Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

(ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ)

 

ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՅԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Հայաստանի ապստամբ բանվորների և աշխատավոր գյուղացիների կամքով Հայաստանը 1920 թ. նոյեմբերի 29-ին հայտարարված ե Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:

Ամբողջ իշխանությունը կենտրոնում և տեղերում պատկանում ե բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական խորհուրդներին:

2. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (Հ.Ս.Խ.Հ.) սահմաններում բոլոր աշխատավորները առանց ազգի և դավանանքի խտրության վայելում են հավասար իրավունքներ:

3. Սոցիալիստական կյանքի միակ հիմք ընդունելով աշխատանքը և բոլոր արժեքների ստեղծագործող նկատելով աշխատավորը, աշխատանքը պարտադիր ե հայտարարվում Հ.Ս.Խ.Հ. քաղաքացիների համար, նշանաբան ունենալով` «Ով չի աշխատի - նա չի ուտի»:

4. Հանդիսանալով միջազգային սոցիալիստական հեղափոխության մի հատվածը և կոչումն ունենալով վերջ տալ կապիտալիստական կարգերին ու վերացնել մարդկային աշխատանքի ամեն տեսակ շահագործում - Հ.Ս.Խ.Հ. բանվորների և աշխատավորների իշխանությունը`

ա. Վերացված ե հայտարարում հողի մասնավոր սեփականությունը Հ.Ս.Խ.Հ. սահմաններում, արտագրավում և պետական սեփականություն ե ճանաչում ամբողջ հողը բոլոր ջրերով ու անտառներով, այլ և մասնատիրական ու կրոնական հաստատությունների շարժական ու անշարժ գույքը, և ձրիաբար մշակելու համար տալիս աշխատավորներին, նրանց կոլեկտիվներին ու խորհրդային տնտեսություններին:

բ. Արտագրավում և պետականացնում ե յերկաթուղին, բանկերը և ընդհանրապես խոշոր արտադրության բոլոր միջոցները, այս ամենի կառավարությունն ու շահագործումը վերապահելով խորհրդային որգաններին կամ արտադրական միավորներին:

 

Ծանոթություն - Մասնավոր նախաձեռնության վերապահված շրջանակը վորոշվում

ե ընթացիկ որենսդրությամբ:

 

5. Բանվորների և աշխատավոր գյուղացիների հեղափոխական դիկտատուրայի իրականացման նպատակով`

ա. Իշխանությունը ամբողջովին և բացառապես վերապահվում ե բանվորներին ու գյուղացիներին և նրանց ընտրած մարմիններին.

բ. Շահագործող դասակարգերը զրկվում են ընդհանրապես քաղաքական իրավունքներից և հատկապես քաղաքական պաշտոնակալության իրավունքից:

6. Աշխատավորների քաղաքացիական դաստիարակության, մտավոր բարոյական ազատագրության և դասակարգային կազմակերպության նպատակով`

ա. Յեկեղեցին անջատվում ե պետությունից, վերածվելով հավատացյալների մասնավոր համայնքի, և դպրոցը` յեկեղեցուց: Բոլոր քաղաքացիներին իրավունք ե տրվում ազատորեն վարելու կրոնական և հակակրոնական պրոպագանդ: Դպրոցը դառնում ե սոցիալիստական դաստիարակության որգան` կիրառելով արտադրական աշխատանքը վորպես կրթության միջոց:

բ. Հ.Ս.Խ.Հ. աշխատավորներին իրապես խոսքի ազատություն և մամուլի անկախություն ապահովելու համար նրանց տրամադրվում են նյութական, տեխնիքական և այլ ամեն տեսակ միջոցներ:

գ. Հ.Ս.Խ.Հ. աշխատավորներին իրապես ժողովների, միտինգների, ցույցերի և այլ համախմբումների ազատություն ապահովելու համար նրանց տրամադրվում են ժողովատեղիներ, կահ-կարասիք, լուսավորություն և վառելիք:

դ. Հ.Ս.Խ.Հ. աշխատավորներին իրապես միությունների ազատություն ապահովելու համար բանվոր դասակարգին և գյուղացիության լիապես տրվում են նյութական և այլ տեսակի իրական միջոցներ:

ե. Հ.Ս.Խ.Հ. աշխատավորներին իրապես գիտություն ստանալու գործը ապահովելու համար բանվոր դասակարգին և գյուղացիությանը տրվում են լիակատար, բազմակողմանի և ձրի կրթության բոլոր հնարավորությունները:

7. Պաշտպանելով միջազգային սոցիալիստական հեղափոխության շահերը և բոլոր յերկրների ու ժողովուրդների աշխատավորների համերաշխության գաղափարը`

ա. Հ.Ս.Խ.Հ. սահմաններում ապրող բոլոր ոտարերկրացի աշխատավորներին տրվում ե քաղաքացիության իրավունք:

և բ. Քաղաքական ու կրոնական հալածանքի յենթակա բոլոր օտարերկրացիներին - ապահովություն և պաշտպանություն:

8. Վերացված են համարվում Հայաստանի նախկին կառավարությունների կնքած բոլոր միջազգային դաշինքները, վճռականորեն մերժվում ե վորևէ ազգային-հարձակողական քաղաքականություն հարևան յերկրների ու ժողովուրդների վերաբերմամբ. վերջ ե տրվում գաղտնի դիվանագիտության և հաստատվում ու ամրապնդվում ե հարևանների հետ բարեկամական դրացիություն:

9. Բանվորների և չունևոր գյուղացիների դասակարգային-հեղափոխական դիկտատուրան ապահովելու և արտաքին ու ներքին հակահեղափոխությունից պաշտպանելու նպատակով կազմվում ե Հ.Ս.Խ.Հ. Կարմիր Բանակը, բոլորի համար պարտադիր դարձնելով զինվորական ծառայությունը: Սոցիալիստական հայրենիքը զենքով պաշտպանելու պատվավոր իրավունքն ու կոչումը թողնելով միայն աշխատավորներին` չաշխատող տարրերի վրա դրվում են ռազմական այլ պարտականություններ:

10. Բուրժուական իրավակարգն ու արդարադատությունն արմատախիլ անելու և պրոլետարիատի ու աղքատ գյուղացիության դիկտատուրան սահմանելու և պաշտպանելու համար` վերացվում են հակահեղափոխական նախկին կառավարությունների բոլոր որենքներն ու դատարանները և փոխարենը`

ա. Բանվորա-գյուղացիական իրավունքի աղբյուր ճանաչվում ե խորհրդային որենսդրությունը, սոցիալիստական իրավահայեցողությունը և հեղափոխական խիղճը:

բ. Արդարադատության հիմք ընդունվում ե միասնական ժողովրդական դատարանը` հիմնված աշխատավոր մասսաների դասակարգային կազմակերպությունների վրա, միաժամանակ ճանաչելով արտակարգ արդարադատության անհրաժեշտությունը բանվորա-գյուղացիական հեղափոխության գերագույն շահերի պաշտպանության համար:

11. Բանվորների և աշխատավոր գյուղացիների դասակարգային դիկտատուրան, վոր կոչումն ունի վերջ տալ կապիտալիստական հանրակարգին և հեղափոխական փոխարկմամբ իրականացնել սոցիալիզմը - վերջ ե տալու նայև դասակարգերի գոյության, հետևաբար ամեն տեսակի դիկտատուրայի, այլ և քաղաքական իշխանության, վոր ծնունդ ու արտահայտություն ե դասակարգերի տիրապետության:

 

ՀԱՏՎԱԾ ՅԵՐԿՐՈՐԴ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ԳԼՈՒԽ ՅԵՐԿՐՈՐԴ
Կենտրոնական իշխանություն

 

ա. Հայաստանի Բանվորների, Գյուղացիների յեվ Կարմիր Զինվորների Պատգամավորական Խորհուրդների Համագումար

 

12. Հ.Ս.Խ.Հ. Բարձրագույն իշխանությունը հանդիսանում ե Հայաստանի Բանվորների, Գյուղացիների և Կարմիր Զինվորների Պատգամավորական Խորհուրդների Համագումարը:

13. Հայաստանի Խորհուրդների Համագումարը կազմում են խորհուրդների գավառական համագումարներից ընտրված պատգամավորները, ըստ վորում 5,000 բնակիչ տալիս ե մի ներկայացուցիչ, սակայն համագումարի ամբողջ կազմը լինելու յե վոչ ավելի քան յերեք հարյուր հոգի:

14. Հայաստանի Խորհուրդների հերթական համագումարը հրավիրում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն տարեկան մի անգամ:

15. Հայաստանի Խորհուրդների արտակարգ համագումար հրավիրում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իր անմիջական նախաձեռնությամբ և կամ Հանրապետության ազգաբնակության 1/5-ից վոչ պակաս մասն ընդգրկող վայրերի գավառական խորհուրդների պահանջով:

16. Հայաստանի Խորհուրդների Համագումարը ընտրում ե Հ.Ս.Խ.Հ. Կենտրոնական Գործադիր Կոմիտե վոչ պակաս քան 75 անդամով, վորը և պատասխանատու ու հաշվետու յե Հայաստանի Խորհուրդների Համագումարի առաջ:

 

բ. Կենտրոնական Գործադիր Կոմիտե

 

17. Հայաստանի Խորհուրդների մի համագումարից մինչ մյուսը Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հանդիսանում ե Հ.Ս.Խ.Հ. որենսդիր, կարգադիր և ղեկավար-վերահսկողական բարձրագույն իշխանությունը:

18. Համապետական քաղաքական և սոցիալական հարցերը սահմանավորող դեկրետների ու վորոշումների նախագծերը, այլ և ռազմական ու արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները քննության են առնվում և հաստատվում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյում:

19. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իր նախագահության միջոցով չորս ամիսը մի անգամ հրավիրում ե հերթական նստաշրջանի:

20. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի արտակարգ նստաշրջան հրավիրում ե Նախագահությունը իր անմիջական նախաձեռնությամբ, կամ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի առաջարկությամբ և կամ թե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի անդամների ոչ պակաս քան 1/2-ի պահանջով:

21. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն, հրավիրելով Հայաստանի Խորհուրդների Համագումար, տալիս ե նրան իր գործունեյության հաշիվը, և զեկուցումներ ներկայացնում ընդհանուր քաղաքականության և առանձին հարցերի մասին:

22. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի բոլոր անդամներն աշխատում են կառավարական հիմնարկներում, կատարում են ընդհանրապես խորհրդային պաշտոն կենտրոնում կամ տեղերում:

23. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի անդամներին պատասխանատվության յենթարկել, նրանց մոտ խուզարկություն կատարել և նրանց ձերբակալել կարելի յե միայն Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության կանխական համաձայնությամբ:

24. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն ընտրում ե Նախագահություն և Հանրապետության գործերի ընդհանուր կառավարության համար կազմում Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ:

 

ԳԼՈՒԽ ՅԵՐՐՈՐԴ
Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ

 

25. Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի իրավասության ե յենթակա Հ.Ս.Խ.Հ. գործերի ընդհանուր կառավարությունը և ընթացիկ որենսդրությունը:

26. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը իր իրավասության սահմաններում հրատարակում ե դեկրետներ, վորոշումներ, հրահանգներ և ընդհանրապես ձեռք ե առնում բոլոր անհրաժեշտ միջոցները պետական կյանքի կանոնավոր և արագ ընթացքը ապահովելու համար:

27. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը իր բոլոր վորոշումների և վճիռների մասին անհապաղ տեղեկացնում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահություն:

28. Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի բոլոր այն դեկրետների և վորոշումների նախագծերը, վոր համապետական խոշոր նշանակություն և ընդհանուր քաղաքական կարևորություն ունին - ներկայացվում են Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի քննության և հաստատության:

29. Անհետաձգելի կատարումն պահանջող դեկրետներն ու վորոշումները կարող են ի կատար ածվել Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի կողմից անմիջապես:

30. Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իրավունք ունի բեկանել և առկայել Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի ամեն մի դեկրետ և վորոշում:

31. Հ.Ս.Խ.Հ. Ժողովրդական Կոմիսարիատներն են.

ա. Արտաքին Գործերի

բ. Ներքին Գործերի

գ. Արդարադատության

դ. Ժողովրդական Լուսավորության

ե. Ռազմական

զ. Ժողովրդական Տնտեսության Բարձրագույն Խորհուրդ

է. Հողագործության

ը. Ֆինանսների

թ. Պարենավորման

ժ. Արտաքին Առևտրի

ժա. Սոցիալական Ապահովության

ժբ. Փոստ-Հեռագրական

ժգ. Առողջապահության

ժդ. Բանվորա-Գյուղացիական Տեսչության

ժե. Աշխատանքի և

ժզ. Ճանապարհների Հաղորդակցության

32. Յուրաքանչյուր Ժողովրդական Կոմիսարիատին կից կազմվում ե կոլեգիա, վորի անդամներին հաստատում ե Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը:

33. Ժողովրդական Կոմիսարը իրավասու յե միանձնյա վորոշել հարցերը և գործադրել, իսկ կոլեգիայի տարաձայնության դեպքում վեճը դրվում ե Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի քննության:

34. Ժողովրդական Կոմիսարները և նրանց կոլեգիաները պատասխանատու յեն Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի առաջ, իսկ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը - Հայաստանի Խորհուրդների Համագումարի և Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի:

35. Բացի Հայաստանի Խորհուրդների Համագումարից, Կենտրոնական Գործադիր Կոմիտեյից և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդից - վոչ մի այլ հիմնարկ կամ պաշտոնյա իրավունք չունի որենք հրատարակելու:

36. Յուրաքանչյուր Ժողովրդական Կոմիսար իրավունք ունի վորոշումներ ընդունել և կարգադրություններ անել միայն յուր իրավասության վերապահված հարցերի մասին:

 

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
Հայաստանի Խորհուրդների Համագումարի յեվ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի իրավասությունը

 

37. Հայաստանի Խորհուրդների Համագումարի և Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի իրավասության են յենթարկվում հետևյալ հարցերը:

ա. Սահմանադրության հաստատումն, լրացումն ու փոփոխումը:

բ. Արտաքին և ներքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունը:

գ. Հանրապետության սահմանների վորոշումն ու փոփոխումը, այլ և դրա մասերի, ինչպես և հանրապետության պատկանող իրավունքների ոտարացումը:

դ. Հանրապետության ընդհանուր վարչական բաժանումը:

ե. Չափերի, կշռի և դրամական սիստեմների սահմանումն ու փոփոխումը:

զ. Ոտար պետությունների հետ հարաբերություններ վարելը, պատերազմ հայտարարելն ու խաղաղության դաշինք կնքելը:

է. Փոխառությունների, մաքսի, առևտրի և ֆինանսական համաձայնագրեր կնքելը:

ը. Ժողովրդական տնտեսության և նրա առանձին ճյուղերի հիմունքների ու ընդհանուր ծրագրի սահմանումը:

թ. Բյուջեյի և հարկերի ու տուրքերի սահմանումը:

ժ. Ժողովրդական Կոմիսարների և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի, այլ և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահի նշանակումն ու փոփոխումը:

ժա. Զինված ուժերի կազմակերպության հիմունքների սահմանումը:

ժբ. Համապետական ընդհանուր որենսդրությունը` դատաստանական-քաղաքացիական, քրեական և այլն:

ժգ. Հ.Ս.Խ.Հ. քաղաքացիության իրավունք ձեռք բերելու և այդ իրավունքներից զրկվելու, այլ և ոտարերկրացիների իրավունքների մասին ընդհանուր վորոշումներ հրատարակելը:

ժդ. Ընդհանուր և մասնակի ներումն և

ժե. Ընդանրապես այն բոլոր խնդիրները, վորոնք հիշատակված են ներկա Սահմանադրությամբ և կամ վորոնց լուծումը Հայաստանի Խորհուրդների Համագումարը և Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իրենց իրավասության յենթակա կը ճանաչեն:

38. Հայաստանի Խորհուրդների Համագումարի բացառիկ իրավասության ե պատկանում Սահմանադրության հիմնական սկզբունքների հաստատումը, լրացումը և փոփոխումը:

 

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության իրավասությունը

 

39. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը

ա. Ղեկավարում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի նիստերը:

բ. Նյութեր ե նախապատրաստում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի նիստերի համար:

գ. Վերահսկում ե որենքների կատարումը և Խորհրդային իշխանության հիմնարկների գործունեյությունը:

դ. Լուծումն ե տալիս ինչպես կենտրոնական իշխանության, նույնպես և կենտրոնական ու գավառական իշխանությունների մեջ ծագած վեճերին:

ե. Քննության ե առնում ներումն շնորհելու, կարմիր դրոշակի ռազմանշանով պարգևատրելու, այլ և բարձրագույն կառավարականության կարգով վորոշում պահանջող խնդիրները:

զ. Վճիռ ե տալիս Հանրապետության վարչական և տնտեսական վերաբաժանման նախագծերին:

է. Բեկանում ե Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի վորոշումները և կամ առկայում, նրանց վերջնական լուծումը հանձնելով Կենտրոնական Գործադիր Կոմիտեյին:

ը. Նշանակում և պաշտոնանկ ե անում Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի առաջարկությամբ կամ անմիջականորեն ժողովրդական կոմիսարներին:

և թ. Ընդհանրապես հարաբերվում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի անունից և ի դեպ հարկի ընդունում նրա անունից համապատասխան վորոշումներ:

40. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության կից կազմակերպվում են բյուջետային, իրավաբանական և այլ հանձնաժողովներ, վորոնց կազմի և իրավասության հարցերը վորոշվում են Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի հատուկ հրահանգներով:

41. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունն իր գործունեյության համար հաշվետու յե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի առաջ:

 

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
Տեղական իշխանություն

 

42. Գյուղի և քաղաքի սահմաններում բարձր իշխանություն հանդիսանում ե պատգամավորների խորհուրդը:

43. Պատգամավորների խորհուրդը հրավիրվում ե առնվազն ամիսը մի անգամ համապատասխան գործադիր կոմիտեյի կողմից, իսկ ուր գործադիր կոմիտե չկա նախագահության կամ նախագահի կողմից անմիջականորեն և կամ խորհրդի 1/2-ից ավելի անդամների առաջարկությամբ:

44. Քաղաքի պատգամավորական խորհուրդները կազմվում են 500 բնակչին մեկ պատգամավորի հաշվով, իսկ գյուղականը 100 բնակչին: Քաղաքի պատգամավորական խորհուրդների անդամների թիվը լինելու յե առնվազն 25 և ամենաշատը - 300, իսկ գյուղինը` 3-50:

Ծանոթություն. ա. - Սահմանադրությամբ առանձին պատգամավորական խորհրդի իրավունք ե տրվում Յերևան և Ալեքսանդրապոլ քաղաքներին, իսկ Հ.Ս.Խ.Հ. մյուս քաղաքներին Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի հատուկ որենսդրությամբ:

Ծանոթություն. բ. - 300-ից պակաս բնակչություն ունեցող գյուղերում կառավարական գործերը վճռվում են ընտրողների ընդհանուր ժողովի կողմից անմիջաբար և գործադրվում միանձնյա նախագահի միջոցով:

45. Գավառամասի սահմաններում բարձր իշխանություն հանդիսանում ե պատգամավորների խորհուրդների գավառամասային համագումարը, իսկ մի համագումարից մինչ մյուսը գավառամասային գործադիր կոմիտեն:

46. Գավառամասային գործադիր կոմիտեն ընտրվում ե համապատասխան համագումարի կողմից 3-7 անդամների կազմով:

47. Գավառամասային գործադիր կոմիտեն հաշվետու յե և պատասխանատու պատգամավորների խորհրդի գավառամասային համագումարի առաջ, վորին նա հերթական նիստերի յե հրավիրում տարեկան յերկու անգամ. հարկ յեղած դեպքերում գավառամասային գործադիր կոմիտեն իր անմիջական նախաձեռնությամբ և կամ գավառամասի 1/5-ը կազմող գյուղական խորհուրդների առաջարկությամբ հրավիրում ե արտակարգ համագումար:

48. Պատգամավորների խորհրդի գավառամասային համագումարը կազմվում ե գյուղական խորհուրդների ներկայացուցիչներից, ըստ վորում 500 բնակիչ տալիս ե մի պատգամավոր, բայց նրանց թիվը պետք ե լինի վոչ ավելի, քան 75 հոգի:

49. Գավառի սահմաններում բարձր իշխանություն հանդիսանում ե պատգամավորական Խորհուրդների գավառային համագումարը, իսկ մի համագումարից մինչ մյուսը գավառային գործադիր կոմիտեն:

50. Գավառային գործադիր կոմիտեն ընտրվում ե գավառային համագումարում 7-15 անդամների թվով և հաշվետու յե ու պատասխանատու համագումարի առաջ, վորին և հրավիրում ե հերթական ժողովի տարեկան վոչ պակաս, քան յերկու անգամ, իսկ արտակարգ դեպքերում նաև ավելի անմիջականորեն և կամ քաղաքային խորհուրդների և պատգամավորների խորհուրդների գավառամասային համագումարների պահանջով, յեթե նրանք ընդգրկում են գավառի ազգաբնակչության 1/5-ից ավելին:

51. Պատգամավորների խորհուրդների գավառային համագումարը կազմվում ե խորհուրդների գավառամասային համագումարների և քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներից, ըստ վորում գյուղի 1,000 բնակչից ընտրվում ե մի պատգամավոր, իսկ քաղաքի 200 ընտրողից մի պատգամավոր, սակայն ընդհանուր թվով վոչ ավելի, քան 250 հոգի:

52. Հայաստանի Խորհուրդների Համագումարը, վոր հանդիսանում ե Հ.Ս.Խ.Հ. բարձրագույն իշխանությունը, կազմվում ե խորհուրդների գավառային համագումարների պատգամավորներից, ըստ վորում 5,000 հոգուց ընտրվում ե մի պատգամավոր, սակայն Հայաստանի Համագումարի պատգամավորների ընդհանուր թիվը լինելու յե վոչ ավելի, քան 300 հոգի:

53. Խորհուրդների վերընտրությունը պիտի կատարվի գյուղերում տարեկան յերկու անգամ, իսկ քաղաքներում տարեկան մեկ անգամ, մեջընդթող բարձր գործադիր կոմիտեյին վերապահելով այդ վերընտրությունները կատարել ավելի շուտ:

54. Խորհուրդների մի ժողովից մինչ մյուսը և խորհուրդների մի համագումարից մինչ մյուսը տվյալ յերկրամասի բարձր իշխանությունը հանդիսանում ե համապատասխան գործադիր կոմիտեն, վորը պատասխանատու յե ինչպես իրեն ընտրող խորհրդի, կամ խորհուրդների համագումարի, նույնպես և բարձրադիր գործադիր կոմիտեյի, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի առաջ:

55. Տեղական խորհուրդների, նրանց համագումարների և գործադիր կոմիտեների և այլն գործառնություններն են`

ա. Տվյալ յերկրամասի սահմաններում խորհրդային ամբողջ գործունեյության միացումը:

բ. Զուտ տեղական նշանակություն ունեցող բոլոր խնդիրների ինքնորեն լուծումը:

գ. Համապատասխան յերկրամասը կուլտուրապես և տնտեսապես բարձրացնելու բոլոր միջոցների գործադրությունը:

դ. Խորհրդային իշխանության համապատասխան մարմինների բոլոր վճիռների կենսագործումը և այլն:

56. Խորհրդային իշխանության մարմիններին հանձնարարված խնդիրների լուծման համար խորհուրդներին և գործադիր կոմիտեներին կից կազմակերպվում են համապատասխան բաժանմունքներ վարիչների գլխավորությամբ:

Ծանոթություն. - Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի վորոշմամբ վարիչին կից կարող ե հաստատվել նաև կոլեգիա:

57. Յոդ. 55-ում հիշատակված բաժանմունքներն ու նրանց պաշտոնավարական կարգը սահմանում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հատուկ որենսդրությամբ:

58. Բաժանմունքի վարիչը կարող ե գործադիր կոմիտեյի անդամ չլինել:

Համապատասխան Ժողովրդական Կոմիսարը կարող ե բացարկել գործադիր կոմիտեյի կողմից նշանակված և անմիջապես իրեն յենթակա վարիչին: Տարաձայնության դեպքում հարցը լուծում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը:

59. Բաժանմունքի գործունեյությունը, այլ և կենտրոնական իշխանության կարգադրությունները ճիշտ և ժամանակին կատարելու համար պատասխանատու յեն թե բաժանմունքի վարիչը և թե գործադիր կոմիտեն, վորի վարիչը պարբերաբար զեկույց ու հաշիվ ե ներկայացնում իր գործունեյության մասին:

60. Բաժանմունքի վարիչը իրավազոր ե միանձնյա վճռել բոլոր խնդիրները, տեղեկացնելով այդ մասին կոլեգիային: Վարիչի այս կամ այն վճռին չհամաձայնելու դեպքում կոլեգիան չի առկայում վճռի կատարումը, այլ բողոքարկում ե գործադիր կոմիտեյի առաջ:

61. Բաժանմունքները անմիջապես ստորագիր են տվյալ գործադիր կոմիտեյին և պարտավոր են կատարել ինչպես վերջինիս, նույնպես և ավելի բարձրադիր գործադիր կոմիտեների համապատասխան բաժանմունքի, այլ և պատշաճ Ժողովրդական Կոմիսարների բոլոր հրամաններն ու կարգադրությունները:

62. Յեթե գործադիր կոմիտեյի բաժանմունքը անիրագործելի յե դառնում ավելի բարձրադիր գործադիր կոմիտեյի ու նրա բաժանմունքի և կամ Ժողովրդական Կոմիսարիատի կարգադրությունը, պարտավոր ե անհապաղ տեղեկացնել այդ մասին տվյալ գործադիր կոմիտեյին, վորը սակայն առանց այդ կարգադրության կատարումն առկայելու, իր խորհրդածությունները կարգադրությունը բեկանելու մասին ներկայացնում ե կարգադրությունն անող բարձրադիր գործադիր կոմիտեյին կամ Ժողովրդական Կոմիսարիատին, հայտնելով այդ մասին միաժամանակ նայև Կենտրոնական Գործադիր Կոմիտեյին և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին:

63. Ժողովրդական Կոմիսարիատներն և գործադիր կոմիտեներն ու իրենց բաժանմունքների պատշաճ կարգադրություններն անում են ստորադիր կոմիտեների բաժանմունքներին և հատուկ կարևորություն ունեցող կարգադրությունների մասին միաժամանակ տեղեկացնում են գործադիր կոմիտեյին, վորը հետամուտ ե լինում դրանց ժամանակին և ճիշտ ի կատար ածելուն:

64. Ժողովրդական Կոմիսարիատներն և բարձրադիր գործադիր կոմիտեներն ու իրենց բաժանմունքներն իրավունք ունին անմիջաբար հարաբերվել ստորին գործադիր կոմիտեյի և իր բաժանմունքի հետ, զանց առնելով մեջընդթող ինստանցիաները, պարտավոր լինելով սակայն միաժամանակ տեղեկացնել այդ ինստանցիաները:

65. Գործադիր կոմիտեներն ու նրանց բաժանմունքները հարաբերվում են բարձրագույն գործադիր կոմիտեների ու նրանց բաժանմունքների, նմանապես Ժողովրդական Կոմիսարիատների հետ անմիջականորեն բարձր կանգնած համապատասխան ինստանցիաների միջոցով, սակայն դա նրանց չի զրկում անհրաժեշտության դեպքում ավելի բարձր կանգնած մեջընդթող որգանների հետ անմիջաբար հարաբերվելու իրավունքից:

66. Ժողովրդական Կոմիսարների կարգադրությունները պարտադիր են տեղական գործադիր կոմիտեների համար, իսկ յեթե նրանք այդ կարգադրությունները գտնում են ապորինի կամ աննպատակահարմար, բողոքում են այդ մասին Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին և Կենտրոնական Գործադիր Կոմիտեյին, սակայն առանց դադարեցնելու կարգադրության կատարումը: Տեղական գործադիր կոմիտեները միայն բացառիկ դեպքում կարող են չկատարել այդ կարգադրությունները, այն ել միաձայն վորոշումով և յուրաքանչյուր անդամի անձնական դատական պատասխանատվությամբ:

 

ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ
Խորհուրդների ու խորհուրդների համագումարների պատգամավորների յեվ գործադիր կոմիտեների անդամների պարտականությունները

 

67. Խորհուրդների ու խորհուրդների համագումարների պատգամավորները և գործադիր կոմիտեների անդամները պարտական են.

ա. Հաճախել ժողովները և մասնակցել նիստերին:

բ. Աշխատել հանձնաժողովներում և բաժանմունքներում:

գ. Կատարել համապատասխան ժողովների և նախագահությունների հանձնարարությունները:

դ. Տալ պարբերաբար հաշվետվություն իրանց և իրանց անդամակցած որգանի գործունեյության մասին:

և ե. Ընդհանրապես անշեղ կատարել որենսդրությամբ նախատեսնված և կամ սույն հոդվածի դ. կետում հիշված հիմնարկների բոլոր պատշաճ վորոշումները:

68. Նախընթաց հոդվածում հիշատակված պատգամավորներն ու անդամները պարտավոր են կատարել այն բոլոր հրահանգները և մանդատները, վոր սահմանել են նրանց ընտրող որգանները:

69. Հոդ. հոդ. 66 և 67-ում հիշատակված պարտականությունների զանցառուները բացի ընդհանուր և դիսցիպլինար պատասխանատվութիւնից միաժամանակ զրկվում են իրենց լիազորություններից:

 

ՀԱՏՎԱԾ ՅԵՐՐՈՐԴ

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
Ընտրական իրավունք

 

70. Բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական խորհուրդների համար ընտրելու և ընտրվելու իրավունք ունին, անկախ ազգությունից, դավանանքից, նստակեցությունից` Հ.Ս.Խ.Հ. յերկու սեռի մինչև ընտրության որը 18 տ. լրացած հետևյալ քաղաքացիները.

ա. Բոլոր արտադրող և հանրոգուտ աշխատանքով ապրուստի միջոցներ ձեռք բերողները, այլ և նրանք, վորոնք տնային տնտեսությամբ առաջինների համար աշխատանքի հնարավորություն են ընձեռում:

բ. Կարմիր զինվորները:

գ. Սույն հոդվածի ա. և բ. կետերում մատնանշված և աշխատունակությունը կորցրած քաղաքացիները:

71. Ընտրելու և ընտրվելու իրավունքից զուրկ են թեկուզ վերոհիշյալ կատեգորիաներից մեկին պատկանեն,

ա. Վարձու աշխատանք շահագործողները.

բ. Անաշխատ յեկամուտով ապրողները.

գ. Մասնավոր առևտրականները և առևտրական միջնորդները.

դ. Կրոնավորներ և կրոնական պաշտամունքի հոգևոր սպասավորները:

ե. Տապալված կառավարությունների անդամները և քաղաքական հետախուզության ու վոստիկանության պատասխանատու պաշտոնյաները, խմբապետներն ու մաուզերիստները:

զ. Սահմանված կարգով թուլամիտ և խելակորույս ճանաչվածները, ինչպես և խնամակալության յենթակա անձինք:

է. Օրենքով կամ դատավճռով իրավազրկման դատապարտվածները:

72. Կենտրոնական Գործադիր կոմիտեյին ե վերապահվում ընթացիկ որենսդրական կարգով և հրահանգներով վորոշել ընտրությունների կարգը:

 

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ
Ընտրությունների կատարման մասին

 

73. Ընտրությունները կատարվում են տեղական խորհրդի կողմից նշանակված որերը:

74. Ընտրությունները կատարվում են ընտրական հանձնաժողովի և տեղական խորհուրդների ներկայացուցչի առընթերությամբ:

75. Յերբ տեխնիքական պատճառներով խորհրդի անդամի ներկայությունն անհնար ե, նրան փոխարինում ե ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ սրա բացակայության դեպքում - ընտրական ժողովի նախագահը:

76. Ընտրությունների ընթացքի և արդյունքի մասին կազմվում ե արձանագրություն ընտրական հանձնաժողովի անդամների և խորհրդի ներկայացուցիչների կամ ժողովի նախագահի և քատուղարի ստորագրությամբ:

77. Ընտրությունների մանրամասն կարգը կազմվում ե տեղական խորհրդի կողմից` Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի հրահանգների համաձայն:

 

ԳԼՈՒԽ ՏԱՍԵՐՈՐԴ
Ընտրությունների ստուգման, բեկանման յեվ պատգամավորների հետ կանչելու մասին

 

78. Ընտրության բոլոր նյութերը ուղարկվում են համապատասխան խորհրդին կամ համագումարին:

79. Խորհուրդը կամ համագումարը ստուգման համար ընտրում են մանդատային հանձնաժողով:

80. Ստուգման արդյունքի մասին մանդատային հանձնաժողովը զեկուցում ե խորհրդին կամ համագումարին:

81. Խորհուրդը կամ համագումարը վճռում են վիճելի մանդատի հաստատման խնդիրը:

82. Ընտրությունները ամբողջովին անկանոն կատարված լինելու դեպքում ընտրությունների բեկման խնդիրը վորոշվում ե խորհրդային ավելի բարձր ինստանցիայի կողմից:

83. Ընտրությունների բեկման բարձրագույն վճռաբեկ ինստանցիան ե Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն:

84. Ընտրողներն ամեն ժամանակ իրավունք ունին յետ կանչելու իրանց ընտրած պատգամավորին և կատարելու նոր ընտրությունները ընդհանուր կանոնների համաձայն:

 

ՀԱՏՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՈՒՄԵԿԵՐՈՐԴ
Բյուջեյի իրավունք

 

85. Պետական յել ու մուտքը ի մի յե բերվում համապետական ընդհանուր բյուջեյում:

86. Պետական գանձարանի միջոցներից ծախքերը կատարվում են պետական բյուջեյում այդ ծախսի համար վարկ բանալով և կամ իրավասու մարմինների հատուկ վորոշմամբ:

87. Նախահաշիվներում չնախատեսնված համապետական թե տեղական ծախսերի, նմանապես և նախահաշվով վորոշված հատկացումների անբավարարության դեպքում Կենտրոնական Գործադիր Կոմիտեն կամ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը լրացուցիչ վարկ են բաց անում համապատասխան Ժողովրդական Կոմիսարիատի նախահաշվով:

 

ՀԱՏՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒՅԵՐՈՐԴ
Հ.Ս.Խ.Հ. պետական գերբ յեվ դրոշ

 

88. Հ.Ս.Խ.Հ. Պետական գերբն ե - Մեծ և Փոքր Մասիսներից վեր, ծագող արեգակի ճառագայթների մեջ, մուրճ և մանգաղ, ստորոտում խաղողի թուփ վողկույզով և տերևներով, աջից և ձախից ցորենի հասկեր, և ավելի բարձր` ձիթենու ճյուղեր: Գերբի կրկնակի շրջագծերի արանքում արձանագրված ե «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն» և «Պրոլետարներ բոլոր յերկրների, միացե՛ք»:

89. Իսկ պետական դրոշն ե. -

Ալ կարմիր գույնի կտոր, վորի ձախ անկյունում փայտի մոտ վերևում զետեղված են վոսկե տառեր` Հ.Ս.Խ.Հ. կամ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:

 

________

 

Հայաաստանի Բանվորների, Գյուղացիների և Կարմիր Զինվորների Պատգամավորների Խորհուրդների Ա. համագումարը իր 2-ն փետրվարի 1922 թ. նիստում ընդունում ե սույն Սահմանադրությունը (Հիմնական Որենքը):

Այս Հիմնական Որենքը գործադրվում ե այն որից, յերբ նա կը հրատարակվի «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթում: Սա պետք ե հրատարակվի խորհրդային իշխանության բոլոր տեղական թերթերում և պետք ե կախվի բոլոր պետական հիմնարկություններում աչքի ընկնող տեղ:

Հայաստանի Խորհուրդների Առաջին Համագումարը հանձնարարում ե Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատին, վոր Հայաստանի բոլոր դպրոցական հիմնարկներում, առանց բացառության, ուսուցանվեն, բացատրվեն ու մեկնաբանվեն սույն սահմանադրության հիմնական կետերը:

 

Հայաստանի Խորհուրդների Առաջին Համագումարի Հերթական

Նախագահ` Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Քարտուղար` Դ. ՏԷՐ ՍԻՄԷՈՆԵԱՆ

 

2 փետրվարի 1922 թ.

քաղ. Յերեվան

Հր. «Խորհրդային Հայաստան»

23 ապրիլի 1922 թ.

N 88

 

 

pin
Հայաստանի Խորհուրդների համագումար
02.02.1922