Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հունվարի 2019 թվականի N 11

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը (այսուհետ` Դիմող) 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով) է ներկայացրել Հանձնաժողովի 2017 թվականի հուլիսի 12-ի «Բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրման, վերալիցքավորման քարտերի վաճառքի և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունման մասին» N 307-Ն որոշման (այսուհետև` Որոշում) վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու մասին դիմում (այսուհետև` Դիմում)` խնդրելով պաշտոնական պարզաբանում տալ հետևյալ հարցի կապակցությամբ.

«Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.07.2017 թ. թիվ 307-Ն որոշումը` արդյո՞ք վճարահաշվարկային կազմակերպությունը իրավասու է միջնորդավճար ստանալ իր հաճախորդներից, որոնք տերմինալների միջոցով վճարում են կատարում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց»:

Ներկայացնելով Որոշման հիմնավորվածությունն ըստ էության վիճարկող պնդումներ` Դիմողն առաջարկել է Որոշման պարզաբանման հետևյալ տարբերակը.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.07.2017 թ. թիվ 307-Ն որոշումը` վճարահաշվարկային կազմակերպությունը իրավասու է միջնորդավճար ստանալ իր հաճախորդներից, որոնք տերմինալների միջոցով վճարում են կատարում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց, պայմանով, որ հաճախորդները կտեղեկացվեն միջնորդավճարը վճարահաշվարկային կազմակերպությանը վճարելու փաստի մասին»:

Հաշվի առնելով այն, որ, Դիմողի պնդմամբ, Որոշումը ոչ հստակ է և կարող է տարաբնույթ ընկալումների տեղիք տալ, ինչպես նաև այն, որ Որոշման կիրառման բնագավառում առաջացել են որոշակի հարցեր ու հարցադրումներ, որոնք ենթակա են պարզման, Հանձնաժողովը գտնում է, որ առկա է Որոշումը պաշտոնապես պարզաբանելու` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված հիմք: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Դիմումում առկա են Որոշման ոչ իրավաչափ լինելու (Որոշման իրավական հիմքերի, ընդունման իրավական նպատակի ենթադրյալ բացակայության վերաբերյալ) և Դիմողի ներկայացրած պարզաբանման տարբերակի չկիրառման դեպքում Հանձնաժողովի կողմից անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու վերաբերյալ որոշ պնդումներ, և նպատակ ունենալով Դիմողի ընկալման համար առավել մատչելի դարձնել պարզաբանվող որոշումը, Հանձնաժողովը սույն պարզաբանմամբ հարկ է համարում անդրադառնալ նաև Որոշման ընդունման հիմնավորմանը և Դիմողի` հիշյալ պնդումներին:

Այսպես, Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» և «իէ» ենթակետերը, Որոշմամբ սահմանել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ` Օպերատոր) բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրումը, վերալիցքավորման քարտերի վաճառքը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այլ անձանց պատվիրակելու դեպքում կնքվող պայմանագրերի շրջանակում ապահովում է`

1) բաժանորդների կանխավճարային և (կամ) հետվճարային հաշիվների համալրումն այն գումարների լրիվ չափով, որոնք վճարվում են նշված հաշիվները համալրելու (դրանց գումարներ փոխանցելու) համար.

2) բաժանորդներին վերալիցքավորման քարտերի վաճառքի իրականացումն այն անվանական գներին համարժեք չափով, որոնք նշված են վերալիցքավորման քարտերի վրա.

3) բաժանորդներին մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այդ ծառայությունների սակագներին համարժեք գումարների չափով:

Որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

Որոշման ընդունման համար փաստական հիմք են հանդիսացել հետևյալ հանգամանքները.

2017 թվականի մարտ ամսին Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գրությամբ ստացել է քաղաքացու առցանց հարցում` մանրածախ վաճառակետերում շարժական կապի հաշիվները վերալիցքավորելիս բաժանորդներից հավելավճարների գանձման ձևավորված պրակտիկայի վերաբերյալ: Միաժամանակ, սոցիալական կայքերում և զանգվածային լրատվամիջոցներում նույն ժամանակահատվածում տեղ էին գտել բազմաթիվ հրապարակումներ լիցքավորման քարտեր գնելիս և հեռախոսահամարները գումարով լիցքավորելիս հավելյալ գումար պահանջելու վերաբերյալ (հիմնականում 20, 30 կամ 50 դրամ):

Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցը համակողմանի և տևական քննարկման առարկա էր դարձել` ներգրավելով նաև շարժական կապի օպերատորներին: Արդյունքում, պարզվել էր հետևյալը.

1) Վերալիցքավորման քարտերի և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայության գները Օպերատորների կողմից որևէ փոփոխության չէին ենթարկվել: Լիցքավորման քարտերի ձեռքբերումը և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայությունից օգտվելն առանց որևէ հավելավճարի հասանելի էր բաժանորդներին Օպերատորների սպասարկման գրասենյակներում և ինտերնետային կայքերում (այդ թվում` բջջային հավելվածների միջոցով), ինչպես նաև բանկերի մասնաճյուղերում, փոստային բաժանմունքներում և Մոբի Դրամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից Օպերատորների մատուցած ծառայությունների դիմաց վճարումներ ընդունող տերմինալներով:

Սակայն, նշված քարտերն ու ծառայությունը համապատասխան պայմանագրերի հիման վրա իրացվում էին նաև Օպերատորների առևտրային գործընկերների, այդ թվում` վճարահաշվարկային կազմակերպություններ հանդիսացող «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, «Իզի Փեյ», «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ` Միջնորդներ), ինչպես նաև դիլլերի և դիստրիբյուտորների միջոցով: Միջնորդները, Օպերատորների մատուցած ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումներ ընդունելիս, բացի Օպերատորների կողմից միջնորդավճար ստանալուց, մինչև 1000 դրամ վճարումների պարագայում հավելյալ վճարներ էին գանձում նաև բաժանորդներից: Նման մոտեցման անարդարացիությունն առավել ընդգծվում էր` հաշվի առնելով, որ դրա կիրառման շահառուները հիմնականում հանրության առավել խոցելի սոցիալական խմբերն էին (դպրոցական, ուսանող, սոցիալապես անապահովներ): Ընդ որում, հարկ է նշել, որ Միջնորդների կողմից միջնորդավճար չէր գանձվում ինչպես 1000 դրամը գերազանցող, այնպես էլ վերջիններիս կողմից այլ ծառայությունների (Վիվարո, Տոտո և այլն) մատուցման պարագայում` անկախ վճարման չափից.

2) Բաժանորդների կողմից տերմինալների միջոցով ցանկացած այլ վճարում կատարելիս ավելի վճարված գումարի վերադարձման փոխարեն հիմնականում առաջարկվում էր նշված գումարն ուղղել հեռախոսաքարտի լիցքավորմանը, որի պարագայում ավելի վճարված գումարից մեխանիկորեն գանձվում էր միջնորդավճար: Արդյունքում, տերմինալների ոչ լիարժեք տեխնիկական հագեցվածության դեպքում (մանրադրամի վերադարձի անհնարինություն)` Միջնորդների համար չառաջացնելով որևէ լրացուցիչ ծախս, ավելի վճարված գումարից պարտադրաբար գանձվում էր միջնորդավճար.

3) Իրականում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Օպերատորների կողմից մատուցված ծառայությունների դիմաց Միջնորդների միջոցով մինչև 1000 դրամ վճարում կատարող բաժանորդների նկատմամբ կիրառվում էր խտրական մոտեցում այն բաժանորդների համեմատությամբ, որոնք վճարում էին կատարում օպերատորների սպասարկման գրասենյակներում, ինտերնետային կայքերով (այդ թվում` բջջային հավելվածների միջոցով), բանկերի մասնաճյուղերում և փոստային բաժանմունքներում, իսկ որոշ դեպքերում նաև` Միջնորդ կազմակերպությունների կոնկրետ հասցեներում տեղադրված տերմինալներով, ինչպես նաև այն բաժանորդների համեմատությամբ, որոնք վճարում էին 1000 դրամից ավելի, քանի որ վերջիններս որևէ հավելավճար չէին վճարում: Նշվածն ընդգծվում էր նաև Օպերատորների մատուցած ծառայությունների դիմաց վճարում ընդունող այլ վճարահաշվարկային կազմակերպության (Մոբի Դրամ), ինչպես նաև Միջնորդների կողմից այլ ծառայությունների (Վիվարո, Տոտո և այլն) մատուցման պարագայում մինչև 1000 դրամ վճարում կատարող բաժանորդների օրինակներով, որոնց պարագայում որևէ միջնորդավճար ևս չէր կիրառվում.

4) Օպերատորի մատուցած ծառայությունների դիմաց վճարների գանձման գործառույթի պատվիրակումն այլ կազմակերպությունների իրականացվում էր քաղաքացիաիրավական գործարքի շրջանակում, տվյալ դեպքում Օպերատորների և Միջնորդների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցով էլ կարգավորվում էին Միջնորդների կողմից վճարահաշվարկային ծառայությունների մատուցմանն առնչվող հարաբերությունները:

Հանձնաժողովի կողմից կիրառված մոտեցման հիմքում դրվել են հետևյալ իրավական դիրքորոշումները.

1. Համաձայն Օրենքի` Օպերատորի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որի շրջանակում Օպերատորներին վերապահված է այդ ծառայությունների դիմաց բաժանորդներից սահմանված վճարումներ ստանալու իրավունքը (Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Ուստի, Օպերատորի մատուցած ծառայությունների դիմաց վճարների գանձման գործառույթի պատվիրակումը, համաձայն գործող օրենսդրության (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ, 40-րդ և 42-րդ գլուխներ), իրականացվում է Օպերատորների և Միջնորդների միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա: Նշված պայմանագրերի շրջանակում, Միջնորդները պարտավորվում են Օպերատորների հանձնարարությամբ, վերջիններիս անունից, նրանց օգտին և, որ ամենաէականն է, նրանց հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, այն է` բաժանորդներից համապատասխան վճարումների ընդունումը և փոխանցումը Օպերատորներին:

Այսպիսով, Միջնորդը, համաձայն քաղաքացիաիրավական կարգավորումների` բաժանորդներից վճարումների ընդունման և դրանք Օպերատորին փոխանցման իրավաբանական գործողությունները կատարում է Օպերատորի անունից (այլ ոչ թե բաժանորդի), ուստի դրանց կատարման դիմաց փոխհատուցում կարող է ստանալ միայն պայմանագրի մյուս կողմից` պատվիրակողից, այսինքն` Օպերատորից: Մինչդեռ, նշված բաժանորդներից միջնորդավճար գանձելով` Միջնորդը, փաստորեն, միևնույն իրավաբանական գործողության համար (վճարման ստացում և փոխանցում) ստանում է կրկնակի հատուցում, և եթե մի դեպքում այդ հատուցումը ստանալու իրավական հիմքն Օպերատորի հետ կնքված համապատասխան գործառույթի պատվիրակման (օր` հանձնարարության) պայմանագիրն է, ապա բաժանորդից ևս փոխհատուցում ստանալու իրավական հիմքը բացակայում է, և բաժանորդը, փաստորեն, վճարում է գոյություն չունեցող պարտավորության համար, ինչը ոչ միայն հակասում է Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (վերջնական օգտագործողները պարտավոր են կատարել ծառայությունների մատուցման սակագների կամ պայմանագրերի պայմանները, այդ թվում` ծառայությունների դիմաց օրինական վճարումներ կատարելու պարտավորությունը), այլ նաև կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհիմն հարստացման հատկանիշներ:

2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է լինեն արդարացի և ողջամիտ: Ցանկացած սակագին, որն արդարացի կամ ողջամիտ չէ, համարվում է հակաօրինական: Սակագնի արդարացի և ողջամիտ լինելու մասին հիմնավորում կարող է համարվել արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը: Օրենքի համաձայն` կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է պայմանավորվեն այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ և Օրենքին համապատասխան սահմանված և բաշխված ծախսերով:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` սակագին է համարվում սպառողներին մատուցվող ծառայությունների մատուցման պայմանները և գինը:

Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` Օպերատորները և ծառայություններ մատուցողները պարտավոր են համապատասխան կարգով պահպանել սակագները կամ սպասարկման պայմանները:

Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերջնական օգտագործողներն ի թիվս այլնի իրավունք ունեն հավասար հիմունքներով օգտվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից:

Վերը նշված իրավակարգավորումների համադրելի վերլուծությունից հետևում է, որ`

- սակագները օրենքին համապատասխան սահմանված և բաշխված ծախսերով պայմանավորելու հանգամանքն էական նշանակություն ունի արդարացի և ողջամիտ սակագների ձևավորման համար, ուստի նշված դրույթը հավասարապես կիրառելի է նաև Օպերատորների կողմից կիրառվող` չկարգավորվող սակագների նկատմամբ,

- Օպերատորների կողմից վերջնական օգտագործողներին մատուցվող ծառայությունների հիմքում ընկած է հավասարության սկզբունքը` բացառելով նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագնի խախտումը և արդյունքում խտրական վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ:

Այսինքն, նախ Օպերատորի կողմից բաժանորդներին մատուցվող ծառայությունների համար հայտարարված սակագինը (վճարը) պետք է ներառի նշված ծառայությունը պայմանավորող բոլոր, այդ թվում նաև` այդ ծառայության դիմաց վճարների գանձման գործառույթն այլ անձանց պատվիրակելու հետ կապված միջնորդավճարները: Հետևաբար, ցանկացած Միջնորդի միջոցով լիցքավորման քարտ ձեռք բերելիս կամ հեռախոսահամարը գումարով համալրելիս, ինչպես նաև Օպերատորի կողմից մատուցվող այլ ծառայությունից օգտվելիս պետք է բացառվի բաժանորդների կողմից Միջնորդին ցանկացած տեսքով հավելավճարի վճարումը, քանի որ հակառակը կհանգեցնի նույն գործողության համար բաժանորդների կողմից կրկնակի վճարման, այն է` մի կողմից` Օպերատորին` հայտարարված սակագնում ներառված Միջնորդների միջնորդավճարների վճարման, մյուս կողմից` ուղղակիորեն Միջնորդին վճարման տեսքով:

Երկրորդ, Օպերատորների կողմից վերջնական օգտագործողների համար պետք է ապահովվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից հավասար հիմունքներով օգտվելու իրավունքը` բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք վերջիններիս նկատմամբ:

Մինչև 1000 դրամ վճարում կատարող բաժանորդների նկատմամբ խտրական մոտեցման կիրառման հատկանիշների առկայությունը հիմնավորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներում խտրականության իրավական բովանդակության կիրառման վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով:

Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն` համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջև: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «... տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի հունիսի 7-ի N 967 որոշման մեջ խտրականության արգելման վերաբերյալ նշվում է, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի հուլիսի 7-ի N ՍԴՈ-1224 որոշման համաձայն խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881, 4 մայիսի 2010 թ.): Նմանատիպ իրավական դիրքորոշումներ հայտնել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (տե՛ս, մասնավորապես` Stec and Others v. the United Kingdom [GC], nos. 65731/01 and 65900/01, § 51, ECHR 2006-VI .. Carson and Others v. the United Kingdom [GC], no. 42184/05, ECHR 2010):

Ի հակառակ վերը նշվածի` Օպերատորների մատուցած ծառայությունների դիմաց մինչև 1000 դրամ վճարում կատարող բաժանորդներից հավելավճարներ գանձելու մասով ինչպես Օպերատորների, այնպես էլ Միջնորդների կողմից չի ներկայացվել կիրառվող մոտեցման տարբերակման որևէ օբյեկտիվ ու ողջամիտ արդարացում և հիմք, ինչպես նաև հետապնդվող իրավաչափ նպատակ:

Ուստի, հաշվի առնելով, որ մինչև 1000 դրամ վճարում կատարող բաժանորդների նկատմամբ կիրառվող մոտեցումը չէր բխում ինչպես գործող իրավական կարգավորումներից, այնպես էլ վերը նշված նախադեպային իրավունքից` Հանձնաժողովը, որպես հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտ հանդիսացող էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորում իրականացնող մարմին, կայացրել է Որոշումը` նպատակ ունենալով`

1) ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ օգտագործողների (բաժանորդների) շահերի պաշտպանությունը, այդ կերպ նաև հանրային շահերի պաշտպանությունը` բացառելով վերջիններիս կողմից միևնույն ծառայության դիմաց կրկնակի վճարումների կատարումը և նրանց նկատմամբ առանց ողջամիտ ու արդարացված հիմնավորումների խտրականության դրսևորումը.

2) ապահովել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում մրցակցությունը` վերջնական օգտագործողների (բաժանորդների) համար մատուցված ծառայությունների գների և որակի առավել օգտավետության ապահովման միջոցով, ինչը ենթադրում է Օպերատորի կողմից հայտարարված համապատասխան որակի ծառայությունների և դրա համար սահմանված գնի օգտավետության ապահովում, այսինքն` տվյալ դեպքում «հայտարարված գին» և «ծառայության որակ» որոշակի համադրությունը պետք է հասանելի լինի բաժանորդներին` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս այդ որակի ծառայության համար սահմանված գինը վճարում են օպերատորի գործառնական գրասենյակում, թե այլ միջնորդ կազմակերպության միջոցով.

3) սահմանել Օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի, այդ թվում` բաժանորդների սպասարկմանը վերաբերող որոշակի չափանիշներ, ինչը ենթադրում է Օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումների ստացումը նույն պայմաններով (այսինքն` Օպերատորի հրապարակած գնով)` անկախ վճարման կատարման վայրից և եղանակից:

Որոշման առավել ամբողջական պարզաբանման նպատակով` Հանձնաժողովը ստորև անդրադառնում է Դիմողի որոշ եզրահանգումներին և պնդումներին:

1) Այսպես, Որոշման հասցեատերը կարգավորման դաշտում գործող սուբյեկտներն են` Օպերատորները. Որոշմամբ հենց վերջիններիս համար է սահմանվել վարքագծի պարտադիր կանոն, այն է` բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրումը, վերալիցքավորման քարտերի վաճառքը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այլ անձանց պատվիրակելու դեպքում կնքվող պայմանագրերի շրջանակում ապահովել Որոշմամբ սահմանված պահանջները: Օպերատորների բոլոր կոնտրագենտները (վճարահաշվարկային կազմակերպությունները, դիլլերները և այլ միջնորդ սուբյեկտները) դուրս են Հանձնաժողովի կարգավորման դաշտից և ազատ են քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Օպերատորների հետ հարաբերություններ կարգավորելու առումով: Նշված կոնտրագենտները, սակայն, այդ հարաբերությունները ձևավորելիս, պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որ գործ ունեն հանրային ծառայության ոլորտում գործող կարգավորվող սուբյեկտի հետ, որի համար կարգավորող մարմինը, ելնելով օրենսդրությամբ իր առջև դրված խնդիրների և նպատակների իրագործման անհրաժեշտությունից, իրավասու է Օպերատորների համար սահմանելու վարքագծի պարտադիր կանոններ ու պայմաններ, գործունեության որակի չափանիշներ, իսկ այդ կարգավորումների ուղղակի հասցեատեր չհանդիսացող սուբյեկտների համար ծագած անուղղակի հետևանքների հաղթահարման ռիսկը կրում են հենց այդ սուբյեկտները:

2) Դիմողի պատկերացմամբ, Որոշումն ուղղված է բաժանորդներին Միջնորդի կողմից միջնորդավճարի գանձման վերաբերյալ տեղեկացմանը, և տառացի չի բացառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ չմատուցող Միջնորդի կողմից բաժանորդներից միջնորդավճարի կամ այլ համաձայնեցված վճարների գանձումը: Ընդ որում, հիշյալ տեղեկացումն էլ Միջնորդն իրականացնելու է վճարվելիք գումարը բաժանորդի կողմից տերմինալի միջոցով մուտք անելուց հետո, երբ վերջինս միջնորդավճար վճարելու ցանկություն չունենալու դեպքում այլևս հնարավորություն չունի տերմինալից հետ ստանալու իր կողմից վճարված գումարը:

Ըստ էության, Դիմողը նշված տեղեկացմանը փորձում է տալ մտացածին ծառայություններ մատուցելու օֆերտայի ուժ` բաժանորդներից հավելավճարի գանձումը ներկայացնելով որպես վերջիններիս կոնկլյուդենտ գործողություն` ուղղված նշված օֆերտայի ակցեպտավորմանը:

Դիմողի վերը նշված եզրահանգումը չի բխում Որոշման էությունից, քանի որ Որոշումը, ինչպես արդեն նշվել է, ուղղված է Օպերատորի կողմից բաժանորդներին ծառայությունների մատուցմանն այնպես, որ վերջիններս զերծ մնան որևէ հավելյալ, լրացուցիչ կամ պայմանական անվանում ունեցող այլ վճար վճարելու պարտավորությունից` այդ կերպ բացառելով ինչպես Օպերատորի միևնույն ծառայությունից օգտվող բաժանորդների միջև խտրականությունը, այնպես էլ բաժանորդի կողմից Օպերատորի ծառայության դիմաց կրկնակի գանձումը: Միջնորդը բաժանորդի հետ հարաբերությունում հանդես է գալիս Օպերատորի անունից` վերջինիս հետ կնքված համապատասխան պայմանագրի ուժով, և վերջինիցս էլ ստանում է բաժանորդից գումարի ստացման և Օպերատորին փոխանցման ծառայության վճարը:

3) Դիմողը պնդել է, որ Որոշման առկայությունը Միջնորդների համար Օպերատորի այլ առևտրային գործընկերների համեմատ ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ, որոնք, ըստ Դիմողի, հնարավորություն ունեն Օպերատորի մատուցած ծառայության դիմաց վճարումներ կատարելիս անուղղակի կերպով միջնորդավճար ստանալ բաժանորդներից:

Որպես նշվածի օրինակ` Դիմողը մատնանշել է բանկային գործունեությունը, այդ թվում` այն դեպքը, երբ բանկերը բաժանորդից կարող են գանձել վճար այն բանկային հաշվի սպասարկման համար, որից կատարվում են փոխանցումներ մատուցված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց: Բերված օրինակը, սակայն, որևէ կերպ չի կարող դիտվել որպես Դիմողի պնդման հիմնավորում, քանզի հիշյալ դեպքում խոսքը վերաբերում է բանկի և իր հաճախորդ հանդիսացող անձի միջև ծագած բանկային հաշվի սպասարկման կամ նմանատիպ այլ հարաբերություններին: Նման հարաբերությունների բացակայությունը բացառում է բանկերի կողմից որևէ հավելյալ վճարի գանձում բաժանորդներից:

Ինչ վերաբերում է Դիմողի բերած օրինակին, թե կանխավճարային վերալիցքավորման քարտերն առևտրային կետերում հիմնականում վաճառվում են այդ քարտերի վրա նշված անվանական գները գերազանցող գներով, ինչը որևէ կերպ վերահսկվել չի կարող, ապա հարկ է փաստել, որ Հանձնաժողովի կողմից կարգավորվում է կարգավորվող անձանց իրավաչափ վարքագիծը. վերջինս Որոշմամբ պարտադիր կանոններ է սահմանում իր կարգավորման դաշտում գործող սուբյեկտների` տվյալ դեպքում Օպերատորների համար, որոնք իրենց պայմանագրային հարաբերություններում պետք է ապահովեն Որոշման նպատակը, իսկ ոլորտում այլ, Հանձնաժողովի կարգավորման տիրույթում չգտնվող անձանց ոչ իրավաչափ վարքագծի վերահսկողությունը գտնվում է այլ կարգավորումների կամ պետական մարմինների իրավասությունների շրջանակում:

Հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ Դիմողի պնդումների մասով հայտնում ենք, որ դրանք դուրս են Հանձնաժողովի իրավասությունների շրջանակից:

Անդրադառնալով քննարկվող հարաբերություններում մրցակցության ապահովման հարցին` կարևոր է ընդգծել, որ տվյալ դեպքում մրցակցությունը պետք է դրսևորվի Օպերատորի և վերջինիս առևտրային գործընկերների միջև փոխհարաբերություններում` պայմանագրային դաշտում լուծելով ծառայությունների դիմաց վճարների գանձման գործառույթի պատվիրակման պայմանները և կարգը պայմանագրի ազատության սկզբունքի համատեքստում կարգավորելու խնդիրը: Նշվածը, սակայն, չի ենթադրում մի իրավիճակ, երբ Հանձնաժողովի կողմից Օպերատորների համար սահմանված գործունեության որակի չափանիշները բացառություն նախատեսեին վերջիններիս և Միջնորդների հետ իրավահարաբերությունների մասով` Օպերատորի այլ առևտրային գործընկերների (բանկեր, Հայփոստ, դիլլերներ) նկատմամբ առաջացնելով խտրական վերաբերմունք` վերը նշված կարգավորումների, այդ թվում` նախադեպային ակտերով ամրագրված դիրքորոշումների համատեքստում: Միևնույն ժամանակ, բոլոր առևտրային գործընկերներին միջնորդավճարների գանձման հնարավորություն ընձեռելն իր հերթին կհանգեցներ մի շարք խնդիրների, այդ թվում` առաջ կգային լողացող գներ, ինչը հնարավոր չէր լինի վերահսկել, ավելին, Հանձնաժողովի` որպես բազմաոլորտ կարգավորողի կողմից նման իրավիճակը չկանխելը կարող էր հանգեցնել որպես նախադեպ դրա կիրառմանը նաև կարգավորման այլ ոլորտներում (էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն):

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում նշել, որ Որոշումը վճարահաշվարկային ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը որևէ կերպ խոչընդոտելու կամ տնտեսական մրցակցությանը վնասելու նպատակ չի հետապնդում, իսկ ստեղծված իրավիճակներում ծագած փաստական հետևանքները կարող են հաղթահարվել քաղաքացիաիրավական դաշտում` պայմանագրային և այլ գործիքների կիրառմամբ:

Դիմողն անդրադարձել է նաև Որոշման ընդունման հիմք հանդիսացած իրավանորմերին` դրանցից որոշները համարելով տվյալ պարագայում կիրառման ոչ ենթակա կամ իր համար ոչ ընկալելի: Սույն պարզաբանմամբ Հանձնաժողովը մանրամասնորեն ներկայացրել է Որոշման ինչպես փաստական, այնպես էլ իրավական հիմքերը, որ պարագայում, կարծում ենք, Դիմողի վերը նշված թյուրընկալումը կվերանա:

Դիմողը ենթադրել է նաև, որ Որոշման կայացմանը նախորդել է վարչական վարույթ, որի նյութերով առաջնորդվելով էլ Հանձնաժողովն ընդունել է Որոշումը: Դիմողը, սակայն, կարծես անտեսել է այն իրավակարգավորումը, որ վարչական վարույթի արդյունքում ընդունվում է վարչական ակտ, որն անհատական իրավական ակտ է` ընդունված հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, մինչդեռ Որոշումը նորմատիվ բնույթի իրավական ակտ է` ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում բաժանորդների շահերի պաշտպանությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-44-րդ հոդվածները` Հանձնաժողովը

Պաշտոնապես պարզաբանում է.

Որոշմամբ վարքագծի պարտադիր կանոն է սահմանվել Օպերատորների համար (այլ ոչ թե վերջիններիս առևտրային գործընկերների), առ այն, որ վերջիններս պարտավոր են իրենց կողմից մատուցվող ծառայություններից օգտվող բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրումը, վերալիցքավորման քարտերի վաճառքը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այլ անձանց պատվիրակելու դեպքում կնքվող պայմանագրերի շրջանակում ապահովել, որպեսզի բաժանորդների կողմից Օպերատորի մատուցած ծառայությունների դիմաց վճարումը, անկախ վճարման եղանակից և չափից, իրականացվի առանց որևէ հավելյալ վճարի, լրացուցիչ ծառայության վճարի, միջնորդավճարի կամ ցանկացած այլ պայմանական անվանում ունեցող վճարի` բացառելով բաժանորդների նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.01.2019
N 11
Պաշտոնական պարզաբանում