Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ, 175-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԼԴ/0018/11/16
Գործ թիվ ԼԴ/0018/11/16  

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան  

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
դիմողի ներկայացուցիչ Ռ. Կոնինյանի
շահագրգիռ անձի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանի

                  

 

2017 թվականի օգոստոսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ դիմող Սիրվարդ Յուրիկի Գևորգյանի ներկայացուցիչ Ռոման Կոնինյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի ապրիլի 14-ին դիմող Սիրվարդ Գևորգյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին այն մասին, որ 1981 թվականին ժառանգությամբ փոխանցված անասնագոմը Հարություն Ամիրջանյանի կողմից ապօրինի քանդվել է, Շնող համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ է օգտագործել, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, այն է` հանրային ճանապարհը տրամադրել է քաղաքացուն, որն ապօրինի շինարարություն է կատարել, չի արգելել հանրային ճանապարհի վրա Հարություն Ամիրջանյանի կողմից պատնեշի կառուցումը, վարչական պատասխանատվության չի ենթարկել զանցանք կատարած անձին:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ավագ հետաքննիչ Ք.Արամյանի` 2016 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ս.Գևորգյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Հարություն Ամիրջանյանի և Հովիկ Սահակյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմող Ս.Գևորգյանի կողմից Լոռու մարզի դատախազ Գ.Էլիզբարյանին ներկայացված բողոքը 2016 թվականի մայիսի 2-ի որոշմամբ մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2. Դատախազ Գ.Էլիզբարյանի որոշման դեմ դիմող Ս.Գևորգյանը 2016 թվականի մայիսի 17-ին բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել բողոքը մերժելու մասին որոշումը, պարտավորեցնել հարուցել քրեական գործ և իրականացնել քրեական հետապնդում:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ դիմող Ս.Գևորգյանի բողոքը բավարարվել է, այն է` վերացվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ավագ հետաքննիչ Ք.Արամյանի` 2016 թվականի ապրիլի 22-ի և Լոռու մարզի դատախազ Գ.Էլիզբարյանի` 2016 թվականի մայիսի 2-ի որոշումները:

3. Շահագրգիռ անձ Հ.Ամիրջանյանի ներկայացուցիչ Ա.Սուքիասյանի և Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ.Մովսիսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքները բավարարվել են. այն է` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշումը բեկանվել է, և դիմող Ս.Գևորգյանի բողոքը մերժվել:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ս.Գևորգյանի ներկայացուցիչ Ռ.Կոնինյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Ս.Գևորգյանի ներկայացուցիչ Ռ.Կոնինյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքին 2017 թվականի մարտի 9-ին պատասխան է ներկայացրել շահագրգիռ անձ Հարություն Ամիրջանյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշման համաձայն` «(...) Նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել` պարզելու, թե վիճելի տարածքում ի վերջո անասնագոմ փաստացի եղել է, թե ոչ, բավարարվելով միայն այն հանգամանքով, որ վիճելի տարածքի նկատմամբ Ս.Գևորգյանի սեփականության իրավունքը գրանցված չէ, և այն սեփականության իրավունքով պատկանում է Հ.Ամիրջանյանին:

Մինչդեռ նյութերի նախապատրաստության ընթացքում Ս.Գևորգյանը պնդել է, որ նշված տարածքում իր ընտանիքն ունեցել է անասնագոմ, այն փաստացի տիրապետել են մինչև 2012 թվականը, Շնող գյուղի բնակիչ Ս.Բեկթաշյանն իր բացատրության մեջ նշել է, որ վիճելի տարածքում Ս.Գևորգյանի սկեսրայրին 1980-ական թվականներին թույլատրվել է կառուցել փոքրիկ գոմ, որը հետագայում վերածվել է հողաթմբի, Հ.Ամիրջանյանը բացատրություն է տվել, որ նշված տարածքում գտնվել է իր հոր «արաղանոցը», իսկ Շնող համայնքի ղեկավար Հ.Սահակյանը դատարանում հայտնեց, որ նշված տարածքում եղել է ինչ-որ հողաշեն շինություն:

Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը վիճահարույց տարածքում գտնվող շինության մասին վերոգրյալ փաստական տվյալների առկայության պայմաններում բավարար և անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկել պարզելու, թե ի վերջո վիճահարույց տարածքում ինչ շինություն է գտնվել, ում կողմից է այն փաստացի տիրապետվել և օգտագործվել, ինչ նպատակի է ծառայել, երբ և ում կողմից է քանդվել:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ վիճելի տարածքի նկատմամբ Ս.Գևորգյանի սեփականության իրավունքը գրանցված չէ, ապա Դատարանը գտնում է, որ այդ փաստը բավարար չէ հաստատապես պնդելու, որ վիճելի տարածքում անասնագոմ չի եղել և փաստացի չի տիրապետվել Ս.Գևորգյանի ընտանիքի կողմից: Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ վիճելի տարածքի նկատմամբ գրանցված է Հ.Ամիրջանյանի սեփականությունը, ապա Դատարանն արձանագրում է, որ վերջինս այդ իրավունքը գրանցել է վիճարկվող գործողություններից առնվազն մեկ տարի անց, ուստի այդ հանգամանքը ևս չի կարող բացառել, որ վիճելի տարածքում անասնագոմ է եղել:

i

Դատարանը գտնում է, որ առանց վերոգրյալ փաստական տվյալների բազմակողմանի և լրիվ ստուգման հնարավոր չէ հիմնավոր եզրահանգման գալ Հ.Ամիրջանյանի ենթադրյալ արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ: (...)

Դատարանը փաստում է, որ նյութերի նախապատրաստության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Հ.Ամիրջանյանն իր դարպասին կից տարածքում` համայնքին պատկանող հանրային ճանապարհի վրա ինքնակամ պարիսպ է կառուցել` օրենքով սահմանված կարգի շրջանցմամբ` շինարարության թույլտվության հարցը համայնքի ավագանու նիստում չի քննարկվել, համապատասխան որոշում չի կայացվել, այլ համայնքի ղեկավարը Հ.Ամիրջանյանին միանձնյա բանավոր թույլտվություն է տվել կառուցել պարիսպը, ինչպես նաև վերջինիս կողմից Հ.Ամիրջանյանի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել, իսկ դիմողի ներկայացուցիչը դատարանում հայտնեց, որ Հ.Ամիրջանյանի շինարարությունը փաստացի կասեցված չէ: Հետագայում` 23.03.2016թ. նշված հանրային ճանապարհի գործառնական նշանակությունը փոխվել է, և հողամասը վաճառվել է Հ.Ամիրջանյանին:

i

Անդրադառնալով Շնող համայնքի ղեկավար Հ.Սահակյանի կատարած ենթադրյալ արարքին վարույթն իրականացնող մարմնի տված գնահատականին` Դատարանն արձանագրում է, որ այս առումով ևս վարույթն իրականացնող մարմինը բավարար և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել պարզելու վերոնշյալ պայմաններում Հ.Սահակյանի ենթադրյալ արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: (...)

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ վարույթն իրականացնող մարմնի հետևությունը, որ Ս.Գևորգյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: (...)» (տե՛ս նախապատրաստված նյութեր, թերթեր 110-113):

i

6. Վերաքննիչ դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0041/11/13 գործով կայացված որոշումը, նշել է հետևյալը. «(...) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել միայն դիմողի հայտարարությունը, թե վիճահարույց տարածքում անասնագոմ են ունեցել, անտեսելով Հարություն Ամիրջանյանի, Հովիկ Սահակյան, Սպարտակ Բեկթաշյանի բացատրությունները, պետական մարմիններից ստացված տեղեկատվությունները: Եթե պայմանականորեն էլ ընդունել, որ վիճահարույց տարածքում նախկին դարում ինչ-որ ինքնակամ կառույց է եղել, ապա այն գտնվել է համայնքային ճանապարհի վրա, բնականաբար պատկանել է համայնքին, իսկ համայնքը բողոք չի ներկայացրել, ուստի` քրեական գործ չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա:

(...)

i

Քրեական վարույթն իրականացնող մարմինը միանգամայն իրավացիորեն է հիմնվել ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի վրա ու ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով քրեական գործ չի հարուցել, քանզի համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով վնաս չի պատճառվել ոչ համայնքին, ոչ էլ որևէ ֆիզիկական անձի:

(...)

Ինչ վերաբերվում է Շնող համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական լիազորություններն անցնելուն, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինը միանգամայն իրավացիորեն հանգել է ճիշտ հետևության, որ նշյալ հոդվածները նյութական հանցակազմեր են ու ավարտված են համարվում օրենսդրի կողմից մատնանշված որոշակի հատուկ` էական վնասի առաջացման պայմաններում: Շնող համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով անձանց կամ համայնքի օրինական շահերին վնաս պատճառվելու վերաբերյալ նյութերի նախապատրաստմամբ տվյալներ ձեռք չեն բերվել:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանը դիմող Ս.Գևորգյանի բողոքը բավարարելիս և «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ Ք.Արամյանի 22.04.2016թ., «Բողոքը մերժելու մասին» Լոռու մարզի դատախազ Գ.Էլիզբարյանի 02.05.2016թ.որոշումները վերացնելու բավարար հիմքեր չի ունեցել, ուստի գործով շահագրգիռ անձ Հ.Ամիրջանյանի ներկայացուցիչ Ա.Սուքիասյանի և Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ.Մովսիսյանի վերաքննիչ բողոքները պետք է բավարարել, իսկ դատարանի որոշումը բեկանել` մերժելով Ս.Գևորգյանի բողոքը» (տե՛ս նախապատրաստված նյութեր, թերթեր 240-265):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որոնց պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

i

7.1 Մասնավորապես` բողոքի հեղինակը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հետ կապված Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, ընդգծել է, որ վերջինս առանց պատճառաբանելու, հպանցիկ կերպով նշել է միայն, որ անասնագոմի նկատմամբ Սիրվարդ Գևորգյանի սեփականության իրավունքը գրանցված չէ, և Հարություն Ամիրջանյանի կողմից Սիրվարդ Գևորգյանի գույքը ոչնչացնելու վերաբերյալ ապացույցներ չկան: Մինչդեռ, ըստ բողոքաբերի` վերոգրյալ պատճառաբանությունը հիմնավոր չէ:

Բացի այդ, բողոք բերած անձի համոզմամբ իրավաչափ համարվել չի կարող նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե քրեական գործ չի կարող հարուցվել, քանի որ բացակայում է տուժողի բողոքը: Ըստ բողոքաբերի` այդ պարագայում կստացվի այնպես, որ սեփականության իրավունքի ձեռքբերման գործընթացում գտնվող ինքնակամ շինությունը կարող է քանդվել ցանկացած անձի կողմից, իսկ այդ շինությունը տիրապետող ու օգտագործող անձը չի կարող համարվել տուժող և հայցել իրավական պաշտպանություն երրորդ անձանց ոտնձգություններից:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության կամ, եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս, օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության սահմանների հստակեցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու բավարար հիմքեր չի ունեցել:

i

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն:

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

(...)»:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

i

11. Մեջ բերված նորմերի համակարգային վերլուծության համատեքստում գործի հարուցման փուլի և դրա կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմանների հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր կողմից կայացված մի շարք որոշումներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները.

i

- «(...) Քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարզում է քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը: Այս փուլում հանցագործության փաստի հաստատման և անձի մեղքի հարց չի քննարկվում» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 14-րդ կետը):

- «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, (...):

i

Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ կետը):

- «(...) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանը պետք է պարզի, թե հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են արդյոք հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, դատարանի խնդիրն է պարզել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքները և ազատությունները:

i

Ի թիվս այլոց, պարզաբանման ենթակա են հետևյալ հարցերը`

1) պահպանվե՞լ է արդյոք հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված կարգը,

i

2) առկա՞ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված օրինական հիմքերը,

i

3) պահպանվե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված պահանջները: (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 18-րդ կետը):

- «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս` դատարանի խնդիրն է ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պարզել, թե վարույթն իրականացնող մարմինն արդյոք ստուգման է ենթարկել և հաշվի է առել այն հանգամանքները, որոնք կարող էին ազդել քրեական գործի հարուցման հարցը լուծելու վրա կամ հանգեցնել անձի իրավունքների և ազատությունների խախտմանը (...):

i

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս դատարանն իրավասու չէ իրավական գնահատական տալ գործում առկա նյութերին, կարծիք հայտնել անձի մեղավորության, գործում առկա (փաստական) տվյալների թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ: Քրեական գործի հարուցման հարցը լուծելու փուլում ձեռք բերված (փաստական) տվյալներին դատարանի կողմից տրված իրավական գնահատականները, նախնական քննության մարմիններին հասցեագրված «քողարկված» ցուցումները, ուղղորդումները դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության տրամաբանությունից» (տե՛ս Վահագն Եղիազարյանի վերաբերյալ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0012/11/13 որոշման 20-րդ կետը):

i

- «(...) քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դատական ստուգման ընթացքում դատարանը պետք է պարզի` արդյո՞ք առկա է քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում, իսկ այդպիսի խախտում հայտնաբերելու դեպքում` արդյո՞ք այն հանգեցրել է անձի իրավունքների և օրինական շահերի խախտման (...)» (տե՛ս Դավիթ Վարոսյանի վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշման 20-րդ կետը):

12. Վերահաստատելով և զարգացնելով վերը մեջ բերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլի իրավական նշանակությունն այնպիսի դատավարական կարգի ապահովման մեջ է, որի պայմաններում կբացառվի քրեադատավարական գործիքակազմի անհիմն և աննպատակահարմար կիրառումը, հետևաբար նաև` ոչ հանցավոր իրադարձությունների կապակցությամբ անձանց իրավունքների ու օրինական շահերի սահմանափակումները և հանրային ռեսուրսների վատնումը: Դրանով պայմանավորված` քննարկվող փուլի առաջնային խնդիրներից է քրեական գործ հարուցելու առիթի օրինականության, ինչպես նաև հիմքերի բավարարության պարզումը:

i

Քրեական գործ հարուցելու առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն (տե՛ս Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշումը): Առիթն օրենքով սահմանված այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին (տե՛ս Ռուզաննա Նիազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշման 20-րդ կետը): Ընդ որում, քրեական գործ հարուցելու առիթը պետք է բավարարի օրենքով նախատեսված և՛ ձևական (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-179-րդ հոդվածներով նախատեսված), և՛ բովանդակային պահանջներին (մանրամասն տե՛ս Էմմա Կարապետյանի, ինչպես նաև Ռուզաննա Նիազյանի գործերով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշումները):

Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ: Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում), քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով, ինչն էլ հնարավոր է հարուցված քրեական գործի պայմաններում: Այսինքն` քրեական գործի հարուցման հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ղեկավարվի նման կասկածները հօգուտ լիարժեք քննություն իրականացնելուն մեկնաբանելու սկզբունքով:

13. Քրեական գործ հարուցելու հարցի լուծման վերոհիշյալ առանձնահատկություններն էլ պայմանավորում են քննարկվող փուլի նկատմամբ հետագա (post factum) դատական վերահսկողության սահմանները: Մասնավորապես` այս գործառույթն իրականացնելիս դատարանն իրավասու չէ միջամտելու քրեական գործով նյութերի նախապատրաստման ընթացքին, մատնանշելու կոնկրետ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունը` այդ կերպ անուղղակիորեն տալով որոշակի գործողությունների կատարման ցուցումներ կամ հանձնարարություններ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանը զրկված չէ քրեադատավարական կարգի պահպանվածության և վիճարկվող որոշմամբ արձանագրված եզրահանգումների իրավաչափության վերաբերյալ իրավական գնահատականներ տալու հնարավորությունից:

Մասնավորապես, քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներով պայմանավորված` դատական վերահսկողության սահմանները պետք է ընդգրկեն հետևյալ հարցադրումները.

i

ա) արդյոք պահպանվել են «Քրեական գործ հարուցելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում զետեղված պահանջները,

բ) արդյոք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը,

գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար,

դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտման:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի ապրիլի 22-ի որոշման և վերջինիս դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին դատախազի որոշման դեմ դիմող Սիրվարդ Գևորգյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի օգոստոսի 11-ին կայացված որոշմամբ բավարարել է` նշելով, որ նյութեր նախապատրաստող մարմնի եզրահանգումն այն մասին, որ ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն հավաստելու քրեական գործ հարուցելու օրինական հիմքերի առկայությունը, հիմնավոր չէ:

Մասնավորապես, կայացված որոշմամբ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել ըստ էության պարզելու համար`

ա) վիճելի տարածքում անասնագոմ եղել է, թե` ոչ, որի մասին իրենց բացատրություններում նշել են նյութերի նախապատրաստության ընթացքում բացատրություն տված անձինք,

բ) վիճահարույց տարածքում ինչ շինություն է գտնվել, ում կողմից է այն փաստացի տիրապետվել և օգտագործվել, ինչ նպատակի է ծառայել, երբ և ում կողմից է քանդվել,

գ) քրեական օրենքով արգելված արարքի կատարման հատկանիշների հնարավոր առկայությունն այն պայմաններում, երբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հ.Ամիրջանյանը համայնքին պատկանող հանրային ճանապարհի վրա ինքնակամ շինություն է կառուցել` օրենքով սահմանված կարգի շրջանցմամբ` առանց շինարարության թույլտվության հարցը համայնքի ավագանու նիստում քննարկելու, համապատասխան որոշում կայացնելու, այլ համայնքի ղեկավարի միանձնյա բանավոր թույլտվությամբ, ինչպես նաև առանց Հ.Ամիրջանյանի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու:

Վերոգրյալի հիման վրա Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առանց վերոնշյալ հանգամանքների պարզման հնարավոր չէ հիմնավոր եզրահանգման գալ քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների առկայության մասին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժելով Ս.Գևորգյանի բողոքը, նշել է, որ վիճահարույց տարածքում անասնագոմի առկայության կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել միայն դիմողի հայտարարությունը` անտեսելով Հարություն Ամիրջանյանի, Հովիկ Սահակյանի, Սպարտակ Բեկթաշյանի բացատրությունները, պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև հայտնել, որ եթե նույնիսկ վիճահարույց տարածքում նախկին դարում ինչ-որ ինքնակամ կառույց է եղել, ապա այն գտնվել է համայնքային ճանապարհի վրա, որը բնականաբար պատկանել է համայնքին, իսկ համայնքը բողոք չի ներկայացրել, ուստի` քրեական գործ չի կարող հարուցվել:

Անդրադառնալով Շնող համայնքի ղեկավարի գործողություններին` Վերաքննիչ դատարանը նշել է, որ դրանց հետևանքով անձանց կամ համայնքի օրինական շահերին վնաս պատճառվելու վերաբերյալ նյութերի նախապատրաստմամբ տվյալներ ձեռք չեն բերվել, հետևաբար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եղել է իրավաչափ:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ չի կարող հարուցվել, քանի որ վիճահարույց տարածքը գտնվել է համայնքի վրա և պատկանել վերջինիս, ուստի քրեական գործ կարող է հարուցվել ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, մինչդեռ համայնքի կողմից բողոք չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

15. Նախորդ կետում մեջ բերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացված որոշմամբ իրավական գնահատականի է արժանացրել նյութերը նախապատրաստող մարմնի եզրահանգումները և նշել փաստական տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին այն հանգամանքների կապակցությամբ, որոնք ունեն էական նշանակություն` ներկայացված հաղորդմամբ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու համար:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններում եզրահանգել է, որ ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցման հարցը լուծելիս էական նշանակություն ունի պարզել, թե արդյոք անասնագոմ գոյություն ունեցել է թե ոչ և եթե քանդվել է այն, ապա ինչպիսի հանգամանքներում:

Միևնույն ժամանակ համայնքի ղեկավարի կողմից Հ.Ամիրջանյանին ինքնակամ պարիսպ կառուցելու համար բանավոր թույլտվություն տալու, ինչպես նաև նրա նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների առկայության պարագայում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արտահայտել է վերացական և ենթադրությունների վրա հիմնված դիրքորոշումներ անասնագոմի գոյության, վերջինիս պատկանելության մասին, որոնք չեն բխում նախապատրաստված նյութերով ձեռք բերված տեղեկություններից, փաստերից և փաստական տվյալներից:

Նման պայմաններում ընդունելի չեն կարող համարվել նաև Շնող համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում էական վնաս չպատճառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները` հաշվի առնելով, որ այդ կապակցությամբ ևս նյութերի նախապատրաստման ընթացքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, ուստի այդ հարցը կարող է քննարկվել բացառապես քրեական գործի հարուցման հարցը լուծելուն հաջորդող քրեական վարույթի ընթացքում:

i

Ինչ վերաբերում է ինքնակամ կառույցի` համայնքին պատկանելու և վերջինիս բողոքի բացակայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի` սույն որոշման 7.1-րդ կետում նշված փաստարկին և արձանագրում, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող կախման մեջ դրվել քաղաքացիական իրավահարաբերությունները կարգավորող նորմերից, բացառությամբ այն դեպքերի, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման բացառապես քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում (mutatis mutandis տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Լ.Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վ.Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռ.Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 19-րդ կետը):

Սույն գործի շրջանակներում հայցվող իրավական պաշտպանության առարկան է կազմում անձի կողմից ենթադրաբար տիրապետվող և օգտագործվող շինության նկատմամբ հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների կանխումը, որի կապակցությամբ քրեադատավարական կառուցակարգերի գործադրումը չի կարող պայմանավորվել անձի սեփականության իրավունքի` քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված լինելու պարտադիր պահանջի հետ: Հակառակ պարագայում հայցվող իրավական պաշտպանության մեխանիզմը կդառնա ձևական: Վերջի վերջո, անձի սեփականության իրավունքը կարող է խախտվել ոչ միայն այն դեպքում, երբ անձը հանդես է եկել գույքի սեփականատիրոջ կարգավիճակով, այլ նաև այն դեպքում, երբ նա ունեցել է «օրինական ակնկալիք» այդ գույքի ձեռքբերման վերաբերյալ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Belane Nagy v. Hungary գործով 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 53080/13, 72-79-րդ կետեր) (Օրինակ, երբ ավտոմեքենա ձեռք բերելու և մինչև իր անվամբ գրանցելու պահն այն ենթարկվում է հանցավոր ոտնձգության, անձը պետք է իրավունք ունենա այդ ավտոմեքենայի սեփականության իրավունքի ձեռք բերման «օրինական ակնկալիքի» ուժով քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ հայցելու իրավական պաշտպանություն): Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքի տիտղոսային սեփականատեր չլինելու հանգամանքը դեռևս չի բացառում նրա` ենթադրյալ հանցավոր արարքից տուժած լինելու հնարավորությունը: ՈՒստի Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ քրեական գործ չի կարող հարուցվել, քանի որ բացակայում է վիճահարույց տարածքի սեփականատեր հանդիսացող համայնքի բողոքը, իրավաչափ չէ:

Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու բավարար հիմքեր չի ունեցել, հիմնավորված չեն:

i

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Սիրվարդ Գևորգյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 185-րդ հոդվածների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Սիրվարդ Յուրիկի Գևորգյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2017
N ԼԴ/0018/11/16
Որոշում