Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 39...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 39-ՐԴ, 379-ՐԴ Ե ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԿԴ1/0008/15/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ1/0008/15/16

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ դատապարտյալ Ամալյա Սերժիկի Ղարիբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով Ամալյա Սերժիկի Ղարիբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Ղարիբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 /չորս/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում 7 /յոթ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում 7 /յոթ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա Ա.Ղարիբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 /ութ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Վերոնշյալ դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի փետրվարի 27-ին:

2. 2016 թվականի հուլիսի 13-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Ղարիբյանի դիմումը, որով վերջինս խնդրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի հիման վրա վերանայել իր վերաբերյալ կայացված վերոնշյալ դատավճիռը:

Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ բավարարել է դատապարտյալ Ա.Ղարիբյանի դիմումը, և վերջինիս կատարած ու Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ին ընդունված թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի կիրառմամբ համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքին` այդ հոդվածով նշանակված պատիժը, ինչպես նաև հանցագործությունների համակցությամբ նշանակված վերջնական պատիժը թողնելով անփոփոխ:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Ղարիբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունվարի 31-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը` մերժելով դատապարտյալ Ա.Ղարիբյանի դիմումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ Ա.Ղարիբյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Ամալյա Սերժիկի Ղարիբյանի կատարած և (...) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 05-ի դատավճռով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքը համապատասխանում է նոր խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությանը (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 56-59):

6. Վերաքննիչ դատարանը, միանձնյա կազմով քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը, իր որոշմամբ նշել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով պատիժ է նախատեսված ազատազրկում` ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, իսկ մինչ օրենսդրական փոփոխությունը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսվել է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին:

(...)

Այսինքն, անձի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որակելու դեպքում` անձի վիճակը, թե պատժի նշանակման և, թե հետագա իրավահարաբերությունների տարածման առումով վատթարանում է: Հետևաբար, նշված նորմը չի կարող տարածվել մինչ այդ փոփոխությունը հանցանք կատարած անձանց նկատմամբ:

(...)

Եվ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, իսկ 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվածը` ծանր, ուստի վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու սկզբունքից ելնելով` համապատասխանեցման անհրաժեշտությունը բացակայում է:

Այսպիսով, հաշվի առնելով վերը նշված մեկնաբանությունները, Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է բեկանել և Ամալյա Ղարիբյանի դիմումը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հոկտեմբերի 5-ի դատավճիռը վերանայելու մասին, մերժել» (տե՛ս նյութեր, թերթեր 94-100):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական չէ, այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ըստ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել: ՈՒստի դատարանը պետք է արձանագրեր, որ Ա.Ղարիբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքում այլևս հանցակազմ չկա: Դրանից ելնելով` բողոքաբերը փաստել է, որ դատարանը պետք է վերանայեր իր նկատմամբ կայացված դատավճիռը և իրեն ազատեր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժից, որից հետո պետք է կիրառեր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնները` իր նկատմամբ վերջնական պատիժ սահմանելու համար:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի որոշումը և կայացնել նոր որոշում` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժից իրեն ազատելու և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ իր նկատմամբ ավելի մեղմ վերջնական պատիժ սահմանելու մասին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործի փաստերի առանձնահատկություններից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ դատապարտյալ Ա.Ղարիբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա դատական կազմով քննելու իրավաչափությանը, քանի որ դրանով է պայմանավորված վճռաբեկ բողոքի փաստարկներն ըստ էության քննարկման առարկա դարձնելու Վճռաբեկ դատարանի իրավասության հարցը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտեր են համարվում առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:

Մեջբերված իրավանորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանն Ա.Արծրունու գործով կայացված որոշմամբ ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հանցանք կատարած անձի վիճակը նոր քրեական օրենքի ուժով բարելավելու հիմքով դատավճիռը վերանայելու, մասնավորապես` անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցը լուծելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ` արարքի քրեաիրավական որակում, պատժատեսակի և պատժաչափի որոշում): Հետևաբար այդ որոշումը ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և այն ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս» (տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը):

11. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Արծրունու գործով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Է.Ծռնվերանցի գործով որոշմամբ փաստել է. «(...) Անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ դիտարկելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենքով արգելված արարքը նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցը լուծելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցերի (արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին, ենթակա է արդյոք պատժի հանցավորն իր կատարած հանցանքի համար, ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որոնք օրենքի ուժով (ex lege) վերապահված են գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը: Հետևաբար քրեական օրենքով արգելված արարքը նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցը լուծելիս կայացվող դատական ակտի բողոքարկումը և բողոքի քննությունը ենթակա է իրականացման նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար: Այլ կերպ` քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ և 387-րդ հոդվածներով սահմանված` գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները:

(...)

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ նշյալ եզրույթը ոչ միայն կազմում է «դատարանի»` առհասարակ գոյության իրավական հենքը, այլև այն ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե՛ս Buscarini v. San Marino գործով 2000 թվականի մայիսի 4-ի որոշումը, գանգատ թիվ 31657/96, Posokhov v. Russia գործով 2003 թվականի մարտի 4-ի վճիռը, գանգատ թիվ 63486/00, կետ 39, Yegorychev v. Russia գործով 2016 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 8026/04, կետ 64): ՈՒստի այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացվող պահանջներն ապահովված չեն, ապա խաթարվում է օրինականության սկզբունքը` անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առջև կանգնելու իրավունքից (տե՛ս, mutatis mutandis, Jorgic v. Germany գործով 2007 թվականի հուլիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 74613/01, կետ 64, Richert v. Poland գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 41)» (տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշման 11.1-րդ և 12-րդ կետերը):

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է.

ա) դատապարտյալ Ա.Ղարիբյանը 2016 թվականի հուլիսի 13-ին Առաջին ատյանի դատարան դիմում է ներկայացրել, որով խնդրել է վերանայել իր նկատմամբ կայացված դատավճիռը` հաշվի առնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի ընդունումը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը),

բ) Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 13-ին որոշել է դատապարտյալ Ա.Ղարիբյանի դիմումը բավարարել, նրա կատարած արարքի քրեաիրավական որակումը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ին ընդունված թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի կիրառմամբ համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին` այդ արարքի համար նշանակված պատիժը, ինչպես նաև հանցագործությունների համակցությամբ նշանակված վերջնական պատիժը թողնելով անփոփոխ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):

գ) Վերաքննիչ դատարանը, միանձնյա կազմով քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը, 2017 թվականի հունվարի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ անձի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որակելու դեպքում անձի վիճակը թե՛ պատժի նշանակման և թե՛ հետագա իրավահարաբերությունների տարածման առումով վատթարանում է, հետևաբար նշված նորմը չի կարող տարածվել մինչև օրենքի վերոնշյալ փոփոխությունը հանցանք կատարած անձանց վրա: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է եզրահանգման, որ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու սկզբունքից ելնելով` համապատասխանեցման անհրաժեշտությունը բացակայում է, ուստի Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է բեկանել և Ա.Ղարիբյանի դիմումը` իր վերաբերյալ դատավճիռը վերանայելու մասին` մերժել (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

13. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված` գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ այն քննության է առնվել դատավորի կողմից միանձնյա` այդ կերպ չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայությունը:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Ղարիբյանի դիմումը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով քննության առնելն իրավաչափ չէր:

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի, 387-րդ հոդվածի խախտումներ, այն է` դատական ակտը կայացրել է դատարանի ոչ օրինական կազմով: Նշված խախտումը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք է: Հիշյալ հոդվածում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ` եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով (տե՛ս Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 12-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն` հիշյալ խախտումը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված իրավախախտման պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած` իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկներին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումը, պետք է օրենքով սահմանված կարգով քննության առնի ներկայացված վերաքննիչ բողոքը` գալով համապատասխան եզրահանգման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Ամալյա Սերժիկի Ղարիբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2017
N ԿԴ1/0008/15/16
Որոշում