Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 62356/09)

 

ՎՃԻՌ

(ըստ էության)

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

31 մարտի 2016 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]` Նախագահ,

Լեդի Բիանկու [Ledi Bianku],

Գուիդո Ռայմոնդի [Guido Raimondi],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյչալ [Ales AlesPejchal],

Ռոբերտ Սպանո [Robert Spano],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]` դատավորներ,

և Անդրե Ուամպաշ [Andre Wampach]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2016 թվականի մարտի 8-ին դռնփակ խորհրդակցությամբ,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է 2009 թվականի նոյեմբերի 18-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Կարեն Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` Դատարան ներկայացված գանգատի (թիվ 62356/09) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Հ. Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ 2001 թվականի հունիսի 8-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանմամբ խախտվել են իրավական որոշակիության սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը:

4. Իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման և դիմումատուի` գույքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը միջամտելու վերաբերյալ 2013 թվականի մայիսի 14-ի բողոքներն ուղարկվել են Կառավարություն, իսկ գանգատի մնացած մասը հայտարարվել է անընդունելի:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1969 թվականին և ապրում է Երևանում:

6. 1991 թվականին դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1 000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է խանութից (պահեստից) ու անավարտ կառույցից: Դիմումատուն պնդել է, որ այդ հողը չի օգտագործվում որևէ մեկի կողմից, ուստի ինքը մաքրել է այն և իր սեփական միջոցներով կառուցել շինությունը: Պարզվել է, որ դիմումատուն օգտագործել է այդ գույքը հաջորդող տասը տարիների ընթացքում:

i

7. 2001 թվականին դիմումատուն հատուկ (իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման) հայց է ներկայացրել Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը` համաձայն Քաղաքացիական օրենսգրքի (ՔՕ) 187-րդ հոդվածի, ինչպես նաև` հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը:

8. 2001 թվականի հունիսի 8-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը և հողամասը թողել նրա օգտագործմանը: Համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գտել է, որ տվյալ շինությունը չունի գրանցված սեփականատերեր, և դիմումատուն բացահայտ, բարեխղճորեն և անընդմեջ տիրապետել ու օգտագործել է այն ավելի քան տասը տարի, ինչը, ՔՕ-ի 187-րդ հոդվածի համաձայն, նրան իրավունք է վերապահում դառնալ դրա սեփականատերը:

9. Սահմանված 15-օրյա ժամկետում որևէ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, ուստի սույն վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

i

10. Հիմք ընդունելով սույն վճիռը` 2002 թվականի ապրիլի 9-ին Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը հավաստող վկայական: Վկայականում նաև նշվել է, որ Հողային օրենսգրքի (ՀՕ) 118-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, դիմումատուն հողամասի նկատմամբ ունի 99 տարի ժամկետով վարձակալության իրավունք:

11. 2003 թվականի մայիսի 20-ին դիմումատուն, ՀՕ-ի 118-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, վճարել է հողամասի կադաստրային արժեքը, որը կազմել է 1,465,500 ՀՀ դրամ:

12. 2003 թվականի մայիսի 22-ին գրանցվել է հողամասի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը, և տրվել է համապատասխան սեփականության վկայական:

13. Հետագա տարիների ընթացքում դիմումատուն պարբերաբար վճարել է ինչպես գույքահարկ, այնպես էլ` հողի հարկ:

14. Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրված և դրա անունից գործող` «Քաղաքաշինություն» պետական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից 2008 թվականի հուլիսի 27-ին կատարվել է հողի տեղագրական ուսումնասիրություն: Դիմումատուն համապատասխան սխեմայով նշվել է որպես տվյալ հողի սեփականատեր:

15. 2008 թվականի նոյեմբերի 11-ին ոմն երրորդ անձ նամակով դիմել է Երևանի քաղաքապետարան` նշելով, որ ինքը 2008 թվականի հունիսի 16-ին անցկացված աճուրդով գնել է հողամաս: Երբ նա իր սեփականության իրավունքը գրանցելու համար ավելի ուշ դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] տարածքային ստորաբաժանում, իրեն տեղեկացրել են, որ տվյալ հողամասը համադրում ունի հարևան հողամասի հետ: Նա պահանջել է, որ համադրվող հողակտորի մասով աճուրդը ճանաչվի անվավեր, այդ մասի համար վճարված գումարը վերադարձվի և առուվաճառքի նոր պայմանագիր կնքվի իր հողակտորի մնացած մասի առնչությամբ:

16. Կառավարությունը պնդել է, որ հարևան հողամասը պատկանում է դիմումատուին, և որ այդ նամակից հետո Երևանի քաղաքապետարանի և Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանման միջև եղել է փոխադարձ նամակագրություն:

17. 2009 թվականի փետրվարի 24-ին Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] տարածքային ստորաբաժանումը, ի պատասխան քաղաքապետի` 2009 թվականի փետրվարի 17-ի հարցմանը, նամակ է հղել քաղաքապետարանին` նշելով, որ դիմումատուի սեփականության և վարձակալության իրավունքների գրանցումը կատարվել է 2002 թվականի ապրիլի 9-ին` Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2001 թվականի հունիսի 8-ի վճռի հիման վրա: Այդ նամակը, որին կցված է եղել 2001 թվականի հունիսի 8-ի վճռի պատճենը, քաղաքապետարանում մուտքագրվել է 2009 թվականի մարտի 18-ին:

18. 2009 թվականի մայիսի 7-ին գլխավոր դատախազի տեղակալը 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը` վիճարկելով, որ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նյութական իրավունքի համապատասխան դրույթների մեկնաբանության և կիրառման մեջ սխալ է թույլ տվել: Հողը պատկանել է պետությանը և, հետևաբար, այդ ժամանակահատվածում տիրազուրկ չի եղել, ուստի համայնքի դատարանը չպետք է այդ գործի նկատմամբ կիրառեր ձեռքբերման վաղեմության վերաբերյալ կանոնները: Արդյունքում, վճռով վնաս է պատճառել պետության գույքային շահերին: Գլխավոր դատախազի տեղակալն այնուհետև վիճարկել է, որ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր էր որպես դատավարության կողմեր ընդգրկել Անշարժ գույքի [կադաստրի պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանմանը, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանին` որպես հողի կառավարման լիազորություններով օժտված մարմին: Այդպես չգործելով և նրանց բացակայության պայմաններում կայացնելով իրենց իրավունքներին առնչվող վճիռ, համայնքի դատարանը խախտել է նաև դատավարական իրավունքը: Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանից պահանջել է վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը` վիճարկելով, որ Երևանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին և այդպիսով զրկվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից, մինչդեռ դատախազությունը վճռի մասին տեղեկացվել է քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով:

19. 2009 թվականի մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը նույնպես 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել` ներկայացնելով համանման նյութական և դատավարական փաստարկներ: Ինչ վերաբերում է դատավարական հարցերին, ապա այն պնդել է, որ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խախտել է համապատասխան դրույթները` գործը քննելով հատուկ ընթացակարգով և իրեն որպես կողմ չընդգրկելով` չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանը Երևանում պետական հողի կառավարման լիազորություններով օժտված մարմին է, և ուստի վճիռն առնչվում էր իր իրավունքներին: Քաղաքապետարանն այնուհետև պնդել է, որ վիճարկվող վճռի մասին տեղեկացել է Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] տարածքային ստորաբաժանման` 2009 թվականի փետրվարի 24-ին ուղարկած նամակի միջոցով, որը քաղաքապետարանը ստացել է 2009 թվականի մարտի 18-ին: Ի վերջո այն ավելացրել է, որ Հայաստանի [Հանրապետության] դատական դեպարտամենտի 2009 թվականի փետրվարի 6-ի նամակին կից ներկայացվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ` 2001 թվականի հունիսի 26-ի վճռի պատճենը, որը չի վերաբերում սույն գործին:

i

20. Չպարզված օրը դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխանը: Նա վիճարկել է, որ, inter alia, 2003 թվականի մայիսի 20-ին վճարել է հողամասի կադաստրային արժեքը և այն գնել է ուղղակի վաճառքի միջոցով: Ավելին, այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանը տեղեկացված է եղել նրա` հողամասի նոր սեփականատերը դառնալու հանգամանքի մասին, հաստատվել է պարտադիր վճարներով, որոնք նա պարտավոր էր կատարելու այդ գույքի համար: Այսպիսով, մի կողմից ՀՕ-ի 61-րդ հոդվածի ուժով Երևանի քաղաքապետարանը հողամասն օտարել է նրան, ստացել է որոշակի գումար և այդ ժամանակվանից շարունակել է գանձել գույքահարկ և, մյուս կողմից` պնդել է, որ տեղեկացված չի եղել այդ գործարքի մասին: Ավելին, Երևանի քաղաքապետարանը ծանուցվել է նրա` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» [ՀՀ] օրենքի ուժով հողամասի նոր սեփականատերը դառնալու հանգամանքի մասին: ՈՒստի, քաղաքապետարանը դատարանի 2001 թվականի հունիսի 8-ի վճռի հիման վրա գույքի նկատմամբ նրա իրավունքների գրանցման և հողամասի ուղղակի վաճառքի մասին տեղեկացված է եղել և այդ վճռի մասին 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով չի տեղեկացվել, ինչպես որ պնդել է:

21. 2009 թվականի հունիսի 12-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հաշվի առնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 207-րդ հոդվածի 5-րդ մասը, որոշել է վարույթ ընդունել վերաքննիչ բողոքները` նշելով.

«Երևանի քաղաքապետարանը և գլխավոր դատախազը բաց են թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետները և դա հիմնավորված համարելու միջնորդություն են ներկայացրել` վիճարկելով, որ քաղաքապետարանը տեղեկացել է վճռի [2001 թվականի հունիսի 8-ի] մասին Հայաստանի [Հանրապետության] դատական դեպարտամենտի 2009 թվականի փետրվարի 6-ի նամակին կից ներկայացված վճռի պատճենի, իսկ Գլխավոր դատախազությունը` Երևանի քաղաքապետարանի 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով»:

...

Դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և Գլխավոր դատախազության միջնորդությունները հիմնավորված են և պետք է բավարարվեն:»:

 

22. 2009 թվականի հուլիսի 18-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է բավարարել վերաքննիչ բողոքները, բեկանել 2001 թվականի հունիսի 8-ի վճիռը և մերժել դիմումատուի` ձեռքբերման վաղեմության պահանջը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կիրառել է ՔՕ-ի 178-րդ և 188-րդ հոդվածները, որոնք կիրառելի չէին գործի նկատմամբ և չի կիրառել ՔՕ-ի 168-րդ և 188-րդ հոդվածները` այդպիսով հանգելով սխալ եզրակացության: Տվյալ շինությունը պետությանը պատկանող հողամասում կառուցված ինքնակամ կառույց էր: ՈՒստի, միայն պետությունը կարող էր ձեռք բերել այդ շինության նկատմամբ սեփականության իրավունք:

23. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:

24. 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել վճռաբեկ բողոքը` հիմքերի բացակայության պատճառով ճանաչելով այն անընդունելի:

25. Այդ որոշումներից հետո համապատասխան մարմինները վարույթ են հարուցել դիմումատուի դեմ` հայցելով չեղարկել շինության և հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքի` դատարանի կողմից թույլատրված գրանցումը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Քաղաքացիական օրենսգիրք

 

26. 168-րդ հոդվածով սահմանվում է, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը պետական սեփականություն է: Քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:

27. 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Տվյալ ժամանակահատվածում 178-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում էր, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող էր ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (187-րդ հոդված): Տվյալ ժամանակահատվածում 178-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում էր, որ տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են ՔԴՕ-ով:

28. 187-րդ հոդվածով սահմանվում է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

29. 188-րդ հոդվածով սահմանվում է, որ ինքնակամ կառույց է համարվում օրենքով [և այլ իրավական ակտերով] սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության [կամ թույլտվությամբ սահմանված պայմանների] կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված [կամ վերակառուցված] շենքը, շինությունը, այլ կառույցը կամ այլ անշարժ գույքը: Ինքնակամ կառույց կառուցած անձը ձեռք չի բերում դրա նկատմամբ սեփականության իրավունք: Նա չունի որևէ իրավունք այդ կառույցը տնօրինելու, այդ թվում` վաճառելու, նվիրելու, վարձակալության տալու կամ դրա նկատմամբ այլ պայմանագրեր կնքելու մասով: Դատարանը կարող է ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:

 

Բ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

 

30. 37-րդ հոդվածով սահմանվում է, որ դատախազն իրավասու է հարուցելու [և հարուցում է] պետության գույքային շահերի պաշտպանության հայց:

31. 186-188-րդ հոդվածներով սահմանվում է գույքը տիրազուրկ ճանաչելու համար հատուկ վարույթ հարուցելու կարգը: Դիմումատուից պահանջվում է ներկայացնել գույքն իր տիրապետման տակ գտնվելու մասին ապացույց, իսկ դատարանը, գտնելով, որ գույքը տիրազուրկ է կամ որ սեփականատերն առանց սեփականության իրավունքը պահպանելու մտադրության թողել է այն, կայացնում է վճիռ` գույքը տիրազուրկ ճանաչելու կամ տիրապետող անձի սեփականությանը հանձնելու մասին:

32. Տվյալ ժամանակահատվածում 207-րդ հոդվածով սահմանվում էր, որ առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել այդ վճիռը հրապարակվելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

33. 2008 թվականի հունվարի 1-ին կատարված փոփոխություններից հետո 207-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: 207-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ առաջին ատյանի դատարանի` [գործն ըստ էության լուծող]` օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

 

Գ. Հողային օրենսգիրք (ընդունված 2001 թվականի մայիսի 2-ին և ուժի մեջ մտած 2001 թվականի հունիսի 15-ին)

 

34. 61-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական հողերի օտարման համար լիազորված սուբյեկտը Երևանի քաղաքապետն է:

35. 118-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ մինչև սույն օրենսգրքի ընդունումը հողամասերի նկատմամբ մշտական և ժամանակավոր օգտագործման իրավունք ունեցող անձինք ձեռք են բերում տվյալ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներով: Տվյալ ժամանակահատվածում 118-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում էր, որ, inter alia, 118-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, հողամասերի վարձակալներն իրենց ցանկությամբ [հողամասերի նկատմամբ] կարող են ձեռք բերել սեփականության իրավունք` հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելու պայմանով: Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է [սույն կետով] նախատեսված կադաստրային արժեքի վճարի անդորրագիրը:

 

Դ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» [ՀՀ] օրենք

 

36. 6-րդ հոդվածով սահմանվում է, որ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները դրանց գրանցման մասին համարվում են տեղեկացված` անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

37. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ բողոքարկման ժամկետի վերականգնմամբ և 2001 թվականի հունիսի 8-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետագա բեկանմամբ խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որոնք այնքանով, որքանով վերաբերելի են, շարադրված են հետևյալ բովանդակությամբ`

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետ

 

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

 

Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված

 

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթներն, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում, ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

 

Ա. Ընդունելիությունը

 

38. Դատարանը նշում է, որ այս բողոքներն ակնհայտ անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով: Այն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Այդ պատճառով դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

 

39. Դիմումատուն պնդել է, որ վարույթ ընդունելով Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի տեղակալի կողմից` սահմանված ժամկետներից ուշ ներկայացված վերաքննիչ բողոքները և, հետևաբար, բեկանելով 2001 թվականի հունիսի 8-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը և իրեն զրկել է իր գույքից, մասնավորապես, շինությունից և հողամասից: Ե՛վ Երևանի քաղաքապետարանը, և՛ Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեն], որոնք այդ վճռի հիման վրա գրանցել են նրա իրավունքներն իր գույքի նկատմամբ, համարվում են պետական մարմիններ: Բոլոր այն տարիների ընթացքում, երբ նա համարվել է գույքի սեփականատեր, պարբերաբար վճարել է գույքահարկ: Առնվազն մեկ դեպք է գրանցվել, մասնավորապես, 2008 թվականի հուլիսի 29-ին, երբ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կատարել է նրա հողամասի սահմանների ճշգրտում: Կառավարությունը պնդել է, որ Երևանի քաղաքապետարանը 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին տեղեկացել է Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանման 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով, բայց իրականում Երևանի քաղաքապետարանը դիմումատուի սեփականության իրավունքի մասին ավելի վաղ է իրազեկված եղել:

40. Ամեն դեպքում, քանի որ քաղաքապետարանը պետության անունից գործող պետական մարմին է, հարցը, որի մասով ակնկալվում է պատասխան, այն է, թե արդյո՞ք պետությունը տեղեկացված է եղել 2001 թվականի հունիսի 8-ին կայացված վճռի մասին, քանի որ պետությունը քաղաքացիական իրավունքի սուբյեկտ է, և տարբեր պետական մարմինների կողմից իրականացվող բոլոր գործողությունները, ինչպես օրինակ` այդ վճռի կայացումը, նրա իրավունքների գրանցումը, հարկերի գանձումը և հողամասի չափագրումը, իրականացվել են պետության անունից: Հետևաբար, այն պնդումը, որ քաղաքապետարանը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել այդ վճռի մասին, անհիմն է: Ավելին, Կառավարության այն պնդումը, որ վճռի շրջադարձ է կատարվել նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիման վրա, մոլորեցնող է, քանի որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կիրառել է ոչ թե ՔԴՕ-ի 207-րդ հոդվածի 7-րդ մասը, այլ 207-րդ հոդվածի 5-րդ մասը, որով հատկապես պաշտպանվում են երրորդ անձանց շահերը: Ամեն դեպքում, նրանց այն փաստարկը, որ նյութական իրավունքի խախտմամբ հիմնավորվում է գործն 8 տարի անց վերսկսելու հանգամանքը, չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին: Ի վերջո, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը հանգեցրել է ոչ արդարացված միջամտության գույքի նկատմամբ դիմումատուի իրավունքներին` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ: Ինչ վերաբերում է դատավարական իրավունքի ենթադրյալ խախտմանը, ապա Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ազատ է եղել քաղաքապետարանին` իր սեփական միջնորդության հիման վրա, որպես կողմ ներգրավելու հարցում, և այն փաստը, որ այն այդպես չի գործել, չպետք է բացասական հետևանքներ առաջացներ նրա համար և հանգեցներ նրա օգտին կայացված վճիռն 8 տարի անց բեկանելուն:

 

բ) Կառավարությունը

 

41. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել, քանի որ Վերաքննիչ դատարանը բավարար հիմքեր է ունեցել վարույթ ընդունելու գլխավոր դատախազի տեղակալի և Երևանի քաղաքապետի կողմից` սահմանված ժամկետների բաց թողնմամբ ներկայացված վերաքննիչ բողոքները: Ներպետական օրենսդրության համաձայն` հողը, որը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ համայնքի սեփականությունը չէ, պատկանում է պետությանը, և Երևանի քաղաքապետին է վերապահված Երևանում հող հատկացնելու իրավասությունը: Այսպիսով, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր էր Երևանի քաղաքապետին ներգրավելու որպես դատավարության կողմ, քանի որ վեճի առարկան եղել է պետության գույքը և առնչվել է պետության սեփականության իրավունքին, սակայն այն այդպես չի գործել: Գլխավոր դատախազի տեղակալը նույնպես իրավասու էր բողոքարկելու սույն վճիռը, քանի որ Սահմանադրությամբ նրան վերապահված է այն դեպքերում գործելու իրավասություն, երբ վտանգված են պետության շահերը: Վերաքննիչ դատարանը նրանց` բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջով միջնորդությունները համարել է հիմնավոր, քանի որ երկու մարմիններն էլ 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին տեղեկացել են Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանման 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով և ՔԴՕ-ի 207-րդ հոդվածի ուժով իրավասու էին այն բողոքարկելու երեք ամսվա ընթացքում: ՈՒստի, վարույթ ընդունելով նրանց` սահմանված ժամկետներից ուշ ներկայացված վերաքննիչ բողոքները և ի վերջո բեկանելով 2001 թվականի հունիսի 8-ի վճիռը` Վերաքննիչ դատարանը փորձել է ուղղել այն հիմնարար դատավարական սխալը, որով խաթարվել էր արդարադատության բուն էությունը:

42. Ավելին, թույլ է տրվել նաև նյութական իրավունքի հիմնարար խախտում, որը Վերաքննիչ դատարանը փորձել է ուղղել, քանի որ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ էր թույլ տվել իր կողմից համապատասխան ներպետական դրույթների մեկնաբանության և կիրառման մեջ: Մասնավորապես, համայնքի առաջին ատյանի դատարանը կիրառել էր ՔՕ-ի 178-րդ և 187-րդ հոդվածները, որոնք սույն գործում կիրառելի չէին, քանի որ հողամասը պատկանում էր պետությանը և հետևաբար տիրազուրկ չէր, մինչդեռ դատարանը հաշվի չի առել ՔՕ-ի 188-րդ հոդվածի պահանջները, որոնք կանխում են սեփականության իրավունքի ճանաչումն այն ինքնակամ կառույցի նկատմամբ, որը կառուցված է այն հողամասի վրա, որը չի պատկանում այն կառուցած անձին: Այսպիսով, իրավական որոշակիության սկզբունքի խախտում տեղի չի ունեցել: Նույն հիմքերով, թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված` գույքից անարգել օգտվելու դիմումատուի իրավունքին չարդարացված միջամտություն տեղի չի ունեցել:

43. Ինչ վերաբերում է դիմումատուի այն փաստարկներին, որ պետության անունից գործող քաղաքապետարանը տեղեկացված է եղել 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին, ապա, առաջին հերթին, գույքահարկը գանձվում է համայնքների, այլ ոչ թե` Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկրորդ, սահմանների ճշգրտումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրված պետական փակ բաժնետիրական ընկերության աշխատակցի և ոչ թե ինքնին քաղաքապետարանի կողմից: Երրորդ, Հայաստանում բոլոր վճիռները կայացվում են պետության անունից, բայց դա չի նշանակում, որ պետության անունից գործող բոլոր պետական մարմինները իրազեկված են բոլոր նման վճիռների մասին, եթե նրանք հատուկ չեն ծանուցվել դրանց մասով: Վերջապես, Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեն] դիմումատուի սեփականության իրավունքը գրանցելիս, պարտավոր չէր ex officio ստուգել նրա կողմից ներկայացված վճռի օրինականությունը: Հետևաբար, սեփականության իրավունքի գրանցումը չէր կարող համարվել ապացույց առ այն, որ Երևանի քաղաքապետարանը վճռի մասին տեղեկացված է եղել:

 

2. Դատարանի գնահատականը

 

44. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատարանում արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով հայտարարվում է, որ ի թիվս այլ հարցերի, իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Brumarescu v. Romania [GC]], թիվ 28342/95, §61, ՄԻԵԴ 1999-VII): Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` վճիռների վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքով ընդգծվում է, որ գործը պարզապես կրկին լսելու և նոր որոշում կայացնելու հնարավորություն ստանալու նպատակով` որևէ կողմ իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր կատարման ենթակա վճռի վերանայում: Ավելի բարձր ատյանի դատարանների կողմից գործի վերանայման լիազորությունը պետք է իրականացվի` դատական սխալները և ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու, այլ ոչ թե նոր քննություն անցկացնելու նպատակով: Վերանայումը չպետք է դիտարկել որպես քողարկված բողոք, և հարցի վերաբերյալ պարզապես երկու տեսակետների առկայության հնարավորությունը չի կարող հիմք հանդիսանալ կրկնակի քննություն անցկացնելու համար: Այդ սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն առկա է էական և պարտադիր բնույթի հանգամանքներից ելնելով (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի [Ryabykh v. Russia], թիվ 52854/99, §52, ՄԻԵԴ 2003-IX):

45. Սույն գործում Դատարանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի կողմից` սահմանված ժամկետների բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելով, Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ՔԴՕ-ի 207-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունի սահմանված ժամկետներից ուշ բերված վերաքննիչ բողոք բերելու դատարանի այդ ակտի դեմ այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել է կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Այն որոշել է ընդունել Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի փաստարկները` վիճարկելով, որ նրանք միայն 2009 թվականի փետրվարին են տեղեկացել 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին, և որոշել է քննության առնել 2009 թվականի մայիսին նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները, (տե՛ս 21-րդ պարբերությունը), ինչն ի վերջո հանգեցրել է գործի նոր քննության և հօգուտ դիմումատուի կայացված օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման (տե՛ս 22-րդ պարբերությունը):

46. Այսպիսով, սույն գործը կապված է ոչ թե վերջնական և պարտադիր կատարման ենթակա վճռի` լրացուցիչ բողոքի միջոցով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հետ (տե՛ս, օրինակ, Տրիգուբենկոն ընդդեմ Ուկրանիայի [Trgubenko v. Ukraine], թիվ 61333/00, §§34-38, 2004 թվականի նոյեմբերի 2 և Պրավեդնայան ընդդեմ Ռուսաստանի [Pravednaya v. Russia], թիվ 69529/01, §§27-34, 2004 թվականի նոյեմբերի 18), այլ զգալի ժամանակահատված բաց թողնելուց հետո վարույթն այն հիմքով վերսկսելու հետ, որ տուժող կողմը տեղեկացված չի եղել դրա մասին, ինչն, ըստ էության, համարժեք է սովորական բողոքարկման ժամկետի վերականգնմանը: Դատարանը նախկինում նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել իրավական որոշակիության սկզբունքը մի շարք նման դեպքերում, երբ այս հիմնարար սկզբունքը խաթարվել է նման ընթացակարգային մեխանիզմների կիրառմամբ, ինչպիսին է օրինակ` սովորական բողոքարկման ժամկետի երկարաձգումը կամ վերականգնումը (տե՛ս, Պոնոմարյովն ընդդեմ Ուկրանիայի [Ponomaryov v. Ukraine], թիվ 3236/03, §§41-42, 2008 թվականի ապրիլի 3 և Բեզռուկովն ընդդեմ Ռուսաստանի [Bezrukovy v. Russia], թիվ 34616/02, §§33-44, 2012 թվականի մայիսի 10): Դատարանը դա ճանաչել և հիմնավոր է համարել այնպիսի դեպքերի համար, երբ մի շարք անդամ պետությունների իրավական համակարգերով նախատեսվում է դատավարական ժամկետների վերականգնման հնարավորություն, եթե առկա են այդպես գործելու հիմնավոր պատճառներ: Միևնույն ժամանակ, եթե սովորական բողոքարկման ընթացակարգի համար նախատեսված ժամկետը վերականգնվել է զգալի ժամանակահատված անցնելուց հետո և այնպիսի հիմքերով, որոնք հատկապես համոզիչ չեն թվում, ապա այդպիսի որոշումը կարող է խախտել իրավական որոշակիության սկզբունքը: Մինչդեռ սովորական բողոքարկման ժամկետի վերականգնումը կամ երկարաձգումը սկզբնապես թողնված են ներպետական դատարանների հայեցողությանը, որպիսի հայեցողությունն անսահմանափակ չէ: Դատարաններից յուրաքանչյուր դեպքում պահանջվում է նշել իրենց կողմից կայացված որոշման հիմքերը, ինչպես նաև ստուգել` արդյո՞ք բողոքարկման ժամկետի վերականգնման հիմքերը կարող են արդարացնել res judicata սկզբունքին կատարվող միջամտությունը, հատկապես, երբ ներպետական օրենսդրությունը թե՛ ժամանակի, թե՛ ժամկետների վերականգնման հիմքերի առումով չի սահմանափակում դատարանների հայեցողությունը (տե՛ս Պոնոմարյովի գործը` վերևում հիշատակված և Բեզռուկովի գործը` վերևում հիշատակված): Եթե այս առնչությամբ ներպետական օրենսդրությամբ որևէ արգելող բնույթի սահմանափակում չի նախատեսվում, ապա վերջնական վճռի դեմ բողոքարկման ժամկետի վերականգնումը չարաշահելու վերաբերյալ ենթադրությունը պահանջում է Դատարանի կողմից խիստ վերահսկողություն իրականացնել: Դրա խնդիրն է գնահատել իր տրամադրության տակ գտնվող` տվյալ գործի հատուկ հանգամանքները և համապատասխան ներպետական կանոնակարգերն իրականում կիրառելու եղանակը (տե՛ս նույն տեղում, §35):

47. Դատարանը նշում է, որ Հայաստանի օրենսդրությունը, մասնավորապես, ՔԴՕ-ի 207-րդ հոդվածի 5-րդ մասը, որը կիրառվել է սույն գործով, սահմանված ժամկետներից ուշ վերաքննիչ բողոք բերելու համար, սահմանում է քսան տարի ժամկետ, մինչդեռ սույն գործում իրականում անցել է մոտավորապես ութ տարի, որը Դատարանի կարծիքով առանձնապես երկար ժամանակահատված է, ինչը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Ինչ վերաբերում է սահմանված ժամկետներից ուշ ներկայացված վերաքննիչ բողոքներին, ապա, ինչպես արդեն վերը նշվել է, Վերաքննիչ դատարանը ղեկավարվել է երրորդ անձանց շահերի պաշտպանությամբ. այս դեպքում պետությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին և Գլխավոր դատախազությանը, որոնց իրավունքներին առնչվել է վերջնական վճիռը: Դատարանը նախկինում գտել է, որ երրորդ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը իրավաչափ դիտարկում է, որով կարող է արդարացվել վերջնական և պարտադիր կատարման ենթակա վճռի բեկանումը: Այն, մասնավորապես, գտել է, որ եղել է «լուրջ թերություն» և արդարացրել վարույթի վերսկսումն այն դեպքում, երբ վիճարկվող վճիռներն առնչվել են այն անձի իրավունքներին ու օրինական շահերին, որն, ինչպես սույն գործում է, հանդես չի եկել որպես տվյալ վարույթի կողմ (տե՛ս, Պրոտսենկոն ընդդեմ Ռուսաստանի [Protsenko v. Russia], թիվ 13151/04, §§29-34, 2008 թվականի հուլիսի 31) կամ որը չի կարողացել արդյունավետ մասնակցություն ունենալ դրանում (տե՛ս, Տիշկևիչն ընդդեմ Ռուսաստանի [Tishkevich v. Russia], թիվ 2202/05, §§25-27, 2008 թվականի դեկտեմբերի 4, և Տոլստոբրովն ընդդեմ Ռուսաստանի [Tolstobrov v. Russia], թիվ 11612/05, §§18-20, 2010 թվականի մարտի 4): Դատարանը հիմքեր չունի կասկածելու, որ քննարկվող վարույթում պետության չներկայացված իրավասություններին, ինչպես մեկնաբանել է Վերաքննիչ դատարանը, առնչվել է հօգուտ դիմումատուի կայացված վերջնական վճիռը, ինչը չի վիճարկվել դիմումատուի կողմից: Այն ընդունում է, որ այդ հիմքով վարույթի վերսկսումն, ըստ էության, իրավաչափ դիտարկում է` հիմնավորելով իրավական որոշակիության սկզբունքից կատարվող շեղումը:

48. Մյուս կողմից, Դատարանը համոզված չէ, թե սույն գործով ինչպես է իրականում կիրառվել համապատասխան ներպետական դրույթը: Այն նշում է, որ դիմումատուն թե՛ ներպետական դատարաններում, թե՛ Դատարանում վիճարկել է հակառակ կողմի ներկայացրած փաստարկներն` այդքան ուշ բերված վերաքննիչ բողոքները և իրենց պնդումների բովանդակությունն հիմնավորելու նպատակով և պնդելու, որ այդ վերաքննիչ բողոքները համապատասխանել են ՔԴՕ-ի 207-րդ հոդված 5-րդ մասի պահանջներին: Նա վիճարկել է, մասնավորապես, այն պնդումը, որ պետության անունից գործող մարմինները 2001 թվականի հունիսի 8-ի վճռի և դրա հետևանքների մասին տեղեկացել են միայն գրեթե ութ տարի անց: Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկները: Դատարանը համարում է, որ նման հարցերին անդրադառնալը` ներկայացված ապացույցների ուսումնասիրությունը և գնահատումը, ինչպես նաև այդ փաստի հաստատումը ներպետական դատարանների, հատկապես Վերաքննիչ դատարանի գործառույթն է: Այն, այնուամենայնիվ, նշում է, որ պարզվել է, որ Վերաքննիչ դատարանն այս հարցով որևէ ուսումնասիրություն չի կատարել և այս առնչությամբ դիմումատուի փաստարկներին չի անդրադարձել` չնայած դրա հակասական և վիճարկելի բնույթին և այն հանգամանքին, թե ինչն է վտանգվում: [Վերաքննիչ] դատարանը որևէ հիմնավորում չի ներկայացրել քաղաքապետի և գլխավոր դատախազի տեղակալի փաստարկների ընդունման վերաբերյալ և վճիռը վերջնական դառնալուց գրեթե ութ տարի անց նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ իր կողմից կայացված որոշման մասով, և ամբողջությամբ վերցրած դրա պատճառաբանությունը համարվում է զուտ եզրահանգում այն մասին, որ այդ փաստարկները «եղել են հիմնավորված» (տե՛ս 21-րդ պարբերությունը):

49. Ավելին, Վերաքննիչ դատարանը ոչ միայն իր որոշման համար որևէ հիմնավորում չի ներկայացրել, այլ, պարզվել է, որ ուշադրություն չի դարձրել մի շարք որոշիչ հանգամանքների և կատարել է ակնհայտ սխալ հայտարարություններ: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, նշել է, որ քաղաքապետարանը պնդել է, որ 2001 թվականի հունիսի 8-ի վճռի առկայության մասին պարզել է Հայաստանի [Հանրապետության] դատական դեպարտամենտի 2009 թվականի փետրվարի 6-ի նամակի միջոցով, մինչդեռ քաղաքապետարանը վիճարկել է բոլորովին այլ հանգամանք, մասնավորապես այն, որ այդ վճռի մասին տեղեկացել է Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանման 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով և, ավելին, իր վերաքննիչ բողոքի մեջ նշել է, որ Հայաստանի [Հանրապետության] դատական դեպարտամենտի 2009 թվականի փետրվարի 6-ի նամակին կից ներկայացված է եղել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ վճռի պատճենը, որը որևէ առնչություն չի ունեցել դիմումատուի գործին (տե՛ս 19-րդ պարբերությունը): Վերաքննիչ դատարանն այնուհետև չի անդրադարձել գլխավոր դատախազի տեղակալի այն պնդմանը, որ այն 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին տեղեկացել է քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով` չնայած այն հանգամանքին, որ դա ուղղակիորեն հակասում է քաղաքապետի` այդ վճռի մասին միայն 2009 թվականի մարտի 18-ին տեղեկանալու փաստարկին (տե՛ս 18-րդ և 19-րդ պարբերությունները): Ի վերջո, այն որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, թե համապատասխան մարմինները երբ «պետք է տեղեկացված լինեին» 2001 թվականի հունիսի 8-ի վճռի կայացման մասին, ինչը ՔԴՕ-ի 207-րդ հոդվածի 5-րդ մասում ընդգրկված պայմաններից մեկն է, որը կարող էր դիտվել որպես այդ հոդվածով երաշխավորված որևէ իրավունքի չարաշահման դեմ կարևոր լրացուցիչ երաշխիք:

50. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը, այն է` այդպիսի զգալի ժամանակահատված անցնելուց հետո` սահմանված ժամկետների բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքների վարույթ ընդունումը հիմնավորող բավարար հիմքերի առկայությունը ստուգելը, չի կատարել նման լուրջ հարցի հանգամանալից ուսումնասիրություն և, հետևաբար, դիմումատուի շահերի և պատշաճ արդարադատություն ապահովելու անհրաժեշտության միջև չի ապահովել արդարացի հավասարակշռություն, որն ընդգրկում է երրորդ անձանց շահերը: Այն համարում է, որ իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկը` իրավական որոշակիության սկզբունքը, չափազանց կարևոր է նման մեծ ժամանակահատված անցնելուց հետո` վտանգված հակադարձ շահերի այդպիսի մակերեսային ուսումնասիրության հիման վրա ձախողելու համար:

51. Ելնելով վերոնշյալից` Դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը, վարույթ ընդունելով Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի տեղակալի կողմից սահմանված ժամկետներից ուշ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքները, հիմնավոր և համոզիչ պատճառաբանություն չի ներկայացրել և, այդպիսով, խախտել է իրավական որոշակիության սկզբունքը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ:

52. Վերադառնալով թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին` Դատարանը նշում է, որ 2001 թվականի հունիսի 8-ի վերջնական վճռով ճանաչվել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը: Ավելին, [վճռով] ճանաչվել է հողամասի նկատմամբ դիմումատուի օգտագործման իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել նրա վարձակալության իրավունքի ճանաչման համար և, վերջապես, դիմումատուին դրա սեփականատերը դառնալու իրավունք է շնորհվել, որից նա օգտվել է 2003 թվականի մայիսի 22-ին: Այդ վճռի հետագա բեկանմամբ դիմումատուն զրկվել է այդ գույքից, որը հանգեցրել է միջամտության նրա` գույքի նկատմամբ ունեցած իրավունքներին, ինչը երաշխավորված է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով (տե՛ս վերը հիշատակված Բրումարեսկոյի գործը, §§70 և 74): Քանի որ Դատարանն արդեն գտել է, որ վերջնական վճիռը վերանայվել է իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ և հանրության շահերի ու դիմումատուի իրավունքների պաշտպանության միջև չի ապահովվել արդարացի հավասարակշռություն, դրանից հետևում է, որ այդ առնչությամբ նաև տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս, mutatis mutandis, Մարգուշինն ընդդեմ Ռուսաստանի [Margushin v. Russia], թիվ 11989/03, §40, 2010 թվականի ապրիլի 1, և Բեզռուկովի գործը` վերևում հիշատակված, §45):

53. Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

54. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ ներգրավված Բարձր պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը տուժած կողմին անհրաժեշտության դեպքում արդարացի փոխհատուցում է տրամադրում»:

 

Ա. Վնասը

 

55. Դիմումատուն նյութական վնասի համար պահանջել է 92,000 եվրո, որն այն գույքի շուկայական արժեքն է, որից նա զրկվել էր բեկանման արդյունքում: Ի հիմնավորումն այդ պահանջի` նա ներկայացրել է այն անշարժ գույքի գնահատման գործակալության ուղարկած նամակը, որն այցելել և իրականացրել էր գույքի մոտավոր գնահատում` գույքի շուկայական արժեքը 2004 թվականի մարտի 21-ի դրությամբ սահմանելու նպատակով: Դիմումատուն այնուհետև 2,000 եվրո է պահանջել` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

56. Կառավարությունը պնդել է, որ նշված նյութական վնասի և ենթադրյալ խախտման միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ: Ամեն դեպքում, ներպետական օրենսդրության համաձայն` ցանկացած անշարժ գույքի գնահատման համար իրավական հիմք է ծառայում հաճախորդի և գնահատման գործակալության միջև կնքված պայմանագիրը, մինչդեռ դիմումատուն այդպիսի պայմանագրի պատճեն չի ներկայացրել: Ավելին, օրենքով պահանջվել է, որպեսզի անշարժ գույքի ցանկացած գնահատման արդյունք գրավոր ձևակերպվի փաստաթղթում, մասնավորապես` գնահատման արձանագրության մեջ: Միևնույն ժամանակ, նամակի ստորին մասում դիմումատուն նշել է, որ իր նամակը գնահատման արձանագրություն չէ և ունի խորհրդատվական բնույթ: Դա ուղղակիորեն հակասում է ներպետական օրենսդրությանը, և կասկածներ է առաջացնում դրա ճշգրտության ու արժանահավատության վերաբերյալ: Ինչ վերաբերում է դիմումատուի կրած ոչ նյութական վնասի պահանջին, ապա այն պետք է մերժվի, քանի որ դիմումատուն այն չի հիմնավորել և քանի որ այդ դեպքում նույնպես որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ:

57. Սույն գործի հանգամանքներում Դատարանը համարում է, որ այնքանով, որքանով խոսքը վերաբերում է վնասների հատուցմանը, 41-րդ հոդվածի կիրառման հարցի վերաբերյալ հնարավոր չէ որոշում կայացնել: Այդ հարցի քննությունը պետք է, համապատասխանաբար, հետաձգվի և հետագա ընթացակարգ սահմանվի` հաշվի առնելով ցանկացած համաձայնություն, որը կարող է ձեռք բերվել Կառավարության և դիմումատուի միջև (Դատարանի կանոնակարգի 75-րդ կանոնի 1-ին և 4-րդ կետեր):

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

58. Դիմումատուն ծախսերի և ծախքերի հատուցման պահանջ չի ներկայացրել: Համապատասխանաբար, Դատարանն այդ մասով որևէ հատուցում չի սահմանում:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է` իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման և գույքից անարգել օգտվելու իրավունքի հետ կապված բողոքները ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

4. Վճռում է, որ այնքանով, որքանով խոսքը վերաբերում է վնասների հատուցմանը, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման հարցի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնել դեռ հնարավոր չէ և, համապատասխանաբար.

ա) հետաձգում է նշված հարցի քննությունը.

բ) հրավիրում է Կառավարությանն ու դիմումատուին, վճռի վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ներկայացնել դիմումատուին փոխհատուցվելիք վնասի չափի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները և, մասնավորապես, Դատարանին ծանուցել ձեռք բերված ցանկացած համաձայնության մասին.

գ) հետաձգում է հետագա ընթացակարգը և Պալատի նախագահին պատվիրակում է, անհրաժեշտության դեպքում, նույնը սահմանելու լիազորությամբ:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի մարտի 31-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Անդրե Ուամպաշ Միրյանա Լազարովա Տրայկովսկա
Քարտուղարի տեղակալ Նախագահ
  

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
31.03.2016
N 62356/09
Վճիռ