Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՃԱՊՈ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ, ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Ավանեսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 14-ին Երևանում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- Հայաստանի Հանրապետության տարածքում ճապոնական կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նմանատիպ հանգամանքներում տրամադրում է իր սեփական ներդրողներին և նրանց ներդրումներին` ներդրումային գործունեության մասով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում ճապոնական կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նմանատիպ հանգամանքներում տրամադրում է պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին` ներդրումային գործունեության մասով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում ճապոնական կողմի ներդրողների ներդրումներին տրամադրել օտարերկրացիներին տրամադրվող ռեժիմի նվազագույն չափորոշիչ, միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ` արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ճապոնական կողմի ներդրողներին տրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նմանատիպ հանգամանքներում տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողներին բոլոր ատյանների մակարդակով նման ներդրողների իրավունքների և՛ իրացման, և՛ պաշտպանության նպատակով դատարանների և վարչական մարմինների հասանելիության մասով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում ճապոնական կողմի կամ պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողի ներդրումային գործունեության հետ կապված չսահմանել կամ չկիրառել Համաձայնագրով (6-րդ հոդված) նշված պահանջներից որևէ մեկը կամ չպարտադրել ստանձնել որևէ պարտավորություն կամ հանձնառություն,

- ապահովել, որ անհապաղ հրապարակվեն կամ որևէ այլ կերպով հանրությանը հասանելի դառնան Հայաստանի Հանրապետության օրենքները, կանոնակարգերը, վարչական ընթացակարգերը, վարչական գործերով որոշումներն ու դատարանի ընդհանուր կիրառության որոշումները, ինչպես նաև միջազգային համաձայնագրերը, որոնք առնչվում կամ ազդում են Համաձայնագրի կիրառման և գործողության վրա,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան միջոցառումներ և ջանքեր գործադրվեն Համաձայնագրով կարգավորվող հարցերի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան բարյացակամորեն քննարկվեն ճապոնական կողմի քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձի և ճապոնական կողմի ձեռնարկությունում աշխատող անձնակազմի և գործադիր ղեկավարի, կառավարչի և տնօրենների խորհրդի անդամի մուտքի, կացության և բնակության համար դիմումները, որոնք ցանկանում են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ներդրումային գործունեություն իրականացնելու նպատակով մնալ այնտեղ,

- չօտարել կամ չազգայնացնել ճապոնական կողմի ներդրողի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ներդրումները կամ չձեռնարկել ցանկացած միջոց, որը համարժեք է օտարմանը կամ ազգայնացմանը, բացառությամբ Համաձայնագրով (12-րդ հոդված) նախատեսված դեպքերի և կարգով,

- ապահովել, որ ճապոնական կողմի ներդրողներին, որոնք իրենց ներդրումների մասով կրել են կորուստ կամ վնաս Հայաստանի Հանրապետության տարածքում` զինված ընդհարման կամ արտակարգ իրավիճակի հետևանքով, վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որևէ այլ լուծման մասով տրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողներին` կախված, թե որն է առավել բարենպաստ ճապոնական կողմի ներդրողների համար, միաժամանակ ապահովելով, որ ցանկացած վճարում լինի արդյունավետորեն իրացվելի, ազատ փոխանցելի և ազատ փոխարկելի` ազատ կիրառելի արժույթների շուկայական փոխարժեքով,

- երաշխավորել, որ ճապոնական կողմի ներդրողի` Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրման հետ կապված բոլոր փոխանցումներն ազատորեն կատարվեն դեպի Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առանց հետաձգման,

- տրամադրել և ապահովել մտավոր սեփականության իրավունքների համապատասխան և արդյունավետ պաշտպանություն, խթանել արդյունավետությունն ու թափանցիկությունը մտավոր սեփականության պաշտպանության համակարգում,

- ապահովել, որ հայցվորի և պատասխանողի միջև ներդրումային վեճերի առկայության դեպքում նախ վեճը լուծվի խորհրդակցության և բանակցության միջոցով, ինչը կարող է ներառել ոչ պարտադիր բնույթ ունեցող, երրորդ կողմի մասնակցությամբ ընթացակարգեր:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև ներդրումների համար կայուն, բարենպաստ, թափանցիկ պայմանների ստեղծմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2019 թվականի

ՍԴՈ-1440

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 հունվարի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2019
N ՍԴՈ-1440
Որոշում