Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

(ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ)

 

ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽ 1
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՅԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Հայաստանի ապստամբ բանվորների և աշխատավոր գյուղացիների կամքով Հայաստանը 1920 թվականի նոյեմբերի 29-ին հայտարարված ե Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն.

Ամբողջ իշխանությունը կենտրոնում և տեղերում պատկանում ե բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական խորհուրդներին:

2. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ՀՍԽՀ սահմաններում բոլոր աշխատավորներն առանց ազգության և դավանանքի խտրության վայելում են հավասար իրավունքներ:

3. Սոցիալական կյանքի միակ հիմք ընդունելով աշխատանքը և բոլոր արժեքների ստեղծագործող նկատելով աշխատավորին, աշխատանքը պարտադիր ե հայտարարվում Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության քաղաքացիների համար, նշանաբան ունենալով` «Ով չի աշխատի` նա չի ուտի»:

4. Հանդիսանալով միջազգային սոցիալիստական հեղափոխության մի հատվածը և կոչումն ունենալով վերջ տալ կապիտալիստական կարգերին ու վերացնել մարդկային աշխատանքի ամեն տեսակ շահագործում, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության բանվորների և աշխատավորների իշխանությունը`

ա) վերացված ե հայտարարում հողի մասնավոր սեփականությունը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում և պետական սեփականություն ե ճանաչում ամբողջ հողը բոլոր ջրերով, անտառներով և ընդերքով.

բ) արտագրավում ե կալվածատերերի և կրոնական հաստատությունների շարժական ու անշարժ գույքը և մշակելու համար տալիս ե աշխատավորներին, նրանց կոլլեկտիվներին և խորհրդային տնտեսություններին.

գ) արտագրավում ե և պետականացնում յերկաթուղիները, բանկերը և ընդհանրապես խոշոր արտադրության բոլոր միջոցները, այս ամենի կառավարությունն ու շահագործումը վերապահելով խորհրդային որգաններին կամ արտադրական միավորներին:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Մասնավոր նախաձեռնության վերապահված շրջանակը վորոշվում

ե ընթացիկ որենսդրությամբ:

 

5. Բանվորների և աշխատավոր գյուղացիների հեղափոխական դիկտատուրայի իրականացման նպատակով`

ա) իշխանությունն ամբողջովին և բացառապես վերապահվում ե բանվորներին և գյուղացիներին և նրանց ընտրած մարմիններին.

բ) շահագործող դասակարգերը զրկվում են ընդհանրապես քաղաքական իրավունքներից և հատկապես քաղաքական պաշտոնակալության իրավունքից:

6. Աշխատավորների քաղաքական դաստիարակության, մտավոր-բարոյական ազատության և դասակարգային կազմակերպության նպատակով`

ա) յեկեղեցին անջատվում ե պետությունից, վերածվելով հավատացյալների մասնավոր համայնքի և դպրոցը յեկեղեցուց: Բոլոր քաղաքացիներին իրավունք ե տրվում ազատորեն վարելու կրոնական և հակակրոնական պրոպագանդա: Դպրոցը դառնում ե սոցիալիստական դաստիարակության որգան` կիրառելով արտադրական աշխատանքը, վորպես կրթության միջոց.

բ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության աշխատավորներին խոսքի ազատություն և մամուլի անկախություն իրապես ապահովելու համար` նրանց տրամադրվում են նյութական, տեխնիքական և այլ ամեն տեսակ միջոցներ.

գ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության աշխատավորներին ժողովների, միտինգների, ցույցերի և այլ համախմբումների ազատությունն իրապես ապահովելու համար` նրանց տրամադրվում են ժողովատեղիներ, կահ-կարասիք, լուսավորություն և վառելիք.

դ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության աշխատավորներին իրապես միությունների ազատությունն ապահովելու համար բանվոր դասակարգին և գյուղացիությանը լիապես տրվում են նյութական և այլ տեսակ իրական միջոցներ.

ե) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության աշխատավորներին գիտություն ստանալու գործն իրապես ապահովելու համար` բանվոր դասակարգին և գյուղացիությանը տրվում են լիակատար, բազմակողմանի և ձրի կրթության բոլոր հնարավորությունները:

7. Պաշտպանելով միջազգային սոցիալիստական հեղափոխության շահերը և բոլոր յերկրների ու ժողովուրդների աշխատավորների համերաշխության գաղափարը`

ա) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում ապրող բոլոր ոտարերկրացի աշխատավորներին տրվում ե քաղաքացիության իրավունք և

բ) քաղաքական և կրոնական հալածանքի յենթակա բոլոր ոտարերկրացիներին` ապահովություն և պաշտպանություն:

8. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունն ընդունելով քաղաքացիների իրավունքների հավասարությունը` առանց ցեղի և ազատության խտրության, հանրապետության հիմնական որենքների հակառակ ե հայտարարում վորևե առանձնաշնորհություն կամ առավելություն սահմանելը կամ թույլ տալը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների վորևե ճնշում կամ նրանց իրավահավասարության սահմանափակում:

9. Ղեկավարվելով բանվոր դասակարգի շահերովն ընդհանուր առմամբ, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը զրկում ե զատ-զատ անձանց և խմբերին այն իրավունքից, վոր նրանք վայելում են ի վնաս Սոցիալիստական Հանրապետության շահերի:

10. Վերացված են համարվում Հայաստանի նախկին կառավարությունների կնքած բոլոր միջազգային դաշինքները, վճռականորեն մերժվում ե վորևե ազգային հարձակողական քաղաքականություն հարևան յերկրների ու ժողովուրդների վերաբերմամբ, վերջ ե տրվում գաղտնի դիվանագիտության և հաստատվում ու ամրապնդվում ե հարևանների հետ բարեկամական դրացիություն:

11. Բանվորների և չունևոր գյուղացիների դասակարգային հեղափոխական դիկտատուրան ապահովելու և արտաքին ու ներքին հակահեղափոխությունից պաշտպանելու նպատակով` կազմվում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կարմիր Բանակը, բոլորի համար պարտադիր դարձնելով զինվորական ծառայությունը: Սոցիալիստական հայրենիքը զենքով պաշտպանելու պատվավոր իրավունքն ու կոչումը թողնելով միայն աշխատավորներին` չաշխատող տարրերի վրա դրվում են զինվորական այլ պարտականություններ:

12. Բուրժուական իրավակարգն ու արտադրությունն արմատախիլ անելու և պրոլետարիատի ու աղքատ գյուղացիության դիկտատուրան սահմանելու և պաշտպանելու համար` վերացվում են հակահեղափոխական նախկին կառավարությունների բոլոր որենքներն ու դատարանները և փոխարեն`

ա) Բանվորա-Գյուղացիական իրավունքի աղբյուր ճանաչվում ե Խորհրդային Որենսդրությունը, սոցիալիստական իրավահայեցողությունն ե հեղափոխական խիղճը.

բ) արդարադատության հիմք ընդունված ե միասնական Ժողովրդական Դատարանը` հիմնված աշխատավոր մասսաների դասակարգային կազմակերպությունների վրա, միաժամանակ ճանաչելով արտակարգ արդարադատության անհրաժեշտությունը բանվորա-գյուղացիական հեղափոխության գերագույն շահերի պաշտպանության համար:

13. Բանվորների և աշխատավոր գյուղացիների դասակարգային դիկտատուրան, վոր կոչումն ունի վերջ տալ կապիտալիստական հանրակարգին և հեղափոխական փոխարկմամբ իրականացնել սոցիալիզմը - վերջ ե տալու նաև դասակարգերի գոյության, հետևաբար ամեն տեսակ դիկտատուրայի, այլ և քաղաքական իշխանության, վոր ծնունդ ու արտահայտությունն ե դասակարգերի տիրապետության:

 

ՀԱՏՎԱԾ ՅԵՐԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ՅԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

14. Կապիտալիստական ողակի հանդեպ մի խորհրդային ճակատ ստեղծելու և բոլոր խորհրդային հանրապետությունների հետ սերտ յեղբայրական աշխատակցության հիման վրա սոցիալիստական շինարարությունը և ազգային զարգացման ազատությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հետ կազմում են Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետություն, իսկ վերջինիս միջոցով, վորպես նրա իրավահավասար մասը` միանում ե Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության, Բելոռուսիայի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Ուկրայնայի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Թուրքմենստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության և Ուզբեկստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հետ և կազմում են մի միացյալ պետություն` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՅԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

15. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության գերիշխանությունը սահմանափակված ե միայն Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության սահմանադրությամբ (Հիմնական Որենք) և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Սահմանադրությամբ (Հիմնական Որենք) մատնանշված սահմաններով և միայն Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության իրավասության վերաբերյալ խնդիրների նկատմամբ:

Այս սահմաններից դուրս Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունն իր պետական իշխանությունն իրականացնում ե ինքնորինաբար:

Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը պահպանում են Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության գերիշխանական իրավունքները:

16. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունն իրեն իրավունք ե վերապահում ազատ դուրս գալու Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության կազմից, նույնպես և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունից:

17. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմանները չեն կարող փոփոխության յենթարկվել առանց իր համաձայնության:

18. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության քաղաքացիների համար միութենական միասնական քաղաքացիություն ե սահմանվում: Հայաստանում Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինքնստինքյան Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Միության քաղաքացի յե:

19. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական լեզուն հայերենն ե:

20. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ազգային փոքրամասնություններն ազգային կուլտուրայի ազատ զարգացման և իրենց մայրենի լեզուն գործ ածելու իրավունք են վայելում համաձայն աշխատավոր ժողովրդի իշխանության հիմնական սկզբունքների:

 

ՀԱՏՎԱԾ ՅԵՐՐՈՐԴ

ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իրավասությանը` հանձին իր գերագույն մարմինների. այն ե` Բանվորների, Գյուղացիների և Կարմիր Զինվորների Պատգամավորական Խորհուրդների Համագումարի և Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի, յենթակա յեն`

ա) Սահմանադրության հիմնական սկզբունքների հաստատությունը, լրացումն ու փոփոխությունը.

բ) ներքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունը.

գ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության կազմի մեջ այլ հանրապետություններ ընդունելը, Հանրապետության սահմանների վորոշումն ու փոփոխությունը, այլև նրա մասերի, նաև Հանրապետությանը պատկանող իրավունքների ոտարացումը.

դ) Հանրապետության ընդհանուր վարչական բաժանումը և վարչական միավորների ներքին վերաբաժանումները.

ե) Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության իշխանության գերագույն մարմինների սահմանած միութենական ժողովրդական տնտեսության հիմունքների և ծրագրի իրագործումը` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ժողովրդական տնտեսության ընդհանուր ծրագիր սահմանելը.

զ) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կողմից Հայաստանի անունից վերջինիս սահմաններում գտնվող ձեռնարկությունների վերաբերմամբ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրերի նախնական քննությունը: Հանրապետական նշանակություն ունեցող կոնցեսիոն պայմանագրերի հաստատությունը.

ը) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության բյուդջեյի սահմանումը.

թ) Միութենական և Ֆեդերատիվ որենսդրության համաձայն հարկեր ու տուրքեր սահմանելը.

ժ) Միութենական որենսդրության հիման վրա Դատարանակազմության, Դատավարության և Քաղաքացիական ու Քրեական Որենսդրության սահմանումը.

ի) Միութենական որենսդրության հիման վրա քաղաքացիության իրավունք տալը և այդ իրավունքից զրկելը, այլև այդ առթիվ վորոշումներ հրատարակելը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում.

լ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության դատական ու վարչական մարմինների կողմից դատապարտվածներին ընդհանուր ու մասնակի ներում, նաև առանձին քաղաքացիներին ներում շնորհելը և նախկին վիճակի մեջ հաստատելը.

խ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության վիճակագրության կազմակերպելը.

ծ) Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության իշխանության գերագույն մարմինների թույլտվությամբ արտաքին և ներքին փոխառություն կնքելը.

կ) Միութենական և ֆեդերատիվ ընդհանուր սկզբունքների հիման վրա Որենսդրություն սահմանելը հողաշինարարության, հողոգտագործման, այլև անտառների, ջրերի և յերկրի ընդերքի ոգտագործման վերաբերմամբ.

հ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում ժողովրդական լուսավորության և ժողովրդական առողջապահության սկզբունքներ և ընդհանուր ծրագիր սահմանելը.

ձ) Միութենական և ֆեդերատիվ հիմնական որենքների հիման վրա աշխատանքի որենսդրության սահմանումը.

ղ) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իշխանության բոլոր մարմինների սույն Սահմանադրությունը խախտող վորոշումների վերացումը և Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդների դեկրետների և վորոշումների դեմ Անդրկենտգործկոմի Նախագահությանը բողոք տալը.

ճ) Ընդհանրապես այն բոլոր խնդիրները, վորոնք հիշատակված են սույն Սահմանադրության մեջ կամ վորոնց լուծումը Հայաստանի Խորհուրդների Համագումարը և Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իրենց իրավասության յենթակա կը ճանաչեն:

22. Բացառապես Հայաստանի Խորհուրդների Համագումարի իրավասությանն ե պատկանում Սահմանադրության հիմնական սկզբունքների հաստատությունը, լրացումն ու փոփոխությունը:

 

ՀԱՏՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՅԵՎ ԿԱՐՄԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

 

23. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իշխանության գերագույն մարմինն ե` Հայաստանի Բանվորների, Գյուղացիների և Կարմիր Զինվորների Պատգամավորական Խորհուրդների Համագումարը, իսկ Խորհուրդների միջանկյալ ժամանակաշրջանում` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն:

24. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Խորհուրդների Համագումարը կազմվում ե Քաղաքային Խորհուրդների և քաղաքատիպ բնակավայրերի Խորհուրդների ներկայացուցիչներից` 600 ընտրողին մի պատգամավորի և Խորհուրդների գավառային համագումարների ներկայացուցիչներից` 3.000 բնակչին մի պատգամավորի հաշվով:

Հայաստանի Խորհուրդների Համագումարի պատգամավորներն ընտրվում են Խորհուրդների գավառային համագումարներում:

25. Հայաստանի Խորհուրդների հերթական համագումարը հրավիրում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն տարին մեկ անգամ:

26. Հայաստանի Խորհուրդների արտակարգ համագումարը հրավիրում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իր վորոշմամբ կամ Հանրապետության բնակչության մեկ հինգերորդից վոչ պակաս մասն ընդգրկող վայրերի Խորհուրդների և Համագումարների պահանջմամբ:

27. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեին իրավունք ե վերապահվում արգելառիթ արտակարգ հանգամանքներում հետաձգելու Խորհուրդների Համագումար հրավիրելը:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆ

 

28. Խորհուրդների Համագումարների միջանկյալ ժամանակաշրջանում Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իշխանության գերագույն մարմինն ե Հայաստանի Բանվորների, Գյուղացիների և Կարմիր Զինվորների Պատգամավորական Խորհուրդների Համագումարի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն:

29. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն գերագույն որենսդիր, տնօրեն և վերահսկիչ մարմին ե:

30. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն, վոր բաղկացած ե 90 անդամից և 43 փոխանդամից, ընտրվում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Խորհուրդների Համագումարի կողմից:

31. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն պատասխանատու յե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Խորհուրդների Համագումարի առաջ:

32. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Բանվորա-Գյուղացիական Կառավարության գործունեյությանն ընդհանուր ուղղություն ե տալիս և վորոշում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի գործունեյության շրջանակը:

33. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հրատարակում ե դեկրետներ, կարգադրություններ, հետևում ե, վոր գործադրվեն Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, այլև Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Սահմանադրությունները և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Խորհուրդների Համագումարների և Կենտրոնական Գործադիր Կոմիտեների բոլոր վորոշումները Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում:

34. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն քննում և հաստատում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի, Ժողովրդական Կոմիսարների, այլև Ժողկոմատներին հավասարեցված այլ մարմիններից ստացվող դեկրետների և վորոշումների նախագծերը և այլ առաջարկությունները:

35. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի, նրա Նախագահության, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի դեկրետները, վորոշումները և կարգադրությունները հրատարակվում են հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով:

36. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի նստաշրջանները գումարում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը տարեկան յերեք անգամ:

37. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի արտակարգ նստաշրջանները գումարվում են Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության վորոշմամբ կամ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի անդամների մեկ յերրորդի պահանջմամբ:

38. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն իր գործունեյության տեղեկագիրը և ընդհանուր քաղաքականության առանձին խնդիրների վերաբերյալ զեկուցումները ներկայացնում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Բանվորների, Գյուղացիների և Կարմիր Զինվորների Պատգամավորական Խորհուրդների Համագումարին:

39. Կենտրոնական Գործադիր Կոմիտեն ընտրում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահություն, բաղկացած 11 անդամից (վորոնց թվում` նախագահ, նախագահի տեղակալ, մի քարտուղար) և 4 փոխնախագահ:

40. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի նիստերում բոլոր խնդիրները վճռվում են բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ: Անուն-անուն քվեարկություն տեղի յե ունենում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի վոչ պակաս, քան 10 անդամի գրավոր առաջարկի հիման վրա:

41. Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության կառավարչական գործերի ընդհանուր ղեկավարության համար Կենտրոնական Գործադիր Կոմիտեն կազմում ե Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ, այլև կառավարչության առանձին ճյուղերը ղեկավարելու համար հիմնում ե առանձին Ժողովրդական Կոմիսարիատներ ու այլ մարմիններ:

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն նշանակում և արձակում ե պաշտոնից, թե՛ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի առանձին անդամներին և թե՛ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի ամբողջ կազմը, այլև նշանակում և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահ և Նախագահի տեղակալներ:

 

ԳԼՈՒԽ 7
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

42. Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի նստաշրջանների միջանկյալ ժամանակաշրջանում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը հանդիսանում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իշխանության որենսդիր, գործադիր և տնորեն բարձրագույն մարմինը:

43. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը հետևում ե, վոր իշխանության բոլոր մարմիններն իրենց գործունեյության ընթացքում ղեկավարվեն Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության սահմանադրություններով և ի կատար ածեն Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Անդրկովկասյան Ֆեդերացիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Խորհուրդների Համագումարների և Կենտրոնական Գործադիր Կոմիտեների բոլոր վորոշումները:

44. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը լուծումն ե տալիս, թե՛ կենտրոնական մարմինների իրար մեջ և թե՛ կենտրոնական ու գավառական իշխանությունների միջև ծագած վեճերին:

45. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը քննության ե առնում ներում շնորհելու, Կարմիր Դրոշի շքանշանով պարգեվատրելու խնդիրները և պարգեվատրում ե Աշխատանքի Դրոշի շքանշանով:

46. Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունն իրավունք ունի կասեցնելու և վերացնելու Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Ժողովրդական Կոմիսարիատների վորոշումները:

47. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունն իրավունք ունի վերացնելու Խորհուրդների ստորադաս համագումարների և Գործադիր Կոմիտեների վորոշումները:

48. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը նշանակում և հետ ե կանչում Ժողովրդական Կոմիսարներին և նրանց տեղակալներին, ներկայացնելով Ժողովրդական Կոմիսարների հարցը Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի առաջիկա նստաշրջանին ի հաստատություն:

49. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունն իր գործունեյության համար հաշվետու յե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի առաջ:

50. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը հրատարակում ե դեկրետներ, վորոշումներ և կարգադրություններ, հաստատում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի, Ժողովրդական Կոմիսարիատների, իշխանության կենտրոնական այլ մարմինների և Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի անդամների ներկայացրած դեկրետների և վորոշումների նախագծերը:

51. Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը բողոքներ ե տալիս Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության Ժողովրդական կոմիսարների Խորհրդի դեկրետների և վորոշումների դեմ Անդրկովկասյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությանը:

Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի և նրա Նախագահության բողոքները չեն կասեցնում բողոքարկված դեկրետների և վորոշումների կատարումը:

 

ԳԼՈՒԽ 8
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

52. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի գործադիր և կարգադիր մարմինն ե:

53. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն կազմում ե Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ հետևյալ կազմով.

Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահ,

Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահի տեղակալներ,

Ժողովրդական Տնտեսության Խորհրդի Նախագահ,

Հողագործության Ժողովրդական Կոմիսար,

Աշխատանքի Ժողովրդական Կոմիսար,

Ֆինանսների Ժողովրդական Կոմիսար,

Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսար,

Արդարադատության Ժողովրդական Կոմիսար,

Լուսավորության Ժողովրդական Կոմիսար,

Առողջապահության Ժողովրդական Կոմիսար,

Սոցիալական Ապահովության Ժողովրդական Կոմիսար,

Բանվորագյուղացիական Տեսչության Ժողովրդական Կոմիսար, այլև խորհրդակցական կամ վճռական ձայնի իրավունքով, Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահության վորոշմամբ, Անդրկովկասի Ներքին առևտրի Ժողովրդական Կոմիսարի Լիազորը և Հայաստանի Արտակարգ Հանձնաժողովի Նախագահը:

54. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը Հայաստանի Կենտրոնական Գործադիր կոմիտեյի կողմից նրան վերապահված իրավունքների սահմաններում, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Կանոնադրության հիման վրա, հրատարակում ե դեկրետներ և վորոշումներ, վոր պարտադիր են Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային ամբողջ հանրապետության սահմաններում:

55. Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի այն բոլոր դեկրետների և վորոշումների նախագծերը, վոր հանրապետական նշանակություն և ընդհանուր քաղաքական կարևորություն ունեն, ներկայացվում են Կենտրոնական Գործադիր Կոմիտեյին ի քննություն և ի հաստատություն:

56. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի վորոշումներն ու կարգադրությունները կարող են կասեցնել և վերացնել Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն և նրա Նախագահությունը:

57. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդն իր վողջ գործունեյության համար պատասխանատու յե Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի և նրա նախագահության առաջ:

58. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը քննում ե այն դեկրետների և վորոշումների նախագծերը վոր ներկայացնում են թե՛ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարիատները և թե՛ Կոմիսարիատներին հավասարեցված կենտրոնական այլ մարմինները, ինչպես նաև Գավառային Գործադիր Կոմիտեները:

59. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին առընթեր կազմվում ե Տնտեսական Խորհրդակցություն, վորպես Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության տնտեսական քաղաքականությանն ուղղություն տվող և տնտեսական Կոմիսարիատներին և պետական այլ տնտեսական որգանների աշխատանքների ղեկավար մարմին:

 

ԳԼՈՒԽ 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

60. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի իրավասության շրջանակի մեջ մտնող կառավարության առանձին ճյուղերի անմիջական ղեկավարության համար կազմվում ե 10 Ժողովրդական Կոմիսարիատ, վոր հիշատակված ե Սահմանադրության 53-րդ հոդվածի մեջ և գործում են Ժողովրդական Կոմիսարիատների Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

61. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարիատներն Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության նկատմամբ բաժանվում են`

ա) Միացյալ Կոմիսարիատների, այն ե`

Աշխատանքի Ժողովրդական Կոմիսարիատ,

Բանվորա-Գյուղացիական Տեսչության Ժողովրդական Կոմիսարիատ,

Ֆինանսների Ժողովրդական Կոմիսարիատ,

Ժողովրդական Տնտեսության Խորհուրդ.

բ) Վոչ միացյալ Կոմիսարիատների, այն ե`

Ներքին Գործերի ժողովրդական Կոմիսարիատ,

Հողագործության Ժողովրդական Կոմիսարիատ,

Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատ,

Արդարադատության Ժողովրդական Կոմիսարիատ,

Առողջապահության Ժողովրդական Կոմիսարիատ,

Սոցիալական Ապահովության Ժողովրդական Կոմիսարիատ:

62. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարիատների գլուխն են կանգնած Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի անդամները` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարները:

63. Յուրաքանչյուր Ժողովրդական Կոմիսարին առընթեր իր նախագահությամբ կազմվում ե կոլլեգիա, վորի անդամներին նշանակում և հետ ե կոչում Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը:

64. Ժողովրդական Կոմիսարն իրավունք ունի միանձնաբար վորոշումներ անելու Կոմիսարիատի իրավասության վերաբերյալ բոլոր խնդիրների նկատմամբ, այդ մասին տեղեկացնելով կոլլեգիային:

Այն դեպքում, երբ կոլլեգիան կամ նրա առանձին անդամները համաձայն չեն կոմիսարի այս կամ այն վորոշմանը, կարող են բողոքել Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին, առանց կասեցնելու վորոշումների կատարումը:

65. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարները պատասխանատու յեն Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի, Կենտրոնական Գործադիր Կոմիտեի և նրա Նախագահության առաջ:

66. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների կարգադրությունները կարող են կասեցնել և վերացնել Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն, նրա Նախագահությունը և Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը:

 

ԳԼՈՒԽ 10
ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Ա. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

67. Տվյալ տերիտորիայի - գավառի ու գավառակի սահմաններում բարձրագույն իշխանությունն իր իրավասության շրջանում խորհուրդների համագումարն ե:

68. Խորհուրդների գավառային ու գավառակային համագումարներին մասնակցում են տվյալ վարչական միավորի սահմաններում գտնվող բոլոր խորհուրդների ներկայացուցիչները:

69. Խորհուրդների համագումարները կազմվում են`

ա) Գավառայինները - քաղաքների և քաղաքատիպ վայրերի խորհուրդների և գյուղական խորհուրդների ներկայացուցիչներից` հետևյալ հաշվով. քաղաքների և քաղաքատիպ վայրերի խորհուրդներից 200 ընտրողին մի պատգամավոր և խորհուրդների գավառակային համագումարներից` բնակչության 1.000 հոգուն մի պատգամավոր, բայց վոչ ավելի, քան 300 պատգամավոր ամբողջ գավառի համար:

բ) Գավառակայինները - գավառակի սահմաններում յեղած բոլոր խորհուրդների ներկայացուցիչներից` հետևյալ հաշվով. 300 բնակչին մի պատգամավոր, բայց վոչ ավելի, քան 150 պատգամավոր ամբողջ գավառակի համար:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Բացառիկ դեպքերում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյին իրավունք

ե վերապահվում վորոշ վայրերի համար փոխելու սույն հոդվածով

սահմանված ներկայացուցչության նորմաները` տեղական պայմանների

համեմատ:

 

70. Խորհուրդների համագումարները լինում են հերթական և արտակարգ: Խորհուրդների հերթական համագումարները հրավիրվում են տարին մեկ անգամ: Խորհուրդների արտակարգ համագումարները հրավիրվում են`

ա) խորհուրդների վերադաս համագումարների կամ նրանց Գործադիր Կոմիտեների առաջարկությամբ.

բ) համագումարների վայրի համապատասխան Գործադիր Կոմիտեների կողմից, թե՛ նրանց նախաձեռնությամբ և թե՛ տվյալ շրջանի բնակչության վոչ պակաս, քան մի յերրորդ մասն ընդգրկող խորհուրդների պահանջմամբ:

71. Խորհուրդների համագումարներն ընտրում են իրենց գործադիր մարմինները - Գործադիր Կոմիտեները, վորոնց անդամների թիվը յուրաքանչյուր վարչական միավորի խորհուրդների համագումարի համար սահմանվում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի կամ նրա նախագահության վորոշումներով:

 

Բ. ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

72. Գործադիր Կոմիտեներ ընտրում են խորհուրդների համագումարները: Գործադիր Կոմիտեները համագումարների միջանկյալ ժամանակաշրջանում համապատասխան տերիտորիայի սահմաններում իշխանության բարձրագույն մարմինն են հանդիսանում, պատասխանատու յեն իրենց ընտրող համագումարների առաջ և յենթարկվում են վերադաս Գործադիր Կոմիտեին, Կենտրոնական Գործադիր Կոմիտեյին և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին:

73. Համապատասխան տերիտորիան կառավարելու և կենտրոնական իշխանության վորոշումներն ու դեկրետները ի կատար ածելու ամբողջ ընթացիկ աշխատանքի ղեկավարության համար Գործադիր Կոմիտեներն ընտրում են Նախագահություն, վորի անդամների թիվը յուրաքանչյուր վարչական միավորի համար վորոշում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն կամ նրա նախագահությունը:

74. Գործադիր Կոմիտեների նիստերի միջանկյալ ժամանակաշրջանում Գործադիր Կոմիտեների նախագահությունները վայելում են նրանց իրավունքները և պատասխանատու յեն Գործադիր Կոմիտեների առաջ:

75. Տեղական իշխանության իրավասության վերաբերյալ ամբողջ աշխատանքը և կենտրոնական իշխանության վորոշումները կատարելու համար գավառային գործադիր կոմիտեները կազմակերպում են բաժիններ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի կամ նրա նախագահության սահմանած հիմունքներով:

Գավառային Գործադիր Կոմիտեների գոյություն ունեցող բաժինների վերացումը կամ միացումը, այլ և նոր բաժիններ կազմակերպելը տեղի յե ունենում Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի վորոշմամբ և հաստատվում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի կամ նրա նախագահության կողմից:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Գավառակային Գործադիր Կոմիտեները կարող են բաժիններ կամ

բաժանմունքներ ունենալ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի կամ նրա

նախագահության թույլտվությամբ:

 

76. Գավառային Գործադիր Կոմիտեների բաժինները յենթարկվում են Գավառային Գործադիր կոմիտեներին ու նրանց Նախագահություններին և պարտավոր են կատարել Գործադիր Կոմիտեյի և նրա նախագահության բոլոր առաջարկներն ու հանձնարարությունները նմանապես Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության համապատասխան Ժողովրդական Կոմիսարիատների առաջարկություններն ու հանձնարարությունները:

 

Գ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

77. Պատգամավորների խորհուրդները կազմվում են.

ա) 1.000 հոգի բնակչություն ունեցող քաղաքներում` 15 ընտրողին մի պատգամավոր, 3.000-ից մինչև 5.000-ը` 30 ընտրողին մի պատգամավոր, 5.000-ից մինչև 10.000-ը` 50 ընտրողին մի պատգամավոր, 10.000-ից մինչև 15.000-ը` 60 ընտրողին մի պատգամավոր 15000-ից մինչև 20.000-ը` 70 ընտրողին մի պատգամավոր, 20.000-ից մինչև 25.000-ը 75 ընտրողին մի պատգամավոր և 25.000-ից մինչև 50.000-ը և ավելի բնակիչ ունեցող քաղաքներում` 100 ընտրողին մի պատգամավոր, բայց քաղաքների խորհուրդների պատգամավորների թիվը պիտի լինի առնվազն 25 և առ առավելն 300.

բ) Գյուղերում 50 բնակչին մի պատգամավորի հաշվով, բայց գյուղի խորհրդի անդամների թիվը պիտի լինի առնվազն 7 և առ առավելն 50:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - 300-ից պակաս բնակիչ ունեցող գյուղերը մասնակցում են հարևան

գյուղի Գյուղական Խորհրդի ընտրությանը: 50-ից մինչև 100

բնակիչ ունեցող գյուղերի համար, այլև այն գյուղերի, վոր

հարևան գյուղի հետ միասին մի ընդհանուր խուրհուրդ ունեն,

նշանակվում ե տվյալ գյուղի հետ կապ ունեցող գյուղական Խորհրդի

լիազոր, վոր անդամ ե հանդիսանում այն Խորհրդի, վորին

վերաբերում ե տվյալ գյուղը:

 

78. Պատգամավորների խորհուրդները քաղաքներում ընթացիկ աշխատանքի համար իրենց միջից գործադիր մարմին են ընտրում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի կամ նրա Նախագահության սահմանած հիմունքներով:

79. Գյուղական խորհրդին առընթեր կարող ե գործադիր մարմին ստեղծվել` Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի կամ նրա Նախագահության սահմանած հիմունքներով:

80. Պատգամավորների խորհուրդները գումարում ե կամ Գործադիր Կոմիտեն կամ Խորհրդի նախագահը, թե իր նախաձեռնությամբ և թե խորհրդի վոչ պակաս, քան կեսի պահանջմամբ:

81. Պատգամավորների խորհուրդների անդամները պարտավոր են կանոնավոր կերպով հաշիվ տալ իրենց ընտրողներին:

 

Դ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

82. Խորհրդային իշխանության գավառային և գավառակային մարմինների Գործադիր Կոմիտեների և նրանց Նախագահությունների, այլև պատգամավորների խորհուրդների անելիքներն են իրենց տերիտորիայի սահմաններում`

ա) կուլտուրական և տնտեսական բարգավաճման համար միջոցներ ձեռք առնել.

բ) տեղական բյուդջեների քննությունն ու հաստատությունը.

գ) խորհրդային իշխանության համապատասխան բարձրագույն մարմինների վորոշումների գործադրությունը.

դ) տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծումը.

ե) խորհրդային մարմինների գործունեյության միացումը.

զ) հեղափոխական օրինականության ապահովումն ու պետական իրավակարգի և հասարակական ապահովության պաշտպանությունը.

ը) համապետական նշանակություն ունեցող խնդիրների քննությունը, թե իրենց նախաձեռնությամբ և թե վերադաս Գործադիր Կոմիտեների առաջարկությամբ:

83. Խորհուրդների համագումարներն ու նրանց Գործադիր Կոմիտեները վերահսկողություն ունեն տեղական ստորադաս խորհուրդների և նրանց գործադիր մարմինների գործունեյության վրա:

Տեղական համագումարների վորոշումները կարող են բեկանել միայն վերադաս համագումարներն ու նրանց գործադիր կոմիտեները, Կենտրոնական Գործադիր Կոմիտեն կամ Նախագահությունը:

Գործադիր Կոմիտեների և նրանց Նախագահությունների վորոշումները կարող են բեկանել նրանց ընտրող համագումարները, այլև վերադաս համագումարները, վերադաս գործադիր կոմիտեները, նրանց Նախագահությունները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն, նրա Նախագահությունը և Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը:

84. Գավառային Գործադիր Կոմիտեները միայն բացառիկ դեպքերում իրավունք ունեն իրենց պատասխանատվությամբ կասեցնելու Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների կարգադրությունների իրագործումը` Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի վորոշած կարգով, երբ այդ կարգադրություններն ակնհայտ կերպով չեն համապատասխանում Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի վորոշումներին:

 

ՀԱՏՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԳԼՈՒԽ 11
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ա. ԸՆՏՐԵԼՈՒ ՅԵՎ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

 

85. Խորհուրդների համար ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն, առանց սեռի, դավանության, ցեղի, ազգության, նստակեցության և այլն խտրության, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության` մինչև ընտրության որը 18 տարին լրացած հետևյալ քաղաքացիները`

ա) Բոլոր արտադրական և հանրոգուտ աշխատանքով ապրուստի միջոցներ ձեռք բերողները, այլև տնային տնտեսությամբ նրանց արտադրական աշխատանքի հնարավորություն ընձեռողները.

բ) Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակի և Կարմիր Նավատորմի կարմիր զինվորներն ու կարմիր նավազները.

գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետերում հիշված կատեգորիաների քաղաքացիները, վորոնք վորևե չափով կորցրել են իրենց աշխատունակությունը:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության

սահմաններում ընտրելու և ընտրվելու իրավունք են վայելում

բոլոր Խորհրդային Հանրապետությունների քաղաքացիները և այն

ոտարերկրացիները, վորոնք հիշատակված են Հայաստանի

Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Սահմանադրության

հոդ. 7 «ա» կետում:

 

86. Չեն ընտրում և չեն կարող ընտրվել, նույնիսկ յեթե վերոհիշյալ կատեգորիաներից մեկին են պատկանում`

ա) շահառության նպատակով վարձու աշխատանք շահագործողները.

բ) անաշխատ հասույթով ապրողները, որինակ` դրամագլխի տոկոսներով, ձեռնարկությունների յեկամուտներով, գույքից ստացվող հասույթով և այլն.

գ) մասնավոր առևտրականները և առևտրական միջնորդները.

դ) բոլոր դավանությունների և աղանդների կուսակրոններն ու կրոնական պաշտամունքների հոգևոր սպասավորները, վորոնց համար այդ զբաղմունքն արհեստ ե.

ե) նախկին վոստիկանության, ժանդարմական վարչության և պահնորդական բաժանմունքների պաշտոնյաներն ու գործակալները, Ռուսաստանի նախկին թագավորական տան անդամները, այլև վոստիկանության ժանդարմերիայի և պատժիչ մարմինների գործունեյությունը ղեկավարող անձինք և խմբապետները.

զ) սահմանված կարգով հոգեկան հիվանդ և խելագար ճանաչվածները.

ը) շահախնդրության նպատակով գործված և արատավորող հանցանքների համար դատապարտվածները` որենքով կամ դատավճռով սահմանված ժամանակի ընթացքում:

 

Բ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

87. Ընտրությունները կատարվում են տեղական խորհուրդների կամ նրանց գործադիր կոմիտեների վորոշված որերը:

88. Ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին արձանագրություն ե կազմվում ընտրական հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:

89. Ընտրությունների կարգը, նմանապես Արհեստակցական Միությունների և բանվորական այլ կազմակերպությունների մասնակցությունն ընտրություններին` վորոշում ե Կենտրոնական Գործադիր Կոմիտեն կամ նրա Նախագահությունը:

 

Գ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՅԵՎ ԲԵԿՄԱՆ ՅԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԵՏ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

90. Խորհուրդների ընտրության կանոնավորությունը ստուգում են ընտրական հանձնաժողովները, իսկ Խորհուրդների համագումարների պատգամավորների լիազորությանց կանոնավորությունն ստուգում են մանդատային հանձնաժողովները:

91. Ամբողջ ընտրության անկանոնության դեպքում` ընտրության բեկման խնդիրը վճռում ե խորհրդային իշխանության ըստ կարգի վերադաս մարմինը: Խորհրդային ընտրությունների բեկման վերաբերմամբ բարձրագույն մարմինն ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն և նրա նախագահությունը:

92. Խորհրդի պատգամավոր ընտրողներն իրավունք ունեն ամեն ժամանակ հետ կոչելու նրան և նոր ընտրություն կատարելու:

 

ՀԱՏՎԱԾ ՎԵՑԵՐՈՐԴ

ԳԼՈՒԽ 12
ԲՅՈՒԴՋԵՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

 

93. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ամբողջ պետական յելումուտքը մտցվում ե համապատասխան բյուդջեյի մեջ:

94. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության բյուդջեն, վորպես մի բաղադրիչ մասն, մտնում ե Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային դերատիվ Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միասնական պետական բյուդջեյի մեջ Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Ֆեդերատիվ Հանրապետության Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Սահմանադրությունների և համապատասխան որենսդրության կարգով հրատարակվող կանոնների համաձայն:

95. Ծախքերի, այլև Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում հավաքվող հասույթների բաշխումը, նմանապես Միութենական, Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության յելևմտացույց կազմելը սահմանվում ե նույնպես Միութենական Որենսդրության կարգով:

96. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության բյուդջեն քննում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը, հաստատում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն, և ապա այդ բյուդջեն ուղարկվում ե Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության որենսդիր մարմիններին` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Սահմանադրության կարգով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական միասնական բյուդջեյի մեջ մուծելու համար:

97. Պետական գանձարանի միջոցներից վոչ մի ծախք չի կարելի անել առանց համապատասխան վարկ սահմանելու պետական յելևմտույցի մեջ կամ առանց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության որենսդիր մարմինների հատուկ վորոշման այդ մասին:

98. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության յելևմտացույցի մեջ նշանակված բոլոր ծախքերն արվում են իրենց անմիջական նպատակի համար նախահաշվի ստորաբաժանումների սահմաններում:

99. Բոլոր տեղական հասույթներն ու բոլոր տեղական ծախքերը միացվում են տեղական բյուդջեների մեջ` Միութենական և Հանրապետական Որենսդրության կարգով:

100. Տեղական բյուդջեները քննում և հաստատում են խորհուրդների համապատասխան համագումարները կամ պատշաճ դեպքերում գործադիր կոմիտեները` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության համապատասխան կենտրոնական մարմինների ընդհանուր վերահսկողության տակ:

101. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության բյուդջեյի կատարման տեղեկագիրը հաստատում ե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Կենտրոնական Գործադիր Կոմիտեն:

102. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Որենսդրության կարգով այդ որենսդրության համաձայն տեղական միջոցներին վերաբերյալ ծախքերը հոգալու համար` տեղական բյուդջեներին մուտքի հարկային և վոչ հարկային աղբյուրներ են վերապահվում:

 

ՀԱՏՎԱԾ ՅՈԹԵՐՈՐԴ

ԳԼՈՒԽ 13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆԻՇՆ ՈՒ ԴՐՈՇԱԿԸ

 

103. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական զինանիշն ե Մեծ և Փոքր Մասիսներից վեր ծագող արեգակի ճառագայթների մեջ մուրճ և մանգաղ միմյանց վրա խաչաձև, կոթերը դեպի վայր, ստորոտում` խաղողի վորթ վողկույզով ու տերևներով, աջ ու ձախ կողմերից` ցորենի հասկեր և ավելի բարձր` ձիթենու ճյուղեր: Զինանշի կրկնակի շրջագծերի արանքում մակագրված ե «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն» և «Պրոլետարներ բոլոր յերկրների, միացեք»:

104. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական դրոշակն ե կարմիր (ալ) գույնի կտոր, վորի ձախակողմյան վերին անկյունում, կոթի մոտ, զետեղված են վոսկեգույն տառեր «ՀՍԽՀ»:

105. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության մայրաքաղաքն ե Յերևան քաղաքը:

 

    Կենտրոնական գործադիր կոմիտեյի Նախագահ`           Ա. ԿԱՐԻՆԻԱՆ

    Կենտրոնական գործադիր կոմիտեյի Քարտուղար`         Հ. ՏԱՏՅԱՆ

 

Յերևան

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - հրապարակվել է ՀՍԽՀ ԲԱՆՎՈՐԱ-ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐԵՆՔՆԵՐԻ ՅԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՍԽՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ,

N 6, 05.1926, հոդ. 51

 

 

pin
Հայաստանի Խորհուրդների համագումար
01.05.1926