Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՕԶՈՆԱՅԻ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2019 թ.

 

i

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻԳԱԼԻԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ի. Ղափլանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը` Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում` օզոնաքայքայիչ նյութերին այլընտրանք հանդիսացող հիդրոֆտորածխածինների (այսուհետ` ՀՖԱ) գործածման փուլային կրճատում իրականացնելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ 12 ամսվա ընթացքում, որն սկսվում է 2019 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում F հավելվածով կարգավորվող նյութերի` իր սպառման հաշվարկային մակարդակը` արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է 2J հոդվածի 1-ին կետի «a»-»e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F հավելվածով կարգավորվող նյութերի` իր սպառման հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար` գումարած C հավելվածի I Խմբով կարգավորվող նյութերի` 2F հոդվածի 1-ին կետով սահմանված` իր սպառման հաշվարկային մակարդակի 15%-ը` արտահայտված CO2 համարժեքով. a) 2019-2023թթ.` 90%, b) 2024-2028թթ.` 60%, c) 2029-2033թթ.` 30%, d) 2034-2035թթ.` 20%, e) 2036թ. և դրանից հետո` 15% (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 1.),

- ապահովել, որ F հավելվածով կարգավորվող նյութեր արտադրելու դեպքում 12 ամսվա ընթացքում, որն սկսվում է 2019 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում F հավելվածով կարգավորվող նյութերի` իր արտադրության հաշվարկային մակարդակը` արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է ստորև բերված «a»-»e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F հավելվածով կարգավորվող նյութերի` իր արտադրության հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար` գումարած C հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի` 2F հոդվածի 2-րդ կետով սահմանված` իր արտադրության հաշվարկային մակարդակի 15%-ը` արտահայտված CO2 համարժեքով. a) 2019-2023թթ.` 90%, b) 2024-2028թթ.` 60%, c) 2029-2033թթ.` 30%, d) 2034-2035թթ.` 20%, e) 2036թ. և դրանից հետո` 15% (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 3.),

- ապահովել, որ C հավելվածի I Խմբի կամ F հավելվածով նախատեսված նյութեր արտադրելու դեպքում 12 ամսվա ընթացքում, որն սկսվում է 2020 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում F հավելվածի II Խմբի նյութերի` իր արտանետումները, որոնք առաջացել են յուրաքանչյուր արտադրության օբյեկտում, որն արտադրում է C հավելվածի I Խմբի կամ F հավելվածի նյութեր, հնարավորինս ոչնչացվեն` օգտագործելով նույն 12-ամսյա ժամանակահատվածում Կողմերի հաստատած տեխնոլոգիաները (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 6.),

- ապահովել, որ C հավելվածի I Խմբի կամ F հավելվածի նյութեր արտադրող գործարաններում առաջացած` F հավելվածի II Խմբի նյութերի ցանկացած ոչնչացում կատարվի բացառապես Կողմերի հաստատած տեխնոլոգիաներով (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 7.),

- համաձայնել, որ Արձանագրության 4-րդ հոդվածի 1 sept կետի ուժի մեջ մտնելուց հետո արգելվի F հավելվածով կարգավորվող նյութերի ներմուծումը Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 4, կետ 1 sept),

- համաձայնել, որ Արձանագրության 4-րդ հոդվածի 2 sept կետի ուժի մեջ մտնելուց հետո արգելվի F հավելվածով կարգավորվող նյութերի արտահանումը Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 4, կետ 2 sept),

- ապահովել, որ 4B հոդվածի 2 bis կետի ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում ներդրվի և կիրառվի F հավելվածով կարգավորվող` նոր, օգտագործված, վերամշակված և վերականգնված նյութերի ներմուծման և արտահանման լիցենզավորման համակարգ (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 4B, կետ 2 bis),

- ապահովել, որ հայկական կողմը քարտուղարությանը ներկայացնի F հավելվածի II Խմբի կարգավորվող նյութերի` իր տարեկան արտանետումների վիճակագրական տվյալները` ըստ օբյեկտի, համաձայն Արձանագրության 3-րդ հոդվածի 1(d) կետի (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 7, կետ 3 ter) և այլն:

3. Միաժամանակ, Համաձայնագրի V հոդվածով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության յուրաքանչյուր Կողմ ցանկացած ժամանակ` մինչև իր համար սույն Փոփոխության ուժի մեջ մտնելը, կարող է հայտարարել, որ ինքը ժամանակավորապես կիրականացնի Արձանագրության 2J հոդվածում սահմանված կարգավորման միջոցառումներից ցանկացածը և կկատարի 7-րդ հոդվածում սահմանված ներկայացման համապատասխան պարտավորությունները մինչև ուժի մեջ մտնելը:

4. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Համաձայնագրում հղում է կատարվել մի շարք միջազգային պայմանագրերի, մասնավորապես.

- «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիա` ստորագրված 1985 թվականի մարտի 22-ին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999թ. ապրիլի 28-ին Ազգային ժողովի Ն-328-1 թվակիր որոշմամբ (ՍԴՈ-145),

- «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրություն` ստորագրված 1987 թվականի սեպտեմբերի 26-ին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999թ. ապրիլի 28-ին Ազգային ժողովի Ն-329-1 թվակիր որոշմամբ (ՍԴՈ-145),

- «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Պեկինյան փոփոխություն` ստորագրված 1999 թվականի դեկտեմբերի 3-ին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի Ն-095-4 թվակիր որոշմամբ (ՍԴՈ-745),

- «Կլիմայի փոփոխության մասին» Ռիո դե Ժանեյրոյում 1992 թվականի մայիսի 9-ին ստորագրված շրջանակային կոնվենցիան (վավերացվել է 1993թ. մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի Հ.Ն-0780-I թվակիր որոշմամբ),

- «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրություն` ստորագրված 1997 թվականի դեկտեմբերի 11-ին (վավերացվել է 2002թ. դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի Ն-323-2 որոշմամբ (ՍԴՈ-394):

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 12 և 13-րդ հոդվածների դրույթներին, մասնավորապես` նպատակաուղղված են շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը ու վերականգնումը խթանելու և բնական պաշարների ողջամիտ օգտագործելու նպատակով պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2019 թվականի

ՍԴՈ-1441

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 հունվարի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2019
N ՍԴՈ-1441
Որոշում