Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 6 նոյեմբերի 2018 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Ռուբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում` երկու պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են արձակուրդն անցկացնելու կամ զբոսաշրջության նպատակով մուտք գործել Կողմերի պետությունների տարածք և մնալ այնտեղ` փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու նպատակով:

2. Համաձայնագիրը երկու պետությունների երիտասարդներին հնարավորություն է ընձեռում կատարելու կարճատև վարձատրվող աշխատանք, որը կօգնի նրանց հոգալու իրենց այցելության ծախսերը, կավելացնի նրանց աշխատանքային փորձը և կբարելավի մյուս Կողմի պետության լեզվի, մշակույթի և հասարակության վերաբերյալ իմացությունները:

Կողմերին տրամադրվող արձակուրդի և աշխատանքի համար մուտքի արտոնագրերի տարեկան քանակը սահմանվում է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակման միջոցով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

  • ՀՀ օրենսդրության համաձայն` Արգենտինայի քաղաքացիներին տրամադրել արձակուրդի և աշխատանքի համար ժամանակավոր, բազմակի մուտքի արտոնագիր, որը վավեր է տրման ամսաթվից երեք (3) ամիս ժամանակահատվածում, և տասներկու (12) ամսվա օրինական կեցության համար` ՀՀ տարածք առաջին անգամ մուտքի օրվանից (այսուհետ` արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագրեր), պայմանով, որ նրանք համապատասխանում են Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված պահանջներին (հոդվ. 1),
  •  թույլ տալ Արգենտինայի քաղաքացիներին, որոնք կրում են վավեր արձակուրդի և աշխատանքի արտոնագիր, ընդունվել աշխատանքի որպես նրանց այցելության ոչ պարտադիր բաղադրիչ` ուղղված ճանապարհորդության ծախսերը հոգալուն և չի հանդիսանա այցելության հիմնական նպատակ (հոդվ. 3),
  • արձակուրդի և աշխատանքի համար վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձանց իրավունք տալ աշխատելու իրենց այցելության տասներկու (12) ամիսներից վեց (6) ամսվա ընթացքում (հոդվ. 4),
  • երաշխավորել, որ հայկական և արգենտինական Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Համաձայնագրի դադարեցումը կամ կասեցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չխոչընդոտի վավերական արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագիր ունեցող անձին մուտք գործել կամ մնալ ՀՀ տարածքում և այնտեղ աշխատել մինչև մուտքի արտոնագրի ժամկետի լրանալը` Համաձայնագրի համաձայն (հոդվ. 12):

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2014 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1433

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 08 նոյեմբերի 2018 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.11.2018
N ՍԴՈ-1433
Որոշում