Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

 

005.030597

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանը, այսուհետև անվանվելով «Պայմանավորվող Կողմեր»

կարևոր նշանակություն տալով հանցագործություն կատարած անձանց հանձնման բնագավառում համագործակցության զարգացմանը.

հաշվի առնելով Պայմանավորվող Կողմերի համապատասխան մարմինների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը.

 

ՀՈԴՎԱԾ 1.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն Պայմանագրով կարգավորվում են դատապարտված կամ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձանց հանձնման առնչությամբ Պայմանավորվող Կողմերի միջպետական երկկողմ հարաբերությունները:

2. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են մյուս Պայմանավորվող Կողմի պահանջով միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ի կատար ածելու համար:

ՀՈԴՎԱԾ 2.

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՈՐՄԵՐԸ

 

1. Անձանց հանձնումը կատարվում է սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան` հաշվի առնելով Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրության պահանջները:

2. Եթե սույն Պայմանագրի կատարման ընթացքում հակասություններ առաջանան սույն Պայմանագրի նորմերի և Պայմանավորվող Կողմերի ազգային օրենսդրության միջև, ապա կիրառվում են սույն Պայմանագրի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՀԻՄՔԸ

 

1. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը թույլատրվում է այն անձանց առնչությամբ, որոնք մեղադրվում են այնպիսի արարքների կատարման մեջ, որոնք երկու Պայմանավորվող Կողմերի օրենքներով պատժելի են համարվում և որոնց կատարման համար նախատեսվում է ազատազրկման տեսքով պատիժ` մեկ տարուց ոչ պակաս ժամկետով, կամ ավելի ծանր պատիժ:

2. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը թույլատրվում է այնպիսի արարքների համար, որոնք երկու Պայմանավորվող Կողմերի օրենսդրությամբ պատժելի են համարվում և որոնց կատարման համար անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտված է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամկետով, կամ ավելի ծանր պատժի:

3. Եթե անձի հանձնման մասին պահանջը վերաբերվում է մի քանի տարբեր արարքների և դրանցից մի քանիսը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պայմաններին, ապա հանձնումը թույլատրվում է միայն այն արարքների համար, որոնք համապատասխանում են նշված կետերի պայմաններին:

 

ՀՈԴՎԱԾ 4.

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

1. Հանձնումը չի կատարվում, եթե.

ա) անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջում է, հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում նույն արարքի համար արդեն քրեական վարույթ է հարուցվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ է կայացվել.

բ) հանձնման մասին պահանջը ստանալու պահին քրեական վարույթը` հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու կամ այլ օրինական հիմքով (ներում, համաներում և այլն).

գ) հայցող կամ հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, հանցագործությունը հետապնդվում է մասնավոր մեղադրանքի կարգով (տուժողի դիմումով).

դ) անձը, որի հանձնումը պահանջում է, հանդիսանում է հայցվող Պայմանավորվող Կողմի քաղաքացի:

2. Հանձնում չի կատարվում նաև այն դեպքերում, երբ հայցվող Պայմանավորվող Կողմի մոտ հավաստի տվյալներ կան այն մասին, որ անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է.

ա) դատաքննության ժամանակ չեն պահպանվելու պաշտպանության նվազագույն իրավունքներն այն գործով, որով նա մասնակցում է որպես մեղադրյալ:

Դատավարության իրականացումը անձի բացակայությամբ, որի հանձնումը պահանջում է, ինքնըստինքյան հիմք չի հանդիսանում հանձնումը մերժելու համար, եթե հայցող Պայմանավորվող Կողմը պարտավորվում է այդ անձի մասնակցությամբ անցկացնել նոր քրեական վարույթ.

բ) հետապնդման կամ խտրականության միջոցներ են կիրառվելու ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական համոզմունքների, սոցիալական և անձնական պայմանների պատճառով, կամ էլ կիրառվելու են խոշտանգումներ կամ մարդու հիմնական իրավունքները խախտող այլ ֆիզիկական ներգործություններ:

3. Հանձնումը կարող է մերժվել նաև, եթե արարքը, որի կապակցությամբ պահանջվում է հանձնումը, կատարվել է.

ա) հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում.

բ) հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքից դուրս և այդ Կողմի օրենքի համաձայն հանցագործություն չի համարվում:

4. Այնպիսի հանցագործություն կատարած անձանց հանձնումը, որի համար հայցող Պայմանավորվող Կողմի օրենքով կարող է նշանակվել կամ արդեն նշանակվել է մահապատիժ, թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե այդ Կողմը ներկայացնի հայցվող Պայմանավորվող Կողմի համար ընդունելի գրավոր հաստատում այն մասին, որ այդպիսի պատժամիջոց չի կիրառվի կամ արդեն նշանակված պատժամիջոցը ի կատար չի ածվի:

5. Հանձնումը մերժելու դեպքում հայցվող Պայմանավորվող Կողմը հայցող Պայմանավորվող Կողմին տեղեկացնում է մերժման հիմքերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5.

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՀԱՅՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

1. 4-րդ հոդվածի 1-ին (դ), 2-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում հանձնումը մերժելիս հայցվող Պայմանավորվող Կողմը` մյուս Պայմանավորվող Կողմի պահանջով, իր իրավասու մարմիններին առաջարկում է իր ներքին օրենսդրությանը համապատասխան քննարկել քրեական վարույթ հարուցելու մասին հարցը: Այդ նպատակով հայցող Պայմանավորվող Կողմը հայցվող Պայմանավորվող Կողմին պետք է ներկայացնի դատավարական փաստաթղթերը և վարույթի համար անհրաժեշտ մյուս բոլոր նյութերը, որոնք նա ունի:

2. Հայցվող Պայմանավորվող Կողմը մյուս Պայմանավորվող Կողմին անմիջապես հաղորդում է պահանջի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև հարուցված վարույթի ընթացքի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6.

 

ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

1. Առանց հայցվող Պայմանավորվող Կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ պատժվել մինչև նրա հանձնումը կատարած այնպիսի հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:

2. Եթե մինչև անձի հանձնումը նրա նկատմամբ քրեական վարույթում տեղի ունենա արարքի իրավական որակավորման փոփոխություն, որի համար պահանջվում է նրա հանձնումը, ապա հանձնումը կարող է տեղի ունենալ միայն արարքի նոր իրավական որակավորմամբ հանձնման մասին հայցող Պայմանավորվող Կողմից պահանջ ստանալուց հետո:

3. Առանց հայցվող Պայմանավորվող Կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:

4. Հայցվող Պայմանավորվող Կողմի` սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական վարույթն ավարտվելուց հետո 45 օրվա ընթացքում, իսկ դատապարտման դեպքում` պատիժը կրելուց կամ դրանից ազատվելուց հետո 45 օրվա ընթացքում, չհեռանա հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից, կամ եթե հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից հեռանալուց հետո նա կամավոր վերադառնա այնտեղ: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը չի կարողացել հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից հեռանալ իրենից անկախ հանգամանքներով:

 

ՀՈԴՎԱԾ 7.

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԸ

 

1. Հանձնման մասին պահանջը պետք է պարունակի.

ա) հայցվող հիմնարկի անվանումը.

բ) տեղեկություններ անձի մասին (ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը).

գ) կալանքի վերցնելու մասին իրավասու մարմնի որոշման իսկականը կամ պաշտոնապես վավերացված պատճենը.

դ) արարքի փաստացի հանգամանքների նկարագրությունը` դրա կատարման վայրի և ժամանակի նշումով, արարքի իրավական որակավորումը, ինչպես նաև հայցող Պայմանավորվող Կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը դիտվում է հանցագործություն.

ե) այլ տեղեկատվություն, որն ունի հայցող Պայմանավորվող Կողմը և որը կարող է օգտակար լինել այն անձի նույնականացման համար, որի հանձնումը պահանջվում է:

2. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնման մասին պահանջին պետք է կցվեն դատավճռի վավերացված պատճենը` դրա օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալը արդեն կրել է պատժի մի մասը, ապա հայտնվում են նաև այդ մասին տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 8.

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եթե հանձնման մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Պայմանավորվող Կողմը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որի համար սահմանվում է մինչև մեկ ամիս ժամկետ: Հայցող Պայմանավորվող Կողմի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել ևս մինչև մեկ ամիս:

2. Եթե հայցող Պայմանավորվող Կողմի անձը կալանքի է վերցվել, իսկ հայցող Պայմանավորվող Կողմը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված ժամկետում լրացուցիչ տեղեկություններ չի ներկայացնում, ապա հայցվող Պայմանավորվող Կողմը պետք է կալանքի վերցված անձին ազատ արձակի:

 

ՀՈԴՎԱԾ 9.

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ ԿԱՄ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ՍՏԱՑՈՒՄԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ

 

1. Հանձնման մասին պահանջն ստանալուն պես հայցվող Պայմանավորվող Կողմն անմիջապես իր ազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցներ է ձեռնարկում կալանքի վերցնելու կամ անձի նկատմամբ այլ հարկադրական միջոցներ կիրառելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Պայմանագրի 4-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հանձնում չի կարող կատարվել:

2. Անձը, որի հանձնումը պահանջվում է, հայցող Պայմանավորվող Կողմի միջնորդությամբ, կարող է հայցվող Պայմանավորվող Կողմի կողմից կալանքի վերցվել նաև նախքան հանձնման մասին պահանջի ստացումը` պահպանելով իր ազգային օրենսդրության պահանջները: Այդպիսի դեպքերում միջնորդության մեջ պետք է հղում պարունակվի կալանքի վերցնելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին, ինչպես նաև նշում այն մասին, որ հանձնման վերաբերյալ պահանջը ներկայացվելու է լրացուցիչ:

Նախքան հանձնման մասին պահանջի ստանալը կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է փոխանցվել փոստով, հեռագրով, հեռատիպով կամ հեռապատճենով:

3. Անձը Պայմանավորվող Կողմից մեկի տարածքում կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված միջնորդության, եթե այդ Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կատարել է հանձնում առաջացնող հանցագործություն:

Նախքան հանձնման վերաբերյալ պահանջն ստանալը կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհրաժեշտ է անհապաղ ծանուցել մյուս Պայմանավորվող Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 10.

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼԸ

 

1. Սույն Պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կալանքի վերցված անձը պետք է ազատ արձակվի, եթե կալանքի վերցնելու օրվանից հաշված 30 օրվա ընթացքում չստացվի նրա հանձնման մասին պահանջը:

Սակայն նույն անձը հանձնման նպատակով կարող է կրկին կալանքի վերցվել, եթե վերը նշված ժամկետն անցնելուց հետո հայցող Պայմանավորվող Կողմից նոր պահանջ ստացվի նրա հանձնման մասին:

2. Սույն Պայմանագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե նրա հանձնման մասին պահանջը չստացվի հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված ձերբակալման ժամկետի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 11.

 

ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Հայցվող Պայմանավորվող Կողմը հայցող Պայմանավորվող Կողմին ծանուցվում է հանձնման վայրի և ժամանակի մասին` նշելով նրա նկատմամբ կիրառված հարկադրական միջոցների մասին:

2. Հանձնման ենթակա անձի փոխանցումը պետք է կատարվի հանձնման վայրի և ժամանակի մասին հայցվող Պայմանավորվող Կողմի ծանուցման մեջ նշված օրվանից հաշված 15 օրվա ընթացքում:

Հայցվող Պայմանավորվող Կողմի պատճառաբանված պահանջով այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 օրով:

3. Եթե փոխանցման մասին ծանուցման մեջ նշված օրից հաշված 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը երկարացնելու մասին խնդրանք ստանալու և այն բավարարելու դեպքում` լրացուցիչ ժամկետն անցնելուց հետո հայցող Պայմանավորվող Կողմը չընդունի հանձնման ենթակա անձին, ապա այդ անձը պետք է կալանքից ազատ արձակվի: Դրանից հետո հայցվող Պայմանավորվող Կողմը կարող է մյուս Պայմանավորվող Կողմին մերժել նույն արարքի համար այդ անձի հանձնումը:

 

ՀՈԴՎԱԾ 12.

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

 

Եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, քրեական պատասխանատվության է ենթարկել կամ այլ հանցագործության համար դատապարտվել է հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդման կասեցումը, դատավճռի կատարումը կամ պատժից ազատումը, որի մասին այդ Կողմը ծանուցում է հայցող Պայմանավորվող Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 13.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

1. Եթե սույն Պայմանագրի 12-րդ հոդվածով նախատեսված հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել քրեական վարույթի վաղեմության ժամկետի կետանցման կամ վնաս հասցնել հանցագործության քննությանը, ապա անձը, որի հանձնումը պահանջվում է, հայցող Պայմանավորվող Կողմի միջնորդությամբ կարող է հանձնվել ժամանակավոր:

Ժամանակավոր հանձնման պայմանները, միջոցները և ժամկետները սահմանվում են Պայմանավորվող Կողմերի միջև պայմանավորվածությամբ:

2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է վերադարձվի քրեադատավարական գործողությունների գործողությունների կատարումից հետո, որոնց համար նա հանձնվել է, բայց ոչ ուշ այն ժամկետից, որը սահմանվել է կողմերի պայմանավորվածությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14.

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Եթե հանձնված անձը խուսափում է քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց և վերադառնում է հայցվող Պայմանավորվող Կողմի տարածք, ապա նոր պահանջով նա կարող է կրկին հանձնվել` առանց սույն Պայմանագրի 7-րդ հոդվածում հիշատակված նյութերի ներկայացման:

 

ՀՈԴՎԱԾ 15.

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

 

Եթե հանձնման մասին պահանջներ ստացվեն մի քանի պետություններից, ապա հայցվող Պայմանավորվող Կողմն ինքնուրույն է որոշում, թե այդ պահանջներից որը պետք է բավարարվի: Ընդ որում, եթե չի բավարարվում մյուս Պայմանավորվող Կողմի պահանջը, ապա հայցվող Պայմանավորվող Կողմը ծանուցում է մերժման պատճառի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 16.

 

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ըստ խնդրանքի միմյանց փոխանցել այն առարկաները, որոնք.

ա) օգտագործվել են սույն Պայմանագրին համապատասխան անձի հանձնում առաջացնող հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները.

բ) ձեռք են բերվել հանցագործության հետևանքով կամ որպես դրա դիմաց փոխհատուցում, կամ որոնք հանցագործը ստացել է այդ ձևով ձեռք բերված առարկաների փոխարեն.

գ) կարող են ապացուցողական նշանակություն ունենալ քրեական գործում. այդ իրերը փոխանցվում են նաև այն դեպքում, եթե հանցագործի հանձնումը չի կարող իրականացվել նրա մահվան, փախուստի պատճառով կամ այլ հանգամանքներով:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները հայցվող Պայմանավորվող Կողմին անհրաժեշտ են որպես քրեական գործում ապացույցներ, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև գործով վարույթի ավարտը` այդ մասին ծանուցելով մյուս Պայմանավորվող Կողմին:

3. Գործի վարույթի ավարտից հետո, փոխանցված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 17.

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

Այն Պայմանավորվող Կողմը, որի քրեական վարույթի վարման նպատակով հանձնման մասին պահանջը բավարարվել է, պարտավոր է մյուս Պայմանավորվող Կողմին ծանուցել գործով վերջնական որոշման մասին:

Հայցող Պայմանավորվող Կողմի խնդրանքով մյուս Պայմանավորվող Կողմը նրան ուղարկում է վերջնական որոշման պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ 18.

 

ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը` մյուս Պայմանավորվող Կողմի խնդրանքով, թույլատրում է երրորդ պետության կողմից մյուս Պայմանավորվող Կողմին հանձնված անձանց տարանցիկ փոխադրումը իր տարածքով:

2. Տարանցիկ փոխադրման թույլատրման մասին միջնորդությունը քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:

Տարանցիկ փոխադրման թույլտվությունն իրականացվում է այն ձևով, որը առավել նպատակահարմար է գտնում հայցվող Պայմանավորվող Կողմը:

3. Տարանցիկ փոխադրման թույլտվության մասին միջնորդությունը կարող է մերժվել այն նույն հիմքերով, ինչ հանձնման մերժումը:

4. Տարանցիկ փոխադրման թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է օդային տրանսպորտով` Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի տարածքով` առանց նրա տարածքում օդանավի վայրէջքի:

 

ՀՈԴՎԱԾ 19.

 

ԾԱԽՍԵՐԸ

 

1. Հանձնման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են:

2. Տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող Կողմը, որը միջնորդությամբ դիմել է այդպիսի փոխադրման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 20.

 

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն Պայմանագիրը կատարելիս Պայմանավորվող Կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով:

2. Պայմանավորվող Կողմերի կենտրոնական մարմիններ են համարվում.

Վրաստանի համար` Վրաստանի արդարադատության նախարարությունը և Վրաստանի դատախազությունը. Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության դատախազությունը.

3. Թույլատրվում է հաղորդակցվել նաև Պայմանավորվող Կողմերի դիվանագիտական հիմնարկների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 21.

 

ԼԵԶՈՒՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Հանձնման մասին պահանջը և դրան կից հաղորդումները, ակտերը և մյուս փաստաթղթերը ուղարկվում են հայոց Պայմանավորվող Կողմի լեզվով` ռուսերեն լեզվով վավերացված թարգմանությամբ:

2. Պաշտոնական փաստաթղթերը կամ փաստաթղթերի վավերացված պատճենները, որոնք փոխանակում են Պայմանավորվող Կողմերը, ազատվում են օրինականացումից:

 

ՀՈԴՎԱԾ 22.

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարբերաբար տեղեկություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի վերաբերյալ և խորհրդատվություններ կանցկացնեն նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:

2. Պայմանավորվող Կողմից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 23-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 23.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող Կողմերի վերջին գրավոր ծանուցման օրվանից:

2. Սույն Պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով և գործելու է ընդհուպ մինչև վեց ամիս անցնելն այն օրից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը մյուս Պայմանավորվող Կողմին գրավոր կհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Պայմանագիրն ստորագրման պահից փոխարինում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին» 1996 թ. հունիսի 4-ին ք. Թբիլիսիում ստորագրված Պայմանագրին:

Կնքված է ք. Երևանում, 1997 թ. մայիսի «3»-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը միատեսակ ուժ ունեն:

Սույն Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում Պայմանագրի ռուսերեն լեզվով տեքստը:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

        ԿՈՂՄԻՑ

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
03.05.1997
Միջազգային պայմանագիր