Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՆ ՈՒ ՄԵՂԱՎՈՐ ՉՃԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՆ ՈՒ ՄԵՂԱՎՈՐ ՉՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՏԻԺ Ն ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԱԴԴ/0027/01/15
Գործ թիվ  ԵԱԴԴ/0027/01/15
Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան  
                   Դատավորներ`  Ս. Չիչոյան
                                                 Մ. Պապոյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ`
դատախազ Մ. Գրիգորյանի
պաշտպան Վ. Վարդանյանի
ամբաստանյալ Հ. Սիմոնյանի

 

 

2017 թվականի օգոստոսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հայկ Մինասի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման դեմ պաշտպան Վ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2014 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 10804114 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Հայկ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

i

2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ Հ.Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Հ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2015 թվականի մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը` բավարարել, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է և Հ.Սիմոնյանին դատապարտել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Սիմոնյանի պաշտպան Վ.Վարդանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Նախաքննության մարմնի կողմից Հ.Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա ուրիշի խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ, 2014 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Մելքումով փողոցի 2-րդ հասցեում գտնվող, Արշավիր Մկրտչյանին պատկանող տան մոտից գաղտնի հափշտակել է վերջինիս կողմից պահպանվող, «Արզառ» ՍՊԸ-ին պատկանող 2.200.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 4 հատ բարձր ճնշման գլանանոթներ, դրանք, նախապես պատվիրված, Հայկազ Մերուժանի Սարգսյանին պատկանող «Մերսեդես-բենց» մակնիշի 79 ՏՏ 009 հաշվառման համարանիշի կողավոր մոնիպուլյատոր տեսակի բեռնատար ավտոմեքենայի միջոցով տեղափոխել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող դաշտավայր, որտեղից էլ նախապես պատվիրված, Հրաչյա Ավագի Մխիկյանի կողմից շահագործվող «Կամազ» մակնիշի 836 ՏՍ 67 հաշվառման համարանիշի ավտոկռունկի միջոցով գլանանոթները փորձել են բեռնել գործով չպարզված բեռնատար ավտոմեքենայի մեջ: Արշավիր Մկրտչյանը տեղեկանալով հանցագործության մասին, մեկնել է նշված վայր և փորձել կանխել, որից հետո Հայկ Սիմոնյանը իր հետ գտնվող երկու անձանց հետ գլանանոթները թողնելով` դիմել է փախուստի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 270):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռով Հ.Սիմոնյանին մեղավոր է ճանաչել վերջինիս առաջադրված մեղադրանքում և միևնույն ժամանակ անդրադառնալով նրա նկատմամբ պատիժ նշանակելու հարցին` փաստել է. «(...) Ամբաստանյալ Հայկ Մինասի Սիմոնյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, նրա մոտ ախտորոշվել է «Վարքի և էմոցիաների խառը խանգարում պրիմիտիվ անձի մոտ» ախտորոշումը, տուժողի ներկայացուցիչ Ա.Գասպարյանը հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք և պահանջ չունի:

(...)

i

(...) Հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Սիմոնյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի` սեփականության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող տվյալների հետ, հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հայկ Սիմոնյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի` տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի իննը հարյուրապատիկի չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է` սոցիալական արդարությունը վերականգնելու, Հ.Սիմոնյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Հայկ Սիմոնյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 157, 159):

i

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նշել է. «(...) Քննության առնելով Հայկ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելու վերաբերյալ մեղադրող Մ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, հաշվի առնելով կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման եղանակը, դեպքից հետո ամբաստանյալի կողմից դրսևորած վարքագիծը, ինչը մասնավորապես արտահայտվել է նաև իր մեղքը չընդունելով, հանցանքի համար իրեն մեղավոր չճանաչելով, որն ըստ էության չի վկայում նրա զղջանքի մասին և նրա անձը բնութագրող կարևոր հանգամանք է, վերոնշյալ, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով Առաջին ատյանի դատարանը Հայկ Սիմոնյանի նկատմամբ նշանակել է հոդվածի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակ տուգանքի ձևով, որը չի համապատասխանում նրա կողմից կատարված հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին և ամբաստանյալի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և հանցագործությունները կանխելու համար:

i

Առաջին ատյանի դատարանն ըստ էության թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որի պայմաններում չեն կարող իրագործվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները:

(...)

i

(...) Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ նշանակել է մեղմ պատիժ, հետևաբար մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել և Հայկ Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել` նրան դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամանակով (...)»(տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 95-96):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, նշելով ամբաստանյալի կողմից մեղքը չխոստովանելու հանգամանքը, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքը մեկնաբանելով իբրև պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, եկել է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է մեղմ պատիժ: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ամբաստանյալ Հ.Սիմոնյանի դատվածություն չունենալու, դեպքից հետո երկու տարի շարունակ որևէ հակահասարակական արարք չկատարելու և դրական վարքագիծ դրսևորելու հանգամանքները:

8.1. Բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով արարքը որակվել և մեղադրական բնույթի դատական ակտ է կայացվել նյութական իրավունքի ու քրեադատավարական օրենքի ակնհայտ էական խախտումներով, անձի անմեղության կանխավարկածի, պաշտպանության կողմի իրավունքների բացահայտ ոտնահարմամբ, գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերի առկայության ու դրա վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունների բովանդակությանը գործն ըստ էության լուծող դատական ակտում չանդրադառնալու կամ խեղաթյուրելու, մեղադրանքը հերքող հետազոտված թույլատրելի ապացույցներն այդ ակտում չհիշատակելով` կամայականորեն քննության չառնելու և ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ առկա չփարատված կասկածներն ընդդեմ ամբաստանյալի մեկնաբանելու միջոցով:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը և կարճել գործի վարույթը: Ամբաստանյալ Հ.Սիմոնյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը` վերացնելով խափանման միջոցը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքը չընդունելն ու մեղավոր չճանաչելը պատիժ նշանակելիս որպես հանցավորի անձը բացասականորեն բնութագրող հանգամանք հաշվի առնելու թույլատրելիության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժատեսակը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

12. ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

գ) պաշտպանելու իրեն անձամբ (...),

(...)»:

i

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.

(...)

է) չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:

(...)

5. Կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ:

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը սահմանում է. «1.Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

2. Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

(...)

13) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին.

(...)»:

3. Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք (...)»:

i

13. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է. այն հանդիսանում է նաև Կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք: Մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես` հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ) իրացման միջոցներից է: Սակայն միևնույն ժամանակ իրեն առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու անձի իրավունքը բացարձակ իրավունք չէ և դրա շրջանակները սահմանափակված են «օրենքով չարգելված բոլոր միջոցներով» (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 65-րդ հոդվածներ) և «չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին» (ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդված) չափորոշիչներով (տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի` Նորիկ Պողոսյանի գործով թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը, 2015 թվականի հունիսի 5-ի` Հեղինե Գալստյանի գործով թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը):

i

13.1. Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կողմից իր մեղավորության կամ անմեղության մասին հայտարարելը վերջինիս օրենքով վերապահված իրավունքն է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետ), իսկ իր իրավունքից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա և նրա համար առաջացնել որևէ անբարենպաստ հետևանք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մաս): Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չընդունելով և իրեն մեղավոր չճանաչելով` մեղադրյալը չի խախտում այլոց իրավունքները, չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, այլ օգտվում է օրենքով իրեն վերապահված իրավունքից, ուստի և այդ իրավունքի իրացումն ի վնաս նրան մեկնաբանելը, այդ թվում` պատիժ նշանակելիս այն որպես անձը բացասականորեն բնութագրող հանգամանք դիտելն անթույլատրելի է և հանգեցնում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտմանը:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

i

15. ՀՀ քրեական օրենսգրքի մեջբերված նորմերի (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերլուծությանը Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 14-23-րդ կետերում) լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը` Վճռաբեկ դատարանը կրկնում է. «Վերաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

(...) Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած` պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը» (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը):

i

15.1. Միևնույն ժամանակ, վերահաստատելով դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստի և դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս Անդրեյ Պինչուկի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ՏԴ1/0043/01/16 որոշման 12.1-րդ կետը):

i

16. Սույն գործի նյութերից երևում է, որ Հ.Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ, 2014 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Մելքումով փողոցի 2-րդ հասցեում գտնվող, Ա.Մկրտչյանին պատկանող տան մոտից գաղտնի հափշտակել է վերջինիս կողմից պահպանվող, «Արզառ» ՍՊԸ-ին պատկանող 2.200.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 4 բարձր ճնշման գլանանոթներ, դրանք տեղափոխել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող դաշտավայր, որտեղից էլ գլանանոթները փորձել է բեռնել գործով չպարզված բեռնատար ավտոմեքենայի մեջ: Ա.Մկրտչյանը, տեղեկանալով հանցագործության մասին, մեկնել է նշված վայր և փորձել կանխել, որից հետո Հ.Սիմոնյանն իր հետ գտնվող երկու անձանց հետ գլանանոթները թողնելով` դիմել է փախուստի (տե՛ս սույն որոշման 5-րդ կետ):

Ամբաստանյալ Հ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելով և մեղսագրված հանցավոր արարքի համար դատապարտելով տուգանքի` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի մոտ արձանագրվել է «Վարքի և էմոցիաների խառը խանգարում պրիմիտիվ անձի մոտ» ախտորոշումը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

i

Վերաքննիչ դատարանը, պատժի մասով փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, մասնավորապես` տուգանքի ձևով նշանակված պատիժը փոխարինելով երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժի, փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որի պայմաններում չեն կարող իրագործվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հաշվի է առնում Հ.Սիմոնյանի կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման եղանակը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դեպքից հետո նրա դրսևորած վարքագիծը, ինչը մասնավորապես արտահայտվել է նաև մեղքը չընդունելով, հանցանքի համար մեղավոր չճանաչելով, որը չի վկայում ամբաստանյալի զղջանքի մասին և նրա անձը բնութագրող կարևոր հանգամանք է, եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանի կողմից տուգանքի ձևով նշանակված պատիժը չի համապատասխանում Հ.Սիմոնյանի կատարած հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին և ամբաստանյալի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և հանցագործությունները կանխելու համար (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 12-15.1.-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ:

Այսպես` Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, իր կողմից կայացված դատական ակտի հիմքում որպես պատճառաբանություն դնելով Հ.Սիմոնյանի կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը և հանցագործության կատարման եղանակը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), չի հիմնվել փաստական որևէ կոնկրետ տվյալի վրա, չի ներկայացրել որևէ հստակ, որոշակի և համոզիչ փաստարկ, այլ հանդես է եկել միայն ընդհանրական բնույթի դատողությամբ, ինչը չի կարող իրավաչափ համարվել (այդ առումով տե՛ս սույն որոշման 14-15.1.-րդ կետերը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, փաստել է, որ հաշվի է առնում դեպքից հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, ինչը մասնավորապես արտահայտվել է նաև իր մեղքը չընդունելով, հանցանքի համար իրեն մեղավոր չճանաչելով, որն ըստ էության չի վկայում նրա զղջանքի մասին և նրա անձը բնութագրող կարևոր հանգամանք է: Այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 12-13.1.-րդ կետերում շարադրված վերլուծությունը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նրան տրված երաշխիքները, ամբաստանյալի կողմից իր դատավարական իրավունքից օգտվելը` անմեղության մասին հայտարարելը, ինչը տվյալ դեպքում դրսևորվել է մեղադրանքը չընդունելով և իրեն մեղավոր չճանաչելով, փաստացի գնահատել է որպես ամբաստանյալի անձը բացասականորեն բնութագրող հանգամանք` խախտելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը փաստացի որպես հանցավորի անձը բացասականորեն բնութագրող հանգամանք է դիտել այնպիսի փաստական տվյալ, որը որպես այդպիսին գնահատելն անթույլատրելի է:

18. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է` մեղմ լինելու պատճառով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ չի պատճառաբանել, թե ինչում է արտահայտվել դրա մեղմության ակնհայտությունը: Ուստի և Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժատեսակը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում բարձրացրած փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց կապակցությամբ ստորադաս դատարանները թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող որևէ դատական սխալ, որը կարող էր բավարար համարվել հիշյալ դատարանների դատական ակտերն նշված հիմքով բեկանելու և գործի վարույթը կարճելու համար, հետևաբար բողոքաբերի փաստարկներն այդ մասով հիմնավոր չեն:

i

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 65-րդ, 399-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչի արդյունքում ոչ ճիշտ են կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածները: Նշված խախտումները, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հայկ Մինասի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2017
N ԵԱԴԴ/0027/01/15
Որոշում