Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1419.120618

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 հունիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի, Ա. Գյուլումյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի, 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 68-րդ հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1999 թվականի մայիսի 8-ին և ուժի մեջ մտել` 1999 թվականի մայիսի 14-ին:

Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները, «Կրթության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

i

1.1. Դիմողը` Մարդու իրավունքների պաշտպանը, 2017 թվականի նոյեմբերի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան և խնդրել է որոշել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով այն սահմանելով, որ «Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով», չի ապահովում պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ անվճար կրթություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը:

1.2. Դիմողը գտնում է` չնայած Սահմանադրությունը սահմանում է յուրաքանչյուրի անվճար ու պարտադիր միջնակարգ կրթության իրավունքը, պետությունը վիճարկվող օրինադրույթի հետևանքով պետական բյուջեի միջոցների հաշվին տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով անվճար ապահովում է միայն պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին, իսկ այլ դասարանների աշակերտների դասագրքերի օգտագործման դիմաց սովորողների ծնողները (օրինական ներկայացուցիչները) վճարում են ներդրումային գումարներ, որոնց չափը, համաձայն ուսումնասիրությունների արդյունքների, ավելանում է յուրաքանչյուր տարի, իսկ «Կրթության մասին» ՀՀ օրենքը խոցելի խմբերի երեխաների դասագրքերի համար որևէ բացառություն չի նախատեսում:

1.3. Դիմողը գտնում է նաև, որ անվճար միջնակարգ կրթության իրավունքն իր մեջ ներառում է նաև անվճար դպրոցական դասագրքեր ստանալու իրավունքը: Դիմողի կարծիքով անվճար դպրոցական դասագրքերի տրամադրումը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով:

1.4. Վկայակոչելով Կրթության և գիտության նախարարության տեղեկատվությանը` ըստ որի` ա) սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում, բ) սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը քննարկվում և ձևավորվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատվում է տնօրենի կողմից, դիմողը նշում է, որ պարզ չէ, թե ի՛նչ չափանիշների հաշվառմամբ, ի՛նչ սկզբունքով են ընտրվում ցուցակում ներգրավված երեխաները կամ նրանց ընտանիքները:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

2.1. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ միջազգային չափանիշների լույսի ներքո պետությունն անվճար կրթություն ապահովելու համատեքստում պարտավորվում է`

ա) ապահովել կրթություն ստանալու մատչելիություն, այն է` յուրաքանչյուրը` անկախ իր զբաղեցրած սոցիալական դիրքից կամ իր բնակության վայրի աշխարհագրությունից, կրթական ծրագրերից օգտվելու հավասար հնարավորություն ունենա,

բ) ապահովել տեղեկատվության և նյութերի մատչելիությունը բոլոր երեխաների համար,

գ) չզրկել որևէ անձի` կրթություն ստանալու հնարավորությունից, չմերժել որևէ անձի կրթության իրավունքը:

2.2. Վերոգրյալ չափանիշների լույսի ներքո պատասխանողն արձանագրում է, որ պետությունն իր` անվճար կրթություն ապահովելու գործառույթի շրջանակում պարտավոր չէ աշակերտներից յուրաքանչյուրին ապահովել անվճար դասագրքերով: Այսպես, վերոգրյալ տնտեսական մատչելիության ապահովման գործառույթի շրջանակում պետությունը միայն ընդհանուր կերպով պարտավորվում է կա՛մ հարևանությամբ աշխարհագրորեն հարմար դպրոց հիմնել, կա՛մ հեռահար ուսուցում ապահովել, սակայն ոչ յուրաքանչյուր աշակերտի համար անվճար տրանսպորտ ապահովել: Նույն տրամաբանությամբ պետությունը պարտավորվում է դասավանդվող նյութերի մատչելիություն ապահովել, ինչը չի ենթադրում յուրաքանչյուր աշակերտի անվճար դասագրքերի կամ գրենական պիտույքների տրամադրում: Սա նշանակում է, որ դասավանդվող նյութերը կարող են ապահովվել դպրոցի գրադարանում համապատասխան նյութերից օգտվելու հնարավորության սահմանմամբ կամ էլեկտրոնային եղանակով կամ խոցելի խմբերին ֆինանսական աջակցության ցուցաբերմամբ, որպեսզի որևէ աշակերտ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով չզրկվի կրթություն ստանալու հնարավորությունից: Կոնկրետ դեպքում, պետությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին» 2011 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1137-Ա/Ք հրամանով արդեն իսկ անհրաժեշտ իրավական հիմքեր է ստեղծել խոցելի սոցիալական խմբերին դասագրքերի անվճար ձեռքբերման հարցում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար, իսկ դիմողի կողմից մատնանշված ենթադրյալ անարդարություններն այդ իրավական ակտի կիրառման ժամանակ դուրս են սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների սահմանադրականության գնահատման տիրույթից:

2.3. Հետևաբար, միջազգային չափանիշների համաձայն` անվճար կրթությունը վերաբերում է պետության կողմից ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի, պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի աշխատանքի վարձատրության, վերապատրաստման պետական ֆինանսավորմանը, այլ կերպ` աշակերտների «հաճախելիության անվճարության» ապահովմանը: Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ` Խարտիա) նախադեպային իրավունքի ժողովածուի մեջ, անդրադառնալով Խարտիայի տարբեր հոդվածների մեկնաբանություններին, Խարտիայի 17-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ, այն է` տարրական և միջնակարգ կրթությունը պետք է անվճար լինի, նշում է` «Այս իրավունքը ներառում է հիմնական կրթական համակարգը: Ի լրումն, թաքնված ծախսերը, ինչպիսիք են գրքերի և համազգեստների համար վճարները, պետք է լինեն ողջամիտ, և խոցելի խմբերի վրա դրանց ազդեցության նվազման ուղղությամբ միջոցներ պետք է ձեռնարկվեն» (1):

________________________

1) Տե՛ս DIGEST OF THE CASE LAW OFTHE EUROPEAN COMMITTEE OF SOCIAL RIGHTS, 1 September 2008 https://rm.coe.int/168049159f, էջ 122:

 

2.4. Սա նշանակում է, որ ըստ էության դասագրքերի վճարովիությունը չի հակասում անվճար կրթության ապահովման` պետության պարտավորությանը, սակայն դասագրքերի վճարները պետք է ողջամիտ լինեն, իսկ խոցելի խմբերը ֆինանսական օժանդակություն ստանան այս հարցում, որպեսզի որևէ մեկը ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով չզրկվի պարտադիր միջնակարգ կրթության իրավունքից: Դասագրքերի ներդրումային վճարները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով, իսկ այդ վճարների ողջամտությունը մեր գնահատման իրավասության մեջ չէ, սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, որ անգամ հրամանով ոչ ողջամիտ գնի սահմանումը ինքնին չի կարող հանգեցնել դասագրքի ձեռքբերման վճարովիության դրույթ սահմանող օրենքով սահմանված նորմի հակասահմանադրականության:

2.5. Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանողը կարծում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

i

3. Գործի ելքի համար նշանակություն ունեցող հանգամանքները

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի ելքի համար անհրաժեշտ է պարզել հետևյալ հանգամանքները.

ա) արդյո՞ք Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «... Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը անվճար է» դրույթը բովանդակային առումով իր մեջ ներառում է դպրոցական դասագրքերի անվճար լինելը,

բ) որո՞նք են սոցիալական հիմնական իրավունքների սահմանադրական երաշխավորման առանձնահատկությունները,

գ) արդյո՞ք առկա են անհամաչափ ֆինանսական պարտականություններ, որոնք կարող են խոչընդոտել պետական հանրակրթական դպրոցների հինգերորդից տասներկուերորդ դասարաններում սովորողների` հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների պարտադիր անվճար միջնակարգ կրթության իրավունքի իրականացմանը,

դ) արդյո՞ք անվճար կրթության սահմանադրական իրավունքն ամրագրելիս օրենսդիրը հաշվի է առել Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների միջազգային պայմանագրերով սահմանված չափորոշիչները (Սահմանադրության 81-րդ հոդված):

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Ա. Արդյո՞ք Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «...Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը անվճար է» դրույթը բովանդակային առումով իր մեջ ներառում է դպրոցական դասագրքերի անվճար լինելը:

Անվճար միջնակարգ կրթության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու համար Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալին.

i

4.1. «Կրթության իրավունքի» սահմանադրական երաշխիքը պատմահամեմատական համատեքստում

Հայաստանի սահմանադրական իրավունքի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անվճար միջնակարգ կրթությունը և անվճար դպրոցական դասագրքերը ստանալու իրավունքները նույնական չեն: Անվճար կրթության իրավունքն ամրագրելիս դպրոցական դասագրքերի վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակել ո՛չ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1937 թ. մարտի 23-ի Սահմանադրության (Հիմնական օրենք) 96-րդ հոդվածը, և ո՛չ էլ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության 1922 թ. փետրվարի 4-ի Սահմանադրության 6-րդ հոդվածի (ե) կետը: Միայն Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1978 թ. ապրիլի 14-ի Սահմանադրության 43-րդ հոդվածն է հատուկ ամրագրել դասագրքերի անվճար տրամադրումը` այն տարբերակելով անվճար կրթությունից: Սահմանադրության 43-րդ հոդվածը «կրթության բոլոր տեսակների անվճարությունը» ու «դպրոցական դասագրքերի անվճար տրամադրումը» դիտարկում էր որպես կրթության իրավունքն ապահովող միջոցներ: Սահմանադրական նշված ձևակերպումներից ուղղակիորեն բխում է, որ կրթության անվճարությունը չէր ներառում դպրոցական դասագրքերի անվճար տրամադրումը և դիտարկվում էր կրթության իրավունքի երաշխավորման բնագավառում պետության ինքնուրույն սահմանադրական պարտականություն: 1978 թ. Սահմանադրության 43-րդ հոդվածով դասագրքերի անվճար տրամադրման վերաբերյալ առանձին դրույթի հատուկ ամրագրումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ մինչ այդ սահմանադրական մակարդակում այն չի դիտարկվել որպես անվճար կրթության իրավունքի բաղադրատարր: Հայաստանի Հանրապետության 1995 թ. հուլիսի 5-ի Սահմանադրությունը (35-րդ հոդված), ինչպես նաև դրա հետագա փոփոխությունները` 2005 թ. (39-րդ հոդված) և 2015 թ. (38-րդ հոդված), ամրագրել են միայն անվճար միջնակարգ կրթության իրավունքը: Այսինքն, ի տարբերություն 1978 թ. Սահմանադրության, որն ուղղակիորեն ամրագրել է դասագրքերի անվճար տրամադրումը` որպես պետության պոզիտիվ սահմանադրական պարտականություն, 1995 թ. Սահմանադրությամբ և դրա հետագա խմբագրություններում սահմանադիրը հրաժարվել է նման ամրագրումից, ինչը վկայում է, որ դասագրքերի անվճար տրամադրումը չի դիտարկվել որպես անվճար միջնակարգ կրթության իրավունքի բաղադրատարր: Անվճար կրթության իրավունքը դիտարկվել է որպես միայն «անվճար ուսումնառություն» նաև մասնագիտական գրականության մեջ:

4.2. Սահմանադրական նորմի իրացումը «Կրթության մասին» ՀՀ օրենքում 1995 թվականից

4.2.1. 1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո 1999 թ. «Կրթության մասին» ՀՀ օրենքում (ընդունված է Ազգային ժողովի կողմից 1999 թ.ապրիլի 14-ին, ՀՕ-297) օրենսդիրը անվճար կրթության ներքո հասկացել է բացառապես ուսման վարձը չվճարելու հանգամանքը: Այդ մասին է վկայում, մասնավորապես, գործող օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 28-րդ հոդվածի 9-րդ մասը, որոնցով անվճար կրթությունը սահմանվում է որպես «պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ» կրթություն: Իսկ օրենքի սկզբնական տարբերակում (ՀՕ-297) 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում անվճար միջնակարգ կրթությունը տարանջատվել է դասագրքերի անվճար տրամադրումից: Եթե սահմանադիրը գտներ, որ անվճար կրթության սահմանադրաիրավական բովանդակությունն օրենքում հետագայում նեղացվել է, ապա նա հնարավորություն ուներ 2005 թ. և 2015 թ. սահմանադրական փոփոխություններով հստակեցնելու դրա բովանդակությունը` ուղղակիորեն ներառելով նաև դասագրքերի տրամադրումը, ինչպես, որ արվել էր 1978 թ. Սահմանադրությամբ:

4.2.2. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ անվճար միջնակարգ կրթությունը Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով միջնակարգ կրթություն ստանալու համար պետական ուսումնական հաստատություններ (պետական հանրակրթական դպրոց) ընդունվելու և ուսումնառության համար ուսման վարձի բացակայությունն է:

Բ. Որո՞նք են սոցիալական հիմնական իրավունքների սահմանադրական երաշխավորման առանձնահատկությունները:

4.3. Հիմնական իրավունքների և պետության նպատակների տարանջատումը. պետության հայեցողությունը պետության պարտականությունների իրագործման հարցում

4.3.1. Հիմնական իրավունքները որպես պաշտպանիչ իրավունքներ, նախ և առաջ, պետությունից պահանջում են ձեռնպահ մնալ այդ իրավունքը խաթարող ներգործությունից: Պաշտպանիչ իրավունքների առավելությունը սկզբունքորեն այն է, որ հիմնական իրավունքով պաշտպանված բարիքի խաթարման պարագայում հստակ է խախտման առկայությունը, և դրա իրավական հետևանքը, ինչպես նաև պաշտպանիչ իրավունքները հեշտ իրագործելի են, քանի որ պետությունից հիմնականում պահանջում են ընդամենը անգործություն` այդ իրավունքներին չմիջամտելու ձևով: Իհարկե, պաշտպանիչ իրավունքները կարող են նաև պահանջել կոնկրետ պոզիտիվ գործողություններ` խախտման հետևանքները վերացնելու և վնասը փոխհատուցելու ձևով: Այս պարագայում պետության համար առաջ են գալիս նաև որոշակի ծախսեր: Այսինքն` նույնիսկ պաշտպանիչ իրավունքների պարագայում, որոնք անհրաժեշտաբար չեն պահանջում պետության պոզիտիվ գործողություններ, պետության համար առաջ են գալիս որոշակի ֆինանսական պարտականություններ:

4.3.2. Պաշտպանիչ իրավունքների համեմատ այլ բնույթ ունեն գործողություններ կատարելու պահանջի իրավունքները (ինչպիսին է նաև կրթության իրավունքը), որոնք անհրաժեշտաբար ենթադրում են պետության պոզիտիվ գործողությունների միջոցով տրամադրել որևէ բարիք: Այս պարագայում, առավել ևս, անխուսափելիորեն առաջանում են ծախսեր (2):

_________________________

2) T. Kingreen, R. Poscher, Grundrechte. Staatsrecht II, 33., neu bearbeitete Auflage 2017, էջ 53-54:

 

4.3.3. Գործողություններ կատարելու պահանջի իրավունքներից հատկապես «սոցիալական հիմնական իրավունքները» (այդ թվում` կրթության իրավունքը) կարող են սահմանել պետական իշխանության համար չափազանց մեծ պարտավորություններ, որոնք կարող են իրագործվել միայն պետության առկա հնարավորությունների շրջանակում: Դա կարող է վտանգել հիմնական իրավունքների նորմատիվությունը, որոնք Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անմիջականորեն գործող իրավունք են:

4.3.4. Մինչդեռ, 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը կառուցված է մարդու հիմնական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների (Սահմանադրության գլուխ 2-րդ) ու տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների ու պետության քաղաքականության հիմնական նպատակների հստակ տարանջատման մոտեցման վրա (Սահմանադրության գլուխ 3-րդ): Վերջիններիս Սահմանադրությամբ տրամադրվում է ամրագրման և պաշտպանության այլ ռեժիմ ու պարտադիրություն. պետություններն ապահովում են օրենսդրական երաշխիքներն ու պետության սոցիալական նպատակները միայն իրենց հնարավորությունների շրջանակում: Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, բացի սուբյեկտիվ իրավունք սահմանող 38-րդ հոդվածից, 86-րդ հոդվածից, մասնավորապես, 6-րդ և 13-րդ կետերով որպես պետության քաղաքականության նպատակ է նախատեսում երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը: Սակայն նշված դրույթները միայն պետության օբյեկտիվ իրավական պարտականություններ են (Սահմանադրության 87-րդ հոդվածի 1-ին մաս) և չեն առաջացնում սուբյեկտիվ իրավունքներ: Այս հանգամանքով է պայմանավորված Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը:

4.3.5. Քանի որ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրումը չի մտնում անվճար կրթության սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առարկայի մեջ, ապա օրենսդրի հայեցողությանն է վերապահվում դասագրքերի անվճար տրամադրման խնդրի կարգավորումը` ելնելով ոլորտում պետական քաղաքականության նպատակներից և առաջնահերթություններից, ֆինանսական միջոցների առկայությունից և դրանց արդյունավետ օգտագործումից: Այդուհանդերձ, այս գործառույթների իրականացման համար օրենսդրին և կառավարությանը վերապահված հայեցողության գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

4.3.6. Պատահական չէ, որ նույնիսկ Եվրոպական Միության անդամ երկրների սահմանադրությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն կրթության, այդ թվում` անվճար, իրավունքի երաշխավորման պարագայում, որևէ երկիր սահմանադրական մակարդակով չի ամրագրել դասագրքերի անվճար տրամադրումը (3): Սակայն, անհրաժեշտ է նաև արձանագրել, որ առնվազն մի քանի երկիր, օրինակ` Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Էստոնիան, Կիպրոսը, Ճապոնիան դասագրքերի անվճար տրամադրումն ամրագրել են օրենքի մակարդակում և սահմանադրական կարգավորումների բացակայության պայմաններում, ըստ էության, դա մեկնաբանել են որպես անվճար կրթության բաղադրատարր:

_________________________

3) Օրինակ` Բելգիայի Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆ, Բուլղարիայի Սահմանադրության 53-րդ հոդվածի 3-րդ մաս, Դանիայի Սահմանադրական ակտի 76-րդ պարագրաֆ, Ֆինլանդիայի Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին պարբերություն, Իռլանդիայի Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մաս, Շվեդիայի Սահմանադրության 21-րդ հոդված, Խորվաթիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, Իտալիայի Սահմանադրության 34-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, Լյուքսեմբուրգի Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մաս, Պորտուգալիայի Սահմանադրության 74-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ, Իսպանիայի Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մաս, Լատվիայի Սահմանադրության 112-րդ հոդված, Լիտվայի Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, Էստոնիայի Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին պարբերություն,Սլովակիայի Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մաս, Հունգարիայի Սահմանադրության 16-րդ հոդված, Լեհաստանի Սահմանադրության 70-րդ հոդվածի 2-րդ մաս, Սլովենիայի Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, Մալթայի Սահմանադրության 10-րդ հոդված, Կիպրոսի Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մաս, Ֆրանսիայի Սահմանադրության նախաբանի 13-րդ պարբերություն, Հունաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մաս, Չեխիայի` Մարդու հիմնարար իրավունքների հռչակագրի 33-րդ հոդվածի 2-րդ մաս, Ռումինիայի Սահմանադրության 32-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

4.4. Կրթության ոլորտում հանրության կարիքների և պետության հնարավորությունների միջև ողջամիտ հավասարակշռության անհրաժեշտությունը

4.4.1. Անվճար կրթության ներքո, բացի ուսման վարձը չվճարելու հանգամանքից, նաև այլ բաղադրատարրեր ներառելու պարագայում հարց է առաջանում, թե ինչու պետք է առավելություն տրվի միայն դասագրքեր և ոչ թե ուսումնական գործընթացի համար ոչ պակաս կարևոր այլ բաղադրիչներ (ինչպես, օրինակ, գրենական պիտույքներ, սնունդ, դպրոցական հանդերձանք) անվճար տրամադրելուն: Այսպիսի ընկալման պարագայում անթույլատրելի կլինի ցանկացած տարբերակումը ոչ միայն հանրակրթական դպրոցի 1-4-րդ, նաև` 5-12-րդ դասարանների միջև: Միևնույն ժամանակ, Սահմանադրության 38-րդ հոդվածի 2-րդ մասով անվճար կրթություն ստանալու հնարավորություն է նախատեսված նաև պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում:

4.4.2. «Անվճար կրթություն» հասկացության այդպիսի լայն մեկնաբանությունը խախտում է ողջամիտ հավասարակշռությունը կրթության ոլորտում հանրության կարիքների և պետության հնարավորությունների միջև: ՄԻԵԴ-ը ևս իր դատական պրակտիկայում ընդգծել է այն միտքը, որ «կրթությունը կազմակերպման տեսանկյունից բարդ և իրականացման տեսանկյունից թանկ գործունեություն է, քանի որ միջոցները, որ իշխանությունը կարող է տրամադրել դրա համար, սահմանափակ են: Ճիշտ է նաև այն, որ կրթության մատչելիությունը կարգավորելիս և, մասնավորապես, դրա համար վճար գանձելը կամ չգանձելը կամ ումից գանձելը կարգավորելիս Պետությունը պետք է հավասարակշռություն պահի մի կողմից իր իրավազորության տակ գտնվող անձանց կրթական կարիքների և, մյուս կողմից, դրանց ապահովման համար իր սահմանափակ հնարավորությունների միջև» (4):

_________________________

4) Case of Ponomaryovi v. Bulgaria, 5335/05, 21/06/2011, կետ 55:

 

Գ. Արդյո՞ք առկա են անհամաչափ ֆինանսական պարտականություններ, որոնք կարող են խոչընդոտել պետական հանրակրթական դպրոցների հինգերորդից տասներկուերորդ դասարաններում սովորողների` հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների պարտադիր անվճար միջնակարգ կրթության իրավունքի իրականացմանը:

4.5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ, սահմանելով պարտադիր միջնակարգ կրթության պահանջ, միևնույն ժամանակ, դրանով չպետք է անհամաչափ ֆինանսական պարտականություններ դրվեն դպրոցականների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) վրա: Պարտադիր կրթությունից բխող ծախսերը` աշակերտների միատեսակ դպրոցական հագուստի, գրենական պիտույքների, սպորտային համազգեստի, ներառյալ` դպրոցական դասագրքերի գները, դրանց համար նախատեսված վճարները չպետք է լինեն այնպիսի մակարդակի, որ հարցականի տակ դնեն պարտադիր միջնակարգ կրթության անվճար լինելու սկզբունքը (5):

_________________________

5) Kingreen, Art. 14 Rn. 2 // in C. Calliess, M. Ruffert, EUV/AEUV Das Verfassungsrecht der Europaischen Union mit Europaischer Grundrechtecharta Kommentar, 5. Auflage 2016: Report submitted by the Special Rapporteur, Katarina Tomasevski, E/CN.4/2004/45, 15 January 2004, կետ 26:

 

i

4.6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան` Սահմանադրական դատարանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ի թիվս այլ հարցերի, տեղեկություններ է պահանջել նաև այն մասին, թե յուրաքանչյուր տարի որքա՞ն գումար է հատկացվում դասագրքերի տպագրության համար, և արդյո՞ք առկա է 5-12-րդ դասարաններում սովորող, սոցիալապես անապահով խմբի աշակերտներին դասագրքերը զեղչով կամ անվճար տրամադրելու որոշակի կարգ: Ի պատասխան այդ հարցադրումների` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականի մայիսի 8-ի թիվ 01/10/5028-18 տեղեկատվությամբ հայտնել է, որ «Յուրաքանչյուր տարի դասագրքերի տպագրության համար հատկացվող գումարի չափը կայուն չէ, այն որոշվում է նախարարությանը ներկայացրած հայտերով` կազմված տվյալ ուստարվա սովորողների փաստացի թվաքանակի և պահանջվող դասագրքերի հիման վրա»: Երկրորդ հարցի առնչությամբ նախարարությունը տեղեկացրել է, որ «Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից»: Միևնույն ժամանակ, նշված գրությամբ նախարարությունն արձանագրել է, որ դասագիրք չունենալու պատճառով դպրոց չհաճախող սովորողներ չկան, քանի որ դասագրքերով ապահովման հարցը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրապարակելու կարգի» 10-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի, 11-րդ կետի պահանջներով: Նշվել է նաև, որ «Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը` ելնելով փաստացի սովորողների թվից, և տվյալ ու նախորդ ուսումնական տարիներին ստացված դասագրքերի պակասորդի պարագայում կարող է ներկայացնել լրացուցիչ հայտ»:

4.7. ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.07.2017թ. N 834-Ա/2 «Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին» հրամանի հավելվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար ներդրումային նվազագույն գումարը կազմում է 300 դրամ, իսկ առավելագույն գումարը` 550 դրամ: Սահմանադրական դատարանի գնահատմամբ նշված նույնիսկ առավելագույն գումարը` մեկ դասագրքի համար 550 դրամը, սոցիալապես ոչ անապահով ընտանիքի կողմից վճարելը չի կարող դիտվել որպես պետական ուսումնական հաստատություններում անվճար միջնակարգ կրթության իրավունքի նկատմամբ էական միջամտություն:

4.8. Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող բավարար որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Այս առումով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում փոխհատուցման կարգը խնդրահարույց է դասագրքերի հասանելիությունը երաշխավորելու առումով առնվազն երկու պատճառով: Նախ` նշված կարգը չի հստակեցնում ընտանիքի` «սոցիալապես անապահով» կարգավիճակ ձեռք բերելու և այդ կարգավիճակով պայմանավորված` դասագրքերն անվճար կամ էականորեն նվազեցված գնով հասանելիությունն ապահովելու հստակ ընթացակարգեր: Եվ երկրորդ` մարդու հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը և կառուցակարգերը, տվյալ դեպքում` սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը, պետք է ամրագրվեն օրենքով և ի կատարումն այդ օրենքի ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Դ. Արդյո՞ք անվճար կրթության սահմանադրական իրավունքն ամրագրելիս օրենսդիրը հաշվի է առել Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների միջազգային պայմանագրերով այդ իրավունքի ապահովման կապակցությամբ ստանձնած պարտավորությունները և համապատասխան իրավական պրակտիկան (Սահմանադրության 81-րդ հոդված, մաս 1):

4.9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ո՛չ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, և ո՛չ էլ այդ պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայում նախատեսված չէ, որ անվճար միջնակարգ կրթությունը ներառի նաև դպրոցական դասագրքերի անվճար տրամադրումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը նշված նախադեպային իրավունքից հետևում է, որ «կրթության իրավունքն իր բնույթով ենթադրում է Պետության կողմից կանոնակարգում, և այդ կանոնակարգումը կարող է ժամանակի և տարածության մեջ տարբերվել համայնքի կարիքներին և հնարավորություններին համապատասխան»: (6)

________________________

6) Case of Ponomaryovi v. Bulgaria, 5335/05, 21/06/2011, կետ 53, Case «Relating to certain aspects of the laws on the use of languages in education in Belgium» v. Belgium (merits), 23 July 1968» B. Interpretation adopted by the Court, կետ 5; Campbell and Cosans v. the United Kingdom, 25 February 1982, կետ 41, Series A no. 48; Ciftci v. Turkey (dec.), no. 71860/01, ECHR 2004 VI; Konrad v. Germany (dec.), no. 35504/03, ECHR 2006 XIII.

 

Պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստանի Հանրապետությունն անվճար կրթության իրավունքի երաշխավորման հարցում շատ ավելի ընդգրկուն պարտավորություններ է ստանձնել, քան նախատեսված է միջազգային փաստաթղթերով (7): Վերջիններս անվճար կրթության իրավունքը հիմնականում երաշխավորում են «տարրական» («սկզբնական», «առաջնային») կրթության համար (»primary education» կամ «elementary school») (8), որը պարտադիր է:

________________________

7) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի 1-ին մաս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966թ. դեկտեմբերի 16-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 2-րդ մաս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989թ. նոյեմբերի 20-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 28-րդ հոդվածի 1-ին մաս:

8) «Տարրական» («սկզբնական») կրթությունը, համաձայն միջազգային փաստաթղթերի, սովորաբար սկսվում է 5-7 տարեկանում և տևում է մոտավորապես 7 տարի` չնայած կարող է տևել նաև 4-7 տարի` որպես կանոն մինչև 10-12 տարեկանը: UNESCO International Standard Classification of Education (ISCED) (2011), կետ 120-123, CESCR General Comment No. 13: The Right to Education (Art. 13), adopted at the Twenty-first Session of the Committee on Economic, Social and Cultural Rights, on 8 December 1999, կետ 9, The World Declaration on Education for All, adopted by the World Conference on Education for All, held at Jomtien, Thailand from 5-9 March 1990, 5-րդ հոդված 1-ին մաս:

 

Այսպես, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» 1966 թվականի Միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածը սահմանում է, որ բոլորի համար պարտադիր և անվճար պետք է լինի տարրական կրթությունը, իսկ միջնակարգ կրթության համար պահանջում է, որ այն` իր տարբեր ձևերով, ներառյալ` միջնակարգ տեխնիկական և մասնագիտական կրթությունը, բաց և մատչելի լինի բոլորի համար` բոլոր համապատասխան միջոցներով, մասնավորապես, առաջադիմական անվճար կրթություն մտցնելու միջոցով:

Մինչդեռ, ի կատարումն Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսել է, որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է ճանաչվում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Միջնակարգ կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 հունիսի 2018 թվականի

ՍԴՈ-1419

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 14 հունիսի 2018 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.06.2018
N ՍԴՈ-1419
Որոշում