Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԵՂԻՆԱԿԱ ...

 

 

020.1428.231018

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 23 հոկտեմբերի 2018 թ.

 

i

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ` ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Ավանեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված` Հեղինակային և հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հեղինակային և հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվայում` հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի վրա և հեղինակային ու հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

i

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից` Ազգային ժողովի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի ԱԺՈ-132-Ն որոշմամբ վավերացված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 89-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները համագործակցում են այդ պետությունների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում հեղինակային և հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգն այն դեպքերում, երբ հեղինակների, կատարողների, հնչյունագրեր պատրաստողների (արտադրողների) և հեղինակային և(կամ) հարակից իրավունքների այլ իրավատերերի կողմից հեղինակային և(կամ) հարակից իրավունքների գործնականում իրականացումն անհատական կարգով դժվարացված է, կամ երբ անդամ պետությունների օրենսդրությամբ թույլատրվում է այդ իրավունքների օբյեկտների օգտագործումը առանց իրավատերերի համաձայնության, սակայն վարձատրության վճարմամբ (հոդվ. 1, կետ 1):

3. Համաձայնագրով անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող` հեղինակային և(կամ) հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման ոլորտներում անդամ պետությունները նախատեսում են իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ստեղծման հնարավորություն (հոդվ. 1, կետ 2):

Համաձայնագրով այդ կազմակերպությունների լիազորությունների իրականացման համար հիմք է հանդիսանում իրավունքների կառավարման լիազորությունների փոխանցման պայմանագիրը, որը գրավոր կնքվում է այդ կազմակերպությունների կողմից` իրավատիրոջ հետ, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ` բացառությամբ Համաձայնագրի 1-ին հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի (հոդվ. 1, կետ 3):

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Կազմակերպությանը վերապահվում են լիազորություններ իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման և վարձատրության հավաքման համար` ինչպես ի շահ այն իրավատերերի, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ ի շահ այն իրավատերերի, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից, ապա ՀՀ օրենսդրությունը նախատեսում է նման Կազմակերպության գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար լիազորությունների վերապահում համապատասխան պետական մարմնին (այսուհետ` լիազորված մարմին) (հոդվ. 1, կետ 5),

- ապահովել, որ այդ Կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվի հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության (խտրականության բացառման) սկզբունքներին համապատասխան (հոդվ. 2, կետ 1),

- ապահովել, որ Կազմակերպության կազմակերպաիրավական ձևը և իրավական կարգավիճակը, դրան համապատասխան լիազորություններ վերապահելու առանձնահատկությունները, Կազմակերպության գործառույթները, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Համաձայնագրով չկարգավորված այլ հարցեր լուծելու կարգը սահմանվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (հոդվ. 2, կետ 2),

- ապահովել, որ Կազմակերպությունն իրականացնի հեղինակային և(կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համար հավաքված վարձատրության բաշխում իրավատերերի միջև և նրանց վճարի նշված վարձատրությունը (հոդվ. 3, կետ 2),

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել Կազմակերպության կողմից` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը լրանալուց հետո չվճարված միջոցների պահպանման, ինչպես նաև չպահանջված վարձատրության գումարի օգտագործման կարգը (հոդվ. 3, կետ 4),

- ապահովել, որ Կազմակերպությունը կատարի Համաձայնագրի 4 և 5-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները (հոդվածներ 4 և 5),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվի պատասխանատվություն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների համար, ինչպես նաև ձեռնարկվի անհրաժեշտ միջոցներ` ուղղված այդ պատասխանատվությունը սահմանող օրենսդրության նորմերի ներդաշնակեցմանը (հոդվ. 6),

- ապահովել, որ Կազմակերպությունն իրավատերերի հետ փոխգործակցելիս առաջնորդվի Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներով:

i

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են նպաստելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում հեղինակային և հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի զարգացմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

i

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրացումը նպատակաուղղված է նաև նպաստելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված` մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության իրականացմանն ու ամրապնդմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված` Հեղինակային և հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1428

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 25 հոկտեմբերի 2018 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.10.2018
N ՍԴՈ-1428
Որոշում