Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 136-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՇԴ/0130/06/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ/0130/06/17

Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Պետրոսյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարապետ Գևորգի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ մեղադրյալ Կ. Հարությունյանի պաշտպան Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հուլիսի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18107117 քրեական գործը: 2017 թվականի հուլիսի 10-ին Կարապետ Գևորգի Հարությունյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ Կ.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշումը և գործն ուղարկել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Կ.Հարությունյանի պաշտպան Ա.Դավթյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Կ. Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2017 թվականի հուլիսի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 217/631 տնակի հարևանությամբ հանդիպել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 155-րդ շենքի 37-րդ բնակարանի բնակիչ Սամվել Սմբատի Հովհաննիսյանին, նախորդ օրը վերջինիս քրոջ և իր միջև վիճաբանության առիթով տեղի ունեցած վեճի հանգամանքների շուրջ պարզաբանումներ կատարելու, որի ընթացքում ծագել է վիճաբանություն և Սամվել Հովհաննիսյանին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Սամվել Հովհաննիսյանին` պատճառել կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած, թափանցող վերքի, հեմոպնևմոթորաքսի, տրավմատիկ շոկի ձևով մարմնական վնասվածք:» (տե՛ս նյութեր, թերթ 20):

6. Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, նշել է. «(...) Դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Կարապետ Գևորգի Հարությունյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարմանը:

Քննարկելով քննիչի այն պնդումը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, ապա դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե մեղսագրվող արարքը ինչ ծանրության աստիճանի է, քննիչի ենթադրությունը, որը չի հիմնավորվում գործով ձեռք բերված նյութերից, ապացույցներից կամ այլ փաստական տվյալներից, չի կարող դրվել Կ.Հարությունյանի կալանավորման հիմքում: Դատարանը նաև հիմնազուրկ է համարում քննիչի այն պատճառաբանությունը, թե մեղադրյալը դեպքի վայրից դիմել է փախուստի, կամավոր չի ներկայացել ոստիկանություն և հաջորդ օրը բերման է ենթարկվել, քանի որ մինչ միջնորդության քննարկումը, ձերբակալման 72 ժամը լրացած լինելու հիմքով, մեղադրյալ Կ.Հարությունյանը, ազատ արձակվելով դատական նիստերի դահլիճում, փախուստի փորձ չի կատարել:

Ինչ վերաբերում է քննիչի այն պնդմանը, որ մեղադրյալը հնարավոր է անօրինական ազդեցություն գործադրի քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, ապա դատարանը գտնում է, որ ըստ սույն միջնորդությանը կից ներկայացված` կասկածյալի հարցաքննության և ձերբակալման արձանագրությունների` Կ.Հարությունյանը հայտնել է իրեն մերկացնող տեղեկություններ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ չկա որևէ ողջամիտ ենթադրություն ապագայում այլ բովանդակության ցուցմունքներ տալու նպատակի մասին, առավել ևս ցուցմունքներ փոխելու փոխպայմանավորվածություն ձեռք բերելու մասին, ինչպիսի նպատակի մասին քննիչը գործի նյութերից բխող լրացուցիչ այլ փաստական հանգամանքներ չներկայացրեց, ինչն էլ իր հերթին դատարանին հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հավանական գործողության մտավախությունը ևս հիմնազուրկ է:

Ինչ վերաբերում է դեպքի նախորդ օրը տեղի ունեցած վիճաբանության պատճառով հետագայում վիճաբանությունը շարունակելու մտավախությանը, ապա ըստ սույն միջնորդությանը կից ներկայացված նյութերի` այդ վիճաբանությունը տեղի է ունեցել ոչ թե տուժողի, այլ նրա քրոջ հետ, և նախահարձակը եղել է տուժողի քույրը, հետևաբար հիմնազուրկ է նաև այդ պատճառաբանությունը: (...)» (տե՛ս նյութեր, թերթ 34):

7. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է. «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր պահանջելու լիազորությունը դատավորի կողմից չի կարող իրականացվել կամայականորեն, այլ պետք է նպատակ հետապնդի ապահովելու անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության լիարժեք քննությունը: Նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության մեջ նշված հանգամանքների և փաստարկների վերաբերյալ դատավորը պետք է պահանջի լրացուցիչ նյութեր, եթե այդպիսիք չեն ներկայացվել միջնորդությանը կից:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հակառակ մոտեցման պայմաններում (...) անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների դատական քննությունը կկրի ձևական բնույթ, իսկ դատարանը զրկված կլինի միջնորդությունը լիարժեք քննելու հնարավորությունից:

(...)

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ եթե անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության մեջ նշված` մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բնութագրող հանգամանքների և փաստարկների վերաբերյալ նյութեր կցված չլինեն միջնորդությանը և դատավորը չպահանջի լրացուցիչ նյութեր, ապա դատարանը զրկված կլինի մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու, ինչպես նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնելու հնարավորությունից:

Նույն կերպ վերադաս դատական ատյանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննության արդյունքում դատարանի կայացրած որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս զրկված կլինի մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու և այդ կապակցությամբ բողոքաբերի փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից, ինչի արդյունքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմնավորվածության պահանջներին:

Վերը նշված եզրահանգումների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ մեղադրյալ Կարապետ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննիչի միջնորդության մեջ նշված են եղել մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բնութագրող մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Սամվել Հովհաննիսյանին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ Կարապետ Հարությունյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրան և պատճառել կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած, թափանցող վերքի, հեմոպնևմոթորաքսի, տրավմատիկ շոկի ձևով մարմնական վնասվածք:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում (...) առկա չեն եղել տվյալներ այն մասին, որ Կարապետ Հարությունյանը Սամվել Հովհաննիսյանին հարվածել է իր մոտ եղած դանակով, ինչպես նաև առկա չեն տվյալներ Սամվել Հովհաննիսյանի ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ:

Ինչպես երևում է դատական նիստի արձանագրությունից, Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Կարապետ Հարությունյանին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բնութագրող վերոգրյալ հանգամանքների վերաբերյալ Քննիչից չի պահանջել լրացուցիչ նյութեր, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը զրկված է եղել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու, ինչպես նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնելու հնարավորությունից: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում նաև այն, որ Քննիչի միջնորդության մեջ նշված է եղել, որ միջադեպին ականատես է եղել նաև Մարիամ Պետրոսյանի որդի Կարենը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը չի պարզել վերջինի հարցաքննված լինելու հանգամանքը և որպես լրացուցիչ նյութ` չի պահանջել նրա հարցաքննության արձանագրությունը, այլ բավարարվել է միայն միջադեպի վերաբերյալ մեղադրյալ Կարապետ Հարությունյանի և վերջինի ընկեր Արթուր Մոլեգյանի ցուցմունքներով:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը ևս զրկված է մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու և այդ կապակցությամբ (...) դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկներն ըստ էության քննարկելու հնարավորությունից:

(...)

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն: Այդ խախտումն իր բնույթով էական է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է կայացած դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: (...)» (տե՛ս նյութեր, թերթ 91-92):

8. Նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության կապակցությամբ դատարան են ներկայացվել հետևյալ նյութերը.

- քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը,

- Ս.Հովհաննիսյանին տուժող ճանաչելու մասին որոշումը,

- Կ.Հարությունյանի ձերբակալման արձանագրությունը,

- Ա.Մոլեգյանի որպես վկա հարցաքննության արձանագրությունը,

- Կ.Հարությունյանի որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը,

- Կ.Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը,

- Կ.Հարությունյանի որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությունը (տե՛ս նյութեր, թերթ 2-21):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև խախտել է Վճռաբեկ դատարանի` Ա.Ճուղուրյանի և Վ.Գևորգյանի վերաբերյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետևության այն հարցի կապակցությամբ, որ չնայած հանցավոր արարքի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությանը, ներկայացված նյութերով չի հիմնավորվել քննիչի ենթադրությունն այն մասին, որ Կ.Հարությունյանը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Մասնավորապես` քննիչն իր միջնորդությամբ հայտնել է, որ մեղադրյալը դեպքի վայրից դիմել է փախուստի, մեղայականով չի ներկայացել ոստիկանություն և դեպքի հաջորդ օրը բերման է ենթարկվել, բայց դատարանն այդ փաստարկներն իրավամբ համարել է որպես սոսկ քննիչի ենթադրություններ, քանի որ դրանք չեն հիմնավորվել գործում առկա ապացույցներով: Առաջին ատյանի դատարանը նաև առարկայազուրկ է համարել քննիչի այն դատողությունը, որ մեղադրյալը հնարավոր է անօրինական ազդեցություն գործադրի քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, քանի որ Կ.Հարությունյանի որպես կասկածյալ հարցաքննության և ձերբակալման արձանագրություններում վերջինս հայտնել է իրեն մերկացնող տեղեկություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ չկա որևէ ողջամիտ ենթադրություն` ապագայում այլ բովանդակության ցուցմունքներ տալու մեղադրյալի նպատակի մասին, հետևաբար իրավացիորեն եզրահանգել է, որ քննիչի այդ մտավախությունը ևս հիմնազուրկ է:

Բողոքաբերը փաստել է նաև, որ իր պաշտպանյալը, ավելի քան հինգ ամիս ազատության մեջ մնալով, որևէ անօրինական գործողություն չի կատարել և չի դրսևորել բացասական վարքագիծ, հետևաբար Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացնելով, խաթարել է արդարադատության բուն էությունը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդության քննության արդյունքում կայացված որոշման վերաքննիչ վերանայման սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Լրացուցիչ նյութեր պահանջելու իրավասությունը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նախաքննության մարմնից լրացուցիչ նյութեր չպահանջելով, զրկել է իրեն մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու, ինչպես նաև օրինական և հիմնավորված որոշում կայացնելու հնարավորությունից:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Դատարանը քննում է (...) անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը» վերնագրված 285-րդ հոդվածի համաձայն`

«(...)

4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:

5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին:

(...)»:

ՀՀ Վճռաբեկ դատարանը Գ.Գալստյանի վերաբերյալ գործով որոշմամբ, քննարկման առարկա դարձնելով մեջբերված նորմերը, անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները քննելիս դատարանի կողմից լրացուցիչ նյութեր պահանջելու լիազորության վերաբերյալ ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը, ըստ որի` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածով կարգավորվում է դատավարական հարկադրանքի միջոցներից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարաձգելու նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը: Մասնավորապես, հիշյալ կառուցակարգի շրջանակներում դատարանը միջնորդության և դրա կապակցությամբ ներկայացված նյութերի քննության արդյունքում կայացնում է այն բավարարելու կամ մերժելու մասին որոշում: Ընդ որում, միջնորդությունը հիմնավորող նյութերի բավարարության հարցը գնահատում է միջնորդությունը քննող դատարանը, որն անհրաժեշտության դեպքում իրավասու է պահանջելու լրացուցիչ նյութեր կամ բացատրություններ: Ընդ որում, լրացուցիչ նյութեր կամ բացատրություններ պահանջելը դատարանի հայեցողական լիազորությունն է (...)» տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի Գևորգ Գալստյանի վերաբերյալ գործով թիվ ՇԴ/0182/06/16 որոշման 14-րդ կետը):

Վ.Գևորգյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:

Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը:

(...) քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը`

ա) պետք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը,

բ) պետք է պարզի կալանավորման մյուս պայմանների առկայությունը,

գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, և միաժամանակ կալանավորման մյուս պայմանները նույնպես առկա են, ապա պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում այն մասին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի հետևությունը ևս պետք է հիմնավորված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով: (...)» (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ և 22-րդ կետերը):

14. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով մեջբերված նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ նախաքննության մարմինը մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացրած միջնորդության հետ պարտավոր է դատարան ներկայացնել առնվազն հետևյալ նյութերը`

ա. անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը հավաստող նյութեր,

բ. քրեական գործ հարուցելու մասին որոշում,

գ. անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում,

դ. մեղադրյալի ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճենը,

ե. մեղադրյալի տարիքը հավաստող փաստաթուղթ` քրեական պատասխանատվության ենթարկելու որոշակի տարիքի հասած լինելու կասկածի դեպքում,

զ. անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորելու համար, այն հաղթահարելու մասին իրավասու մարմնի որոշում,

է. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ նյութեր, ապացույցներ:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմինն է կրում վերը թվարկված նյութերը դատարան ներկայացնելու պարտականությունը, որով վերջինս փորձում է հիմնավորել կալանավորման պայմանների ու հիմքերի առկայությունը: Ընդ որում, նախաքննության մարմինը կրում է ներկայացված նյութերի ամբողջականության, հավաստիության, դրանք կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարարության ռիսկերը: Մինչդեռ դատարանի համար նախաքննության մարմնի կողմից միջնորդության հետ դատարան ներկայացված նյութերից բացի լրացուցիչ նյութեր պահանջելը գտնվում է դատարանի հայեցողական լիազորությունների տիրույթում: (դատարանի հայեցողական լիազորությունների բնույթի մանրամասն վերլուծությունը, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով թիվ ՇԴ/0126/01/12 որոշումը):

Այլ կերպ` մեղադրյալի նկատմամբ կալանավորման որպես խափանման միջոցի ընտրության հարցը քննության է առնվում իրավասու դատարանի կողմից նախնական քննության նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում` ապահովելով կողմերի (մեղադրյալ և նախաքննության մարմին) մրցակցությունը: Իսկ դատարանը` որպես արդարադատություն իրականացնող մարմին, հանդես չի գալիս մեղադրյալի կամ նախաքննության մարմնի կողմում և արտահայտելով բացառապես իրավունքի շահը` լուծում է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը` ներկայացված միջնորդության և այդ միջնորդության կապակցությամբ դատարան ներկայացված նյութերի սահմաններում: Իսկ նյութերի ոչ ամբողջական լինելու և դատարանի կողմից նախաքննության մարմնից հայցված նյութերը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:

 

II. Կայացված որոշումը վերանայելու օբյեկտիվ հնարավորությունը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, սույն գործով լրացուցիչ նյութեր չպահանջելով, սահմանափակել է իր կայացրած որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն`

«1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

(...)

3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և դատարանի որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`

«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:

(...)

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` «(...) Դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով սահմանված կարգով իրականացվում են, ի թիվս այլոց, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու, այդ թվում` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննարկելու արդյունքում կայացված դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը:

17. Հիշյալ հոդվածները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գոռ Դուրյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արձանագրելով` «(...) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայման սահմանները կանխորոշվում են առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաստատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնում օրենքով նախատեսված որոշումներից մեկը` կալանքը վերացնելու և անձին ազատելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս)» (տե՛ս Գ.Դուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 20-րդ կետը):

Գ.Գալստյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վերաքննիչ դատարանը որպես կանոն պարտավոր է հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի կարգով քննության արդյունքում կայացված որոշումը դատական ստուգման ենթարկել այն նյութերում պարունակվող փաստական տվյալների շրջանակներում, որոնք հետազոտվել են ստորադաս դատարանում, և միայն դրանց հիման վրա գնահատական տալ համապատասխան միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությանը: Այլ խոսքով` առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի ստորադաս ատյանի դատարանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Գտնելով, որ դատարանի հետևությունները չեն համապատասխանում նրա տրամադրության տակ եղած նյութերին, կամ վերջիններս բավարար չեն համապատասխան խափանման միջոցի պայմանները և հիմքերը հաստատված գնահատելու համար` վերաքննիչ դատարանը պետք է արձանագրի դատարանի հետևության հիմնավորված չլինելու փաստը` կայացնելով օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասով) նախատեսված համապատասխան որոշումը: (...)» (տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի Գևորգ Գալստյանի վերաբերյալ գործով թիվ ՇԴ/0182/06/16 որոշման 14-րդ կետը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ մերժել է մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը: Դատարանը գտել է, որ ներկայացված նյութերում չնայած և առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարմանը, սակայն նույն ժամանակ դրանցով (ներկայացված նյութերով) չի հիմնավորվում, որ վերջինս, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից և անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա (տե՛ս սույն որոշման 2-րդ, 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, դատախազի վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերը քննարկման առարկա չդարձնելով, վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Իր որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նրանով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն: Ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Կ.Հարությունյանին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բնութագրող հանգամանքների վերաբերյալ քննիչից չի պահանջել լրացուցիչ նյութեր, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը զրկված է եղել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու, ինչպես նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնելու հնարավորությունից, և բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, բավարարվելով իր տրամադրության տակ եղած նյութերով և նախաքննության մարմնից լրացուցիչ նյութեր չպահանջելով, զրկել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և Առաջին ատյանի դատարանի որոշմանն իրավական գնահատական տալու հնարավորությունից (տե՛ս սույն որոշման 2-րդ, 6-րդ կետերը):

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննարկել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և դատարան ներկայացված նյութերի հետազոտմամբ գտել, որ դրանցով չեն հիմնավորվում նախաքննության մարմնի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Կ.Հարությունյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից և անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նյութերի անբավարարության և լրացուցիչ նյութեր պահանջելու անհրաժեշտության պատճառաբանությամբ բեկանելով և նոր քննության ուղարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, վերջինիս վրա դրել է օրենքից չբխող անհամաչափ պարտականություններ, ինչպես նաև դուրս է եկել վերաքննիչ վերանայման սահմաններից:

19.1. Այսպես` Առաջին ատյանի դատարանը, պահպանելով կողմերի մրցակցության իրավունքը նախնական քննության նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում, որոշում է կայացրել մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին: Ընդ որում, այդ հարցի քննության հիմք հանդիսացող միջնորդություն հարուցելու մասին որոշման հետ միասին նախաքննության մարմինն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով սահմանված անհրաժեշտ հիմնական նյութերը: Մասնավորապես, նախաքննության մարմինը կալանավորման պայմանների և հիմքերի առկայության ապացուցման իր պարտականության ապահովման նպատակով դատարան է ներկայացրել քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը, Ս.Հովհաննիսյանին տուժող ճանաչելու մասին որոշումը, Կ.Հարությունյանի ձերբակալման արձանագրությունը, Ա.Մոլեգյանի որպես վկա հարցաքննության արձանագրությունը, Կ.Հարությունյանի որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, Կ.Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, Կ.Հարությունյանի որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությունը:

Այս առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի ներկայացրած նյութերի` ամբողջականության, հավաստիության, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար դրանց բավարարության տեսանկյունից հետազոտելու արդյունքում գտել է, որ դրանք բավարար չեն մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, և այս համատեքստում Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի համար ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերը հիմնավորող լրացուցիչ նյութեր պահանջելու պարտականություն սահմանելը չի բխում մրցակցային դատավարության, դատարանի անաչառության ապահովման հիմնարար սկզբունքներից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանը, ըստ որի` Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պահանջեր լրացուցիչ նյութեր, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այդ լիազորությունը կրում է հայեցողական բնույթ, որը սահմանափակված է քրեական դատավարության մրցակցության սկզբունքով, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության և կից նյութերի ամբողջականության, հավաստիության և դրանց բավարարության ապահովման պատասխանատվությունը կրում է միջնորդություն հարուցած մարմինը:

Հետևաբար հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նախաքննության մարմնից լրացուցիչ նյութեր չպահանջելով, զրկել է իրեն մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն կատարելու, ինչպես նաև օրինական և հիմնավորված որոշում կայացնելու հնարավորությունից:

19.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելիս դուրս է եկել իր դատավարական լիազորությունների սահմաններից:

Այսպես` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկել Առաջին ատյանի դատարանում ներկայացված նյութերի շրջանակներում և արդյունքում կա՛մ հաստատեր վիճարկվող որոշման օրինականությունը, կա՛մ, բավարարելով դատախազի վերաքննիչ բողոքը, բեկաներ որոշումը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելով նախաքննության մարմնի` մեղադրյալ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված բողոքի քննության արդյունքում չի կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումներից մեկը, ուստի դատական ակտի բեկանման և նոր քննության ուղարկման հիմքում դրված Վերաքննիչ դատարանի փաստարկները չեն բխում քրեադատավարական օրենսդրության պահանջներից:

Հետևաբար հիմնավորված չէ նաև Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, սույն գործով լրացուցիչ նյութեր չպահանջելով, սահմանափակել է իր կայացրած որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ, 285-րդ և 288-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, որի ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության պատշաճ քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և կայացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան որոշումներից մեկը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Կարապետ Գևորգի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ՇԴ/0130/06/17
Որոշում