Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑ ...

 

 

040.1339.301118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1339-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «զ» պարբերությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում նախատեսված 458,118.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված` առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան (այսուհետ` կիսակառույցներ) շինարարության ավարտմանը.

2) սույն կետի 1-ին ենթակետով հատկացվող միջոցները հանդիսանում են պետական բյուջեից Ծրագրի շահառուներին հատկացվող կապիտալ դրամաշնորհներ, որոնք տնօրինվում են սույն որոշմամբ սահմանված պայմաններով.

i

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի շրջանակներում ավարտման ենթակա կիսակառույցների ցանկը ձևավորվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 424-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ սյունակով բերված տվյալները.

4) կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտման աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) կողմից` «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կենտրոն) աջակցությամբ` վերջինիս համաձայնությամբ, Մարզպետարանի և Կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա.

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները`

ա. կիսակառույցների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը Մարզպետարանի կողմից իրականացվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գումարը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվից Կենտրոնին փուլային մոտեցմամբ փոխանցելու եղանակով, որից 20 տոկոսը` մինչև 2019 թվականի մարտի 10-ը, իսկ մնացած մասը` ոչ ուշ, քան 2019 թվականի դեկտեմբերի 1-ը` համաձայն Կենտրոնի կողմից ավարտված առանձին գույքային միավորների մասով կազմված կատարողական ակտերի` այդ ակտերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարից 457,502.0 հազ. դրամն ուղղվում է կիսակառույցների շինարարական աշխատանքների, 616.0 հազ. դրամը` արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների և բնակելի տան նկատմամբ Ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի դիմաց կատարվող վճարի ֆինանսավորմանը,

գ. կիսակառույցների շինարարական աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Կենտրոնի և Ծրագրի շահառուների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.

6) սույն որոշման համաձայն շինարարությունն ավարտված բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 424-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին փոխանցված միջոցների հաշվին.

7) սույն որոշման համաձայն կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտված բնակելի տների նկատմամբ Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման` շինարարական աշխատանքների ավարտի փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում.

8) սույն որոշման համաձայն բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների նկատմամբ սույն կետի 7-րդ ենթակետով նշված փաստագրման պահից աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված կիսակառույցների շինարարական աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով գանձապետարանում Մարզպետարանի անվամբ բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ` Կենտրոնի վճարահաշվարկային սպասարկման համար, մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա մնացորդային գումարը փոխանցել բյուջեի միջոցների տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական համապատասխան հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) Ծրագրի շահառուներին պատկանող կիսակառույցների շինարարական աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գումարը.

2) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ապահովել սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն ձևավորել ավարտման ենթակա կիսակառույցների ցանկը և տրամադրել Կենտրոնին.

4) սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված կատարողական ակտերը հաստատելուց հետո դրանց հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գումարների փոխանցումը Կենտրոնին.

5) ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ամենամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետով ներկայացված տեղեկատվությունը:

i

5. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցվող կիսակառույցների նկատմամբ չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 22-րդ կետի դրույթները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2018
N 1339-Ն
Որոշում