Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-34-Ո-89

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկուսով»:

Օրենքի 166-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` «Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակը սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պահպանում է իր ուժը, և մինչև այդ Արդարադատության ակադեմիայում ուսուցումը չավարտած դատավորների թեկնածուների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով դատավորի թեկնածուների հավակնորդների համար սահմանված դրույթները»:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդն Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների»:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 25.12.2017թ. թիվ ՆՀ-952-Ա հրամանագրով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված քաղաքացիական մասնագիտացմամբ թեկնածուներից 4-ը, ինչպես նաև քրեական մասնագիտացմամբ թեկնածուներից 5-ն Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունը կավարտեն սույն թվականի աշնանը, ուստի նրանք, որպես դատավորի թեկնածուների հավակնորդներ, չեն կարող ընդգրկվել մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվելիք հաշվարկում:

Նման պայմաններում ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, առկա են` քաղաքացիական մասնագիտացման բաժնում` 3 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում` 1 թեկնածու, վարչական մասնագիտացման բաժնում` 4 թեկնածու:

Օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 2-րդ մասում նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով»: Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Ռուստամ Մախմուդյանն իր նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել է անհամաձայնություն` պատգամավոր ընտրված լինելու պատճառով, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Մարինա Տաշչյանը` մայրության արձակուրդում գտնվելու պատճառով:

Վերոգրյալով պայմանավորված` Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկը կատարելիս անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածուների քանակը 4-ի փոխարեն դիտարկել 3, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնում` 3-ի փոխարեն 2:

Հարկ է նշել, որ առաջիկա երկու տարում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են քաղաքացիական գործեր քննող 9, քրեական գործեր քննող 7 և վարչական գործեր քննող 1 դատավորի լիազորություններ: Բացի այդ, ներկա պահին դատական համակարգում առկա է դատավորի 8 թափուր հաստիք, որից 3-ը` քաղաքացիական մասնագիտացմամբ, 3-ը` քրեական մասնագիտացմամբ, 2-ը` վարչական մասնագիտացմամբ:

Հիմք ընդունելով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 166-րդ հոդվածի 20-րդ և 21-րդ մասերը` հարկ է նշել, որ 2019 թվականի հունվարի 1-ից դատական համակարգում կառաջանա քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի ևս 8 թափուր հաստիք (մասնավորապես, 12 (սնանկության դատարան տեղափոխված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներ) - 4 (01.01.2019թ.-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմը կրճատվելու է 4-ով) -8):

Վերոգրյալից բացի, դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակը հաշվարկելիս հիմք են ընդունվել նաև վերջին 5 տարիների ընթացքում առաջացած դատավորի պաշտոնում թափուր տեղերի միջին քանակը:

Այսպես, Օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ նաև գործող դատավորի լիազորությունների դադարեցման կամ դադարման հիմքերով:

Օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

1) խախտել է անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների.

4) ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

Օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարական է ներկայացնում.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) նա մահացել է:

Դատավորի լիազորությունների դադարեցման և դադարման դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ վերջին 5 տարիների ընթացքում վերը նշված հիմքերով դադարել կամ դադարեցվել է 14 դատավորի լիազորություններ (8-ը` քաղաքացիական, 5-ը` քրեական, 1-ը` վարչական մասնագիտացմամբ):

Բացի այդ, հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում 25 դատավորներ տեղափոխվել են վերաքննիչ դատարաններ (10-ը` քաղաքացիական, 10-ը` քրեական, 5- ը` վարչական մասնագիտացմամբ), 3-ը` Վճռաբեկ դատարան (3-ն էլ քաղաքացիական մասնագիտացմամբ), իսկ քրեական մասնագիտացմամբ 1 դատավոր վերաքննիչ դատարանից տեղափոխվել է 1-ին ատյանի դատարան:

Այսպիսով, ընդհանուր առմամբ վերջին 5 տարիների ընթացքում դատավորի պաշտոնում փաստացի առաջացել է 43 թափուր տեղ, որից 21-ը` քաղաքացիական, 16-ը` քրեական, իսկ 6-ը` վարչական մասնագիտացմամբ:

Հետևաբար, վերջին 5 տարիների ընթացքում քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում միջինում առաջացել է 4 թափուր տեղ, քրեական մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում` 3 թափուր տեղ, իսկ վարչական մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում` 1 թափուր տեղ:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 4-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում` 2-ով, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ բաժինները:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով»:

Վերոգրյալի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը համալրել քսանութ (28) թեկնածուով, քրեական մասնագիտացմամբ բաժինը` տասնինը (19) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժինը` երկու (2) թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

. քաղաքացիական մասնագիտացման բաժին` քսանութ (28) թեկնածու - (ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 3 + 2019 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 11 + 2020 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 6 + վերջին 5 տարիների ընթացքում դատավորի պաշտոնում առաջացած թափուր տեղերի միջին քանակը` 4 + Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` 7 - ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը` 3 = 28).

. քրեական մասնագիտացման բաժին` տասնինը (19) թեկնածու - (ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 3 + 2019 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 3 + 2020 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 4 + վերջին 5 տարիների ընթացքում դատավորի պաշտոնում առաջացած թափուր տեղերի միջին քանակը` 3 + Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` 7 - ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը` 1 = 19).

. վարչական մասնագիտացման բաժին` երկու (2) թեկնածու - (ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 2 + 2019 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2020 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 1 + վերջին 5 տարիների ընթացքում դատավորի պաշտոնում առաջացած թափուր տեղերի միջին քանակը` 1 + Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` 2 - ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը` 4 = 2):

i

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

. քաղաքացիական մասնագիտացմամբ բաժին` քսանութ (28) թեկնածու.

. քրեական մասնագիտացմամբ բաժին` տասնինը (19) թեկնածու.

. վարչական մասնագիտացմամբ բաժին` երկու (2) թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. օգոստոսի 23

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
23.08.2018
N ԲԴԽ-34-Ո-89
Որոշում