է դատական ակտի կայացման պահի դրությամբ գործող կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին, այսինքն` առկա են այդ գործողության իրավաչափության բոլոր պայմանները: Փաստորեն, վարչական դատարանն իրավասու չէ պարտավորեցնել վարչական մարմնին կատարելու այնպիսի գործողություն, որը դատական ակտի կայացման պահին համարվում է ոչ իրավաչափ, կամ որի կատարման համար անհրաժեշտ փաստական հիմքերը հաստատված չեն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով:

Սույն գործով ներկայացված գործողության կատարման հայցով Ռոբերտ Թադևոսյանը պահանջել է պարտավորեցնել Հանձնաժողովին իրեն մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն:

Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետով սահմանված` Հանձնաժողովի գործառույթների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մարմինը, ի թիվս այլ գործառույթների, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ: Ընդ որում, այդ Հանձնաժողովի կողմից նախապատրաստվող` ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծում ընդգրկվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում ներառված այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը չի կայացրել բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում: Հետևաբար, բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծում այս կամ այն քաղաքացուն ներառելու հիմքը վերջինիս նկատմամբ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշման բացակայությունն է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (2) գործողության կատարման հայցով Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված հայցապահանջը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե սույն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված լիներ այն փաստը, որ Ռոբերտ Թադևոսյանի փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավական և փաստական հիմքերը բացակայում են: Ինչպես արդեն արձանագրվել է, նշված հիմքերը նախատեսված են Կարգի 11-րդ կետում, որի համաձայն` դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձինք, ովքեր`

1) ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն (...).

2) նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.

3) 2004 թվականի հունվարի 01-ից հետո օտարել են բնակարան (բնակելի տուն), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները.

4) երկրաշարժից հետո հրաժարվել են բնակարանի (բնակելի տան) ժառանգությունից կամ ժառանգության բացման օրվանից սահմանված ժամկետում դիմում չեն ներկայացրել բնակարանի (բնակելի տան) ժառանգման իրավունքի վկայական ստանալու համար.

5) սեփականության իրավունքով իրենց պատկանող` երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան դիմաց նախկին Հայխնայբանկում բացված իրենց ավանդային հաշիվներին փոխանցված փոխհատուցման միջոցներով կառուցել են բնակելի տուն.

6) չեն ներկայացրել նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.

7) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Փաստորեն, (2) գործողության կատարման հայցով Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված հայցապահանջը ենթակա կլիներ բավարարման միայն այն պայմաններում, երբ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվեր այն հանգամանքը, որ բացակայում են Ռոբերտ Թադևոսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու` Կարգի 11-րդ կետի 1-7-րդ ենթակետերով նախատեսված վերոգրյալ բոլոր հիմքերը: Ընդ որում, տվյալ դեպքում նշված փաստի` որպես Ռոբերտ Թադևոսյանի համար բարենպաստ հանգամանքի, ապացուցման բեռը կրում է վերջինս, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով: Մինչդեռ սույն գործով Ռոբերտ Թադևոսյանը չի ապացուցել այն հանգամանքը, որ իր փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու չէր կայացնել Ռոբերտ Թադևոսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում` Կարգի 11-րդ կետի 1-7-րդ ենթակետերով նախատեսված վերոգրյալ բոլոր հիմքերի բացակայության պատճառով: Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վերոնշյալ փաստի չապացուցման բացասական հետևանքները կրում է Ռոբերտ Թադևոսյանը` որպես այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմ:

Հետևաբար, սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են, որ (2) գործողության կատարման հայցով Ռոբերտ Թադևոսյանի կողմից ներկայացված հայցապահանջը ենթակա չէր բավարարման, քանի որ տվյալ դեպքում չի հաստատվել վերջինիս կողմից հայցվող գործողությունը կատարելու իրավական և փաստական նախադրյալը` Կարգի 11-րդ կետի 1-7-րդ ենթակետերով նախատեսված պայմանների բացակայությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` (2) գործողության կատարման հայցապահանջի մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով, բեկանելու և փոփոխելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն և հայցը` (2) գործողության կատարման պահանջի մասով, ենթակա է մերժման, ուստի Ռոբերտ Թադևոսյանից հօգուտ Հանձնաժողովի պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ Ռոբերտ Թադևոսյանի կողմից հայցադիմումի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում (2) գործողության կատարման պահանջի մասով պետական տուրքի` 4.000 ՀՀ դրամի չափով, հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ այդ պահանջի մասով հայցը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2016 թվականի որոշման` ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովին Ռոբերտ Թադևոսյանին մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջը բավարարելու մասով ՀՀ վարչական դատարանի 30.07.2015 թվականի վճիռն անփոփոխ թողնելու և այդ հայցապահանջի մասով դատական ծախսերի բաշխման մասերը, և այդ մասերով այն փոփոխել. Ռոբերտ Թադևոսյանի հայցը` նշված պահանջի մասով, մերժել:

Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Ռոբերտ Թադևոսյանից հօգուտ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ռոբերտ Թադևոսյանից հօգուտ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ/2182/05/14
Որոշում