Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Ե ...

 

 

020.1429.231018

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 23 հոկտեմբերի 2018 թ.

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) անդամ պետություններում կեղծված (նմանակված) ապրանքների ապօրինի շրջանառության կանխման և կանխարգելման, նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականության իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների օրինական շրջանառության ապահովման նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) համաձայնվել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ Միության շրջանակներում սահմանվեն ապրանքների դրոշմավորում,

2) ապահովել, որ ապրանքները դրոշմավորվեն դրանց և (կամ) դրանց փաթեթի վրա նույնականացման միջոցներ կամ նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչներ զետեղելու եղանակով,

3) ապահովել, որ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվի նույնականացման միջոցների միասնական ռեեստր,

4) ապահովել, որ ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից արգելվեն դրոշմավորման ենթակա` չդրոշմավորված ապրանքների պահպանումը, փոխադրումը, ձեռքբերումն ու իրացումը (վաճառքը) Հայաստանի Հանրապետության տարածքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

5) ապահովել, որ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դրոշմավորումն իրականացվի նախքան այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նախքան այդ ապրանքներն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելը,

6) ապահովել, որ ապրանքների դրոշմավորումը դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվի նախքան դրանք փոխադրելը և (կամ) իրացման (վաճառքի) համար առաջարկելը,

7) ապահովել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ծանուցվի Հայաստանի Հանրապետության տարածքում այն ապրանքների դրոշմավորում սահմանելու մտադրությունների մասին, որոնք Միության շրջանակներում ենթակա չեն դրոշմավորման, ինչպես նաև ներկայացվեն տեղեկություններ այդպիսի ապրանքների և, եթե հնարավոր է, նույնականացման միջոցների վերաբերյալ, ապրանքների վրա դրանց զետեղման եղանակների և ապրանքների դրոշմավորում սահմանելու ամսաթվի վերաբերյալ,

8) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մարմինները Հայաստանի Հանրապետության հսկողություն իրականացնող և (կամ) իրավապահ այլ մարմինների հետ միասին ապահովեն դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

9) Համաձայնագրի կատարման նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն, անդրսահմանային առևտրի ժամանակ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններն սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց հասանելի դարձնելու համար ապահովել տեղեկատվական փոխգործակցություն Հայաստանի Հանրապետության և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև` ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի շրջանակներում,

10) դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ պատասխանատվություն նախատեսել Համաձայնագրով սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

i

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1429

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 25 հոկտեմբերի 2018 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.10.2018
N ՍԴՈ-1429
Որոշում