Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ, 112-ՐԴ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ, 112-ՐԴ ԵՎ 358-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԼԴ2/0055/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԼԴ2/0055/01/16

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Ա. Ազարյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի ապրիլի 18-ին ք. Երևանում

i

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հայկազ Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. 2015 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի և 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90467915 քրեական գործը:

2016 թվականի հունիսի 15-ին Հայկազ Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Հ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի հոկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի դատավճռով Հ. Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով ազատազրկման` համապատասխանաբար 6 ամիս և 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով Հ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:

i

3. Ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանի պաշտպան Ռ. Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հոկտեմբերի 4-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` բեկանելու և փոփոխելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանը նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով, իսկ 358-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 3 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով Հ. Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի 3 ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 22-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

i

5. Հ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) ծառայելով ՀՀ ՊՆ 21833 զորամասում և զբաղեցնելով զորամասի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետի պաշտոնը, կոչումով փոխգնդապետ, 2015 թվականի դեկտեմբերի 14-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 21833 զորամասի շտաբի մասնաշենքի մոտ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված` Ղալթախչի գյուղ ընկերոջ մոտ չտանելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել 2015 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ (ՀՀ ՊՆ 10263 զորամաս), փոխգնդապետ Աշոտ Կնյազի Բադալյանի հետ, որի ընթացքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ հոդվածների և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածի պահանջները` կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, բռնություն է գործադրել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 33-րդ հոդվածով սահմանված` իր նկատմամբ ծառայողական դիրքով պետ հանդիսացող Աշոտ Բադալյանի նկատմամբ, այն է` գլխով և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է ստորին շրթունքի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, աջ գագաթաքունքային շրջանի վերկարծրենային արյունահավաքի, աջ քունքոսկրի խրթեշի կոտրվածքի ձևով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 156-167):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հայկազ Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարում այն, որ նա մարտական գործողությունների մասնակից է` 1992-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմանների պաշտպանությանը, զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով` ՀՀ նախագահի հրամանագրով 09.05.2005 թվականին` «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» հոբելյանական մեդալով, 04.05.2007 թվականին` «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից 05.05.2004 թվականին` «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի մեդալով», 04.06.2004 թվականին` «Դրաստամատ Կանայան» մեդալով, 15.01.2007 թվականին` «Անբասիր ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով», 17.02.2012 թվականին` «Անբասիր ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալով», 18.09.2006 թվականին` «Վազգեն Սարգսյան» մեդալով, 14.09.2011 թվականին` «Գարեգին Նժդեհ» մեդալով, 24.12.2011 թվականին` «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, Երկրապահ կամավորների միության կողմից 28.11.2012 թվականին` «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով, 08.05.2013 թվականին` «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների մեդալներով:

Ամբաստանյալ Հայկազ Հովհաննեսի Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...)

Անդրադառնալով ամբաստանյալ Հայկազ Հովհաննեսի Հովհաննիսյանի անձի և ընտանեկան վիճակի ուսումնասիրությանը` Առաջին ատյանի դատարանը փաստում է, որ նա որպես զինծառայող և որպես քաղաքացի, բնութագրվում է դրական, նախկինում դատված չէ, զինվորական երկարամյա ծառայության թոշակառու է, Երկրապահ կամավորների միության անդամ է, ամուսնացած է, նրա խնամքին գտնվող կինը` Մարիետա Հովհաննիսյանը, վատառողջ է` ունի «Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճան», «Զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ռիսկ 3», «Ողնաշարի գոտկային հատվածի օստեոխոնդրոզ, Շմոոլի ճողվածք» ախտորոշմամբ հիվանդություններ:

(...) Առաջին ատյանի դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ տուժողը (...) բողոք և պահանջ չի ներկայացրել:

i

Առաջին ատյանի դատարանը (...) հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալ Հայկազ Հովհաննիսյանի կատարած հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, յուրաքանչյուր հանցագործության կատարման շարժառիթը և եղանակը, նրա հանցավոր մտադրության իրականացման և հանցագործությունների կատարման մեջ մեղքի աստիճանը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը և դրանք համադրելով նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ, գտնում է, որ իր կատարած հանցագործությունների համար Հայկազ Հովհաննիսյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որը ենթակա է նրա կողմից կրելու, նկատի ունենալով, որ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն կիրառելու հիմքեր չկան, իսկ ազատազրկման ձևով պատիժը կրելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործմանը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 157-178):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է. «(...) Անդրադառնալով արարքի կատարման հանգամանքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դեպքը տեղի է ունեցել Ա. Բադալյանի և Հ. Հովհաննիսյանի միջև երկկողմանի վիճաբանության արդյունքում ծագած դիտավորության ժամանակ: Մասնավորապես, տուժողը պահանջել է, որ ամբաստանյալն իրեն տանի Ղալթախչի գյուղ` ընկերոջ տեսակցության, իսկ ամբաստանյալը, պատճառաբանելով, որ կինը հիվանդանոցում է և պետք է այցելի նրան, հրաժարվել է տուժողին այնտեղ տանելուց, որի կապակցությամբ կողմերի միջև առաջացել է փոխադարձ վեճ:

Վերաքննիչ դատարանն, անդրադառնալով արարքի կատարման հանգամանքներին, կարևորում է նաև այն, որ ամբաստանյալը գործել է, ոչ թե նախապես ծագած դիտավորությամբ, այլ տուժողի նկատմամբ բռնություն է կիրառել փոխադարձ վիճաբանության արդյունքում (...)

Ինչ վերաբերում է արարքի կատարման եղանակներին, (...), ապա Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալի կողմից տուժողին վնասվածքները պատճառվել են ձեռքերով և գլխով հարվածելու արդյունքում, այսինքն` ամբաստանյալը չի գործադրել որևէ հարմարեցված գործիք կամ միջոց (զենք, դանակ և այլն), որն անխուսափելիորեն հնարավորություն կունենար պատճառելու էլ ավելի ծանր հետևանքներ, իսկ ինչ վերաբերում է վնասվածքների տեղակայմանը, ապա դրանք հասցվել են տուժողի դեմքին:

(...)

(...) Արարքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի վարքագծի հակաօրինականությամբ և հակաբարոյականությամբ: Մասնավորապես, տուժողը` իրեն ընկերոջ գյուղ տանելու մասին խնդրանքն ամբաստանյալի կողմից մերժելուց հետո վիճաբանել է վերջինիս հետ, հատկանշական է, որ տուժողը հենց ինքը իր ցուցմունքներում նշել է, որ այդ վիճաբանության ընթացքում «ինչ-որ մի վատ բան է ասել իրեն (ամբաստանյալին)», որպիսի հանգամանքը հաստատել է նաև գործով վկա Ա. Քոչարյանը, ով հայտնել է, որ տուժողը ամբաստանյալին դիմել է «արա»-ով, իսկ ի պատասխան արված արտահայտության` ամբաստանյալը հնչեցրել է. «Արի ասեմ արան ովա» արտահայտությունը: Այսպիսով` պետք է փաստել, որ նման դեպքում տուժողը, խախտելով զինծառայողներին դիմելու ՀՀ ԶՈՒ կանոնակարգով նախատեսված կարգը, կոպիտ և վիրավորական արտահայտություն է հնչեցրել ամբաստանյալի հասցեին, որպիսի հանգամանքն էլ դրդել է վիճաբանության, վերածվել կռվի և ամբաստանյալի կողմից վերջինիս հարվածելուն:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից (...) անտեսվել է նաև այն, որ, ըստ գործի հանգամանքների` ամբաստանյալը դեպքից անմիջապես հետո տուժողին օգնություն է ցույց տվել, մասնավորապես, փորձել է ուշքի բերել, լվացել է դեմքը, այնուհետև, մյուս ծառայակից ընկերների հետ տարել է բուժկետ:

i

(...) Նշված հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ուժով պետք է դիտարկել, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող:

(...)

Վերաքննիչ դատարանը կարևորում է (...) այն հանգամանքը, որ տուժողն ամբաստանյալին բողոք և պահանջ չի ներկայացրել:

i

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել այս բոլոր հանգամանքները, որոնք հիմք են ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի նվազ չափ սահմանելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի չափը նվազեցնելու համար:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է տուժողի դրսևորած հակաօրինական և հակաբարոյական վարքագծի պատճառով, հանցանքը կատարելուց հետո անմիջապես օգնություն է ցուցաբերել նրան, գործով մյուս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, հանցանքը հատուկ հարմարեցված գործիքի բացակայությամբ կատարելու հանգամանքը, այն կատարելու ամբաստանյալի հանկարծակի ծագած դիտավորությունը և սույն որոշման մեջ արտացոլված մյուս հանգամանքները, որոնք իրենց բնույթով «բացառիկ» են և էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հիմք են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 1-28):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 64-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը վկայակոչել է անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, համադրել դրանք գործի նյութերի հետ և եզրահանգել, որ Վերաքննիչ դատարանի կողմից տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը որպես մեղմացնող հանգամանք դիտելն առարկայազուրկ է, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չփաստարկված և արհեստածին, քանի որ գործի նյութերում այդ հանգամանքը հիմնավորող որևէ փաստական տվյալ չկա:

Բացի այդ, վերլուծելով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «բացառիկ» ճանաչված հանգամանքների համակցությունը` հանցանքը կատարելուց անմիջապես հետո տուժողին օգնություն ցուցաբերելը, հանցագործություն կատարելը հատուկ հարմարեցված գործիքի բացակայությամբ, արարքը կատարելու հանկարծակի ծագած դիտավորությունն էականորեն չեն կարող նվազեցնել ամբաստանյալի հանրային վտանգավորությունը, ինչպես նաև այդ հանգամանքներն այն աստիճան առանձնահատուկ չեն, որ բացառության վերածվեն և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմք հանդիսանան: Իսկ ինչ վերաբերում է անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, ապա դրանք, ըստ բողոքաբերի, Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ հաշվի են առնվել, ինչն արտահայտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափի նշանակմամբ:

Բողոքի հեղինակը հատկանշական է համարել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի կողմից տուժողի առողջությանը վնաս պատճառելու արդյունքում վերջինս դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ և առողջական վիճակի բերումով կորցրել է աշխատանքը` զորացրվելով ՀՀ զինված ուժերի պահեստազոր:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պ. Բայրամյանի գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են`

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները (...)» (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

11.1. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ քննարկվող նորմը կարող է կիրառվել հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկի առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ 21833 զորամասում, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված` Ղալթախչի գյուղ ընկերոջ մոտ չտանելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Բադալյանի հետ, որի ընթացքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել Ա. Բադալյանի նկատմամբ, այն է` գլխով և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրել է, որ ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում վերջինիս անձը, ամուսնացած լինելը, որպես զինծառայող և որպես քաղաքացի դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը, զինվորական երկարամյա ծառայության թոշակառու լինելը, Երկրապահ կամավորների միության անդամ լինելը, խնամքին վատառողջ կնոջ առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, տուժողի կողմից բողոք և պահանջ չներկայացնելը, որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտում է այն, որ մարտական գործողությունների մասնակից է` 1992-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմանների պաշտպանությանը, զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը, եզրահանգել է, որ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ դեպքը տեղի է ունեցել երկկողմանի վիճաբանության արդյունքում, ամբաստանյալը հանցանքը կատարել է տուժողի դրսևորած հակաօրինական և հակաբարոյական վարքագծի պատճառով, հանցանքը կատարելուց անմիջապես հետո օգնություն է ցուցաբերել նրան, հանցանքը հատուկ հարմարեցված գործիքի բացակայությամբ կատարելու հանգամանքը, ինչպես նաև այն կատարելու ամբաստանյալի` հանկարծակի ծագած դիտավորությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, նշված հանգամանքները և Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված` անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներն իրենց համակցությամբ դիտելով որպես բացառիկ, գտել է, որ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 12-12.3-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես բացառիկ ճանաչված մեղմացնող հանգամանքների մեծ մասը ոչ միայն բացառիկ չեն, այլև դրանք կա՛մ չեն բավարարում Վճռաբեկ դատարանի` Պ. Բայրամյանի գործով որոշմամբ սահմանված չափանիշներին, կա՛մ դրանց վերաբերյալ դատողությունները հիմնազուրկ են:

i

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված` տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը:

Վերաքննիչ դատարանի այդպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր չէ, քանի որ ստորադաս դատարանի կողմից մատնանշված կոնկրետ փաստական տվյալները, մասնավորապես` ամբաստանյալին «արա»-ով դիմելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), սույն գործով չի կարող ինքնին բավարար համարվել քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը փաստելու համար, իսկ գործի նյութերում առկա մյուս փաստական տվյալները չեն հիմնավորում, որ արարքը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես մեղմացնող հանգամանքներ է գնահատել`

- հանցագործության կատարման եղանակը, մասնավորապես այն, որ ամբաստանյալն արարքը կատարել է առանց հատուկ հարմարեցված գործիքի,

- ամբաստանյալի հանկարծակի ծագած դիտավորությունը:

Սույն հանգամանքները որպես մեղմացնող, ավելին` այլ հանգամանքների հետ մեկտեղ որպես բացառիկ գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատողությունն անհիմն է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստիև չէին կարող գնահատվել որպես մեղմացնող: Իսկ նշյալն արդեն իսկ բավարար է արձանագրելու, որ այդ հանգամանքները չէին կարող դիտարկվել որպես բացառիկ:

13.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող ճանաչված այն հանգամանքին, որ ամբաստանյալը հանցանքը կատարելուց հետո անմիջապես օգնություն է ցուցաբերել տուժողին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դա չի կարող համարվել այն աստիճան առանձնահատուկ, որ վերածվի բացառության և էականորեն նվազեցնի կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

i

14. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 64-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավորված, պատճառաբանված և գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հայկազ Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.04.2018
N ԼԴ2/0055/01/16
Որոշում