Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 44...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 44-ՐԴ, 45-ՐԴ, 4 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0018/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0018/11/17

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Պետրոսյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ դիմող Սամվել Սուրենի Ղազարյանի ներկայացուցիչ Կարինե Գասպարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սամվել Ղազարյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 17808214 քրեական գործը:

Նախաքննական մարմնի` 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Քնարիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ս.Ղազարյանի ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բերած բողոքը Երևան քաղաքի դատախազի`2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է:

2. 2017 թվականի հունվարի 30-ին դիմող Ս.Ղազարյանը և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ դիմող Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բողոքն ըստ ընդդատության ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ դիմող Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բողոքը մերժվել է:

3. Ներկայացուցիչ Կ.Գասպարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ս.Ղազարյանի ներկայացուցիչ Կ.Գասպարյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել շահագրգիռ անձ Ք.Խաչատրյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը` խնդրելով մերժել բողոքը` պատճառաբանելով, որ ստորադաս դատարանների որոշումներն օրինական են և հիմնավոր:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշման համաձայն` «(...) Թեև բողոքաբերը դատարանում ընթերցեց իրենց կողմից ներկայացված բողոքն ամբողջությամբ, սակայն Դատարանը չի անդրադառնում բողոքում բարձրացված հարցերին ըստ էության, քանի որ ինչպես դատախազը, այնպես էլ շահագրգիռ անձ Ք.Խաչատրյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը դատարանին միջնորդեցին բողոքը մերժել այն պատճառաբանությամբ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չէր կարող Ս.Ղազարյանի և նրա փաստաբան Կ.Գասպարյանի ներկայացրած բողոքն ուղարկել ըստ ընդդատության, քանի որ նման դատավարական կարգ նախատեսված չէ, որի հետ դատարանն ըստ էության համամիտ է: Նման պայմաններում դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալու բողոքի հիմքերին և հիմնավորումներին:

(...) Օրենսգրքի 44-51-րդ հոդվածներում ընդգրկված նորմերն ուղղակիորեն կանոնակարգում են քրեական գործերի ընդդատության վերաբերյալ հարցերը և դրանցում չկա որևէ կանոնակարգում, որը հնարավորություն կտար այդ նորմերի պահանջները տարածել նաև քրեական դատավարության կարգով լուծվող այլ հարցերի վրա: Ինչն օրենսդրական բացի արդյունք չէ, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում բողոքների, միջնորդությունների ընդդատությունը փոխելու կարգ:

(...) Օրենսգիրքը բողոքների քննարկման վերաբերյալ, դրանք բավարարելուց և մերժելուց զատ, այլ որոշման կայացման հնարավորություն չի նախատեսում, այդ թվում ընդդատությունը փոխելու, ուստի դատարանը գտնում է, որ սույն դեպքում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել դատավարական կարգի խախտմամբ բողոք, որն այդ հիմքով ենթակա է մերժման:

Դատարանը փաստում է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հետ, ըստ էության, համամիտ չէր նաև բողոքաբերի ներկայացուցիչը, քանի որ նրա կարծիքով իրենք բողոքը ճիշտ են ուղարկել Կենտրոնի դատարան, որովհետև վերջին որոշումը դատախազի կողմից կայացված, կայացվել է Կենտրոն դատարանի ընդդատության տակ գտնվող դատախազության կողմից և իրենք բողոքարկել են նրանց որոշումը: (...) Ինքը համաձայն չէ, Կենտրոնի դատարանի որոշման հետ այնքանով, որ այդ դատարանը պետք է քններ բողոքն ըստ էության: Այսինքն դատախազի բողոքը կարող էր քննվել այդ տարածքում, հաշվի առնելով, որ տվյալ դատախազության տարածքը գտնվում է Կենտրոնի դատարանի տարածքում:

(...)

Դատարանը նաև փաստում է, որ պատշաճ կարգով կրկին ներկայացված լինելու դեպքում, եթե պահպանված լինեն բողոքարկման դատավարական կարգը, բողոքի հիմքերին, պայմաններին և ժամկետներին ներկայացված պահանջները, դատարանը կարող է ըստ էության անդրադառնալ և քննարկել բողոքը, այսինքն` սույն որոշումը, ինքնին խոչընդոտ չէ բողոքաբերի համար նույն բողոքը պատշաճ կարգով (...) ներկայացնելու դեպքում ըստ էության քննության առնելու համար: (...)» (1):

 

--------------------

1) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 76-87:

 

6. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է Դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-45 հոդվածներում ընդգրկված նորմերն ուղղակիորեն կանոնակարգում են քրեական գործերի ընդդատության վերաբերյալ հարցերը և դրանցում չկա որևէ կանոնակարգում, որը հնարավորություն կտար այդ նորմերի պահանջները տարածել նաև քրեական դատավարության կարգով լուծվող այլ հարցերի վրա, այսինքն օրենսդիրը դատարանին չի լիազորել բողոքն իրեն ընդդատյա չլինելու դեպքում այն ուղարկել ըստ ընդդատության:

(...) Գնահատելով և ուսումնասիրելով գործի նյութերը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը մերժելով դիմողի և նրա ներկայացուցչի բողոքը հանգել է ճիշտ եզրահանգման, քանի որ վերջիններս չեն պահպանել բողոքարկման դատավարական կարգը, այն է` բողոք են ներկայացրել այն դատարանին, որին ընդդատյա չի եղել այն, իսկ տվյալ դատարանն էլ չունենալով դրա լիազորությունը` բողոքն ուղարկել է ըստ ընդդատության (...)» (2):

 

--------------------

2) Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 55-62:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով Առաջին ատյանի դատարանը, եզրահանգելով, թե բողոքը ներկայացվել է սխալ ընդդատությամբ, իսկ Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ թողնելով այդ որոշումը, թույլ են տվել դատական սխալ:

7.1. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգով ներկայացված բողոքն ըստ ընդդատության ուղարկելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այսպես` բողոք բերած անձը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում, երբ բողոքարկվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը, ընդհանուր իրավասության դատարանները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-51-րդ հոդվածներով, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, ներկայացված բողոքն ուղարկում են ըստ ընդդատության: Մինչդեռ սույն գործով Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ մեկ այլ դատարանի կողմից բողոքն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումն իրավաչափ չէ, հրաժարվել է այն քննության առնելուց` պատճառաբանելով, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ բողոքն ըստ ընդդատության ուղարկելու ընթացակարգ, ուստի այն ենթակա չէ քննության` սխալ ընդդատությամբ ներկայացված լինելու հիմքով: Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի կողմից իր բողոքը ձևական նկատառումներով քննության չառնելու արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքը:

7.2. Անդրադառնալով քննիչի և դատախազի որոշումների իրավաչափության հարցին` բողոք բերած անձը նշել է, որ ձեռք բերված ապացույցներն օբյեկտիվ գնահատման չեն ենթարկվել, ինչի արդյունքում կայացված որոշումներով խախտվել են դիմող Ս.Ղազարյանի իրավունքներն ու ազատությունները:

8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնելով նախաքննական մարմնի որոշումը, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել դիմող Ս.Ղազարյանի իրավունքների և ազատությունների խախտումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստացված գործերի (նյութերի) ընդդատության որոշման կարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

 

I. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստացված գործը (նյութերը) ըստ տարածքային ընդդատության ուղարկելը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի ներկայացրած բողոքը չէր կարող ըստ ընդդատության ուղարկվել Առաջին ատյանի դատարան:

11. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` «Առաջին ատյանի դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի համաձայն` «Քրեական վերաքննիչ դատարանին ընդդատյա են առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության»:

12. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» հասկացությունը մեկնաբանելիս նշել է, որ այն երկրներում, որտեղ օրենքը կոդիֆիկացված է, դատական համակարգի կազմակերպումը չի կարող թողնվել դատական մարմինների հայեցողությանը, սակայն դա չի նշանակում, որ դատարաններն օժտված չեն համապատասխան ազգային օրենսդրությունը մեկնաբանելու որոշակի ազատությամբ (3):

 

--------------------

3) Տե՛ս Եվրոպական դատարանի` Giorgiladze v. Georgia գործով 2009 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 4313/03, 69-րդ, Coeme and others v. Belgium գործով 2000 թվականի հունիսի 22-ի վճիռը, գանգատներ թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, 98-րդ կետ, Savino and Others v. Italy գործով 2009 թվականի ապրիլի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 17214/05, 20329/05 և 42113/04, 94-րդ կետ:

 

Միևնույն ժամանակ, դատական մատչելիության իրավունքի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա (4):

-------------------

4) Տե՛ս Եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

 

13. ՀՀ Սահմանադրական դատարանը դատական մատչելիության իրավունքի կապակցությամբ նշել է, որ ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (5):

---------------------

5) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումը, 7-րդ կետ:

 

14. Դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա» (6):

 

--------------------

6) Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

15. Սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը: Հետևաբար դատարանի մատչելիության իրավունքի իրացմանն առնչվող դատավարական կարգավորումները դատարանների կողմից պետք է ճկուն մեկնաբանման ենթարկվեն` ելնելով դատարանի մատչելիության իրավունքի գերակայությունից` քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային առանձնահատկությունների նկատմամբ:

15.1 Դատական մատչելիության իրավունքի հետ անմիջականորեն առնչվում է նաև գործերի պատշաճ ընդդատության հարցը, որի վերաբերյալ ընդհանուր բնույթի կարգավորումները նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ գլխում: Վերջինս թեև կրում է «Քրեական գործերի ընդդատությունը» վերտառությունը, սակայն դրանում ներառված կարգավորումների, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գլխում զետեղված են նաև քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության, ինչպես նաև քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրականացման` առաջին ատյանի դատարանների իրավազորության վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարաններում գործերի ընդդատության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` 6-րդ գլխում նախատեսված ընդհանուր բնույթի կարգավորումները ենթակա են ճկուն մեկնաբանության և կիրառելի են ոչ միայն քրեական գործերի, այլ նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստացված դատական գործերի նկատմամբ: Այլ կերպ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ առաջին ատյանի դատարանն ըստ ընդդատության կարող է ուղարկել ոչ միայն իրեն ոչ ընդդատյա քրեական գործը, այլ նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստացված ցանկացած այլ դատական գործ:

Վերոնշյալ մոտեցումը բխում է ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի մեկնաբանությունից, այնպես էլ արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի իրացման անհրաժեշտությունից: Մասնավորապես, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստացված գործն ըստ ընդդատության չուղարկելու և այն մերժելու պարագայում կարող է առաջանալ իրական վտանգ առ այն, որ իրավական պաշտպանություն հայցող անձը բաց կթողնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի մեկ այլ դատարան նոր բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը, ինչի արդյունքում կվտանգվի անձի արդար դատաքննության իրավունքը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից տարածքային ընդդատության կարգով ստացված` Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բողոքի հիմքերին և հիմնավորումներին` նշելով, որ բողոքն ըստ ընդդատության ուղարկելու կարգ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ օրենսգիրքը բողոքների քննարկման արդյունքում, դրանք բավարարելուց և մերժելուց զատ, այլ որոշում կայացնելու հնարավորություն չի նախատեսում, այդ թվում` ընդդատությունը փոխելու, ուստի գտել է, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել դատավարական կարգի խախտմամբ բողոք, որն այդ հիմքով ենթակա է մերժման: Միևնույն ժամանակ դատարանը փաստել է, որ պատշաճ կարգով բողոքը կրկին ներկայացնելու դեպքում, եթե պահպանված լինեն բողոքարկման դատավարական կարգը, բողոքի հիմքերին, պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջները, ապա իրավասու դատարանը կարող է ըստ էության քննարկել այն (7):

 

--------------------

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս ևս դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-45-րդ հոդվածներում ընդգրկված նորմերն ուղղակիորեն կանոնակարգում են քրեական գործերի ընդդատության վերաբերյալ հարցերը և դրանցում չկա որևէ կանոնակարգում, որը հնարավորություն կտար այդ նորմերի պահանջները տարածելու նաև քրեական դատավարության կարգով լուծվող այլ հարցերի վրա: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ օրենսդիրը դատարանին չի լիազորել բողոքն իրեն ընդդատյա չլինելու դեպքում այն ուղարկել ըստ ընդդատության (8):

--------------------

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով ստացված գործն (նյութերը) ըստ ընդդատության ուղարկելու անհնարինության վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր չեն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործերով ընդդատության հետ կապված հարցերը լուծելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը պետք է մեկնաբանել քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ գլխով նախատեսված` ընդդատության ընդհանուր կարգավորումների հաշվառմամբ, որպիսի պարագայում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստացված գործը կարող է ուղարկվել ըստ պատշաճ տարածքային ընդդատության:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածում, ի թիվս քրեական գործերի, օրենսդիրը մատնանշել է նաև քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերը (նյութերը), քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստացված դատական գործերը քննելու Առաջին ատյանի դատարանի իրավազորությունը, ինչպես նաև վերջինիս շրջանակներում կայացվող դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից վերանայելու իրավազորությունը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ դիրքորոշումը բխում է ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած կարգավորումներից, այլ նաև դատական մատչելիության իրավունքի գերակայությունից:

Մինչդեռ սույն գործով Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ դիմող Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ. Գասպարյանի բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ գլխում սահմանված կանոնների կիրառմամբ ըստ պատշաճ տարածքային ընդդատության չէր կարող ուղարկվել, ըստ էության գնահատման է ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր ստանձնելու մեկ այլ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման իրավաչափությունը վերանայող դատական ատյանի դեր, այլ գտնելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, պետք է քննարկման առարկա դարձներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված դատավարական կարգի կիրառման հարցը:

17.1. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, թե բողոքը պատշաճ կարգով կրկին ներկայացված լինելու դեպքում, եթե պահպանված լինեն բողոքարկման դատավարական կարգը, բողոքի հիմքերին, պայմաններին և ժամկետներին ներկայացված պահանջները, ապա իրավասու դատարանը կարող է ըստ էության անդրադառնալ և քննարկել այն, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 15.1-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքը մերժելու պարագայում չի կարող պատշաճ կերպով երաշխավորվել դիմողի և նրա ներկայացուցչի` արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ս. Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ. Գասպարյանի ներկայացրած բողոքը չէր կարող ըստ ընդդատության ուղարկվել Առաջին ատյանի դատարան, հիմնավոր չեն:

 

II. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում համապատասխան իրավասու դատարան բողոք ներկայացնելը.

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ դիմող Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բողոքն ընդդատյա չէ իրեն:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան (...)»:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի մասին ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-844 որոշմամբ նշել է. «Հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումները և գործողությունները դատարան բողոքարկելու` անձանց (քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց) իրավունքը կարող է իրացվել հետևյալ նախապայմանների դեպքում.

- եթե խախտվել են այդ անձանց իրավունքները և օրինական շահերը,

- եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)» (9):

--------------------

i

9) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվական դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշումը, 8-րդ կետ:

 

20. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկման ենթակա որոշումների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն Ա.Մողրովյանի վերաբերյալ գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն» (10):

--------------------

10) Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Արևիկ Մողրովյանի գործով 2010 թվական փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշումը, 15-րդ կետ:

 

21. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրելու համար: Որպես իրավական պաշտպանության միջոց` դրա շրջանակներում ստուգվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) օրինականությունը, որի արդյունքում դատախազը կա՛մ արձանագրում է վիճարկվող որոշման (գործողության) իրավաչափության փաստը, կա՛մ հերքում այն: Այսինքն` դատախազական հսկողության կառուցակարգի սպառման արդյունքում կայացվող որոշումը հիմնվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) վրա:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազական հսկողության շրջանակներում կայացված որոշումն ինքնին չի կարող հանդիսանալ բողոքարկման առարկա` առանց անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) օրինականության ստուգման: ՈՒստի դրա իրավաչափությունը կարող է դատական ստուգման ենթարկվել նախաքննական մարմնի որոշման (գործողության) օրինականության ստուգման հետ մեկտեղ` նույն վարույթի շրջանակներում, որի արդյունքում կայացված որոշման հասցեատեր են դառնում ինչպես քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը (վիճարկվող որոշումը վերացնելիս, ինչպես նաև դատարանի կողմից արձանագրված` խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման նկատմամբ հսկողություն իրականացնելիս), այնպես էլ նախաքննությունն իրականացրած մարմինը (դատարանի կողմից արձանագրված` խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելիս) (11):

 

--------------------

11) Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Մասիս Բաղիրյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ԵՄԴ/0004/11/16 որոշումը, 12-րդ կետ:

 

Նման պայմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոք ներկայացնելիս համապատասխան իրավասու դատարանը որոշելու հարցում պետք է ելակետ ընդունվի ոչ թե հսկողություն իրականացնող դատախազի, այլ դիմողի իրավունքներին ու օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշում կայացրած մարմնի գտնվելու վայրը: Այլ կերպ` «վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայր» պետք է դիտարկվի այն դատական տարածքը, որտեղ գտնվում է դիմողի իրավունքներին և օրինական շահերին առնչվող, համապատասխան որոշում կայացրած կամ գործողություն կատարած մարմինը:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության չառնելով ներկայացված բողոքը, համաձայնել է դիմողի ներկայացուցիչ Կ.Գասպարյանի` դատական նիստի ընթացքում հայտնած այն դիրքորոշմանը, թե համամիտ չեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` բողոքն ըստ ընդդատության Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու որոշման հետ, քանի որ իրենց կողմից բողոքարկվող դատախազի որոշումը կայացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում գտնվող դատախազության կողմից (12):

 

--------------------

12) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

23. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-21-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ դիմողի իրավունքների և օրինական շահերի նկատմամբ անմիջական միջամտություն է իրականացվել ոչ թե Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, այլ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի ապրիլի 28-ին կայացված` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշմամբ, որի օրինականության ստուգման հետ մեկտեղ` միևնույն վարույթի շրջանակներում միայն կարող էր քննարկվել դատախազի որոշման իրավաչափությունը:

Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոք ներկայացնելիս համապատասխան իրավասու դատարանը որոշելու հարցում պետք է ելակետ ընդունվեր ոչ թե հսկողություն իրականացնող դատախազի, այլ դիմողի իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ անմիջականորեն միջամտող որոշում կայացրած` ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի գտնվելու վայրը, ինչն ընդգրկված է եղել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ դիմող Ս.Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բողոքն ընդդատյա չէ իրեն, հիմնավոր չեն:

24. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի հաշվառմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու հիմք է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով ներկայացված բողոքը, պետք է նաև անդրադառնա բողոքաբերի` սույն որոշման 7.2-րդ կետում նշված փաստարկին, քանի որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է դրա կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Սամվել Սուրենի Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Կ.Գասպարյանի բողոքի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ԵԿԴ/0018/11/17
Որոշում