Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 47-ՐԴ, 48- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՄԴ/1573/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1573/02/13                2018թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Գ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Խաչատրյանի ներկայացուցիչ Լիանա Մանուսաջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ Գայանե Խաչատրյանի հայցի ընդդեմ Կիտան Հակոբյանի, Գոհարիկ Նահասյանի, Արտյոմ, Հակոբ, Զոյա, Մարինե, Քրիստինե Հակոբյանների, երրորդ անձ Վոլոդյա Հակոբյանի իրավահաջորդների` հարկադիր մշտական սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Խաչատրյանը պահանջել է Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող, պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող տան նկատմամբ սահմանել մշտական հարկադիր սերվիտուտ` Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք մուտք գործելու համար:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2017 թվականի վճռով Գայանե Խաչատրյանի հայցն ընդդեմ Գոհարիկ Նահասյանի, Արտյոմ, Հակոբ, Զոյա, Մարինե, Քրիստինե Հակոբյանների, երրորդ անձ Վոլոդյա Հակոբյանի իրավահաջորդների, մերժվել է: Քաղաքացիական գործի վարույթը` Կիտան Հակոբյանի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2017 թվականի որոշմամբ Գայանե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Խաչատրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 60-րդ, 62-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գայանե Խաչատրյանը, չմասնակցելով փորձաքննությանը, ինչպես նաև Դատարանում փորձագետին հրավիրելու միջնորդությունը մերժելու արդյունքում, զրկվել է իր իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Դատարանը մերժել է նաև լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրինական ուժի մեջ մտած վճռով հողամասը բաժանված է կողմերի միջև, սակայն Գայանե Խաչատրյանը կարող է հասանելիություն ունենալ իր սեփականությանը միայն պատասխանողների սեփականության նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու միջոցով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ըստ հայցի Վոլոդյա Հակոբյանի ընդդեմ Ռուբեն Խաչատրյանի իրավահաջորդ Գայանե Խաչատրյանի, երրորդ անձինք Զոյա, Կիտան, Արտյոմ, Մարինե, Քրիստինե Հակոբյանների, Գոհարիկ Նահասյանի թիվ ԵՄԴ/0068/02/10 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2013 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության համաձայն` Երևանի Շահումյան 3-րդ փողոցի 25 հասցեում գտնվող անշարժ գույքի 90,4 քմ-ի նկատմամբ ճանաչվել է նույն գործով երրորդ անձանց սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող հողամասի մնացած մասը` 100,1 քմ, պատկանել է Ռուբեն Խաչատրյանին, որի իրավահաջորդն է Գայանե Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

2) 12.02.2014 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռուբեն Խաչատրյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գայանե Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 16):

3) Դատարանը 14.05.2014 թվականի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրել է հետևյալ հարցերը`

ա) ինչպե՞ս է հնարավոր ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք` նշելով հնարավոր բոլոր տարբերակները և դրանցից առավել նպատակահարմարները,

բ) հնարավոր է արդյո՞ք, որ Գայանե Խաչատրյանն իրեն ժառանգաբար անցած` Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք մուտք գործի (մուտք և ելք ունենա) նույն հասցեի սեփականատեր Վոլոդյա Հակոբյանին պատկանող տարածքով (հողամասով, շինությամբ) (հատոր 1-ին, գ.թ. 117):

4) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 12.11.2014 թվականի թիվ 22221407 եզրակացության «Հետևություն» հատվածի համաձայն` հնարավոր չէ ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք, քանի որ մուտքի կազմակերպումը կբերի պատասխանողներին և երրորդ անձին պատկանող բնակելի տների մի շարք սենյակների նպատակային նշանակության և հատակագծային լուծումների էական փոփոխմանը, բացի այդ, մուտքի կազմակերպումը կբերի ընդհանուր օգտագործման տարածքների առաջացմանը, տվյալ տարածքների սահմանափակ օգտագործմանը: Եզրակացության «Հետազոտություն» հատվածի համաձայն` Գայանե Խաչատրյանին պատկանող անշարժ գույքը գտնվում է հետազոտվող հողատարածքի ձախ հատվածի հետնամասում և չունի մոտեցման առանձին ճանապարհ (հատոր 2-րդ, գ.թ. 4-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի հայեցողությամբ փորձաքննություն նշանակելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` (...) դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության): Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակելու լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ 1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործող քաղաքացիադատավարական իրավակարգավորման պայմաններում դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Բնորոշելով «դատական հայեցողությունը»` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է, որը, սակայն, չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն, քանի որ իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները (տե՛ս, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Սայեն Ղազարյանի և այլոց թիվ ԱՎԴ/0011/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առկա են էական և առանցքային տարբերություններ լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նպատակների և նշանակման հիմքերի միջև: Այսպես, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքը փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու հանգամանքն է: Լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել միայն փորձագիտական եզրակացությանը ծանոթանալուց հետո, եթե պարզվի, որ փորձաքննությանն առաջադրված հարցադրումների կամ դրանց մի մասի վերաբերյալ պատասխանը հստակ կամ ամբողջական չէ, ինչպես նաև այն դեպքում, երբ փորձագիտական եզրակացությանը ծանոթանալուց հետո դրանում լուսաբանված հարցերի վերաբերյալ նոր հարցադրումներ են առաջանում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով: Ըստ այդմ, լրացուցիչ փորձաքննություն կարող է չնշանակվել, եթե գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետի կողմից դատական նիստում տրված բացատրությունների արդյունքում լրացվում, ամբողջականացվում և հստակեցվում են փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի պատասխանները, ինչը բխում է նաև արդարադատության արդյունավետության և ողջամիտ ժամկետում գործերի քննության պահանջից: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ լրացուցիչ փորձաքննությունն իր բնույթով ուղղված չէ սկզբնական փորձաքննության հետ մրցակցելուն, այլ ուղղված է սկզբնական փորձաքննության արդյունքներով տրված եզրակացության մեջ առկա անհստակությունները լրացնելուն, այդ պատճառով էլ, ի տարբերություն կրկնակի փորձաքննության, օրենսդիրը հնարավոր է համարել լրացուցիչ փորձաքննությունը հանձնարարել ինչպես մեկ այլ, այնպես էլ սկզբնական փորձաքննությունն իրականացրած փորձագետին: Ինչ վերաբերում է կրկնակի փորձաքննությանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է վերջինիս հիմքերը, այն է` փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ առաջանալը, կամ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությունը (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործով դիմելով դատարան` Գայանե Խաչատրյանը պահանջել է Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող` պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող տան նկատմամբ սահմանել մշտական հարկադիր սերվիտուտ` Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք մուտք գործելու համար:

Դատարանը 14.05.2014 թվականի որոշմամբ փորձագետներին առաջադրել է հետևյալ հարցերը`

ա) ինչպե՞ս է հնարավոր ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք` նշելով հնարավոր բոլոր տարբերակները և դրանցից առավել նպատակահարմարները,

բ) հնարավոր է արդյո՞ք, որ Գայանե Խաչատրյանն իրեն ժառանգաբար անցած` Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք մուտք գործի (մուտք և ելք ունենա) նույն հասցեի սեփականատեր Վոլոդյա Հակոբյանին պատկանող տարածքով (հողամասով, շինությամբ):

ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 12.11.2014 թվականի եզրակացության «Հետևություն» հատվածի համաձայն` հնարավոր չէ ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք, քանի որ մուտքի կազմակերպումը կբերի պատասխանողներին և երրորդ անձին պատկանող բնակելի տների մի շարք սենյակների նպատակային նշանակության և հատակագծային լուծումների էական փոփոխմանը, բացի այդ մուտքի կազմակերպումը կբերի ընդհանուր օգտագործման տարածքների առաջացմանը, տվյալ տարածքների սահմանափակ օգտագործմանը: Եզրակացության «Հետազոտություն» հատվածի համաձայն` Գայանե Խաչատրյանին պատկանող անշարժ գույքը չունի մոտեցման առանձին ճանապարհ:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ սույն քաղաքացիական գործով Գայանե Խաչատրյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց իր կողմից վկայակոչված հանգամանքները հաստատելու համար, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի իմաստով իր կողմից վկայակոչված փաստերի չապացուցման բացասական հետևանքները պետք է կրի հայցվոր կողմը: Դատարանը նաև նշել է, որ հնարավոր չէ ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի 25-րդ հասցեում գտնվող հողատարածք, քանի որ դրանով կխախտվի պատասխանողների` իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից անխոչընդոտ օգտվելու իրավունքը, ուստի հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Գայանե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ սույն գործում առկա փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ օբյեկտիվ կասկածների բացակայության պայմաններում կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայել է, ինչպես նաև փորձաքննությանն առաջադրված հարցադրումների վերաբերյալ տրվել են պարզ և ամբողջական պատասխաններ, որպիսի պայմաններում բացակայել են նաև լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքերը:

Վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 20.03.2001 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելը հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 20.03.2001 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում: Իսկ նույն օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 210-216-րդ հոդվածներում նախատեսված կանոնների կիրառմամբ` սերվիտուտով կարող են ծանրաբեռնվել շենքերը, շինությունները և այլ անշարժ գույքը, որոնցից սահմանափակ օգտվելն անհրաժեշտ է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի իրավազորություն հանդիսացող օգտագործման իրավունքը ենթադրում է, որ սեփականատերն իրավական և փաստական հնարավորություն պետք է ունենա օգուտներ ստանալու իր գույքից: Նկատի ունենալով, որ իր գույքից օգտվելը կարող է պայմանավորված լինել նաև այլ սեփականատերերի գույքի հետ առնչվելով, օրենսդիրը նախատեսել է սերվիտուտի, այդ թվում` հարկադիր սերվիտուտի` ուրիշի գույքից սահմանափակ կերպով օգտվելու իրավունքը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հողամասի (շենքի, շինության և այլ անշարժ գույքի) սեփականատերն իրավունք ունի հարևան հողամասի սեփականատիրոջից վերջինիս պատկանող հողամասի (շենքի, շինության և այլ անշարժ գույքի) սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) պահանջով դիմել դատարան, եթե այն անհրաժեշտ է մասնավորապես` անցնելու և երթևեկելու համար, որը չի կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու: Ընդ որում` օրենսդիրը որևէ բացառություն ընդհանուր կանոնից չի սահմանել, այսինքն` սահմանված չեն այն դեպքերը, թե երբ է հարկադիր սերվիտուտը ենթակա մերժման: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես սերվիտուտով ծանրաբեռնվող անշարժ գույքի սեփականատերը պետք է հնարավորություն ունենա լիարժեքորեն օգտվել իր գույքից, այնպես էլ սերվիտուտի սահմանման կարիք ունեցող գույքի սեփականատերը: Հակառակ դեպքում` սեփականության իրավունքը կկրի հռչակագրային բնույթ, քանի որ սեփականատերը հնարավորություն չի ունենա լիարժեքորեն օգտվել իր իրավազորություններից: Հետևաբար սերվիտուտ սահմանելու պահանջներ քննելիս դատարանները պետք է հաշվի առնեն երկու սեփականատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը` այդ թվում այն բացահայտելով փորձաքննության միջոցով:

Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ նշվել է, որ Գայանե Խաչատրյանին պատկանող անշարժ գույքը չունի մոտեցման առանձին ճանապարհ: Բացի այդ, նույն եզրակացության «Հետևություն» հատվածում նշվել է, որ հնարավոր չէ ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք, քանի որ մուտքի կազմակերպումը կբերի պատասխանողներին և երրորդ անձին պատկանող բնակելի տների մի շարք սենյակների նպատակային նշանակության և հատակագծային լուծումների էական փոփոխմանը, բացի այդ մուտքի կազմակերպումը կբերի ընդհանուր օգտագործման տարածքների առաջացմանը, տվյալ տարածքների սահմանափակ օգտագործմանը: Այսինքն` եզրակացությամբ նշվել է, որ Գայանե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը չունի ինքնուրույն մուտք, իսկ սերվիտուտի սահմանումը կհանգեցնի պատասխանողների և երրորդ անձի իրավունքների որոշակի սահմանափակման: Վերոգրյալի հիման վրա ստորադաս դատարանները մերժել են սերվիտուտ սահմանելը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր սերվիտուտ չսահմանելը չի կարող պայմանավորված լինել միայն այն հանգամանքով, որ դրա սահմանումը կհանգեցնի մյուս սեփականատերերի իրավունքների որոշակի սահմանափակման` նկատի ունենալով, որ սերվիտուտն ինքնին ենթադրում է այլ անձին պատկանող գույքի սահմանափակ օգտագործման իրավունքը, ինչը չի կարող չսահմանափակել սերվիտուտով ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ իրավունքները: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ նշված եզրակացությամբ արձանագրվել է, որ Գայանե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը չունի մոտեցման առանձին ճանապարհ, այսինքն` Գայանե Խաչատրյանը փաստացի զրկված է իրեն սեփականությամբ պատկանող անշարժ գույքն օգտագործելու իրավազորությունից: Հետևաբար ստորադաս դատարանները պետք է գնահատեին փորձագետի եզրակացությունն ամբողջության մեջ` հաշվի առնելով նաև նշված հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում ընդգծել, որ Դատարանի կողմից փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը` ինչպե՞ս է հնարավոր ապահովել Գայանե Խաչատրյանի մուտքը Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածք` նշելով հնարավոր բոլոր տարբերակները և դրանցից առավել նպատակահարմարները, մինչդեռ փորձագետի տված պատասխանից հնարավոր չէ միանշանակ հետևություն անել այն մասին, թե վերջինիս տրված պատասխանը վերաբերում է միայն Երևանի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողատարածքին, թե նաև հարևան հողատարածքներին: Այսինքն` փորձագետի եզրակացությունից չի կարելի միանշանակ հետևություն անել այն մասին, թե արդյոք փորձագետն իրեն տված հարցերին տվել է ամբողջական պատասխան, թե` ոչ: Հետևաբար Դատարանը պետք է փորձագետին դատարան հրավիրելու միջնորդությունը բավարարելու կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջոցով հստակեցներ փորձագետի տված պատասխանը` դրանով ապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը` նկատի ունենալով, որ նշանակված եզրակացությամբ բացահայտվել էր սերվիտուտի կիրառման անհրաժեշտությունը, սակայն փորձաքննությամբ առաջադրված հարցերի արդյունքում սերվիտուտի կիրառման արդյունավետ տարբերակ չէր առաջարկվել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով Դատարանը չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԵՄԴ/1573/02/13
Որոշում