Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.10.2001  -ից մինչեւ     -ը:
 

 

041.0130.240300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2000 թվականի N 130

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է 27.11.01 թիվ 832 որոշում)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 415 որոշման 1-ին կետը և 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 17 որոշման 1-ին կետը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

մարտի 24-ի N 130 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 27.11.01 թիվ 832 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:

4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Նախարարության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների (ծառայությունների) արտահանման ծավալների ավելացմանը նպաստելը.

բ) ներքին և արտաքին շուկայում մրցունակ ապրանքների արտադրության ծավալների և անվանացանկի ավելացմանը նպաստելը.

գ) համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրացման, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական միջազգային կազմակերպություններին (այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը) Հայաստանի Հանրապետության անդամակցության կազմակերպումը.

դ) Հայաստանի Հանրապետությունում ներդրումային և մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը.

ե) ներդրումների ներգրավմանն ու դրանց պաշտպանությանը նպաստելը.

զ) Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում փոքր և միջին), անկախ սեփականության ձևից, զարգացմանը նպաստելը.

է) Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական արդյունքի և նոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը.

ը) Հայաստանի Հանրապետությունում ներքին առևտրի ու սպասարկումների մեծածախ և մանրածախ շուկաների կարգավորումն ու դրանց զարգացմանը նպաստելը.

թ) սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորումն ու զարգացումը.

ժ) զբոսաշրջիկության ոլորտի զարգացմանը նպաստելը.

ժա) շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը նպաստելը.

i

ժբ) Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանությունը:

(7-րդ կետը լրաց. 10.08.01 թիվ 592 որոշում)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարության գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունից ապրանքների (ծառայությունների) արտահանման պետական քաղաքականության մշակումն ու իրագործումը, արտահանման խթանման ենթակառուցվածքների ձևավորումն ու գործող միավորումների աշխատանքների կատարելագործումը.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական քաղաքականության մշակումը և իրագործումը, իր իրավասության սահմաններում միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների ու միությունների հետ աշխատանքների իրականացումը, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ աշխատանքների համակարգումը և Եվրոմիության հետ ընկերակցության ու համագործակցության վերաբերյալ համաձայնագրի տնտեսական մասի իրագործումը.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ տնտեսական միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը, համաձայնեցումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, իր իրավասության սահմաններում այդ համաձայնագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարման համակարգումն ու առաջարկություններ ներկայացնելը.

դ) արտաքին և ներքին շուկաներում Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) մրցունակության բարձրացման օժանդակումը` առևտրային անբարեխիղճ գործառնություններին, տնտեսավարման տեխնիկական և վարչարարական խոչընդոտների հակազդման ու մրցակցային դաշտի ձևավորման բնագավառներում քաղաքականության մշակումը և իրականացումը, ցուցահանդեսների կազմակերպումը.

ե) Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) ստեղծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ առաջարկություններ ներկայացնելը և այդ ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) աշխատանքները կազմակերպելն ու համակարգելը.

զ) արտաքին առևտրի սակագնային և ոչ սակագնային կարգավորման վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

է) Հայաստանի Հանրապետության առևտրի ապրանքային վիճակագրության` ապրանքային կազմի և ծավալի, համամասնությունների փոփոխության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության մասնագիտական խորացված վերլուծությունը, օրինաչափությունների բացահայտումը և համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը.

ը) Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, անհրաժեշտության դեպքում ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցությունը.

թ) նախարարության ենթակառույցների միջոցով առանձին ներդրումային ծրագրերի մշակումը, անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմինների հաստատմանը ներկայացնելը և դրանց իրականացմանն օժանդակության ապահովումը.

ժ) Հայաստանի Հանրապետությունում արտադրողների և ներդրողների շահերի պաշտպանությանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակմանը և իրագործմանը մասնակցելը.

ժա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների հետ համատեղ արդյունաբերության, առևտրի, զբոսաշրջիկության բնագավառների և ծառայությունների ոլորտի կազմակերպությունների զարգացմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի մշակումը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը և վարկային ծրագրերի իրականացմանը մասնակցելը.

ժբ) օտարերկրյա պետություններից որպես օգնություն ստացված ֆինանսական միջոցները (տեխնիկական աջակցությունը) ըստ հայտերի տեղաբաշխելը և միջազգային դոնոր կազմակերպություններին դրանք ներկայացնելու գործընթացին մասնակցելը.

ժգ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցելը, նախարարության իրավասության սահմաններում դրանց աշխատանքը համակարգելն ու վերահսկելը.

ժդ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի, դրանց սպառման շուկաների, Հայաստանի Հանրապետության խոշոր արտադրողների և արտահանողների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծումը և ստացված տեղեկատվության վերլուծությունը.

ժե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ «Զարգացման հայկական գործակալություն» և «Հայկական ներդրումային ընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության կազմակերպումն ու համակարգումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման քաղաքականության մշակումը, զարգացման գերակայությունների հատկորոշումը և դրանց իրականացման համար անհրաժեշտ համալիր ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժէ) իր իրավասության սահմաններում ճյուղերի, ենթաճյուղերի և առանձին արտադրությունների զարգացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ժը) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն վերապահված լիազորությունների սահմաններում համակարգի կազմակերպությունների վերակազմակերպման և մասնավորեցման ծրագրերի մշակումն ու իրականացումը և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը.

ժթ) արտադրական կոոպերացիայի (այդ թվում ներհանրապետական) զարգացման և դրա արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը.

ի) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության զարգացման տարածքային տնտեսական քաղաքականության մշակումն ու իրագործումը.

իա) գիտատեխնիկական ու ինովացիոն քաղաքականության, ինչպես նաև արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման և ներդրման առանձին ծրագրերի մշակումն ու իրականացումը.

իբ) իր գործունեության բնագավառին առնչվող նոր տեխնոլոգիաների ստեղծման, գիտատեխնիկական արդյունքի, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության զարգացման և ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, աջակցող համապատասխան ենթակառույցներ ձևավորելը.

իգ) նախարարության համակարգից դուրս իր գործունեության ոլորտներին առնչվող ակադեմիական, գիտատեխնիկական, բուհական համակարգերի կազմակերպությունների հետ անհրաժեշտության դեպքում գիտատեխնիկական ծրագրերը համատեղ քննարկելը, ծրագրերի մշակմանը մասնակցելը, փորձաքննությունների կազմակերպմանը և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

իդ) Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների որակի բարձրացման միջոցառումներ մշակելը, համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

իե) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին իր գործունեության բնագավառին առնչվող` ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման), մտավոր սեփականության, հեղինակային իրավունքների պաշտպանության ու հարակից ոլորտներում քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացմանը մասնակցելը.

իզ) նախարարության գործունեության ոլորտներում մտավոր սեփականության օբյեկտների (գյուտերի, արդյունաբերական նմուշների և այլն) ստեղծմանը, օգտագործմանը և պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

իէ) օգտակար հանածոների արդյունահանման և շահագործման քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, նախարարության իրավասության սահմաններում այդ բնագավառում աշխատանքների կարգավորման և վերահսկողության իրականացմանը մասնակցելը.

իը) արդյունաբերության բնագավառում բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուսումնասիրություններն իրականացնելը, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելը.

իթ) իր իրավասության սահմաններում համակարգի կազմակերպություններում և հիմնարկներում մոբիլիզացիոն աշխատանքների կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) զարգացման համար անհրաժեշտ գիտատեխնիկական ռազմավարության ապահովումը, Հայաստանի Հանրապետության ՌԱՀ-ին պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

լ) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների գործունեության ապահովումը.

լա) սահմանված կարգով իր գործունեության բնագավառի պետական նյութական պահուստների օգտագործման և փոխարինման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

լբ) Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության մշակումն ու իրագործումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծումն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

լգ) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների ներքին (մեծածախ և մանրածախ) շուկայի զարգացման քաղաքականության մշակումն ու իրագործումը, ինչպես նաև դրա կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

լդ) ներքին և արտաքին շուկայում ապրանքների և ծառայությունների մանրածախ ու մեծածախ իրացման ոլորտում սպառողների շահերի պաշտպանության քաղաքականություն մշակելը և առաջարկություններ ներկայացնելը, սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների համակարգմանն ու իրագործմանը մասնակցելը.

լե) կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ասոցիացիաների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

լզ) Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության զարգացման քաղաքականության մշակումն ու իրագործումը, այն խթանող և օժանդակող համակարգերի ստեղծումը, զբոսաշրջիկության ոլորտի զարգացման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, համալիր միջոցառումները համակարգելը և իրագործելը.

լէ) միջազգային զբոսաշրջիկության կազմակերպությունների, այդ թվում` Զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) հետ կապերի համակարգումն ու զարգացումը.

լը) իր իրավասությունը վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը մշակելը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

լթ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև պետական կառավարման տարածքային մարմինների կողմից մշակվող` իր գործունեության ոլորտներին առնչվող իրավական ակտերի, կանոնակարգող փաստաթղթերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացությունների տրամադրումը.

խ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը.

i

խա) շուկայական ենթակառուցվածքի մոնիտորինգի անցկացումը, շուկայական ենթակառուցվածքի գործունեության նպատակաուղղումը տնտեսության իրական հատվածի զարգացմանը.

խբ) ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրությունների անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:

(8-րդ կետը լրաց. 10.08.01 թիվ 592 որոշում)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Նախարարության համակարգը (այսուհետ` համակարգ) ընդգրկում է իր ենթակայության հիմնարկները, ինչպես նաև իր ոլորտի պետական մասնակցությամբ կազմակերպությունները:

10. Նախարարությունն իր գործառույթներն իրականացնում է իր իրավասության սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

11. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառում օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

12. Նախարարությունը`

ա) իր կանոնադրական խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ.

բ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.

գ) կազմակերպում է նախարարության աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.

դ) կազմակերպում է նախարարության և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, դրա օտարումը և վարձակալության հանձնումը, իրականացնում է իր ոլորտի կազմակերպություններում պետական մասնակցությունից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորություններ.

զ) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական միավորումների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը և դրանցում նշված փաստերի վերլուծությունը, միջոցներ ձեռնարկում համակարգի հիմնարկների աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման համար:

13. Նախարարությունը կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

14. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը (այսուհետև` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

15. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ.

գ) սահմանում է իր տեղակալների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, ինչպես նաև կոլեգիայի կազմը.

ե) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

զ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ը) մասնակցում է միջազգային հանձնաժողովների աշխատանքներին.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկերում բացում է հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը, տալիս լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներին.

ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության պաշտոնատար անձանց և աշխատողներին.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված փայամասնակցության (բաժնետոմսերի) մասով կամ նախարարության պաշտոնատար անձանց լիազորում է իրականացնել այդ իրավասությունները.

ժբ) ղեկավարվում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

16. Նախարարի բացակայության ժամանակ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ նախարարի հանձնարարությամբ նրա տեղակալներից մեկը:

17. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստերին մշտական հրավիրվածի կարգավիճակով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, կարող են նաև հրավիրվել Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

18. Նախարարության կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության ոլորտի պետական կառավարման, քաղաքականության մշակման և իրականացման կարևորագույն հարցերը:

19. Նախարարության կոլեգիան ընդունում է որոշումներ, որոնք, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

մարտի 24-ի N 130 որոշմամբ

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(կառուցվածքն ուժը կորցրել է 27.11.01 թիվ 832 որոշում)

 

Արտահանման վարչություն

Ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական իրերի արտադրության վարչություն

Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ աշխատանքների կազմակերպման և Եվրոմիության հետ ընկերակցության ու համագործակցության համաձայնագրի իրագործման վարչություն

Արտադրական ենթակառուցվածքների հետ աշխատանքների համակարգման վարչություն

Արտաքին տնտեսական քաղաքականության վարչություն

Գիտության, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման վարչություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչություն

Զբոսաշրջիկության զարգացման վարչություն

Թեթև արդյունաբերության և փայտամշակման արդյունաբերության վարչություն

Լիցենզավորման վարչություն

Հանքարդյունաբերության և շինանյութերի արդյունաբերության վարչություն

Մասնավորեցման վարչություն

Մեքենաշինության, էլեկտրատեխնիկական համալիրի և սարքաշինական արդյունաբերության վարչություն

Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպման և համակարգման վարչություն

Ներդրումային քաղաքականության վարչություն

Առևտրի և տարածքային զարգացման վարչություն

Պետական գնումների և հատուկ ծրագրերի վարչություն

Տեղեկատվության, ամփոփ վերլուծության և կոոպերացիայի վարչություն

Փոքր և միջին գործարարության վարչություն

Քիմիայի վարչություն

Օրենսդրության վարչություն

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Կազմակերպատնտեսական վարչություն

Նախարարի աշխատակազմ

1-ին բաժին
Շուկայական ենթակառուցվածքի զարգացման վարչություն Ներքին շուկայի կարգավորման և պաշտպանության վարչություն

 

(կառուցվածքը փոփ. 06.11.00 թիվ 730, 10.08.01 թիվ 592, 27.09.01 թիվ 696 որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.03.2000
N 130
Որոշում