Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՕՊԵՐԱՏԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0189/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0189/01/17

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

Դատավորներ` Մ. Պապոյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ`

                   դատախազ`                   Ա. Արամյանի

                   պաշտպան                    Ա. Քալաշյանի

 

2018 թվականի հունիսի 15-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Սամվել Անդրանիկի Բաբայանի, Արմեն Նշանի Պողոսյանի և Սանասար Անդրանիկի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանի, ամբաստանյալ Ա. Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի և ամբաստանյալ Ս. Գաբրիելյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հունիսի 9-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` նաև ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58207414 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործի վարույթը կասեցվել է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

1.2. 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 58213816 քրեական գործը:

Նույն թվականի սեպտեմբերի 21-ին ձերբակալվել են Դավիթ Հարությունյանը, Կարեն Քոչարյանը և Ժորա Զաքարյանը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումներով Դավիթ Հարությունյանը, Կարեն Քոչարյանը և Ժորա Զաքարյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

1.3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի և նույն թվականի փետրվարի 17-ի որոշումներով բավարարվել է Հրաչյա Մայիլյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարներով և հեռախոսով կայանալիք խոսակցությունները 2-ական ամիս ժամկետով գաղտնալսելու մասին ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի միջնորդությունը:

1.4. Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 20-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

2017 թվականի մարտի 22-ին թիվ 58207414 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ (թիվ 58204317)` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

Նույն օրը ձերբակալվել են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը և Սամվել Բաբայանը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 24-ի որոշումներով Ս. Գաբրիելյանը, Ա. Պողոսյանը և Ս. Բաբայանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշումներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2-ական ամիս ժամկետով:

2017 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Ավանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 30-ի որոշմամբ թիվ 58207414 և թիվ 58204317 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58204317 համարով:

2017 թվականի մարտի 31-ին Հ. Մայիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ թիվ 58213816 և թիվ 58204317 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58204317 համարով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի որոշումներով մեղադրյալներ Ս. Գաբրիելյանի, Ա. Պողոսյանի և Ս. Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է 2-ական ամիս ժամկետով:

2017 թվականի հունիսի 7-ին Ս. Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ս. Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Հրաչյա Մայիլյանի նկատմամբ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքի առթիվ քրեական հետապնդում չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով:

2017 թվականի հունիսի 9-ին Հ. Մայիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Հ. Մայիլյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Ա. Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ա. Պողոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի հունիսի 12-ին Կ. Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Անդրանիկ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին Դ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին Ժ. Զաքարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ս. Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ս. Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի հունիսի 16-ին թիվ 58204317 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Ս. Բաբայանի, Ս. Գաբրիելյանի, Ա. Պողոսյանի, Կ. Քոչարյանի, Ա. Քոչարյանի, Ժ. Զաքարյանի և Դ.Հարությունյանի վերաբերյալ թիվ 58209617 քրեական գործը:

2017 թվականի հուլիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Արմեն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Սանասար Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով:

Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով համապատասխանաբար 3 տարի և 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` Ս. Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Ա. Պողոսյանի, Ս. Գաբրիելյանի և Ս. Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ժ. Զաքարյանը, Ա.Քոչարյանը, Դ. Հարությունյանը և Կ. Քոչարյանը:

3. Ամբաստանյալ Ա. Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի, ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանի և ամբաստանյալ Ս. Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանը, ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանը և ամբաստանյալ Ս. Գաբրիելյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 25-ի որոշմամբ վարույթ են ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. «Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և դրանք ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին» Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի և նույն թվականի փետրվարի 17-ի նույնաբովանդակ որոշումների համաձայն` «ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հրաչյա Սարգսի Մայիլյանը (...) ներգրավված է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման գործընթացում:

(...) Հ. Մայիլյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով խոսակցությունները կարող են պարունակել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռքբերմանը, քանզի առկա են հանցագործության հատկանիշներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 141, 143):

5.1. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի` թիվ 9/A-245-CF/208/139/16 գրության համաձայն` «(...) Հայտնում ենք, որ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության «Դրամանենգության և հատուկ պաշտպանվող փաստաթղթերի վարչության» փորձագետ պարոն Մալիկ Ալիբեկովիչը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների վրա առկա են Եվրոպական Կենտրոնական բանկի 3 տարբեր նախագահների ստորագրություններ, հետևաբար դրանք տարբեր ժամանակներում են գողացվել:

Միաժամանակ հայտնում է, որ դիմել է երեք տարբեր մարմինների` Եվրոպոլին. Իտալիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին` վերջիններիս մոտեցումներին ծանոթանալու նպատակով:

Եվրոպոլից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների տվյալները մուտքագրվել են Եվրոպոլի համապատասխան տվյալների պահոց, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել (...):

Իտալիայի իրավասու մարմիններին է փոխանցվել X09178737887 սերիա-համարի 50 եվրո արժողության թղթադրամը: Վերջիններս տեղեկացնում են, որ նախնական փորձաքննությամբ պարզվել է, որ թղթադրամի մակերեսի վրա առկա ներկանյութի բաշխվածությունից կարելի է հաստատել, որ նշված թղթադրամը հորիզոնական դիրքով տեղադրված է եղել կոնտեյների մեջ: Թղթադրամը երեք տարբեր ուղղություններից ներկող կարմիր գույնը և վ/ն թղթադրամի վրա առկա ներկի քանակը վկայում է այն մասին, որ դա բնորոշ է բանկոմատներում անվտանգության նպատակով տեղադրված ներկերին: Ակնհայտ է, որ թղթադրամի վրա ներկերի մաքրման փորձը քիմիական նյութերի միջոցով փոխում է վերջինիս ֆիզիկական բնութագիրը, գույնը, հոլոգրամը, բաղադրությունը և փայլը: Լամպի լույսի տակ թղթադրամի վրա հստակ երևում են պաշտպանիչ մանրաթելերը: Այս բոլորը հաշվի առնելով Իտալիայի իրավասու մարմինները հաստատում են, որ թղթադրամը գողացվել է պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից:

(...)

Ձեր նախորդ գրության մեջ ներկայացված հարցադրումներին Մալիկ Ալիբեկովիչից ստացվել են հետևյալ պատասխանները:

Այն փաստը, որ թղթադրամների վրա առկա են բանկոմատներում անվտանգության նպատակով կիրառվող ներկանյութեր, հաստատում է, որ այդ բանկոմատները հանցագործների կողմից հարձակման են ենթարկվել: Նաև հնարավոր է, որ թղթադրամները ներկոտվեն բանկոմատների տեղափոխման ընթացքում առաջ եկած տեխնիկական կամ մարդկային գործոնի կողմից որևէ խնդիր առաջանալու դեպքում: Այս դեպքերում թղթադրամները կարող են փոխանակել Ազգային կենտրոնական բանկերում միայն իրավասու մարմինների կողմից` որոշակի տոկոսային պահումով:

Եթե թղթադրամը պատահաբար ներկոտվել է, ապա այն շրջանառության մեջ դնելու միակ տարբերակը ֆինանսական հաստատության աշխատակիցների կամ ընկերությունների կողմից կատարվող «ներքին գողությունն» է, որը հազվադեպ հանդիպող երևույթ է: Հատուկ ներկանյութերով ներկոտված թղթադրամների առկայությունն այսպիսով ցույց է տալիս, որ դրանք գողացվել են այս կամ այն գործելաոճի միջոցով:

Երբեմն կոնտեյներները խնամքով չեն տեղադրվում բանկոմատների մեջ, ուստի հնարավոր է, որ դրանք սխալ գործարկվեն: Նման դեպքերում ընկերություններին հնարավորություն է տրվում փոխանակել պատահաբար վնասված թղթադրամները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 231-232):

6. Ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատական նիստում միջնորդել է` «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ նյութերը` դրանք հետազոտելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 119-120):

6.1. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի` «Դատաքննությունը լրացնելու վերաբերյալ հարուցված միջնորդությունը քննարկելու մասին» որոշման համաձայն` «(...) Սույն գործով որպես մեղադրյալ հարցաքննված Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում դրված նյութերը վարչական շրջանների նույն դատարանից պահանջելու և գործին կցելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարել» (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 125-126):

6.2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի` 2017 թվականի նոյեմբերի 6-ի գրության համաձայն` «Նույն դատարանի 27.01.2017թ. որոշմամբ բավարարվել է (...) Հրաչյա Սարգսի Մայիլյանի կողմից օգտագործվող (...) բջջային հեռախոսահամարներով կայանալիք խոսակցությունները 2 ամիս ժամանակով գաղտնալսելու մասին: Նշված որոշումն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծվել է: (...) Ինչ վերաբերում է պահանջված այլ տեղեկատվությանը, ապա դրանք չեն կարող տրամադրվել, քանի դեռ օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 5):

6.3. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով արձանագրվել է. «(...) Ս. Գաբրիելյանը, Ա. Պողոսյանը և այլ անձինք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, խմբի կազմում կամ ավելի ուշ ընդգրկվելով նույն խմբում, Ս. Բաբայանի դրդմամբ ապօրինի ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք, այսինքն` Ս. Գաբրիելյանը և Ա. Պողոսյանը կատարել են հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս. Բաբայանը` հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բացի այդ, Ս. Բաբայանը, տեղեկացված լինելով, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր մտերիմ Տիգրան Հովհաննիսյանի ծանոթները հնարավորություն ունեն տրամադրելու ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված` հափշտակված, սակայն ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագրծվող հատուկ նյութով ներկոտված եվրոյի թղթադրամների խմբաքանակ` վճարելով դրա անվանական արժեքի 52 տոկոսը, մտադրվել է նշված գույքը ձեռք բերել և տեղափոխել ՀՀ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով խեղաթյուրելով դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը` որպես հնամաշ թղթադրամներ Հայաստանի Հանրապետության տարածքում դնել օրինական շրջանառության մեջ (...):

(...)

Այսպիսով, Ս. Բաբայանը կատարել է նաև հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ (...) վերջինիս օժանդակած Կարեն Քոչարյանը, Դավիթ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը և Ժորա Զաքարյանը` հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

6.4. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է նաև հետևյալը. «(...) Անդրադառնալով պաշտպանական կողմի վիճարկումներին, դրա հիմքում դրված «Ներքին դիտում» և «Հեռախոսային խոսակցությունների լսում և ձայնագրառում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների` որպես ապացույց անթույլատրելիության և օգտագործման անհնարինության վերաբերյալ պնդումներին /նաև միջնորդությանը/ (...)` Առաջին ատյանի դատարանը փաստում է, որ դրանց մի մասն անհիմն է, իսկ մյուս մասի քննարկումն ու լուծումը դուրս է գործն ըստ էության լուծող դատարանի լիազորությունների սահմաններից, քանի որ`

- գործի նյութերում առկա և դատաքննությամբ հետազոտվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են Առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հրաչյա Մայիլյանի նկատմամբ, հետևաբար` չպարզված աղբյուրից կամ դատավարական կարգի խախտմամբ վերոնշյալ ապացույցները ձեռք բերելու վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումները փաստական հիմք չունեն, վերացական դատողություններ են, տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացրած հետաքննության մարմնի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների գործողությունները պաշտպանական կողմը կարող էր այդ փաստաթղթերն իրենց հասու դառնալու պահից վիճարկել դատախազական հսկողության, ապա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, իսկ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրած դատարանի որոշումները` վերաքննության կարգով, քանի որ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն անմիջականորեն վերաբերելի էին ինչպես Սամվել Բաբայանին, այնպես էլ սույն գործով մյուս ամբաստանյալներին /առնչվում էին նրանց շահերին/ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

6.5. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի` թիվ 9/A-245-CF/208/139/16 գրությունն Առաջին ատյանի դատարանի դատավճռում մեջբերվել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ-ում հայտնաբերված և ստուգման համար նրանց ներկայացված գունավորված եվրո թղթադրամների վրա առկա են Եվրոպական Կենտրոնական Բանկի 3 տարբեր նախագահների ստորագրությունները, հետևաբար` դրանք «գողացվել են տարբեր ժամանակներում»: Իտալիայի իրավասու մարմիններին փոխանցված X սերիայի 09178737887 համարի 50 եվրո արժողությամբ թղթադրամի նախնական փորձաքննությամբ հաստատվել է, որ թղթադրամը գողացվել է պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից, թղթադրամի մակերեսի վրա առկա ներկանյութի բաշխվածությունից կարելի է պնդել, որ նշված թղթադրամը հորիզոնական դիրքով տեղադրված է եղել կոնտեյների մեջ: Թղթադրամը երեք տարբեր ուղղություններից ներկող կարմիր գույնը և դրա վրա առկա ներկի քանակը վկայում է այն մասին, որ դա բնորոշ է բանկոմատներում անվտանգության նպատակով տեղադրված ներկերին: Թղթադրամների վրա բանկոմատներում անվտանգության նպատակով կիրառվող ներկանյութերի առկայությունը փաստում է, որ այդ բանկոմատները հանցագործների կողմից հարձակման են ենթարկվել: Եթե թղթադրամը պատահաբար է ներկոտվել, ապա այն շրջանառության մեջ դնելու միակ տարբերակը ֆինանսական հաստատության աշխատակիցների կամ ընկերությունների կողմից կատարվող «ներքին գողությունն» է, որը հազվադեպ հանդիպող երևույթ է: «Հատուկ ներկանյութերով ներկոտված թղթադրամների առկայությունը ցույց է տալիս, որ դրանք գողացվել են այս կամ այն եղանակով» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա. Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի, ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանի և ամբաստանյալ Ս. Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու և ամբաստանյալներին արդարացնելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի» (տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 1-147):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ամբաստանյալ Ա. Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանը գտել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ, 358-րդ և 360-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը, վկայակոչելով սույն գործի նյութերը, նշել է, որ ամբաստանյալ Ա. Պողոսյանը կամովին հրաժարվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելուց, որպիսի հանգամանքն անտեսվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից:

8.1. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Վ.Կիրակոսյանը խնդրել է ամբաստանյալ Ա. Պողոսյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ:

9. Ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական ու չհիմնավորված դատական ակտ: Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 107-րդ, 127-րդ, 358-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների պահանջները:

Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատաքննությամբ հետազոտված ապացույցներին, դրանք պատճառաբանված չեն, իսկ եղած պատճառաբանությունները ենթադրական դատողություններ են: Բողոք բերած անձի համոզմամբ Ս. Բաբայանի մեղավորությունը դատաքննության արդյունքներով չի հաստատվել, չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի չեն մեկնաբանվել, և Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք ոչնչով չեն հիմնավորում առաջադրված մեղադրանքները:

Բացի այդ, բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ԵԷԴ/0058/01/10, թիվ ԵԿԴ/0252/01/13, թիվ ԳԴ/0002/01/14, թիվ ՎԲ-46/07 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքներին և եզրահանգել, որ Ս. Բաբայանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, դրանում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից և չեն հաստատվում հավաստի, փոխկապակցված ու բավարար ապացույցներով:

9.1. Վերոգրյալին զուգահեռ բողոքի հեղինակը նշել է, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալու Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու համար հիմք ծառայած նյութերին, որոնց օրինականությունը, ըստ բողոքաբերի, կասկածելի է: Մասնավորապես, հիմնազուրկ են Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հ. Մայիլյանի նկատմամբ իրականացվել են դատարանի թույլտվությամբ, և որ պաշտպանության կողմը կարող էր իրեն հասու դառնալու պահից դրանք վիճարկել: Բողոք բերած անձը գտել է, որ սույն գործի նախաքննության ընթացքում Հ. Մայիլյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասին որևէ տվյալ ձեռք չի բերվել, և այդ ծանր հանցագործությունն ապօրինաբար է նշվել Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու միջնորդության մեջ: Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումները չվիճարկելուն, ապա բողոքաբերը փաստել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը բավարարել է նշված որոշումների հիմքում դրված նյութերը պահանջելու մասին իր միջնորդությունը, սակայն դրանք այդպես էլ դատարան չեն ներկայացվել` գաղտնազերծված չլինելու պատճառաբանությամբ: Նման պայմաններում պաշտպանության կողմը, ըստ բողոքի հեղինակի, զրկվել է գաղտնալսումների արդյունքում ստացված և վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցների թույլատրելիությունը վիճարկելու հնարավորությունից:

9.2. Բողոքաբերը գտել է նաև, որ սույն գործով իրեղեն ապացույց թղթադրամների` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարման արդյունքում ստացված լինելն ու, հետևաբար, այդ թղթադրամների` նշված հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա լինելն ապացուցված չէ: Այս կապակցությամբ բողոքի հեղինակը մատնանշել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գրությունը և փաստել, որ դրանում նշված դատողություններն ամբողջությամբ չեն արտացոլվել մեղադրական եզրակացության մեջ, որպիսի հանգամանքն անտեսվել է դատարանների կողմից:

9.3. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Ա. Քալաշյանը խնդրել է ամբաստանյալ Ս. Բաբայանի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

10. Ամբաստանյալ Ս. Գաբրիելյանը նույնպես գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական ու չհիմնավորված դատական ակտ: Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 107-րդ, 127-րդ, 358-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ հիմնազուրկ են մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած մի շարք ձևակերպումներ: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ Ս. Բաբայանի կողմից նյութապես շահագրգռելու եղանակով իրեն ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն դրդելը կամ զենք ձեռք բերելու համար 50.000 ԱՄՆ դոլար խոստանալը գործի նյութերում առկա որևէ փաստական տվյալով չեն հաստատվում: Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված որոշակի տվյալներին, ապա դրանք, ըստ բողոքաբերի, կամայականորեն են մեկնաբանվել և հիմք ընդունվել որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներ:

Բացի այդ, բողոքի հեղինակը վկայակոչել է հանցագործությունից կամովին հրաժարման և հանցակցության վերաբերյալ քրեաիրավական նորմերը և եզրահանգել, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն, որ ինքը հրաժարվել է ռազմամթերքը ձեռք բերելու հանցավոր մտադրությունից և տեղյակ չի եղել Հ. Մայիլյանի` նշված ռազմամթերքի համար վճարման կամ տեղափոխման հետագա գործողություններից:

10.1. Վերոշարադրյալի հիման վրա ամբաստանյալ Ս. Գաբրիելյանը խնդրել է իր մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ` հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց կամովին հրաժարման պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման, այդ միջոցառման կատարման արդյունքում ձեռք բերված ապացույցը գործի դատաքննության ընթացքում գնահատման ենթարկելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացման) հանցակազմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունն արդյո՞ք պատշաճ գնահատման է ենթարկվել ստորադաս դատարանների կողմից:

i

13. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների` օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) Կլասսը և այլոք ընդդեմ Գերմանիայի գործով վճռում նշել է, որ չնայած հեռախոսային խոսակցություններն ուղղակիորեն հիշատակված չեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասում, այդպիսիք ներառվում են «անձնական կյանք» և «նամակագրություն» հասկացություններում:1

________________________

1 Տե՛ս Klass and others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/71, կետ 41:

 

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով` պետական մարմինների միջամտությունն անձնական կյանքի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին թույլատրվում է այն դեպքում, երբ «նախատեսված է օրենքով»: Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` այս ձևակերպումը ոչ միայն պահանջում է համապատասխանություն ներպետական օրենքին, այլև վերաբերում է օրենքի որակին` պահանջելով դրա համապատասխանությունն իրավական պետությանը: Հասարակական հսկողության բացակայության և իշխանությունը չարաշահելու վտանգի պատճառով պետական մարմինների կողմից հեռահաղորդակցության հսկողության և գաղտնալսման գաղտնի միջոցառումների համատեքստում ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին կամայական միջամտությունից անձի պաշտպանությունը: Հետևաբար ներպետական օրենսդրությունը պետք է հստակ լուսաբանի պետական իրավասու մարմինների կողմից նման գաղտնի միջոցառումների կիրառման հանգամանքներն ու պայմանները2:

_______________________

2 Տե՛ս Halford v. the UK գործով 1997 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 20605/92, կետ 49:

 

Այլ խոսքով` օրենքը պետք է բավականաչափ հստակ լինի իր հասկացությունների մեջ` պատշաճ կերպով անձին մատնանշելով այն հանգամանքները, որոնց դեպքում հանրային իշխանություններն իրավասու են նման գաղտնի միջոցների դիմել3:

_______________________

3 Տե՛ս Malone v. the UK գործով 1984 թվականի օգոսոտոսի 2-ի վճիռը, գանգատ թիվ 8691/79, կետ 67:

 

Ընդ որում, Եվրոպական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և վերահսկման այլ ձևերը լուրջ միջամտություն են անձնական կյանքի և հաղորդակցության նկատմամբ և համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ «օրենքի» վրա: Կարևոր է խնդրի վերաբերյալ ունենալ հստակ և մանրամասն կանոններ, հատկապես երբ կիրառման համար առկա տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են:4

_______________________

4 Տե՛ս Kopp v. Switzerland գործով 1998 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13/1997/797/1000, կետ 72:

 

13.1. Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Եվրոպական դատարանը մշակել է նվազագույն երաշխիքների շարք, որոնք պետք է սահմանվեն օրենսդրությամբ` լիազորությունների չարաշահումներից խուսափելու նպատակով. հանցագործությունների բնույթը, որոնք կարող են վերահսկման մասին որոշում կայացնելու հիմք հանդիսանալ, մարդկանց այն կատեգորիաների սահմանումը, որոնց հեռախոսները կարող են ենթակա լինել գաղտնալսման, հեռախոսների գաղտնալսման ժամանակահատվածը, այն ընթացակարգը, որին պետք է հետևել ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման համար, կանխարգելիչ միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այդ տվյալներն այլ կողմերին հաղորդելու դեպքում, և այն հանգամանքները, որոնց դեպքում ձայնագրությունները կարող են կամ պետք է ջնջվեն կամ ժապավենները` ոչնչացվեն5:

_______________________

5 Տե՛ս Weber and Saravia v. Germany գործով 2006 թվականի հունիսի 29-ի որոշումը, գանգատ թիվ 54934/00, կետ 95, Association for European Integration and Human Rights and Ekimdziev v. Bulgaria գործով 2007 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 62540/00, կետ 76, Liberty and Others v. the UK գործով 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումը, գանգատ թիվ 58243/00, կետ 95:

 

13.2. Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ երբ պետությունը սկսում է գաղտնի հսկողություն, որի գոյությունը հայտնի չէ հսկվող անձանց, և արդյունքում այդ հսկողությունը հնարավոր չի լինում բողոքարկել, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարող է էականորեն նսեմացվել: Նման իրավիճակում հնարավոր է, որ անձի նկատմամբ վարվեն 8-րդ հոդվածին հակասող կերպով կամ անգամ զրկեն նրան այդ հոդվածով երաշխավորված իրավունքից` առանց նշված անձի գիտության, և, հետևաբար, առանց իրավական պաշտպանության միջոց ստանալու հնարավորության թե՛ ներպետական մակարդակում և թե՛ կոնվենցիոն ինստիտուտներում6:

_______________________

6 Տե՛ս Klass and others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/71, կետ 36:

 

Բացի այդ, Եվրոպական դատարանը գտել է, որ ուշադրությունից չպետք է դուրս մնան այն հատուկ պատճառները, որոնք հիմնավորում են գաղտնի միջոցների վերաբերյալ գործերով Եվրոպական դատարանի նահանջն ընդհանուր մոտեցումից, ինչը կհերքի անձի իրավունքը` in abstracto բողոքարկելու օրենքը: Հիմնական նպատակն է ապահովել, որ նման միջոցների գաղտնիությունը չհանգեցնի դրանց անբողոքարկելիությանը և ներպետական դատական մարմինների ու Եվրոպական դատարանի իրավասությունից դուրս գալուն: Կոնկրետ գործով գնահատելու համար, թե արդյոք ֆիզիկական անձը կարող էր բողոքել գաղտնի հսկողության միջոցներ թույլատրող օրենսդրության հասարակ գոյության հետևանք հանդիսացող միջամտության դեմ, Եվրոպական դատարանը պետք է հաշվի առնի ներպետական մակարդակում իրավական պաշտպանության ցանկացած միջոցի հասանելիությունը և անձի նկատմամբ գաղտնի հսկողության միջոցների կիրառման ռիսկը: Այն դեպքում, երբ ներպետական մակարդակում չկա գաղտնի հսկողության միջոցների ենթադրյալ կիրառումը բողոքարկելու հնարավորություն, լայն հասարակության մոտ մեծ տարածում ունեցող կասկածը և մտահոգությունն առ այն, որ գաղտնի հսկողության միջոցները չարաշահվում են, անհիմն չեն լինի: Այս դեպքերում, անգամ երբ հսկողության իրական ռիսկը ցածր է, այնուամենայնիվ, առկա է դատարանի կողմից ստուգման անհրաժեշտություն7:

_______________________

7 Տե՛ս Kennedy v. The UK գործով 2010 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 26839/05, կետ 124:

 

13.3. Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության, իսկ ավելի կոնկրետ` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանն առնչվող` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ա) Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` հեռախոսային խոսակցությունները ներառվում են «անձնական կյանք» և «նամակագրություն» հասկացություններում,

բ) միջամտությունը հեռախոսային խոսակցություններին պետք է լինի օրենքին համապատասխան, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և հետապնդի իրավաչափ նպատակ,

գ) միջամտություն նախատեսող օրենսդրությունը պետք է պարունակի`

- վերահսկման համար հիմք հանդիսացող հանցագործությունների բնույթը,

- վերահսկվող անձանց շրջանակը,

- գաղտնալսման ժամանակահատվածը,

- ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման ընթացակարգը,

- նշված տվյալներն այլոց հաղորդելու դեպքում կանխարգելիչ միջոցները,

- ձայնագրությունները ջնջելու կամ ժապավենները ոչնչացնելու հանգամանքները,

դ) պետությունը պետք է ապահովի իրավական պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կերաշխավորեն անձի` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման միջոցառումները բողոքարկելու հնարավորությունը:

14. Անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը բողոքարկելու իրավունքի երաշխավորման անհրաժեշտությանը` Վճռաբեկ դատարանը վկայակոչում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածը, որի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են դատարանի կողմից, իսկ նշված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդության քննման արդյունքում ընդունված դատարանի որոշումը չբողոքարկելը չի կարող դիտվել որպես նահանջ ապացույցների ազատ գնահատման սկզբունքից:

Այսպես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ապացույցների ազատ գնահատումն օրենսդիրը հռչակել է որպես քրեադատավարական օրենքի սկզբունք, ըստ որի` ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Համաձայն նշված սկզբունքի` ապացույցը գնահատող անձը մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա: Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով:8

_______________________

8 Տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 18-19-րդ կետերը:

 

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդության քննման արդյունքում ընդունված և չբողոքարկված դատարանի որոշման առկայության փաստը չի ազատում հիմնական քրեական գործը քննող դատարանին, առանց այդ որոշման օրինականությունը կասկածի տակ առնելու, իր վարույթում գտնվող գործի նյութերով գնահատական տալու քրեական գործում առկա տվյալ ապացույցի թույլատրելիությանը, վերաբերելիությանը կամ արժանահավատությանը: Վերջին գործառույթը դատարանի պարտականությունն է և բխում է գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև` յուրաքանչյուր ապացույց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդվածներով սահմանված կարգով գնահատելու անհրաժեշտությունից:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և դրանք ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումներ է կայացրել` արձանագրելով, որ Հ. Մայիլյանը ներգրավված է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման գործընթացում` միաժամանակ նշելով, որ առկա են հանցագործության հատկանիշներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի և 178-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ամբաստանյալ Ս. Բաբայանի պաշտպան Ա. Քալաշյանը միջնորդել է վերոնշյալ դատարանից պահանջել Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ նյութերը` դրանք հետազոտելու համար (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը), մինչդեռ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահը գրությամբ հայտնել է, որ պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի դեռ այն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չէ (տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, կայացված դատավճռով թույլատրելի ճանաչելով Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները, գտել է, որ վիճարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են դատարանի թույլտվությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հրաչյա Մայիլյանի նկատմամբ, հետևաբար անհիմն են չպարզված աղբյուրից կամ դատավարական կարգի խախտմամբ վերոնշյալ ապացույցները ձեռք բերելու վերաբերյալ պաշտպանության կողմի պնդումները: Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացրած հետաքննության մարմնի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների գործողությունները պաշտպանության կողմը կարող էր այդ փաստաթղթերն իրենց հասու դառնալու պահից վիճարկել դատախազական հսկողության, ապա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, իսկ այդ միջոցառումների իրականացումը թույլատրած դատարանի որոշումները` վերաքննության կարգով, քանի որ դրանց արդյունքներն անմիջականորեն վերաբերելի էին ինչպես Ս. Բաբայանին, այնպես էլ սույն գործով մյուս ամբաստանյալներին (առնչվում էին նրանց շահերին) (տե՛ս սույն որոշման 6.4-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.3-րդ կետերում և հատկապես 14-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, բավարարվելով միայն այն հանգամանքի մատնանշմամբ, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրած դատարանի որոշումները պաշտպանության կողմը կարող էր բողոքարկել վերաքննության կարգով, անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները և, ըստ այդմ, պատշաճ գնահատման չի ենթարկել Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների` որպես քրեական գործում առկա ապացույցի թույլատրելիության պատշաճ ստուգում և գնահատում չիրականացնելով` Առաջին ատյանի դատարանը չի ապահովել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության պահանջի կատարումը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ըստ սույն գործի նյութերի` Առաջին ատյանի դատարանը մի կողմից որոշում է կայացրել Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ նյութերը համապատասխան դատարանից պահանջելու և գործին կցելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարելու մասին (տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը), իսկ մյուս կողմից` երբ նույն ատյանի դատարանից ստացվել է գրություն առ այն, որ համապատասխան նյութերը չեն կարող տրամադրվել, քանի դեռ օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն (տե՛ս սույն որոշման 6.2.-րդ կետը), գնահատական չի տվել ստեղծված իրավիճակին, ինչն առաջացրել է իրավական անորոշություն:

16.1. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունը ստորադաս դատարանների կողմից չի ենթարկվել պատշաճ գնահատման, ուստի նշված ապացույցը չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, ելնելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների, մասնավորապես` միջամտությունը վիճարկելու համար անհրաժեշտ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման անհրաժեշտությունից, հարկ է համարում նշել, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի ուժով հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու վերաբերյալ նյութերը հնարավոր է գաղտնազերծել` պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունն ու պաշտպանությունն աննպատակահարմար դարձնող օբյեկտիվ հանգամանքների փոփոխության հիմքով9 (որպես այդպիսին կարելի է դիտարկել Հ. Մայիլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու չվերացված որոշման առկայությունը):

_______________________

9 Տե՛ս «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը:

 

Հակառակ պարագայում` Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու վերաբերյալ նյութերի գաղտնազերծման անհնարինության դեպքում, դատավարության մասնակիցները կարող են ծանոթանալ դրանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված հատուկ կարգով:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կողմից իրականացվե՞լ է արդյոք գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ամբաստանյալ Ս. Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ եզրահանգում անելու համար:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումն է հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) (...)»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում»:

Վերը մեջբերված հանցակազմը մանրամասն վերլուծության է ենթարկվել Արսեն Սարգսյանի գործով որոշմամբ, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «Արարքը կարող է որակվել որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված հանցագործություններից որևէ մեկի առկայության դեպքում: Ընդ որում, վերջինս պետք է ժամանակային առումով նախորդի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը, և դրա արդյունքում ձեռք բերված գույքը պետք է հանդիսանա նշված հանցակազմի առարկա: Նախորդող հանցագործության բացակայությունը բացառում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի գոյությունը, ուստի նմանատիպ գործերով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նախ պետք է հաստատված համարի նախորդող հանցագործության դեպքը, ինչպես նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ տվյալ դեպքում պարտադիր չէ նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ինչպես նաև պարտադիր չէ, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող անձը որևէ առնչություն ունենա նախորդող հանցագործության հետ: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով և որ անձը գիտակցել ու նախատեսել է դրա` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը»:10

_______________________

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արսեն Սարգսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշման 11-րդ կետը:

 

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս. Բաբայանը դատապարտվել է այն բանի համար, որ նա ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված` հափշտակված, սակայն ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագործվող հատուկ նյութով ներկոտված եվրոյի թղթադրամներ է ձեռք բերել` ցանկանալով Հայաստանի Հանրապետության տարածքում այդ թղթադրամների քիմիական մաքրման և վերամշակման եղանակով խեղաթյուրել դրանց հանցավոր ծագումն ու իրական բնույթը և որպես հնամաշ թղթադրամներ դնել օրինական շրջանառության մեջ (տե՛ս սույն որոշման 6.3.-րդ կետը):

20. Վերը շարադրված փաստական հանգամանքը համադրելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը չի իրականացրել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն նախորդող հանցագործության դեպքը, ինչպես նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի, տվյալ պարագայում` եվրո թղթադրամների` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալ Ս. Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, ի թիվս այլոց, ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի թիվ 9/A-245-CF/208/139/16 գրությամբ (տե՛ս սույն որոշման 6.5-րդ կետը), սակայն դրանում տեղ գտած էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես` «Եվրոպոլից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների տվյալները մուտքագրվել են Եվրոպոլի համապատասխան տվյալների պահոց, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել», «Նաև հնարավոր է, որ թղթադրամները ներկոտվեն բանկոմատների տեղափոխման ընթացքում առաջ եկած տեխնիկական կամ մարդկային գործոնի կողմից որևէ խնդիր առաջանալու դեպքում» և «Երբեմն կոնտեյներները խնամքով չեն տեղադրվում բանկոմատների մեջ, ուստի հնարավոր է, որ դրանք սխալ գործարկվեն: Նման դեպքերում ընկերություններին հնարավորություն է տրվում փոխանակել պատահաբար վնասված թղթադրամները» դատողությունները անտեսվել են: Ավելին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մատնանշել 2017 թվականի փետրվարի 4-ի` թիվ 8/485 գրությամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն ուղղված` ԱԱԾ քննիչ Վ.Բալյանի հարցումը (մասնավորապես` քննիչը միջնորդել է, ի թիվս այլոց, պարզել, թե «Թղթադրամների ներկոտվածության վիճակը, տեղակայումը և ներկանյութի բաշխվածությունն արդյո՞ք նշանակում է, որ դրանք ներկոտվել են բանկոմատներից հափշտակվելու հետևանքով, թե` ոչ», (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 243-248) և փաստել, որ դրա պատասխանի վերաբերյալ տվյալներ սույն գործի նյութերում առկա չեն:

21. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն` ամբաստանյալ Ս. Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ եզրահանգում անելու համար:

22. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:

22.1. Ինչ վերաբերում է բողոքաբերների բարձրացրած մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8-րդ և 10-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

23. Անդրադառնալով ամբաստանյալների խափանման միջոցների հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս. Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է փոփոխել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հովիկ Աղազարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սարգսյանի, Վահան Կարապետյանի, Վահե Էնֆիաջյանի, Տիգրան Ստեփանյանի, Արթուր Մանուկյանի, Հակոբ Նազարյանի, Հրանտ Մադաթյանի անձնական երաշխավորությունը և յուրաքանչյուր երաշխավորողի կողմից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Ս. Բաբայանին ազատել կալանքից: Ամբաստանյալ Ս. Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է փոփոխել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Զուրաբյանի, Իվետա Տոնոյանի, Սերգեյ Բագրատյանի, Արայիկ Աղաբաբյանի, Վարդան Բոստանջյանի անձնական երաշխավորությունը և յուրաքանչյուր երաշխավորողի կողմից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Ս. Գաբրիելյանին ազատել կալանքից:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա. Պողոսյանի խափանման միջոցի հարցին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալի անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, խնամքին են կինը և ծնողները, գտնում է, որ գրավի կիրառումը գործի քննության տվյալ փուլում կարող է ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը: Հետևաբար Ա. Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է փոփոխել, կիրառել գրավ` գրավի չափ սահմանելով 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը, և այն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Ա. Պողոսյանին ազատել կալանքից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սամվել Անդրանիկի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սանասար Անդրանիկի Գաբրիելյանի և Արմեն Նշանի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Սամվել Անդրանիկի Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հովիկ Աղազարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սարգսյանի, Վահան Կարապետյանի, Վահե Էնֆիաջյանի, Տիգրան Ստեփանյանի, Արթուր Մանուկյանի, Հակոբ Նազարյանի և Հրանտ Մադաթյանի անձնական երաշխավորությունը: Յուրաքանչյուր երաշխավորողի կողմից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Սամվել Բաբայանին ազատել կալանքից:

3. Ամբաստանյալ Սանասար Անդրանիկի Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Զուրաբյանի, Իվետա Տոնոյանի, Սերգեյ Բագրատյանի, Արայիկ Աղաբաբյանի և Վարդան Բոստանջյանի անձնական երաշխավորությունը: Յուրաքանչյուր երաշխավորողի կողմից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Սանասար Գաբրիելյանին ազատել կալանքից:

4. Ամբաստանյալ Արմեն Նշանի Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխել և կիրառել գրավը` գրավի չափ սահմանելով 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը: Գրավը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Արմեն Պողոսյանին ազատել կալանքից:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.06.2018
N ԵԿԴ/0189/01/17
Որոշում