Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և  վարչական պալատի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/3369/05/14
2017թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3369/05/14

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
 Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` 05.05.2014 թվականի դիմումով ակնկալվող բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու կամ դիմումն ըստ էության քննության առնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Ալեքսանյանը, Նարինե Սաքեյանը, Հասմիկ Վարդանյանը և Գագիկ Ավետիսյանը պահանջել են պարտավորեցնել Նախարարությանը կայացնել 05.05.2014 թվականի դիմումով ակնկալվող բարենպաստ վարչական ակտ կամ ըստ էության քննության առնել 05.05.2014 թվականի դիմումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 25.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա.Բաբայան, Ա.Աբովյան, Ա.Սարգսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2015 թվականի որոշմամբ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշման դեմ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ սույն գործով դատարանի կողմից կիրառած «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 25.12.2014 թվականի վճռով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ նոտարի գործունեությունը թեև կրում է հանրային բնույթ և նպաստում է արդարադատության իրականացմանը, այնուամենայնիվ, նոտարական գործողություններ և ծառայություններ իրականացնելը չի նույնանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչարարության իրականացման հետ, որպիսի պայմաններում նոտարը չի հանդիսանում վարչարարություն իրականացնող վարչական մարմին: Միաժամանակ Դատարանը, կիրառելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, արձանագրել է, որ նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում, իսկ ՀՀ արդարադատության նախարարն իրավասու չէ նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար կրել պատասխանատվություն (հատոր 1-ին, գ.թ. 85-100):

2) Վերաքննիչ դատարանը 08.07.2015 թվականի որոշմամբ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 25.12.2014 թվականի վճիռը թողել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 72-87):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 04.11.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշման դեմ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է (հատոր 3-րդ, գ.թ. 81-85):

i

4) Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենքի նշված դրույթները, որոնք կարգավորում են նոտարի պատասխանատվության վերաբերյալ հարցերը, հաշվի չեն առնում հնարավոր իրավիճակների ամբողջ բազմազանությունը և բավարար կառուցակարգեր և ընթացակարգեր չեն սահմանում անձի խախտված սեփականության իրավունքի պաշտպանության համար, որպիսի պարտականություն, (2015 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 3-րդ և 75-րդ հոդվածների համաձայն, կրում է պետությունը: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ վեճի առարկա օրենսդրական ընթացակարգերը չեն երաշխավորում նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի իրավաչափ հատուցումը և անձի սահմանադրական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipsօ factօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար:

Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է, որ «...նոտարը արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որն իրականացնում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: ...նոտարի գործունեությունը թեև կրում է հանրային բնույթ և նպաստում արդարադատության իրականացմանը, այնուամենայնիվ, նոտարական գործողություններ և ծառայություններ իրականացնելը չի նույնանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչարարության իրականացման հետ»: Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ նոտարը չի հանդիսանում վարչարարություն իրականացնող վարչական մարմին, որպիսի պայմաններում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները նոտարի գործունեության նկատմամբ կիրառելի չեն:

i

Միաժամանակ Դատարանը, կիրառելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, արձանագրել է, որ «...նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում: Այսպիսով, ՀՀ արդարադատության նախարարն իրավասու չէ նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար կրել պատասխանատվություն»: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ Նախարարության կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 05.05.2014 թվականի դիմումը, և դրան կից փաստաթղթերը դիմողին վերադարձնելը իրավաչափ է:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, նշել է, որ «...տվյալ դեպքում պետությունն անձանց սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում կատարել է իր պոզիտիվ պարտականությունը և նոտարական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային իրավունքների պաշտպանության նպատակով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով նոտարական գործողությունների հետևանքով կրած վնասի վերականգնման համար ապահովել է արդյունավետ կառուցակարգ: ... անհիմն է բողոքաբերների պնդումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, կրում է նոտարի` նոտարական վավերացման ենթակա պայմանագրերի վավերացման գործունեության պատասխանատվությունը և այդ ընթացքում անձանց պատճառված վնասի հատուցման պարտականությունը, ուստի Դատարանն իրավացիորեն է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունն իրավասու չէ նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար կրել պատասխանատվություն»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 04.11.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշման դեմ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի դիմումը, 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող: ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Վերլուծելով նոտարի իրավական կարգավիճակի սահմանադրաիրավական բնույթը` Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Նոտարիատի մասին» առանձին օրենքով օրենսդիրը կարգավորել է նոտարների գործունեությունը, հետևաբար վարչական մարմինների ցանկում նոտարներին չընդգրկելն օրենսդրական բաց համարվել չի կարող: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ նոտարների նկատմամբ, այն վերաբերում է միայն վարչարարություն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց գործունեության իրավական հիմքերն այլ են: ... Սահմանադրական դատարանը կարևորում է այնպիսի իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որոնց շրջանակներում իր որոշ վարչական լիազորություններ մասնավոր անձանց փոխանցելու միջոցով պետությունը չի կարող հրաժարվել այդ լիազորությունների ոչ արդյունավետ իրականացման համար պատասխանատվությունից»:

i

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դրույթները, որոնք կարգավորում են նոտարի պատասխանատվության վերաբերյալ հարցերը, հաշվի չեն առնում հնարավոր իրավիճակների ամբողջ բազմազանությունը և բավարար կառուցակարգեր և ընթացակարգեր չեն սահմանում անձի խախտված սեփականության իրավունքի պաշտպանության համար, որպիսի պարտականություն (2015 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 3-րդ և 75-րդ հոդվածների համաձայն կրում է պետությունը: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ վեճի առարկա օրենսդրական ընթացակարգերը չեն երաշխավորում նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործունեության հետևանքով պատճառված վնասի իրավաչափ հատուցումը և անձի սահմանադրական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ ՀՀ Սահմանադրության հակասող է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման արդյունքում Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ/3369/05/14
Որոշում