Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵ ...

02.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2018  -ից մինչեւ   02.06.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.2019 թիվ 664-Լ որոշում)

i

041.0697.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 697-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 697-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանման նպատակով սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ լեզվամշակութային ծրագրերի մշակման, յուրաքանչյուր հայի համար Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիության ապահովման, հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ապահովման, այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման, հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման, համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման, հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակման, Հայաստանի ներքին խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի ներգրավման կայուն և արդյունավետ կառուցակարգերի մշակման ու ներդրման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն.

2) ռուսերեն` Մինիստերստվօ դիասպօրի Ռեսպուբլիկի Արմենիա.

3) անգլերեն` Ministry of Diaspora of the Republic of Armenia..

4) ֆրանսերեն` Ministere de la Diaspora de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են`

1) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը.

2) հայրենադարձության գործընթացի կազմակերպումը.

3) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, դրանց միջև կապերի ամրապնդումը և հայ ժողովրդի հոգևոր միասնությունը.

4) հայ կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդության, մարզական կյանքի զարգացումը:

10. Նախարարության խնդիրներն են`

1) հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումը, ներգաղթի աճի ապահովումը և սփյուռքահայերի ինտեգրմանն աջակցելը.

2) հայոց պետականության ամրապնդման, ժողովրդագրության բարելավման և համազգային խնդիրների լուծման գործում սփյուռքահայերի մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

3) հայապահպանության և հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, համահայկական ծրագրերի մշակմանն ու իրականացմանն աջակցելը, այդ թվում` հայկական համայնքներում ազգային ինքնության արմատավորման ու պահպանման նպատակով սփյուռքի կազմակերպությունների հետ լեզվամշակութային ծրագրեր իրականացնելու համար միջոցներ ձեռնարկելը.

4) այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը նպաստելը.

5) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը և ներգրավման կայուն ու արժանավայել գործիքակազմի մշակումը` ի նպաստ համազգային խնդիրների լուծմանը.

6) գիտական և մասնագիտական ներուժի գնահատումը և դասակարգումը, ներուժի օգտագործման համար նպաստավոր քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր միջավայրի ձևավորմանն աջակցելը.

7) սփյուռքի հայկական համայնքների մասին տվյալների էլեկտրոնային շտեմարանի կազմմանը, մասնագիտական հանձնախմբերի ձևավորմանը, կրթական համակարգերի ներդրմանը, հայագիտության բնագավառում հեռավար ուսուցմանն աջակցելը.

8) երիտասարդական միջոցառումների և հայրենաճանաչության ծրագրերի իրականացումը, արագ արձագանքող և հրատապ լուծումներ տալու նպատակով երիտասարդության և մասնագիտական խմբերի ձևավորմանն աջակցությունը.

9) համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ընդլայնմանը նպաստելը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին հայկական սփյուռքի գործակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

12) բնակության կամ քաղաքացիության երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանը հնարավոր աջակցություն տրամադրելը.

13) Հայաստան-սփյուռք գործակցության մասնագիտական կազմակերպակառուցվածքային համակարգի մշակման ու ներդրման միջոցների, ձևերի ընտրության և իրականացման գործընթացի համակարգումը.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումների ծրագրավորումն ապահովելը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-սփյուռք գործակցության իրավիճակի ու միտումների հետազոտում և վերլուծություն, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հիմնական ոլորտների և ուղղությունների բացահայտում ու նախանշում.

2) Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված համահայկական, մշակութային, կրթական, գիտական, հոգևոր, տնտեսական, մարզական և այլ ոլորտներում երիտասարդական և հայրենաճանաչության ծրագրերի մշակում ու համատեղ միջոցառումների կազմակերպում և մշտադիտարկում.

3) համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների, այդ թվում հայկական և օտարերկրյա մամուլում հրապարակված նյութերի վերաբերյալ սփյուռքի համայնքներում արագ արձագանքող և հրատապ լուծումներ տալու համար երիտասարդության և մասնագիտական խմբերի ձևավորմանն աջակցություն.

4) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության մշակում և դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ ներկայացնելը.

5) հայրենադարձության կազմակերպում և իրավական հիմքերի կատարելագործում, սփյուռքահայերի կացության իրավունքի, երկքաղաքացիության, քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում.

6) սփյուռքի մասին ըստ տարածաշրջանների համապարփակ տվյալների հավաքագրում, նրա գտնվելու վայրի քարտեզագրում` գիտական, մասնագիտական հմտությունների և փորձի գնահատման ու դասակարգման նպատակով.

7) սփյուռքի համար տարածաշրջանների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման կարիքների գնահատում և ծրագրերի մշակում, սփյուռքի պատմության և հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման ծրագրերի մշակում ու մշտադիտարկում.

8) սփյուռքի կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական, մարզական և այլ կազմակերպությունների, այդ ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը նպաստում և մասնագետների գործուղում.

9) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող պետական և հասարակական նախաձեռնություններին և համահայկական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումներին, միջոցառումներին և ծրագրերին սփյուռքի կրթամշակութային գործիչների, գիտնականների, ձեռներեցների, կանանց, երիտասարդների ներգրավմանը միտված ծրագրերի մշակում և մշտադիտարկում.

10) սփյուռքում հայապահպան գործունեությանը, հայ մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցություն, սփյուռքի կազմակերպությունների, հասարակական և հոգևոր կառույցների ու անհատների հետ սփյուռքում հայկական ունեցվածքի պահպանման և ուսումնասիրման ծրագրերի մշակում և մշտադիտարկում.

11) արևմտահայերենի զարգացման ռազմավարության մշակում, համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, համապատասխան ծրագրերի ու դասագրքերի մշակմանը և հրատարակմանը սփյուռքի մասնագետների մասնակցության ապահովում.

12) սփյուռքի կրթամշակութային հաստատություններն անհրաժեշտ դասագրքերով և մեթոդական ձեռնարկներով ապահովելուն ուղղված աշխատանքների համակարգում, հայագիտական մասնագիտությունների գծով սփյուռքահայերի ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերի մշակում և մշտադիտարկում.

13) Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրերին սփյուռքի ձեռներեցների մասնակցությանն աջակցություն` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, տարածաշրջանային և միջազգային մրցունակության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև զբոսաշրջության զարգացման գործում սփյուռքի գործարարների ջանքերին և նրանց կողմից իրականացվող միջոցառումների համակարգմանը.

14) հեռուստակամուրջների, տեսահամաժողովների, համահայկական խորհրդաժողովների անցկացման ծրագրերի մշակում, հայկական համայնքների մասին համապարփակ տեղեկատվական շտեմարանների ստեղծման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում.

15) ծրագրերի մշակում` սփյուռքի չկազմակերպված հատվածների ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական հանձնախմբերի, միավորումների ստեղծմանն ու գործունեությանը նպաստելու համար.

16) հակահայկական քարոզչության, հայատյացության արտահայտման, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի մասնակցություն և դրանց հակազդեցության նպատակով հետազոտությունների իրականացում.

17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության և այլ միջազգային իրավունքի սուբյեկտների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցություն.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա սփյուռքահայերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հարցում աջակցություն.

19) իր իրավասությանը վերապահված հարցերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև այլ հոգևոր կառույցների հետ սերտ համագործակցության ապահովում, համազգային առաջնահերթ խնդիրների շուրջ Հայաստանի Հանրապետության և սփյուռքում հայկական կազմակերպությունների համախմբում.

20) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության մասնագիտական կազմակերպակառուցվածքային համակարգի մշակման ու ներդրման միջոցների, ձևերի և դրանց իրականացման հիմնարար քայլերի ձեռնարկման աշխատանքների համակարգում` համահայկական համակարգող մարմին ձևավորելու և դրա միջոցով համագործակցության առաջնահերթությունները որոշելու, համահայկական հիմնախնդիրներին լուծումներ և երաշխավորություններ տալու համար.

21) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան իրավական ակտեր ընդունելու կամ իրավական ակտ ընդունելու ընթացակարգը նախաձեռնելու, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների միջև միջազգային իրավական ակտեր ընդունելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարը (այսուհետ` նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, նախարարությանը ենթակա կազմակերպությունների ղեկավարները, նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը`

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության` նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա կազմակերպության կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ, այդ թվում` վերանայում է նախարարությանը ենթակա կազմակերպության որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, նախարարի տեղակալների օգնականներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

2) նախարարին պարբերաբար ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին, ինչպես նաև առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է սփյուռքահայերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելություններ.

4) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, սփյուռքում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) մշակում է ծրագրերի, միջոցառումների նախագծեր, պատրաստում տեղեկատվական նյութեր, ներկայացնում առաջարկություններ, անցկացնում հետազոտություններ.

6) նախարարի որոշմամբ` կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

7) նախարարի հանձնարարությամբ` հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումները.

8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

29. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) ղեկավարում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը.

2) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

3) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

4) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

5) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

6) նախարարի հանձնարարությամբ` հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

7) վերլուծում է օրվա մամուլը, այլ զանգվածային լրատվության միջոցների նյութերը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման մասին տեղեկատվությունը, սփյուռքի մամուլը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում նախարարին.

8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Նախարարի օգնականը`

1) կազմակերպչական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կազմակերպում է սփյուռքահայ և Հայաստանի քաղաքացիների ընդունելությունները նախարարի մոտ.

7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի տեղակալի օգնականը`

1) կազմակերպչական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.

2) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ` կազմակերպում է նրա ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը

3) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարի տեղակալին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կազմակերպում է սփյուռքահայ և Հայաստանի քաղաքացիների ընդունելությունները նախարարի տեղակալի մոտ.

7) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Եվրոպայի հայ համայնքների վարչություն.

2) Ամերիկայի հայ համայնքների վարչություն.

3) ԱՊՀ հայ համայնքների վարչություն.

4) Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչություն.

5) Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչություն.

6) համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչություն.

7) հայրենադարձության և հետազոտությունների վարչություն.

8) համահայկական ծրագրերի վարչություն.

9) տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն.

10) հասարակայնության հետ կապերի վարչություն.

11) ներքին աուդիտի բաժին:

33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) իրավաբանական վարչություն.

2) ֆինանսատնտեսական վարչություն.

3) քարտուղարություն.

4) առաջին բաժին.

5) անձնակազմի կառավարման բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

34. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

35. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

36. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

37. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

38. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

40. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

41. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

42. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

Ռծ8

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 697-Լ
Որոշում