Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0084/06/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0084/06/16

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ            

                   դատախազ                    Կ. Կարապետյանի

                   պաշտպան                    Ա. Շահբազյանի

                   մեղադրյալ                  Տ. Պետրոսյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի մայիսի 15-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 83161414 քրեական գործը և ուղարկվել ըստ ենթակայության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:

2016 թվականի մարտի 18-ին որոշում է կայացվել Տիգրան Հարությունի Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի ապրիլի 7-ին որոշում է կայացվել Տ.Պետրոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ Տ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

2016 թվականի դեկտեմբերի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

1.1 2017 թվականի հունվարի 23-ին հետախուզման մեջ գտնվող Տիգրան Պետրոսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր:

2017 թվականի հունվարի 24-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին:

Նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հունվարի 24-ի որոշմամբ վերահաստատվել է մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին 2016 թվականի ապրիլի 8-ի որոշումը:

2. Մեղադրյալ Տ.Պետրոսյանի պաշտպան Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի մարտի 1-ի որոշմամբ բողոքը բավարարվել է. այն է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 24-ի որոշումը բեկանվել, և Տ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է:

3. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Տ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3.5 ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության (լիցենզիա) իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես` Տ.Պետրոսյանը 2014թ.-ի մարտի 11-ին` Լոռու մարզի Շահումյան համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1/1 հասցեում, «Վան-Խաղ» ՍՊ ընկերության գործունեության նախկին տարածքում, տվյալ կազմակերպության խաղային ապարատների միջոցով իրականացրել է լիցենզավորման ենթակա` շահումով խաղերի գործունեություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի` 4.500.003.000 դրամ գումարի վնաս» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 88):

5. 2014 թվականի ապրիլի 2-ի` Տ.Պետրոսյանի բացատրության արձանագրության համաձայն` «(...) Ես ունեի խնդիրներ և գտնվում էի ծանր սոցիալական վիճակում, որոշեցի աշխատացնել ապարատները, սակայն իմ մտածածի մասին որևէ մեկին չտեղեկացրի, քանի որ գիտեի ընկերության ղեկավարությունը իմանար այդ մասին չէր թույլատրի, որ ես նման բան անեմ (...)» (տե՛ս նյութեր, թերթ 11):

Նախաքննական մարմնի ուղարկած ծանուցագրերով Տ.Պետրոսյանը 2014 թվականի մայիսի 31-ին, օգոստոսի 8-ին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն (տե՛ս նյութեր, թերթեր 17, 43):

Նախաքննական մարմնի ուղարկած ծանուցագրերով Տ.Պետրոսյանը նաև 2015 թվականի հոկտեմբերի 1-ին և 2016 թվականի մարտի 24-ին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն, որոնք հետ են վերադարձվել «ՀՀ-ից դուրս» գրառմամբ (տե՛ս նյութեր, թերթեր 57, 60, 71-72):

Նախաքննական մարմնի կողմից 2014 թվականի մայիսի 31-ին, օգոստոսի 25-ին, 2015 թվականի հոկտեմբերի 13-ին որոշումներ են կայացվել Տ.Պետրոսյանին բերման ենթարկելու մասին, իսկ 2014 թվականի հունիսի 10-ին, հունիսի 11-ին գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն` Տ.Պետրոսյանին ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն ներկայացնելու վերաբերյալ (տե՛ս նյութեր, թերթեր 17, 33, 36, 44, 61):

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի տեսուչ Է.Սարգսյանի` «Բնակարան այցելելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի արձանագրության համաձայն` «(...) Այցելության ժամանակ Տիգրան Պետրոսյանը տանը չէր և ըստ եղբոր` Արմեն Պետրոսյանի բանավոր հայտարարության գտնվում է Երևան քաղաքում և երբ է վերադառնալու Վանաձոր քաղաք կոնկրետ տեղեկություններ չունի» (տե՛ս նյութեր, թերթ 35):

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի տեսուչ Է.Սարգսյանի` «Բնակարան այցելելու մասին» 2014 թվականի հունիսի 11-ի արձանագրության համաձայն` «(...) Այցելության ժամանակ բնակարանի դուռը փակ էր և Նարեկ Սարգսյանը (...) պատասխանեց, որ Տիգրան Պետրոսյանի հետ ունի հարազատական կապ և եկել է տեսակցության: Հարցրեցի, թե տվյալ բնակարանի բնակիչները որտեղ են, պատասխանեց, որ տեղեկացված չէ այդ մասին և չունի նրանց հետ կապ հաստատելու միջոցներ» (տե՛ս նյութեր, թերթ 37):

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի տեսուչ Է.Անտոնյանի` «Բնակարան այցելելու մասին» 2014 թվականի հունիսի 20-ի արձանագրության համաձայն` «(...) Այցելության ժամանակ բնակարանի դուռը փակ էր և ըստ հարևանուհի Էմմա Անտոնյանի բանավոր հայտարարության` Տիգրան Պետրոսյանի գտնվելու վայրի մասին կոնկրետ տեղեկություններ չունի» (տե՛ս նյութեր, թերթ 39):

Նախաքննական մարմնի կողմից 2014 թվականի հուլիսի 1-ին, հուլիսի 29-ին, օգոստոսի 26-ին, 2015 թվականի մարտի 18-ին հանձնարարություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն` Տ.Պետրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար (տե՛ս նյութեր, թերթեր 45, 54):

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի` 2014 թվականի սեպտեմբերի 12-ի գրության համաձայն` «(...) Կատարված ստուգումներով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6 շենքի 28 բնակարանի բնակիչ Տիգրան Հարությունի Պետրոսյանը և նրա ընտանիքի անդամները (...) բացակայում են բնակության վայրից և նրանց ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ» (տե՛ս նյութեր, թերթ 50):

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի տեսուչ Դ.Ամիրխանյանի` «Բնակարան այցելելու մասին» 2014 թվականի սեպտեմբերի 8-ի արձանագրության համաձայն` «(...) Այցելության ժամանակ բնակարանի դուռը փակ էր և ըստ հարևան Ա.Նազարեթյանի բանավոր հայտարարության` Տ.Պետրոսյանը ս/թ հուլիս ամսից բացակայում է բնակության վայրից և նրա գտնվելու մասին տեղեկություններ չկան» (տե՛ս նյութեր, թերթ 51):

ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն` Տ.Պետրոսյանը 2014 թվականի հունվարի 16-ին, սեպտեմբերի 6-ին, դեկտեմբերի 21-ին, 2015 թվականի փետրվարի 28-ին, մարտի 4-ին, ապրիլի 21-ին, մայիսի 21-ին, հունիսի 7-ին, հոկտեմբերի 4-ին դուրս է եկել ՀՀ-ից և 2014 թվականի հունվարի 16-ին, սեպտեմբերի 7-ին, դեկտեմբերի 27-ին, 2015 թվականի մարտի 1-ին, մարտի 4-ին, ապրիլի 21-ին, մայիսի 22-ին, սեպտեմբերի 26-ին մուտք է գործել ՀՀ տարածք (տե՛ս նյութեր, թերթեր 19, 41, 56, 59):

6. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 24-ի որոշման համաձայն` «(...) Մեղադրյալ Տ.Պետրոսյանն առարկեց միջնորդությանը` պատճառաբանելով, որ չի կատարել իրեն վերագրվող արարքը, խուսափել է քննությունից, քանի որ չի վստահել վարույթն իրականացնող մարմնին, և ազատության մեջ գտնվելու դեպքում չի խոչընդոտի քննությանն ու չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից:

(...) Սույն միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալն առնչվում է իրեն վերագրվող արարքին, այսինքն` ներկայացված տեղեկություններն ու ապացույցներն ուղղակիորեն մատնանշում են նրա առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքին, ինչպես նաև հիմնավորվում է, որ դեպքը, որի կատարման մեջ նա կասկածվում է, համընկնում է նրան վերագրվող արարքին:

Ինչ վերաբերվում է մեղադրյալի պատճառաբանություններին, ապա դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և չեն կարող հարուցված միջնորդությունը մերժելու հիմք հանդիսանալ:

Այսպիսով, դատարանը հանգում է այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա են մեղադրյալի կողմից նրան մեղսագրվող արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածն ու կալանավորման` դատարանի կողմից նշված շարժառիթներն ու հիմքերը (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 96-98):

7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի որոշման համաձայն` «(...) Քննության ընթացքում մեղադրյալ Տիգրան Պետրոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը հիմնավորող նյութ քրեական վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել և նման փաստական հանգամանք դատարանի որոշման մեջ չի արտացոլվել, իսկ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար:

Բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու անհրաժեշտության մասին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ տվյալներ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ներկայացվել:

(...) Տիգրան Պետրոսյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել, Հայաստանի Հանրապետությունը լքելու ժամանակ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել, հետևաբար ՀՀ-ից նրա հեռանալը չի կարող դիտարկվել վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանք:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պայմաններում առկա չեն մեղադրյալ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու հիմքերը, ուստի Առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հունվարի 24-ի որոշումը պետք է բեկանել, և Տիգրան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 168-172):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես` բողոքի հեղինակը, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կալանավորման պայմանների և հիմքերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներին, նշել է, որ նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված և միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալների համակցությունը դատավարության տվյալ փուլում բավարար է եղել արձանագրելու կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ` ինչպես մեղսագրվող արարքին առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկածի, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը:

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորման կիրառումը հիմնավորել է` ոչ միայն հաշվի առնելով նախկինում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու փաստը, այլև գնահատելով ներկայում առկա` վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու և պատժից խուսափելու հավանականությունը:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ հետախուզման մեջ գտնված մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են:

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(...)

«Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք (...) ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

12. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, քրեական գործի առկայություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլն):

12.1. Ավելին` հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, զարգացնելով իր նախադեպային իրավունքը, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության գործով իրավական դիրքորոշում արտահայտեց այն մասին, որ բացի ողջամիտ կասկածի առկայությունից, դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ պետք է կիրառվի նախնական կալանք կիրառելու վերաբերյալ առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն` ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, mutatis mutandis, Buzadji v. the Republic of Moldova GC, գանգատ թիվ 23755/07, 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռ, կետեր 87 և 102): Այլ կերպ` սկսած այդ պահից անձի կալանավորման հիմքերի առկայությունը վկայող հիմնավորումները պետք է լինեն փաստարկված, այն է` հիմնված կոնկրետ փաստերի, ինչպես նաև անձը բնութագրող հատկանիշների վրա` զերծ ընդհանուր և վերացական բնույթից (տե՛ս, mutatis mutandis, Aleksanyan v. Russia, գանգատ թիվ 46468/06, 2008 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռ, կետ 179, Boicenco v. Moldova, գանգատ թիվ, 41088/05, 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռ, կետ 142, Khoudoiorov v. Russia, գանգատ թիվ 6847/02, 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճիռ, կետ 173, Piruzyan v. Armenia, գանգատ թիվ 33376/07, 2012 թվականի հունիսի 26-ի վճիռ, կետ 92):

13. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով: Սակայն միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն: Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում` քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների` իրենց ամբողջության մեջ գնահատման վրա:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում:

14. Սույն գործի նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, փաստել է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ ներկայացված նյութերը բավարար են արձանագրելու ինչպես մեղսագրվող արարքին առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը, արձանագրել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պետք է բեկանել և Տ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել, քանի որ մեղադրյալի հետախուզման մեջ գտնվելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ տվյալներ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ներկայացվել: Այդ համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Տ.Պետրոսյանը վարույթ իրականացնող մարմին ներկայանալու մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել, Հայաստանի Հանրապետությունը լքելու ժամանակ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել, հետևաբար ՀՀ-ից նրա հեռանալը չի կարող դիտարկվել որպես վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանք (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց համակցված գնահատման ենթարկելու Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությունը վկայող` վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները, ոչ իրավաչափորեն եզրահանգել է, որ վերջինիս նկատմամբ համապատասխան խափանման միջոցը կիրառելու հիմքերը բացակայում են:

Այսպես` անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Տ.Պետրոսյանը վարույթ իրականացնող մարմին ներկայանալու մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ ծանուցման պատշաճ լինելը չպետք է պայմանավորել բացառապես նրանով, որ առկա է հենց հասցեատիրոջ, մասնավորապես` ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից ծանուցագիրը ստանալու փաստը հաստատող տվյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծանուցագիրը ստանալու փաստը հաստատող այդպիսի տվյալի բացակայության դեպքում ծանուցման պատշաճ լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել այդ ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների քանակական և որակական կազմը, ծանուցվող անձի դրսևորած վարքագիծը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կարող են առանցքային նշանակություն ունենալ խնդրո առարկա հարցի լուծման համար: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ հակառակ մեկնաբանության դեպքում, երբ վարույթ իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումները ենթադրյալ հանցանք կատարած անձի` օրինակ` ՀՀ-ից դուրս գտնվելու հանգամանքով պայմանավորված չստանալու դեպքում մեխանիկորեն համարվեն ոչ պատշաճ, ապա կարող է արհեստականորեն խոչընդոտվել նրանց հայտնաբերմանն ուղղված դատավարական հարկադրանքի միջոցների գործադրումը և անհնարին դառնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կենսագործումը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, գալով այն եզրահանգման, որ Տ.Պետրոսյանը վարույթ իրականացնող մարմին ներկայանալու մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել, անտեսել է`

- մեղադրյալ Տ.Պետրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների որակական և քանակական կազմը, մասնավորապես` հարցաքննության համար վարույթ իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ չորս ծանուցագրեր են ուղարկվել, կազմվել են բերման ենթարկելու մասին որոշումներ, մեղադրյալի բնակության հասցեով երեքից ավելի այցելություններ են կատարվել, ընդ որում, մի դեպքում` մեղադրյալի եղբայրը, մյուս դեպքում` նրա հետ հարազատական կապ ունեցող անձը, այլ դեպքերում` Տ.Պետրոսյանի հարևանները վերջինիս գտնվելու վայրի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չեն հայտնել (մանրամասն տե՛ս սույն որոշման 5-րդ կետը),

- մեղադրյալին առնչվող հանգամանքները, մասնավորապես` սկսված դատավարական գործընթացի մասին տեղեկացված լինելը, հետախուզման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված լինելը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), մեղադրյալի` Առաջին ատյանի դատարանում հայտնած այն դիրքորոշումը, որ խուսափել է քննությունից, քանի որ չի վստահել վարույթ իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանի Հանրապետությունը լքելու ժամանակ Տ.Պետրոսյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալի պայմաններում նշյալ հանգամանքները չեն կարող չեզոքացնել կալանավորման համապատասխան հիմքի` մասնավորապես վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը: Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակ մեկնաբանությունը կարող է բացառել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունն այն անձանց նկատմամբ, ովքեր ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո կամ մինչև քրեական գործ հարուցելը վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու նպատակով բացակայում են մշտական բնակության վայրից կամ լքել են ՀՀ տարածքը:

15.1. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է ոչ թե գործի նյութերում առկա փաստական տվյալների, տեղեկությունների` իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու, այլ դրանք մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու արդյունքում ձևավորված դատողությունների վրա: Ուստի և Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ հետախուզման մեջ գտնված մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, հիմնավոր չեն:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Տ.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 288-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի և ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին պետք է հաշվակցել մեղադրյալ Տ.Պետրոսյանի` 2017 թվականի հունվարի 23-ից մինչև մարտի 1-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Տիգրան Հարությունի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 24-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել մեղադրյալ Տիգրան Հարությունի Պետրոսյանի` 2017 թվականի հունվարի 23-ից մինչև մարտի 1-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2017
N ԵԿԴ/0084/06/16
Որոշում