Սեղմել Esc փակելու համար:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱ ...

20.07.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.08.2003  -ից մինչեւ   20.07.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.06 թիվ 922-Ն որոշում)

i

040.0111.130300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2000 թվականի N 111

 

i

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 144 և 145 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 144 հոդվածով նախատեսված` լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, իսկ լիազորված պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները` Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին):

(2-րդ կետը խմբ. 06.11.00 թիվ 716 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` մինչև յուրաքանչյուր կիսամյակի հաջորդ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն իրենց տարածքների խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մասին:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև յուրաքանչյուր կիսամյակի հաջորդ ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություն խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մասին:

(3-րդ կետը խմբ. 06.11.00 թիվ 716 որոշում)

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի փետրվարի 5-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 62 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մարտի 13-ի N 111 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինների խնդիրն անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, այլ պատճառներով առանց ծնողական խնամքի մնացած անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումն է:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

 

II. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Խնամակալության և հոգաբարձության մարմինները`

i

ա) բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած` 18 տարին չլրացած անչափահաս անձանց, ինչպես նաև չափահաս այն անձանց մասին տեղեկությունները, որոնք դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

Ծննդատների, բուժկանխարգելիչ, մանկական և նմանատիպ այլ հիմնարկների ղեկավարները, այլ պաշտոնատար անձինք պարտավոր են 5-օրյա ժամկետում երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն (սեռի, տարիքի, առողջական վիճակի մասին և այլն) տրամադրել իրենց մոտ ծնված կամ ընդունված` առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող երեխաների վերաբերյալ.

բ) նախապատրաստում են խնամակալություն և հոգաբարձություն նշանակելու, խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձանց մանկական, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում տեղավորելու համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր.

բ.1.) սահմանված կարգով իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը.

գ) ընտրում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, խնամքի և դաստիարակության ձևերը (խնամակալության (հոգաբարձության) հանձնելը, մանկական հիմնարկում տեղավորելը և այլն).

դ) օրենքով նախատեսված դեպքերում ընտրում եմ անչափահասի խնամքի, դաստիարակության և նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու ընդունակ խնամակալներ (հոգաբարձուներ).

ե) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում են խնամակալներ ու հոգաբարձուներ.

զ) թույլտվություն են տալիս հոգաբարձուին տասնվեց տարին լրացած խնամարկյալից ապրել առանձին, եթե դա բացասաբար չի անդրադառնա խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա.

է) թույլատրում են խնամակալին կնքել, իսկ հոգաբարձուին` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման, ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, ինչպես նաև նրա գույքը բաժանելուն կամ դրանից բաժիններ առանձնացնելուն, խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքների.

ը) խնամակալներին և հոգաբարձուներին տալիս են համապատասխան վկայականներ.

թ) խնամակալներին և հոգաբարձուներին մշտական օգնություն են ցույց տալիս խնամարկյալների դաստիարակության, նրանց հանգիստը կազմակերպելու և աշխատանքի տեղավորելու գործում.

ժ) անչափահասի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ ընդունում են որոշում անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) մասին.

ժա) խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում նշանակում են կառավարիչ և նշված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքում վերջինիս հետ.

ժբ) անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում նշանակում են այդ գույքի կառավարիչ և հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքում վերջինիս հետ, կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո, եթե դատարանի վճիռը անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին չի վերացվել, դիմում են դատարան անձին մահացած ճանաչելու մասին.

ժգ) իրականացնում են խնամարկյալների իրավունքների պաշտպանությունը.

ժդ) հսկողություն են իրականացնում խնամակալների և հոգաբարձուների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ, այդ թվում`

մշտական հսկողություն են իրականացնում խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքում խնամարկյալի նկատմամբ իրականացվող խնամքի և դաստիարակության նկատմամբ,

հետևում են խնամարկյալ հոգեկան հիվանդների նկատմամբ մշտական բժշկական հսկողության իրականացմանը,

պարբերաբար հսկողություն են իրականացնում խնամարկյալի կյանքի պայմանների և խնամակալների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ խնամարկյալի առողջանալու դեպքում` նրան գործունակ ճանաչելու վերաբերյալ խնամակալի կողմից դատարան ժամանակին միջնորդություն ներկայացնելու նկատմամբ.

ժե) քննության են առնում խնամակալների և հոգաբարձուների գործողությունների վերաբերյալ դիմումները և բողոքները.

ժզ) չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նշանակում են այդ քաղաքացու օգնական (պատրոն) քաղաքացու համաձայնությամբ.

ժէ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

(4-րդ կետը լրաց. 23.07.03 թիվ 917-Ն որոշում)

5. Որդեգրման հարցերով խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն`

ա) ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու 5-օրյա ժամկետում ներկայացնել երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

բ) երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով անհրաժեշտության դեպքում զրուցելու ծնողների, այլ քաղաքացիների հետ, ինչպես նաև նրանց ցույց տալու անհրաժեշտ օգնություն.

գ) խնամակալներից և հոգաբարձուներից պահանջելու հաշվետվություն իրենց կատարած գործողությունների մասին և անհրաժեշտության դեպքում կատարելու ծառայողական քննություն.

դ) խնամակալներին և հոգաբարձուներին տալու ցուցումներ նրանց իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման վերաբերյալ.

ե) խնամակալներին և հոգաբարձուներին նախազգուշացնելու նրանց պարտականությունների ոչ պատշաճ կատարման կապակցությամբ.

զ) սահմանափակելու խնամակալի` խնամարկյալի ավանդը տնօրինելու իրավունքը.

է) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներ:

i

7. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց իրավասության սահմաններում կատարում են պետական խնամակալական հաստատություններում տեղավորման ենթակա երեխաների և չափահաս անձանց հաշվառում, խնամարկյալների անձնական գործերի վարում և դրանց պատճեններն ուղարկում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 06.11.00 թիվ 716 որոշում)

8. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

9. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

10. Խնամակալության և հոգաբարձության մարմինները կարող են ստեղծել խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովներ` իրենց լիազորությունների իրականացմանն օժանդակելու և ստացված փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն տալու համար:

Անհրաժեշտության դեպքում, ելնելով համայնքի բնակչության թվից, խնամակալության և հոգաբարձության մարմինները սահմանված կարգով կարող են ստեղծել խնամակալության և հոգաբարձության հարցերով միջհամայնքային հանձնաժողովներ:

Խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:

Խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել մանկավարժներ, իրավաբաններ, հոգեբաններ, բժիշկներ, սոցիալական ծառայության աշխատողներ, հասարակական միավորումների ներկայացուցիչներ և այլ անձինք:

Խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովը գործում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2000
N 111
Որոշում