Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

i

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ. 23341/06)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

5 փետրվարի 2013 թ.

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ

 

05/05/2013

 

i

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`

 

Josep Casadevall, Նախագահ,

Corneliu Birsan,

Alvina Gyulumyan,

Jan Sikuta,

Luis Lցpez Guerra,

Nona Tsotsoria,

Valeriu Gritco,Gritco դատավորներ,

և Santiago Quesada, Բաժանմունքի քարտուղար,

2013 թվականի հունվարի 15-ին հայացած դռնփակ նիստում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

1. Վարույթը հարուցվել է 2006 թվականի մայիսի 12-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն. Վահագն Մարտիրոսյանի (»դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 23341/06) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Հայաստանում գործող փաստաբան տկն. Լ. Սահակյանը, և փաստաբանական գործունեություն չծավալող պրն. Ա. Ղազարյանը: Հայաստանի Հանրապետության Կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ նրա մինչդատական կալանքը եղել է երկարաժամկետ և անհիմն, և որ իր դատապարտումը հիմնված է եղել քրեական օրենսդրության անկանխատեսելի կիրառության վրա:

i

4. 2008 թվականի դեկտեմբերի 2-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Նաև որոշվել է իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն (29-րդ հոդվածի 1-ին կետ):

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1969 թվականին և ապրում է Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

6. Դիմումատուն աշխատել է որպես «Credit Service Bank»-ի (այսուհետ` Բանկ) Լոռու մարզի մասնաճյուղի կառավարիչ:

7. 2002 թվականի մարտի 19-ին քրեական գործ է հարուցվել Բանկի նախկին ղեկավարության կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ մեկ այլ կազմակերպության կողմից իրեն վստահված ֆոնդերի յուրացման վերաբերյալ:

8. 2002 թվականի ապրիլի 8-ին Լոռու մարզի դատարանը որոշում է ընդունել` թույլատրելով Բանկի Լոռու մարզի մասնաճյուղի շենքում խուզարկության իրականացումը` համապատասխան հաշվապահական փաստաթղթերը առգրավելու նպատակով:

9. 2002 թվականի ապրիլի 22-ին դիմումատուն հարցաքննվել է որպես վկա և նրան ուղղվել են տարբեր հարցեր Բանկի` իրեն վստահված ֆոնդերի հետ իրականացվող գործողությունների մասին: Ըստ դիմումատուի` հաջորդ տարվա ընթացքում նա որպես վկա հարցաքննվել է ևս յոթ անգամ:

10. 2002 թվականի նոյեմբերի 29-ին դատախազությունը նշանակել է Բանկի ֆինանսական հաշվետվությունների փորձաքննություն:

11. 2003 թվականի ապրիլի 1-ին դիմումատուն ձերբակալվել է:

i

12. 2003 թվականի ապրիլի 2-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի (այսուհետ` նախկին ՔՕ) 90-րդ հոդվածի 4-րդ մասով, 90-րդ հոդվածի 4-րդ մասով` համակցված 17-րդ հոդվածի հետ, և 187-րդ հոդվածով` իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ գույքի յուրացման և կեղծ հաշվապահական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Պարզվում է, որ տասն այլ անձանց, այդ թվում նաև` Ա.Դ.-ին, նույնպես մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հանցագործություններում ներգրավված լինելու համար, և նրանք դիմումատուի հետ կանգնել են դատարանի առաջ:

13. Միևնույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի` դիմումատուի նկատմամբ երկամսյա ժամկետով մինչդատական կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Անելով դա` ընդհանուր իրավասության դատարանը վկայակոչել է այն արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը, որոնցում մեղադրվում էր դիմումատուն, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՔԴՕ) 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր հիմքերը:

14. 2003 թվականի ապրիլի 16-ին դիմումատուն, որն ուներ պաշտպան, բողոք է ներկայացրել սույն որոշման դեմ:

15. 2003 թվականի մայիսի 2-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը:

16. 2003 թվականի մայիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել քննիչի` դիմումատուի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին միջնորդությունը` վկայակոչելով նոր քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Դիմումատուն չի բողոքարկել այդ որոշումը:

17. 2003 թվականի հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել քննիչի` դիմումատուի կալանքը ևս մեկ ամսով` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը, միևնույն հիմքով երկարաձգելու մասին միջնորդությունը: Դիմումատուն չի բողոքարկել այդ որոշումը:

i

18. 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանում ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրք (այսուհետ` նոր ՔՕ):

i

19. 2003 թվականի օգոստոսի 11-ին դիմումատուին առաջադրված մեղադրանքները համապատասխանեցվել են նոր ՔՕ-ին և 2003 թվականի օգոստոսի 12-ին նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել նոր ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` համակցված 38-րդ հոդվածի հետ, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

20. 2003 թվականի օգոստոսի 26-ին դիմումատուն տեղեկացվել է նախաքննության ավարտի մասին և նրան հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել գործի նյութերը, որը, կարծես, բաղկացած է եղել 34 հատոր գրավոր փաստաթղթերից: Պարզվում է, որ 2003 թվականի նոյեմբերի 10-ին դիմումատուն ավարտել է ծանոթությունը գործի նյութերի հետ:

21. 2003 թվականի նոյեմբերի 11-ին դիմումատուն դատախազին բողոք է ներկայացրել դատախազին` նշելով, inter alia, որ 2003 թվականի սեպտեմբերի 1-ից իրեն կալանքի տակ են պահել առանց դատարանի որոշման, և խնդրել է իրեն ազատ արձակել:

22. 2003 թվականի նոյեմբերի 13-ին դատախազը մերժել է դիմումատուի բողոքը` որպես անհիմն:

23. 2003 թվականի նոյեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` քննության:

24. 2003 թվականի նոյեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.-ն որոշել է գործն ընդունել վարույթ:

25. 2003 թվականի դեկտեմբերի 1-ին դատավոր Ա.-ն որոշել է գործը նշանակել դատական քննության` առաջին նիստի օր նշանակելով 2003 թվականի դեկտեմբերի 8-ը, և նշելով, inter alia, որ որևէ հիմք չկա դիմումատուի կալանքը փոխելու կամ վերացնելու համար:

26. 2003 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 13-ը ընդհանուր իրավասության դատարանը փոփոխական ընդմիջումներով անցկացրել է 57 նիստ, որոնցից տասը` ակնհայտ հետաձգումներով: Դատաքննության ընթացքում մեղադրական եզրակացությունը ներկայացրել են դատախազներ Տ.-ն և Ա.-ն:

27. Ինչպես երևում է դատական նիստերի ձեռագիր արձանագրություններից, 2004 թվականի դեկտեմբերի 24-ի դատական նիստի ընթացքում դիմումատուն միջնորդություն է ներկայացրել` խնդրելով իրեն ազատ արձակել կալանքից: Տուժողի ներկայացուցչի խնդրանքով դատավոր Ա.-ն հետաձգել է դիմումատուի միջնորդության քննությունը մինչև հաջորդ դատական նիստը, որը պետք է տեղի ունենար 2004 թվականի դեկտեմբերի 27-ին: 2004 թվականի դեկտեմբերի 24-ին դիմումատուն ընդհանուր իրավասության դատարանին խնդրել է չքննել նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացրած իր միջնորդությունը, և դատավոր Ա.-ն թողել է այն առանց քննության:

28. Ըստ դիմումատուի` 2004 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած դատական նիստի ընթացքում միևնույն գործով մեղադրվող մյուս երկու անձինք առաջին ատյանի դատարան են ներկայացրել երկու այլ միջնորդություն: Այն ժամանակ, երբ այդ միջնորդությունները ներկայացվել են, նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացված կալանքից ազատման մասին իր միջնորդությունը դեռևս դատավորի սեղանին է եղել: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ միևնույն գործով մեղադրվող անձանց երկու միջնորդությունների մասին որոշում կայացնելու, նա ակնկալել է, որ դատավորը կքննի նաև իր միջնորդությունը: Սակայն, երբ դատավորը վերադարձել է և ներկայացրել իր` միայն միևնույն գործով մեղադրվող մյուս երկու անձանց միջնորդությունների մասին որոշումը, նա հասկացել է, որ իրեն կալանքից ազատելու մասին իր միջնորդությունը չի քննվել: Դատավորի վարքագիծը էական սթրես է պատճառել իրեն և դատարանի դահլիճում ներկա գտնվող իր ընտանիքի անդամներին: Արդյունքում իր և դատավորի միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է բանավեճի` ընդգրկելով միևնույն գործով մեղադրվող բոլոր անձանց, նրանց պաշտպաններին և դատարանում ներկա գտնվողներին: Դատարանի դահլիճը շատ աղմկոտ է դարձել, և դատավորը հայտարարել է, որ հետաձգում է դատական նիստը: Հենց այդ պահին իր նյարդերը տեղի են տվել ինքը և հայտարարել է, որ եթե դատավորը շարունակի իրեն և իր ընտանիքին ենթարկել հոգեբանական ճնշման, ապա ավելի լավ է երբեք չքննի միջնորդությունը: Դրանից անմիջապես հետո դատավորը հետաձգել է դատական նիստը և լքել դատարանի դահլիճը: Ակնհայտ է, որ դատավորն իր հուզական հայտարարությունը ընդունել է որպես միջնորդությունը հետ վերցնելու ուղղակի խնդրանք, քանի որ հետագայում նա որոշել է թողնել իր միջնորդությունը առանց քննության: Որպես դեպքերի իր շարադրանքի հիմնավորում` դիմումատուն կցել է միևնույն գործով մեղադրյալ` Ա. Դ.-ի և իր մոր կողմից այդ նպատակով տրված գրավոր ցուցմունքները:

i

29. 2005 թվականի նոյեմբերի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատական ակտ է կայացրել: Ընդհանուր իրավասության դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել նոր ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` համակցված 38-րդ հոդվածի հետ, և 325-րդ հոդվածի 1-ին մասով` միևնույն գործով մեղադրվող անձանցից մեկին ֆոնդերի յուրացմանը դրդելու և այնպիսի փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար, ինչպիսիք են Բանկի և երրորդ անձի միջև կնքված վարկային համաձայնագրերը: Ընդհանուր իրավասության դատարանը 179-րդ հոդվածի 2-րդ մասով` համակցված 38-րդ հոդվածի հետ, դիմումատուին դատապարտել է երկու տարի վեց ամիս ազատազրկման, իսկ 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել է` կիրառելով քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության դրույթը: Դիմումատուն անմիջապես ազատ է արձակվել կալանքից, քանի որ արդեն կրել էր իր պատժի ժամկետը:

30. 2005 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուն բողոք է ներկայացրել: Պարզվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բողոքը քննելու ժամանակ դիմումատուն պնդել է, որ նա չի կարող համարվել 325-րդ հոդվածի 1-ին կետով հանցագործության սուբյեկտ:

31. 2006 թվականի ապրիլի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը` նշելով, inter alia, որ 16 տարեկանը լրացած և իրավունակություն ունեցող ցանկացած անձ, այդ թվում նաև` մասնավոր գործատուն, կարող է համարվել 325-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործության սուբյեկտ:

32. 2006 թվականի ապրիլի 20-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել: Իր բողոքում նա, inter alia, պնդել է, որ նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածը չպետք է կիրառվեր իր նկատմամբ, քանի որ մասնավոր բանկի փաստաթղթերը չեն կարող պաշտոնեական համարվել և, հետևաբար, դրանք կեղծելը դուրս է նշված հոդվածի շրջանակից:

33. 2006 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը: Վճռաբեկ դատարանը, inter alia, գտել է, որ.

«Այն փաստաթղթերը, որոնց պետական մարմիններն իրավական նշանակություն են տալիս, համարվում են պաշտոնական: Պաշտոնական փաստաթղթեր կարող են տրվել պետական մարմինների, նրանց պաշտոնատար անձանց և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական անձանց, առևտրային և այլ տեսակների կազմակերպությունների կողմից: Այնպիսի փաստաթղթերը, ինչպիսիք են առևտրային բանկի կողմից կազմված վարկային կամ այլ ֆինանսական փաստաթղթերը, կարող են համարվել [պաշտոնական փաստաթղթեր], քանի որ դրանք նույնպես ունեն իրավական նշանակություն ...»:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

 

i

Ա. Քրեական դատավարության օրենսգիրք

 

34. Խնդրո առարկա ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

i

Հոդված 65. Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները

 

«2. Մեղադրյալը, սույն օրենքով սահմանված կարգով, իրավունք ունի`... 12) հարուցել միջնորդություններ ...»

 

i

Հոդված 134. Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները

 

«1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումը ապահովելու համար:

2. Խափանման միջոցներն են` 1) կալանավորումը, 2) գրավը, ...

3. Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ ...»

 

i

Հոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը

 

«1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը կարող են խափանման միջոց կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է. 1) թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմիններից, 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, 3) կատարել քրեական օրենքով արգելված արարք, 4) խուսափել քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատիժը կրելուց, 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործությունների համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:

3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում` 1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, 2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը, 3) տարիքը և առողջական վիճակը, 4) սեռը, 5) զբաղմունքը, 6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, 7) գույքային դրությունը, 8) բնակության մշտական վայրի առկայություն, և 9) այլ էական հանգամանքներ:»

 

i

Հոդված 136. Խափանման միջոց կիրառելու կարգը

 

«2. Կալանավորումը և գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:»

 

i

Հոդված 137. Կալանավորումը

 

«1. Կալանավորումը օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է:

...

4. Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը:...

5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:»

 

i

Հոդված 138. Կալանքի տակ պահելու ժամկետը

 

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

...

3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերի: ... Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ երբ մեղադրյալը կամ նրա դատապաշտպանը ծանոթանում են գործի նյութերին ...

4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև մեկ տարի:

5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել ... 1 տարին ...

6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում»:

 

i

Հոդված 139. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը

 

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ համապատասխան որոշում է կայացնում:

2. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումար:

3. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամիսը չգերազանցող ժամկետով:»

 

i

Հոդված 150. Խափանման միջոցների բողոքարկումը

 

«2.», Խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:»

 

i

Հոդված 288. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու

վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության

դատական ստուգումը

 

«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:»

 

i

Հոդված 292. Գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող

որոշումները

 

«Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից տասնհինգ օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը. 1) դատական քննություն նշանակելու մասին ...»

 

i

Հոդված 293. Դատական քննություն նշանակելու մասին որոշումը

 

«1. Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքներ, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների:

2. Դատական քննություն նշանակելու մասին որոշումը պետք է բովանդակի ... խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին որոշում ...»

 

i

Հոդված 300. Որոշում` խափանման միջոցների մասին

 

«[Գործը դատական քննության նախապատրաստելու ընթացքում] որոշումներ կայացնելիս ... դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում:»

 

i

Հոդված 312. Խափանման միջոցի հարցի լուծումը

 

«Դատարանը, դատական քննության ժամանակ, լսելով ամբաստանյալի բացատրությունները, կողմերի կարծիքները, իրավունք ունի ամբաստանյալի նկատմամբ ընտրել, փոխել կամ վերացնել խափանման միջոցը:»

 

i

Բ. 1961 թվականի Քրեական օրենսգիրքը (2003 թվականի օգոստոսի 1-ից այլևս ուժի մեջ չէ)

 

35. Խնդրո առարկա ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող Օրենսգրքի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

i

Հոդված 17. Հանցակցություն

 

«Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը ...»

 

i

Հոդված 90. Գույքի հափշտակումը յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական

դիրքը չարաշահելու միջոցով

 

«[1.] Անձին վստահված կամ նրա կառավարմանը հանձնված գույքի յուրացումը կամ վատնումը, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված հափշտակությունը` պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից վաթսունապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումով կամ առանց դրա:

...

[4.] Միևնույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:»

 

i

Հոդված 187. Պաշտոնեական կեղծիք

 

«Պաշտոնեական կեղծիքը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով, կամ այլ անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերի մեջ ակնհայտ սուտ տեղեկություններ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվականով նշագրում կատարելը, այլև նրա կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր կազմելը և տալը, կամ մատյանների մեջ ակնհայտ կեղծ գրանցումներ մտցնելը` պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով կամ պաշտոնանկությամբ:»

 

i

Հոդված 213. Փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը

 

«1. Պետության կամ հասարակական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից տրված վկայական կամ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող այլ փաստաթուղթ կեղծելը` այդպիսի փաստաթուղթն օգտագործելու կամ վաճառելու նպատակով, ինչպես նաև նույն նպատակով պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կեղծ դրոշմներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը կամ դրանք վաճառելը, պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամկետով: ...»

 

Գ. 2003 թվականի Քրեական օրենսգիրքը (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

 

36. Խնդրո առարկա ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող Օրենսգրքի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

i

Հոդված 38. Հանցակիցների տեսակները

 

«1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

...

4. Այն անձը, որը խորհուրդներով, ցուցումներով, տեղեկության, միջոցների կամ գործիքների տրամադրմամբ, կամ խոչընդոտների վերացմամբ օժանդակել է հանցագործության կատարմանը, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է հանցագործին, հանցագործության միջոցները, գործիքները, ինչպես նաև հետքերը կամ քրեական ճանապարհով ձեռք բերված առարկաները, և այն անձը, որը նախապես խոստացել է ձեռք բերել կամ յուրացնել այդ առարկաները, համարվում է դրդիչ:»

 

i

Հոդված 179. Յուրացնելը կամ վատնելը

 

«2. [Յուրացումը կամ վատնումը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը] ... խոշոր չափերով իրականացման դեպքում ... պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. [Միևնույն արարքը], որը կատարվել է... առանձնապես խոշոր չափերով ... պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»

 

i

Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը

 

«1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկ չափով կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:»

 

Դ. Ներպետական դատարանների դատական ակտերը

 

i

37. 2001 թվականի մայիսի 22-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անձին մեղավոր է ճանաչել նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածով` մասնավոր ձեռնարկության կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու համար:

38. 2003 թվականի հունվարի 20-ի դատավճռով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անձանց մեղավոր է ճանաչել, inter alia, նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածով` Իսպանիայում բնակվելու թույլտվությունը կեղծելու համար:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

i

39. Դիմումատուն բողոքել է, որ իր մինչդատական կալանքը եղել է երկարաժամկետ և անհիմն: Նա վկայակոչել է ընդունել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որ սահմանում է հետևյալը.

«3. Սույն Հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:»

 

Ընդունելիություն

 

Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում

 

(ա) Կողմերի փաստարկները

 

i

40. Կառավարությունը պնդել է, inter alia, որ դիմումատուն սույն գանգատով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Նախ և առաջ, նա 2003 թվականի մայիսի 2-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ չի ներկայացրել վճռաբեկ բողոք: Երկրորդ, նա չի օգտվել ՔԴՕ-ի 136-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իր իրավունքից` գործի դատական քննության ընթացքում ներկայացնելու իրեն կալանքից ազատ արձակվելու մասին միջնորդություն: Մասնավորապես, չնայած նա 2004 թվականի դեկտեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում ներկայացրել է նման միջնորդություն, սակայն հետ է վերցրել այն հաջորդ նիստի ընթացքում, ինչի արդյունքում էլ այն չի քննվել առաջին ատյանի դատարանի կողմից: Վերջապես, դիմումատուն չի բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին երկու որոշումները:.

i

41. Դիմումատուն պնդել է, inter alia, որ ՔԴՕ-ն չի սահմանում մինչդատական կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները բողոքարկելու ընթացակարգ: Տվյալ ժամանակահատվածում գործող ՔԴՕ-ի 288-րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ մինչդատական կալանքի վերաբերյալ դատարանի որոշումների օրինականության դատական ստուգումը պետք է իրականացվի Վերաքննիչ դատարանի կողմից:

i

42. Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում կալանքից ազատ արձակվելու հնարավորությանը, դիմումատուն նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի սահմանում դատաքննության ընթացքում կալանքի ժամկետի որևէ սահմանափակում, և դատավորները սովորաբար չեն սահմանում որևէ ժամկետ նման կալանքի համար: Stasaitis Stasaitisv. Lithuania (թիվ 47679/99, §§ 21, 67-68, 21 Մարտ 2002) և Nakhmanovich v. Russia (թիվ 55669/00, §§ 44, 70-71, 2 Մարտ 2006) գործերով Դատարանը գտել է, որ նման գործելակերպը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով հակասում է օրինականության սկզբունքին: Նույնը տեղի է ունեցել նաև իր դեպքում, քանի որ դատավոր Ա.-ն իր գործը դատական քննության նշանակելու մասին որոշման հետ մեկտեղ դատաքննության ընթացքում երկարացրել է իր կալանքը` առանց ժամկետ նշելու: Ինչ վերաբերում է իր` 2004 թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացրած կալանքից ազատ արձակվելու մասին միջնորդությանը, ապա, նախ և առաջ Դատավոր Ա.-ի` դրա քննությունը մինչև հաջորդ նիստը հետաձգելու մասին որոշումն անհիմն է եղել: Երկրորդ, 2004 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած հաջորդ դատական նիստի ժամանակ ինքը չի խնդրել հետ վերցնել այդ միջնորդությունը, այլ դատարանի դահլիճում ծագած վիճաբանության ընթացքում հանդես է եկել հուզական հայտարարությամբ: Այնուամենայնիվ, դատավոր Ա.-ն իր հայտարարությունն ընդունել է որպես բացահայտ խնդրանք և որոշել է իրեն ազատ արձակվելու մասին միջնորդությունը թողնել առանց քննության: Երրորդ, նա լուրջ կասկածներ է ունեցել դատավոր Ա.-ի իրական անկողմնակալության վերաբերյալ: Մասնավորապես, այն ժամանակահատվածում, երբ ընթանում էր իր գործի դատական քննությունը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը` դատախազ Տ.-ի գլխավորությամբ, որը նաև դատարանում իր դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն էր, վարում էր դատավոր Ա.-ի կայացրած դատավճիռներից մեկի ենթադրյալ անօրինականության վերաբերյալ հարուցված քրեական գործը: Վերջապես, առաջին ատյանի դատարանի թերությունները անհնար էր վերացնել, քանի որ դատաքննության ընթացքում կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ ոչ մի բողոք չի ներկայացվել:

 

(բ) Դատարանի գնահատականը

 

i

43. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պարտավորեցնում է միջազգային իրավական մարմնի առջև պետության դեմ գանգատ բերել ցանկացողներին օգտագործել, առաջին հերթին, ներպետական իրավական համակարգով նախատեսված պաշտպանության միջոցները` այդ կերպով ազատելով պետություններին միջազգային մարմնի առջև իրենց արարքների համար պատասխանելու պարտականությունից, քանի դեռ իրենք չեն ունեցել հնարավորություն ուղղակի լուծել խնդիրը իրենց սեփական իրավական համակարգում: Այս կանոնին համապատասխանելու համար, դիմումատուն պետք է օգտվի այնպիսի իրավական պաշտպանության միջոցներից, որոնք հասանելի և բավարար են ենթադրյալ խախտման փոխհատուցում տրամադրելու համար (տե՛ս, այլ գործերի շարքում, Assenov and Others v. Bulgaria, թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII): Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 3-րդ կետին, դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո ներպետական դատարանները պարտավոր են վերանայել անձանց շարունակական կալանավորման հարցը գործի դատական քննության ընթացքում` նպատակ ունենալով ազատ արձակել նրանց այն դեպքում, երբ այլևս հիմքեր չկան շարունակելու կալանքը (տե՛ս McKay v. the United Kingdom [ՄՊ], թիվ 543/03, § 45, ՄԻԵԴ 2006-X, և Kaszczyniec v. Poland, թիվ 59526/00, § 51, 22 մայիս 2007):

i

44. Դատարանը նշում է, որ Հայաստանի քրեական օրենքը տարբերակում է նախաքննության ընթացքում կիրառվող կալանքը դատաքննության ընթացքում կիրառվող կալանքից: Ի տարբերություն նախաքննության ընթացքում կիրառվող կալանքի, որը նշանակվում և երկարացվում է դատարանի որոշմամբ` յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով և չի կարող գերազանցել որոշակի ժամանակահատվածը, դատաքննության ընթացքում կալանքի առավելագույն ժամկետ չի սահմանվում: Ավելին, երբ առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում մեղադրյալի կալանավորման մասին որոշում է կայացնում, այն պարտավոր չէ այնուհետև իր նախաձեռնությամբ վերադառնալ այդ հարցին: Այնուամենայնիվ, ՔԴՕ-ի 136-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է մեղադրյալի կալանքը փոխարինել գրավով (տե՛ս վերևում` § 34): Ոչնչով չի մատնանշվում, որ դատաքննության ընթացքում մեղադրյալի կամ նրա իրավական ներկայացուցչի կողմից նման միջնորդություն ներկայացնելը չէր կարող ապահովել Կոնվենցիայի ենթադրյալ խախտումների ուղղում: Հետևաբար, նման միջնորդություն ներկայացնելը պետք է դիտարկվի որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց 5-րդ հոդվածի 3-րդ կետի ենթադրյալ խախտումների դեպքում:

45. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` դատարանը նշում է, որ դիմումատուի մինչդատական կալանքը տևել է 2003 թվականի ապրիլի 1-ից` այն օրից, երբ նա ձերբակալվել է, մինչև 2005 թվականի նոյեմբերի 14-ը` այն օրը, երբ առաջին ատյանի դատարանը դիմումատուի վերաբերյալ կայացրել է դատավճիռ: Այսպիսով, այն ընդհանուր առմամբ տևել է երկու տարի, յոթ ամիս և երկու շաբաթ: Սակայն, այդ ժամանակահատվածի մեծ մասը, այսինքն` 2003 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2005 թվականի նոյեմբերի 14-ը դիմումատուն գտնվել է կալանքի տակ գործի դատական քննության ընթացքում: Հետևաբար, նա և իր պաշտպանը հնարավորություն ունեին պահանջել դիմումատուի գրավով ազատ արձակումը դատական վարույթի ընթացքում, ինչ նրանք չեն արել:

46. Այն, որ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած դատական լսման ընթացքում դիմումատուն կալանքից ազատ արձակվելու մասին միջնորդություն է ներկայացրել, որի քննությունը հետաձգվել է մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ին կայանալիք հաջորդ դատական նիստը, համապատասխանում է իրականությանը: Սակայն, հաջորդ դատական նիստի ընթացքում նա հետ է վերցրել իր միջնորդությունը: Դիմումատուն պնդել է, որ նա առաջին ատյանի դատարանին ոչ թե խնդրել է հետ վերցնել այդ միջնորդությունը, այլ դրա վերաբերյալ հուզական հայտարարություն է արել իր և դատավորի միջև տեղի ունեցած բուռն վիճաբանության ընթացքում: Եթե նույնիսկ ենթադրենք, որ նման բան իսկապես եղել է, և դատավոր Ա.-ն օգտագործել է դիմումատուի հուզական հայտարարությունը` այն ընդունելով որպես բացահայտ հայտարարություն, Դատարանը գտնում է, որ դիմումատուն կարող էր նման միջնորդություն կրկին ներկայացնել հաջորդ դատական նիստի ընթացքում, ինչը նա ակնհայտորեն չի արել: Ինչ վերաբերում է դիմումատուի մեղադրանքին, որ դատավոր Ա.-ն կողմնակալ է եղել, գործի նյութերում ոչինչ չկա, որը ցույց կտա, որ դիմումատուն նման հարց է բարձրացրել ներպետական դատարաններում կամ Դատարանին ուղղված իր ներկայիս գանգատում: Հետևաբար, Դատարանը չի կարող ընդունել այս փաստարկը:

i

47. Վերջապես, ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում դիմումատուի նկատմամբ կիրառված կալանքին, Դատարանը նշում է, որ այն երկու անգամ երկարացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ` մասնավորապես 2003 թվականի մայիսի 23-ին և հուլիսի 23-ին (տե՛ս վերևում` §§ 16 և 17): Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ դիմումատուն այս երկարացման վերաբերյալ բողոք չի ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և, հետևաբար, չի օգտվել ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասով, 150-րդ հոդվածի 2-րդ մասով և 288-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցից (տե՛ս վերևում` § 37):

48. Հիմք ընդունելով վերոնշյալը` Դատարանը գտնում է, որ պաշտպանի կողմից ներկայացվող դիմումատուն, իր կալանքը երկարացնելու մասին դատարանի երկու կարգադրությունների դեմ բողոք չներկայացնելով, պատշաճ կերպով հետամուտ չլինելով կամ կալանքից ազատ արձակվելու մասին իր միջնորդությունը առաջին ատյանի դատարան կրկին չներկայացնելով, չի սպառել ներպետական օրենսդրությամբ նախատեսված իր համար հասանելի իրավական պաշտպանության միջոցները:

49. Հետևաբար, գանգատի այս հատվածը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան պետք է մերժել` իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու պատճառաբանությամբ:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

i

50. Դիմումատուն բողոքել է նաև, որ նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածը, որով ինքը դատապարտվել է, չունի իրավական հստակություն` ի տարբերություն նախկին ՔՕ-ի, մասնավորապես` դրա 213-րդ հոդվածի, որը պարունակում է «պետական և հասարակական կազմակերպություններ» բառերը: Հետևաբար, իր դեպքում 325-րդ հոդվածի մեկնաբանությունը և կիրառելիությունը գերազանցել է իր ողջամիտ կանխատեսումները: Այս կապակցությամբ նա վկայակոչել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածը, որը նախատեսում է հետևյալը.

«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձին դատի տալը կամ պատժելը որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան համարվել է քրեական հանցագործություն:»

 

Ա. Ընդունելիությունը

 

51. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննություն

 

1. Կողմերի փաստարկները

 

i

52. Կառավարությունը պնդել է, որ նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածի համաձայն դիմումատուի դատապարտումը համապատասխանում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես, փաստաթղթերի կեղծումը համարվում էր նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածով արգելված արարք այն ժամանակ, երբ դիմումատուն կատարել է հանցագործությունը: Ինչպես երևում է դրա ձևակերպումից, իրավունք վերագրող կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթը չի սահմանափակվում պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հաստատությունների կամ կազմակերպությունների շրջանակով, քանի որ անհատը կամ իրավական անձի ներկայացուցիչը կարող է կեղծել իրավական նշանակություն ունեցող տարբեր փաստաթղթեր: Հետևաբար, 213-րդ հոդվածը հստակ սահմանում է հանցագործությունը, իսկ նրա դրույթները համապատասխանում են կանխատեսելիության և մատչելիության նորմերին, ինչը պահանջվում է Կոնվենցիայով: Ավելին, 213-րդ հոդվածի մեկնաբանության և կիրառության վերաբերյալ դատական պրակտիկան չի բացառել սույն հոդվածով պետական կամ հասարակական հաստատությունների հետ կապ չունեցող անհատների դատապարտումը: Հետևաբար, հանցանքը, որի համար դիմումատուն դատապարտվել է, համապատասխանում է նախկին ՔՕ-213-րդ հոդվածի հանցակազմին: Որպես իր պնդումների հիմնավորում` Կառավարությունը ներկայացրել է նախկին ՔՕ-ի դեռևս ուժի մեջ գտնվելու ընթացքում ներպետական դատարանների կողմից կայացրած երկու որոշում, որոնցով անհատները դատապարտվել են 213-րդ հոդվածով:

53. Ինչ վերաբերում է նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածին, Կառավարությունը պնդել է, որ այն լիովին համապատասխանում է իրավական հստակության սկզբունքին: Մասնավորապես, 2006 թվականի հունիսի 1-ի իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությունը համապատասխանում է 213-րդ հոդվածում նշված «իրավունք վերագրող կամ պատասխանատվությունից ազատող այլ փաստաթուղթ» հասկացությանը:

54. Դիմումատուն պնդել է, որ հանցանքը, որի համար նա դատապարտվել է, չի համապատասխանում 213-րդ հոդվածի հանցակազմին: Սա հաստատվել է այն փաստով, որ սույն Հոդվածով նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել այն ժամանակահատվածում, երբ նախկին ՔՕ-ն դեռևս ուժի մեջ էր: Առևտրային կազմակերպություններն արգելված էին Սովետական սոցիալիստական իրավական և քաղաքական կարգերով, քանի որ Սովետական տոտալիտարական համակարգը թույլատրում էր միայն պետական, կոլեկտիվ և հասարակական հաստատություններ, կազմակերպություններ կամ ձեռնարկություններ: Առևտրային կազմակերպություններն ի հայտ են եկել միայն այն բանից հետո, երբ փոփոխվել է քաղաքական կարգը և Հայաստանը ձեռք է բերել անկախություն: Այնուամենայնիվ, Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո տարիներ շարունակ նախկին ՔՕ-ն մնացել է ուժի մեջ և միայն մի քանի հոդվածներ են փոփոխվել: 213-րդ հոդվածը չի պատկանել փոփոխված հոդվածների շարքին:

i

55. Այնուհետև դիմումատուն նշել է, որ 213-րդ հոդվածի կիրառելիության համար վճռորոշ պայման է հանդիսանում այն հանգամանքը, թե արդյոք փաստաթուղթը տրամադրվել է «Պետության կամ հասարակական ձեռնարկության, հաստատության կամ կազմակերպության» կողմից: Սա նշանակում է, որ եթե անհատը կամ պաշտոնատար անձը կեղծել է փաստաթուղթ, որը տրված չի եղել պետության կամ հասարակական ձեռնարկության, հաստատության կամ կազմակերպության կողմից, ապա 213-րդ հոդվածը չի կարող կիրառվել, քանի որ այդ հոդվածի առարկան և նպատակն է քրեականացնել պետական կարգի դեմ ուղղված գործողությունները: Դա հաստատվում է այն փաստով, որ 213-րդ հոդվածը ներառված է նախկին ՔՕ-ի 10-րդ գլխում և ունի «Վարչակարգի դեմ ուղղված հանցագործություններ» վերնագիրը: Սովետական Հայաստանում վարչակարգը վարում էր բացառապես պետությունը: Հետևաբար, վարչակարգի դեմ ուղղված ցանկացած գործողություն ուղղված էր պետության դեմ: Այդ կանոնի համար միակ բացառությունը նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածում հատուկ նշված հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված գործողություններն էին: Այսպիսով, հանցանքը, որի համար նա դատապարտվել է, չէր համապատասխանում 213-րդ հոդվածի հանցակազմին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի` նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածում ընդգրկված «պաշտոնական փաստաթուղթ» հասկացության մեկնաբանությունը չէր համապատասխանում նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածով այդ հասկացության մեկնաբանությանը: Չնայած նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածը հստակ սահմանում էր դրա կիրառության շրջանակը, ներպետական դատարանները հաճախ այն կիրառում էին լայն իմաստով և կամայականորեն այն անձանց նկատմամբ, ովքեր կեղծել են առևտրային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերը: Այդ իմաստով էական տարբերություն կա օրենքով սահմանված նորմի և նախադեպային իրավունքի միջև: Արդյունքում, տվյալ իրավական դրույթը չի համապատասխանել կանխատեսելիության պահանջին:

 

2. Դատարանի գնահատականը

 

(ա) Ընդհանուր սկզբունքներ

 

i

56. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը օրենքի գերակայության կարևորագույն բաղադրիչն է: Այն պետք է մեկնաբանել և կիրառել նրա առարկային և նպատակին համապատասխան, այնպես, որ կամայական քրեական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ ապահովվի արդյունավետ պաշտպանություն (տե՛ս Scoppola v. Italy (թիվ 2) [ՄՊ], թիվ 10249/03, § 92, 17 Սեպտեմբեր 2009 կամ Huhtamaki v. Finland, թիվ 54468/09, § 41, 6 Մարտ 2012): 7-րդ հոդվածը չի սահմանափակվում քրեական օրենքի` ի վնաս մեղադրյալի հետադարձ կիրառության արգելքով: Այն նաև ընդհանուր առմամբ ներառում է այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և նշանակել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է հիմնականում մեկնաբանվի լայնորեն ի վնաս մեղադրյալի, օրինակ` համանմանությամբ: Սույն սկզբունքներից հետևում է, որ հանցանքը պետք է հստակորեն սահմանված լինի օրենքում: Սույն պահանջը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անհատը համապատասխան դրույթի ձևակերպումից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` դատարանի կողմից տրված դրա մեկնաբանությամբ, կարող է պատկերացում կազմել, թե որ գործողության և անգործության համար է նա քրեորեն պատասխանատու: Երբ խոսքը գնում է «օրենքի» մասին, 7-րդ հոդվածը ենթադրում է ճիշտ այն նույն հասկացությունը, որը հիշատակվում է Կոնվենցիայի մեկ այլ հատվածում` այդ եզրույթը կիրառելիս. հասկացություն, որը ներառում է գրված և չգրված օրենքը, ինչպես նաև ենթադրում է որակական պահանջներ, ինչպիսիք են մատչելիությունը և կանխատեսելիությունը (տե՛ս, այլ գործերի շարքում, S.W. v. the United Kingdom և C.R. v. the United Kingdom, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռներ, Սերիա Ա, թիվ 335-C, §§ 34-35 և §§ 32-33, Streletz, Kessler and Krenz v. Germany [ՄՊ], թիվ 34044/96, 35532/97, 44801/98, § 50, ՄԻԵԴ 2001-II):

57. Ցանկացած իրավական համակարգում, այդ թվում նաև` քրեական իրավունքում, որքան էլ հստակ մշակված լինի իրավական դրույթը, գոյություն ունի դատական մեկնաբանության անխուսափելի բաղադրիչ: Մշտապես կլինի կասկածելի կետերը պարզաբանելու և փոփոխվող հանգամանքներին հարմարեցնելու անհրաժեշտություն: Իսկապես, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետություններում դատական օրինաստեղծ գործընթացների միջոցով քրեական օրենսդրության շարունակական զարգացումը իրավական ավանդույթի արմատավորված և անհրաժեշտ մաս է կազմում: Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող դիտարկվել որպես յուրաքանչյուր գործի դեպքում դատական մեկնաբանության միջոցով քրեական պատասխանատվության կանոնների պարզաբանումը օրենքից դուրս համարող հոդված` պայմանով, որ արդյունքում ստացված մշակված տարբերակը համապատասխանում է հանցանքի էությանը և կանխատեսելի է (տե՛ս, ի թիվս այլոց, վերոնշյալ S.W, § 36, վերոնշյալ Streletz, Kessler and Krenz, § 50 և K.-H. W. v. Germany [ՄՊ], թիվ 34201/97, §§ 45, ՄԻԵԴ 2001-II):

 

(բ) Սույն գործի նկատմամբ սկզբունքների կիրառելիությունը

 

i

58. Դատարանը նշում է, որ սույն գործում դիմումատուի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարելու ընթացքում Սովետական Հայաստանի նախկին ՔՕ-ն ուժի մեջ է գտնվել: Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նախկին ՔՕ-ն ուժը կորցրել է և փոխարինվել Հայաստանի նոր ՔՕ-ով, որի 325-րդ հոդվածով դիմումատուին մեղադրանք է առաջադրվել և ինքը դատապարտվել է:

i

59. Դատարանը այնուհետև նկատում է, որ Կողմերը չեն վիճում այն հարցի շուրջ, որ նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածը նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածի նախկին տարբերակն է: Այնուամենայնիվ, դիմումատուն պնդել է, որ 213-րդ հոդվածը սահմանափակվում էր միայն պետության կամ հասարակական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթղթերի կեղծմամբ: Կառավարությունը, իր հերթին, պնդել է, որ 213-րդ հոդվածը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե կեղծված փաստաթուղթը տրամադրվել է պետական հաստատության, մասնավոր իրավաբանական անձի, թե անհատի կողմից:

60. Այս առումով դատարանը նշում է, որ, ինչպես երևում է Կառավարության ներկայացրած փաստաթղթերից, գոնե Սովետական վարչակարգի անկումից, Հայաստանի կողմից անկախություն ձեռք բերելուց և իրավական, քաղաքական և տնտեսական կարգը փոփոխելուց հետո, Հայաստանի Հանրապետության դատարանները 213-րդ հոդվածը կիրառել են իրավական նշանակություն ունեցող ցանկացած փաստաթղթի, այդ թվում նաև մասնավոր ձեռնարկությունների փաստաթղթերի (տե՛ս վերևում` §§ 37 և 38) կեղծման վերաբերյալ քրեական գործերի նկատմամբ:

i

61. Դատարանը նաև նշում է, որ 2005 թվականի նոյեմբերի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել, inter alia, նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին կետով այնպիսի փաստաթղթերի կեղծման համար, ինչպիսիք են Բանկի և երրորդ անձի միջև կնքված վարկային համաձայնագրերը: Ինչպես հետո նշել է Վճռաբեկ դատարանը, ցանկացած փաստաթուղթ, որին իշխանությունները իրավական նշանակություն են տալիս, անկախ նրանից այն տրվել է պետական մարմինների թե առևտրային իրավաբանական անձանց կողմից, նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածով համապատասխանում են «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությանը: Դատարանը չի գտնում, որ «պաշտոնական փաստաթուղթ» հասկացության նման մեկնաբանությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կեղծման հանցանքի էությանը կամ, այն ընդունելով, ներպետական դատարանները ընդլայնել են հանցանքի հասկացությունը այնքան, որ այն բացահայտ կերպով դուրս է մնացել դրա գործողության շրջանակից: Հետևաբար, մնում է պարզել, թե արդյոք կեղծման հանցանքի նման մեկնաբանությունը կարող էր դիմումատուն ողջամտորեն կանխատեսել:

i

62. Այս առումով դատարանը նշում է, որ նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածով սահմանված «իրավունք վերագրող կամ պատասխանատվությունից ազատող այլ փաստաթուղթ» հասկացության մեկնաբանությունը համապատասխանում է նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածի հիման վրա ներպետական դատարանների ընդունած «այլ պաշտոնական փաստաթղթեր» հասկացությանը: Հաշվի առնելով նախկին և նոր Քրեական օրենսգրքերի մեկնաբանության և կիրառության ընդհանրությունը` դատարանը գտնում է, որ իրեն վերագրվող արարքները կատարելիս այդ օրենքին ենթարկվելը բավականաչափ կանխատեսելի էր դիմումատուի կողմից եթե ոչ ընդհանուր գիտելիքի, ապա գոնե իրավաբանական խորհրդատվության միջոցով (համեմատե՛ք Moiseyev v. Russia, թիվ 62936/00, § 241, 9 Հոկտեմբեր 2008): Այն հանգամանքը, որ դիմումատուին մեղադրանք չի առաջադրվել նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածով դիմումատուին այն ժամանակահատվածում, երբ այն դեռևս ուժի մեջ էր, չի կարող, դատարանի կարծիքով, հանգեցնել այն եզրահանգման, որ այդ Հոդվածով դիմումատուի արարքները իրականում չեն համարվել հանցանք այն ժամանակ, երբ դրանք կատարվել են:

63. Ավելին, Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել նոր ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, որով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը ավելի քիչ է, քան նախկին ՔՕ-ի 213-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը, այսինքն` երկու տարի` ի տարբերություն երեք տարվա (տե՛ս վերևում` §§ 35 և 36): Հետևաբար, սույն գործում չկա քրեական օրենքի հետադարձ կիրառելիություն ի վնաս դիմումատուի: Ամեն դեպքում, 325-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ մի պատիժ չի կիրառվել դիմումատուի նկատմամբ, քանի որ առաջին ատյանի դատարանը այդ մասով կարճել է նրա դեմ հարուցված քրեական գործը` վաղեմության ժամկետների կանոնի համաձայն (տե՛ս վերևում` § 29):

i

64. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի խախտվել:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

i

65. Դիմումատուն նաև մի շարք բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո:

66. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատազորության ներքո` Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք: Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է քրեական օրենքի անկանխատեսելի կիրառության մասին բողոքն ընդունելի, իսկ մնացած մասն անընդունելի:

2. Վճռում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2013 թվականի փետրվարի 5-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Santiago Quesada
Քարտուղար
Josep Casadevall
Նախագահ

                                 

                                                      

                                             

 

 

pin
Եվրոպական դատարան
05.02.2013
N 23341/06
Վճիռ