Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

        ք. Երևան                                ԲԴԽ-60-Ո-Կ-01

        11.01.2019 թ,                             2019 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

       Նախագահությամբ`                  Գ. Հարությունյանի

       մասնակցությամբ` անդամներ         Ա. Բեկթաշյանի, Գ. Դանիելյանի,

                                        Ա. Խաչատրյանի, Հ. Հովհաննիսյանի,

                                        Լ. Մելիքջանյանի, Ս. Մեղրյանի,

                                        Ա. Մխիթարյանի, Ս. Չիչոյանի

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության

       դատարանի դատավոր                 Ա. Մելքումյանի

 

ՀՀ ԴԸԺ կարգապահական

       հարցերի հանձնաժողովի նախագահ     Մ. Պապոյանի

 

ՀՀ ԴԸԺ կարգապահական

       հարցերի հանձնաժողովի անդամ       Ա. Ավագյանի

 

       քարտուղարությամբ`                Շ. Վարդանյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Կ-7/2018 որոշմամբ Դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Տիգրան Մուրադյանի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի հաղորդումը` հասցեագրված Հանձնաժողովին:

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը.

Ըստ 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Կ-7/2018 որոշման` փաստաբան Տիգրան Մուրադյանը 2018 թվականի սեպտեմբերի 10-ին հաղորդում է ներկայացրել Հանձնաժողովին` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործով նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը պատասխանող է ներգրավել դատաքննության փուլում, ինչպես նաև փորձել է ուղղորդել հայցվորին, որպեսզի հայցի փոփոխության միջոցով պահանջ ներկայացնի դատաքննության փուլում ներգրավված պատասխանողի դեմ:

Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ փաստաբան Տիգրան Մուրադյանի հաղորդման հիման վրա դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում դատավոր Արայիկ Մելքումյանը ներկայացրել է գրավոր բացատրություն:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Հանձնաժողովը ձեռք է բերել թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործի նյութերը, այդ թվում` դատական նիստերի արձանագրությունները, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը.

2017 թվականի ապրիլի 6-ին հայցվորներ Բորիս Մուրադյանը և Կարինե Մարգարյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեորգի Գրիգորյանի, «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ի, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` Բորիս Մուրադյանի, Կարինե Մարգարյանի և Գեորգի Գրիգորյանի միջև 2015 թվականի օգոստոսի 19-ին կնքված անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության գործարքը շինծու գործարք ճանաչելու, վերոնշյալ գործարքի նկատմամբ նպատակային փոխառությանը վերաբերող կանոնները կիրառելու, նպատակային փոխառության պայմանագիրը ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Գեորգի Գրիգորյանից, «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ից, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ից համապարտության կարգով 110.000.000 ՀՀ դրամ վարկի գումարի բռնագանձման, Գեորգի Գրիգորյանին, «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ին, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ին «ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված Երևան քաղաքի Պուշկին փողոցի 35-րդ շենքի 19-րդ բնակարանի անշարժ գույքը գրավից ազատել պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2017 թվականի հոկտեմբերի 18-ին հայցվորների կողմից ներկայացվել է դիմում` հայցային պահանջի չափն ավելացնելու մասին, որով խնդրել են պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 110.000.000 ՀՀ դրամ գումարի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկման ենթակա տոկոսները` սկսած 2016 թվականի նոյեմբերի 3-ից մինչև գումարը վերադարձնելու օրը, պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին վճարվելիք տոկոսները և տույժերը` 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

2017 թվականի դեկտեմբերի 7-ին հայցվորների կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն` պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու և որպես պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին ներգրավելու մասին:

2018 թվականի ապրիլի 3-ի դատական նիստում, որն արձանագրվել է պարզ թղթային եղանակով (ստորագրված է նիստերի քարտուղարի կողմից, իսկ դատավորի կողմից ստորագրված չէ), Դատարանի կողմից արձանագրվել է, որ ներկայացվել է միջնորդություն` Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավելու մասին:

2018 թվականի հունիսի 11-ին Դատարանի կողմից կայացվել է որոշում թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշված պատասխանողների շարքում Փավրիզ Նոսրաթի Ալամդարին առկա չէ:

2018 թվականի հունիսի 22-ին հայցվորների կողմից ներկայացվել է միջնորդություն, որով խնդրել են որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին և արգելանք դնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, արգելանք դնել «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա:

2018 թվականի հուլիսի 4-ին հայցվորների կողմից ներկայացվել է միջնորդություն, որով խնդրել են որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին և արգելանք դնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, արգելանք դնել «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա:

2018 թվականի հուլիսի 6-ին Փավրիզ Նոսրաթի Ալամդարին ներկայացրել է դիմում` իրեն երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:

2018 թվականի հուլիսի 12-ի դատական նիստում դատավոր Արայիկ Մելքումյանը հայցվորին հայտնել է, որ նա դիմել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավելու համար, ով դիմում է ներկայացրել 3-րդ անձ ներգրավվելու մասին, հայցվորի դիմումը միջնորդություն չէ, այլ` պահանջ, հայցվորն է որոշում ում դեմ է հայցն ուղղված և դատարանը որևէ անելիք չունի, ինչին ի պատասխան հայցվորը պնդել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավել, և դատարանը մերժել է 3-րդ անձ ներգրավվելու մասին դիմումը, քանի որ կողմը պնդել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի պատասխանող հանդիսանալը:

2018 թվականի սեպտեմբերի 6-ի դատական նիստում ի պատասխան պատասխանողների ներկայացուցչի հարցադրումների` դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնել է, որ դատարանը չի որոշում որպես պատասխանող ներգրավելու հարցը, կողմն իր դիրքորոշումը հայտնել է, որ իր հայցն ուղղված է նաև Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ, խնդրել է ծանուցել, որպեսզի հետագայում գրավոր ներկայացնի վերջինի դեմ ուղղված հայցը, այդ պարագայում առանձին միջնորդություն դատարանը չի բավարարել, այլ դիտարկել է որպես պատասխանող, ինչ վերաբերում է առանձին ներկայացվել է հայցը, թե` ոչ, ինքը չգիտի դրա մասին: Հայցվորներին ուղղված խոսքում դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնել է, որ նրանք պետք է հայցադիմումը գրավոր ներկայացնեին:

Հանձնաժողովը, վկայակոչելով 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը, նախկին` 1998 թվականի հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 149.8-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերը, 146-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 148-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես փաստել է, որ քանի որ սույն գործն առաջին ատյանի դատարանում քննվել է մինչև 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի այն պետք է քննվեր ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով և նշված օրենսգրքի կարգավորումների համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը: Գործով քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացվելու դեպքում հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Նախնական դատական նիստում դատարանը, ի թիվս այլոց, պարզում է հայցի առարկան ու հիմքը, պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը:

Վերոգրյալ իրավական նորմերի և թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործի նյութերի համադրման արդյունքում Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Արայիկ Մելքումյանն իր խոսքով և վարքագծով դրսևորել է կողմնակալ և խտրական մոտեցում: Մասնավորապես, հայցվորներ Բորիս Մուրադյանի և Կարինե Մարգարյանի կողմից ներկայացված հայցադիմումում Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ որևէ պահանջ չի ներկայացվել և վերջինին որպես պատասխանող ներգրավելու մասին գրավոր միջնորդությունը հայցվորների կողմից ներկայացվել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ին, որպիսի փաստն արձանագրվել է 2018 թվականի ապրիլի 3-ի դատական նիստով կազմված պարզ թղթային արձանագրությամբ: Նշված արձանագրության վերաբերյալ Հանձնաժողովը հարկ է համարել արձանագրել, որ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների` այն նախագահող դատավորի կողմից հաստատված չէ, որպիսի պայմաններում կասկածի տակ է մնում դրա ապացուցողական ուժը: Այնուամենայնիվ, 2018 թվականի հունիսի 11-ի գործը դատաքննության նշանակելու որոշմամբ պատասխանողների շարքում Փավրիզ Նոսրաթի Ալամդարին չի հիշատակվել, որպիսի հանգամանքները հիմք են հանդիսանում Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին դատարանի կողմից որպես պատասխանող դիտարկված լինելու վերաբերյալ կասկած հարուցելու համար: Հանձնաժողովը փաստել է, որ հայցվորների կողմից Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվել են նաև 2018 թվականի հունիսի 22-ին և հուլիսի 4-ին, և միայն 2018 թվականի հուլիսի 12-ի դատաքննության նիստում հայցվորը պնդել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավելու մասին իր միջնորդությունը, իսկ դատավոր Արայիկ Մելքումյանն արձանագրել է, որ դատարանը տվյալ միջնորդությամբ որևէ դատավարական անելիք չունի: Արդյունքում 2018 թվականի սեպտեմբերի 6-ի դատաքննության նիստում դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնել է, որ պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին ներգրավել են որպես պատասխանող և ծանուցել են` մինչև հայցվորի կողմից վերջինի դեմ պահանջ ներկայացնելը, իսկ դատական նիստի օրվա դրությամբ ներկայացված լինելու կամ չլինելու վերաբերյալ ինքը տեղյակ չէ, և հայցվորներից ուղղորդող հարցերով կատարել է ճշտումներ, որ նրանք պետք է հայցադիմումը գրավոր ներկայացնեին:

Նշվածից հետևում է, որ դատավոր Արայիկ Մելքումյանը, խախտելով կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, առանց նախնական դատական նիստում գործին մասնակցող անձանց կազմը հաստատապես պարզելու, պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ հայցային պահանջ ներկայացված լինելու, նշված հարցը քննարկել է միայն դատաքննության նիստում` այդպիսով թույլ տալով դատավարական իրավունքի նորմի խախտումներ, որոնք դատավարության մասնակցի մոտ ստեղծել են կողմնակալ և խտրական վերաբերմունքի տպավորություն:

Հանձնաժողովը վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-ին մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը գտել է, որ դատավոր Արայիկ Մելքումյանը կողմնակալ և խտրական վարքագծով կոպիտ խախտել է դատավորի վարքագծի կանոնները` այդպիսով հեղինակազրկելով դատական իշխանությունը, ինչը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության, որպիսի պայմաններում Հանձնաժողովի գնահատմամբ առկա է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

3. Դատավորի բացատրությունները և դիրքորոշումը Հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Արայիկ Մելքումյանը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Հանձնաժողովին ներկայացրել է գրավոր բացատրություն, որում փաստաբան Տիգրան Մուրադյանի կողմից ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին ուղարկված դիմումի վերաբերյալ նշել է հետևյալը.

Քաղաքացիական դատավարության տնօրինչականության սկզբունքի համաձայն կողմերին վերապահվում է հնարավորություն սեփական հայեցողությամբ տնօրինելու իրենց նյութական և դատավարական իրավունքները, որոշելու իրենց իրավունքների պաշտպանության եղանակները:

Հայցվորները, հիմնվելով վերոնշյալ սկզբունքի վրա, իրականացրել են օրենքով իրենց վերապահված իրավունքը և պահանջ են ներկայացրել իրենց կողմից որոշված անձի դեմ` միջնորդել են Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին ներգրավել որպես պատասխանող, իսկ դատարանը հաշվի առնելով կողմին ընձեռված հնարավորությունը` պատասխանող ներգրավելու միջնորդությունը բավարարել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում դատավորը քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը:

Դատարանը, հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի պահանջների վրա, իրականացրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իր իրավունքները, և գործի դատաքննության նախապատրաստման փուլում լուծել է գործի քննությանը Փավրիզ Նոսրաթիի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու հարցը:

Պատասխանող կողմի ներկայացուցչի այն փաստարկը, որ Փավրիզ Նոսրաթիի Ալամդարին ներգրավվել է որպես պատասխանող գործի դատաքննության փուլում, չի համապատասխանում իրականությանը: Վերոնշյալ փաստը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Դատարանը գործի դատաքննության ընթացքում մերժել էր Փավրիզ Նոսրաթիի Ալամդարիին որպես երրորդ անձ ներգրավելու մասին պատասխանող կողմի միջնորդությունը` փաստելով այն հանգամանքը, որ Փավրիզ Նոսրաթիի Ալամդարին արդեն իսկ սույն գործով հանդիսանում է պատասխանող: 2018 թվականի ապրիլի 3-ին` նախքան դատաքննության անցնելը Փավրիզ Նոսրաթի Ալամդարին սույն գործով ներգրավվել էր որպես պատասխանող:

Դատավոր Արայիկ Մելքումյանը 2018 թվականի դեկտեմբերի 11-ին նույնաբովանդակ բացատրություն է ներկայացրել նաև Խորհրդին, որում մասնավորապես նշել է, որ Հանձնաժողովի կողմից որոշումը կայացվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նորմերի ամբողջական խախտումներով:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից չեն պահպանվել որոշման կայացման ընթացակարգին և որոշման պահանջներին վերաբերող պարտադիր դրույթները:

Մասնավորապես` ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվում կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին թիվ Կ-7/2018 որոշումը կայացրել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին: Այնինչ, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իրեն հանձնված վերոնշյալ որոշումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատակազմից ԴԴ-Գ-64/2 համարով ելք է արվել 2018 թվականի նոյեմբերի 23-ին: Նշվածը թույլ է տալիս փաստել այն մասին, որ որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվելու դեպքում պետք է ուղարկվեր 2018 թվականի նոյեմբերի 21-ին: Եթե նույնիսկ օրենսդրի սահմանած եռօրյա ժամկետի հաշվարկը սկսենք որոշման կայացման հաջորդ օրվանից, ապա այս դեպքում ևս առկա է եռօրյա ժամկետի խախտում:

Ինչ վերաբերում է Դատավորի վարույթում գտնվող գործում առկա նյութերի պատճեններն ուղարկված չլինելու հանգամանքին, ապա հայտնել է, որ սույն բազմածավալ քաղաքացիական գործը պարունակում է չորս հատոր և իր աշխատակազմի կողմից Հանձնաժողովի պահանջով պատճենահանվել և ուղարկվել են գործում առկա այն փաստաթղթերը, որոնք հանձնաժողովն անհրաժեշտ է համարել: Սակայն այդ փաստը չի ազատում Հանձնաժողովի մոտ գտնվող բոլոր նյութերի պատճեններն իրեն ուղարկելու պարտականությունից, քանզի ընթացակարգը նման բացառություն չի նախատեսում և ամբողջական պատկերացում կազմելու և դիրքորոշում արտահայտելու համար պետք է կարգապահական վարույթում առկա բոլոր նյութերը որոշման հետ միասին ուղարկվեին պատշաճորեն և ամբողջական:

Ինչ վերաբերում է որոշման բովանդակությանը, ապա Ա. Մելքումյանը, վկայակոչելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, հայտնել է, որ սույն որոշման կառուցվածքը չի բխում վերոնշյալ նորմի պահանջներից: Սույն հոդվածի պահանջները պահպանված լինելու դեպքում որոշման մեջ պետք է հստակ տարանջատված լինեին որոշման նկարագրական և պատճառաբանական մասերը: Այնինչ որոշումը, կարծես թե, հանդիսանում է սույն քաղաքացիական գործի նախապատմության դրսևորում, իսկ պատճառաբանական մասն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդվածների և ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների հաջորդական վերարտադրություն և արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկություն, իսկ արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները պարտադիր համարված լինելու պահանջը կարծես թե վրիպել է որոշումը կայացնող մարմնի աչքից: Օրենսդիրն առանձնացնելով արարքը կարգապահական խախտում որակելու համար պարտադիր համարվող տարրերի առկայության` որոշումը կայացնող մարմնի կողմից ապացուցման պարտականությունը, նախատեսել է, որ յուրաքանչյուր հաջորդ տարրին անցնելու համար նախ պետք է ապացուցված համարել յուրաքանչյուր նախորդ տարրի առկայությունը:

Որոշման մեջ հանձնաժողովի անդամները նշել են, որ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին հայցվորների կողմից ներկայացվել է գրավոր միջնորդություն, որով վերջինները խնդրել են որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին, որպիսի փաստն արձանագրվել է 2018 թվականի ապրիլի 3-ի դատական նիստով կազմված պարզ թղթային արձանագրությամբ: Հանձնաժողովի անդամները կասկածի տակ են դրել նշված արձանագրության ապացուցողական ուժը, քանզի այն դատավորի կողմից ստորագրված չի եղել: Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներից թերևս միակը, որով փորձում են ապացուցված համարել արարքի առկայության փաստը` արձանագրության` դատավորի կողմից չստորագրված լինելու հանգամանքն է: Թեև նշել է, որ Հանձնաժողովը, արձանագրելով նման փաստը, չի փորձել անգամ վեր հանել նման բաց թողնման իրական պատճառը: Գործում առկա ստորագրված արձանագրության փոխարեն իր աշխատակազմի կողմից ուղարկվել է արձանագրության չստորագրված տարբերակը, այնինչ գործում առկա է եղել արձանագրության ստորագրված տարբերակը: Նման խնդիր առկա չէր լինի, եթե հանձնաժողովի անդամները պահանջեին իրենց անհրաժեշտ փաստաթղթերը հստակ սահմանված ցանկով, քանի որ սույն մեծածավալ քաղաքացիական գործը բաղկացած է չորս հատորից:

Հանձնաժողովը, որպես դատավորի կողմից ենթադրվող արարքը հիմնավորող տեղեկություն, նշել է, որ հայցվորների կողմից Փավրիզ Նորաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվել են նաև 2018 թվականի հունիսի 22-ին և հուլիսի 4-ին և միայն 2018 թվականի հուլիսի 12-ի դատաքննության նիստում հայցվորը պնդել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին ներգրավել պատասխանող, իսկ դատավոր Արայիկ Մելքումյանն արձանագրել է, որ դատարանը տվյալ միջնորդությամբ որևէ դատավարական անելիք չունի (. . .):

Հանձնաժողովը որոշմամբ շարադրելով ամենևին ոչնչով չհաստատված և չապացուցված «արարքը հիմնավորող տեղեկությունները», նշել է` «նշվածից հետևում է, որ դատավոր Արայիկ Մելքումյանը, խախտելով կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, առանց նախնական դատական նիստում գործին մասնակցող անձանց կազմը հաստատապես պարզելու, պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ հայցային պահանջ ներկայացված լինելու, նշված հարցը քննարկել է միայն դատաքննության նիստում` այդպիսով թույլ տալով դատավարական իրավունքի նորմի խախտումներ, որոնք դատավարության մասնակցի մոտ ստեղծել են կողմնակալ և խտրական վերաբերմունքի տպավորություն»: Որոշման ոչ տրամաբանական կառուցվածքից ենթադրվում է հետևյալը. հանձնաժողովը խախտում համարվող արարք դիտարկել է այն հանգամանքը, իբրև թե Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ հայցային պահանջ ներկայացված լինելու հարցը դատավորի կողմից քննարկվել է միայն դատաքննության նիստում: Այդ արարքը կարծես թե հիմնավորել են դատական նիստի պարզ թղթային արձանագրությունն իր կողմից ստորագրված չլինելու հանգամանքով, որը չի կարող կասկածի տակ դնել իրական արձանագրության ապացուցողական ուժը: Հիմնվելով այդ փաստի վրա, արձանագրել են, որ այդ փաստը կասկածի տակ է դնում այդ արձանագրության ապացուցողական ուժը, այնինչ իրենց իսկ կողմից ենթադրյալ արարքը հիմնավորող ապացույցի միայն կասկածի տակ դնելու հանգամանքը չի կարող համարվել արարքը հիմնավորող տեղեկություն, որից հանգում ենք այն եզրակացության, որ օրենսդրի սահմանած պարտադիր տարրերի առանձնացված, հստակ սահմանազատված ներկայացնելու փաստը և յուրաքանչյուր տարրի ապացուցված լինելու հանգամանքը չի պահպանվել, քանզի միայն որևէ փաստի իրենց իսկ կողմից որակված կասկածի տակ դնելու հանգամանքը չի կարող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ:

Վկայակոչելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Ա. Մելքումյանը գտել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված կասկածի տակ դրված ապացույցները և ոչնչով չհիմնավորված փաստերը ոչ այլ ինչ են, քան չփարատված կասկածներ, որոնք չեն կարող մեկնաբանվել ի վնաս դատավորի` ըստ օրենքի հստակ նախանշած և հանձնաժողովի կողմից անտեսված պարտադիր պահանջի:

Հանձնաժողովի որոշումից անհասկանալի է, թե ենթադրյալ և կասկածի տակ դրված ապացույցներով ինչպես է հանձնաժողովը չհաստատված արարքը որպես կարգապահական խախտում որակել` առանց ներկայացնելու արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները: Պետք է արձանագրել, որ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդվածների տառացի վերարտադրությունը չի կարող համարվել արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորում: Մասնավորապես, այն դեպքում, երբ հանձնաժողովի արձանագրած ենթադրյալ արարքի և վերոշարադրված օրենսդրական նորմերի միջև բացակայում է պատճառահետևանքային կապը: Ներկայացնելով որոշման ընդհանուր բովանդակությունը` հանգում է այն եզրակացության, որ Հանձնաժողովը գտել է, որ առանց նախնական դատական նիստում գործին մասնակցող անձանց կազմը հաստատապես պարզելու, պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ հայցային պահանջ ներկայացված լինելու, նշված հարցը քննարկել է միայն դատաքննության նիստում` այդպիսով թույլ տալով դատավարական իրավունքի նորմի խախտումներ, որոնք դատավարության մասնակցի մոտ ստեղծել են կողմնակալ և խտրական վերաբերմունքի տպավորություն, ինչն էլ հանգեցրել է վարքագծի կանոնների խախտման: Որոշման ընթերցողի մոտ անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե ինչպես է հանձնաժողովը դատավարական նորմի ենթադրյալ խախտում համարվող արարքը շարադրելիս անցում կատարում դատավորի վարքագծի կանոնները սահմանող դրույթի շարադրմանը:

Վկայակոչելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասը` Ա. Մելքումյանը նշել է, որ որոշման բովանդակությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ իրեն վերագրվում է արարք, որը հակասում է դատավարական նորմի պահանջներին: Սակայն, Հանձնաժողովը, հակասելով իր իսկ կողմից մատնանշած եզրահանգումներին, նշել է, որ «դատավոր Արայիկ Մելքումյանը կողմնակալ և խտրական վարքագծով կոպիտ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, ինչը կարող է հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի»: Հանձնաժողովն անգամ չի մեկնաբանել, թե ինչպես է հանգել այդ մտքին, եթե օրենսդիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մեջ սահմանազատել է դատավարական կամ նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում կատարելու և դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու հիմքը: Հանձնաժողովը շարադրելով դատավարական նորմի խախտման մասին ենթադրյալ դատողություններ` հանգել է այն մտքին, որ դատավորի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում:

Վկայակոչելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածը, 154-րդ հոդվածի 4-րդ մասը, 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Ա. Մելքումյանը գտել է, որ վերոշարադրյալ փաստերի և իրավական նորմերի համադրական վերլուծությունը հիմք է տալիս հաստատելու, որ ի թիվս այլ խախտումների` Հանձնաժողովի կողմից խախտվել են նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, որը, ըստ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի պահանջի, հանգեցնում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մերժման:

Ելնելով վերոգրյալից` Դատավորը գտել է, որ նման ընթացակարգային խախտումներով և օրենսդրական պահանջներին հակասող կայացված որոշումը, որը հանգեցրել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 143-րդ, 148-րդ, 156-րդ հոդվածների պահանջների խախտման, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ենթակա է մերժման: Եվ հաշվի առնելով վերոգրյալը` խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին 2018 թվականի նոյեմբերի 19-ի միջնորդությունը:

4. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հիմք է ընդունում արձանագրված հետևյալ հանգամանքները.

1. 2017 թվականի ապրիլի 6-ին հայցվորներ Բորիս Մուրադյանը և Կարինե Մարգարյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեորգի Գրիգորյանի, «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ի, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` Բորիս Մուրադյանի, Կարինե Մարգարյանի և Գեորգի Գրիգորյանի միջև 2015 թվականի օգոստոսի 19-ին կնքված անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության գործարքը շինծու գործարք ճանաչելու, վերոնշյալ գործարքի նկատմամբ նպատակային փոխառությանը վերաբերող կանոնները կիրառելու, նպատակային փոխառության պայմանագիրը ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Գեորգի Գրիգորյանից, «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ից, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ից համապարտության կարգով 110.000.000 ՀՀ դրամ վարկի գումարի բռնագանձման, Գեորգի Գրիգորյանին, «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ին, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ին «ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված Երևան քաղաքի Պուշկին փողոցի 35-րդ շենքի 19-րդ բնակարանի անշարժ գույքը գրավից ազատել պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2. Բորիս Մուրադյանի և Կարինե Մարգարյանի հայցադիմումով Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ որևէ պահանջ չի ներկայացվել և վերջինս որպես պատասխանող չի հիշատակվել:

3. 2017 թվականի դեկտեմբերի 7-ին հայցվորների կողմից ներկայացվել է միջնորդություն, որով խնդրել են արգելանք դնել պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, և որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին:

4. Նշված գործով 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ 2018 թվականի հուլիսի 3-ին նշանակվել է դատաքննություն, սակայն որոշմամբ պատասխանողների շարքում Փավրիզ Նոսրաթի Ալամդարին առկա չէ:

5. Մինչև դատաքննություն նշանակելը դատարանը գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմի փոփոխության վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել:

6. 2018 թվականի հունիսի 22-ին հայցվորների կողմից ներկայացվել է միջնորդություն, որով խնդրել են որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին և արգելանք դնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, արգելանք դնել «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա:

7. 2018 թվականի հուլիսի 4-ին հայցվորների կողմից ներկայացվել է միջնորդություն, որով խնդրել են որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին և արգելանք դնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, արգելանք դնել «ՄԵՏԱՂ ԿԱՅՄ» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա:

8. 2018 թվականի հուլիսի 6-ին Փավրիզ Նոսրաթի Ալամդարին ներկայացրել է դիմում` իրեն երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:

9. 2018 թվականի սեպտեմբերի 6-ի դատաքննության նիստում ի պատասխան պատասխանողների ներկայացուցչի հարցադրումների` դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնել է, որ Դատարանը չի որոշում պատասխանող ներգրավելու հարցը, կողմն իր դիրքորոշումը հայտնել է, որ իր հայցն ուղղված է նաև Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ, խնդրել է ծանուցել, որպեսզի հետագայում գրավոր ներկայացնի վերջինի դեմ ուղղված հայցը, այդ պարագայում առանձին միջնորդություն դատարանը չի բավարարել, այլ դիտարկել է որպես պատասխանող:

10. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին թիվ Կ-7/2018 որոշումը կայացրել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին:

11. Վերոնշյալ որոշումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից թիվ ԴԴ-Գ-64/2 գրությամբ ելքագրվել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին, իսկ դատավորին հանձնվել է 2018 թվականի նոյեմբերի 28-ին:

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի անդամ Ա. Ավագյանի զեկույցը, Հանձնաժողովի նախագահ Մ. Պապոյանի ելույթը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, արդյո՞ք դատարանը պարտավոր է գործի քննությանն այլ անձանց, այդ թվում` նոր պատասխանողին ներգրավելու հարցը քննարկել և լուծել նախնական դատական նիստում,

2. արդյո՞ք թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործով պահպանվել է գործով նոր պատասխանող ներգրավելու դատավարական կարգը,

3. արդյո՞ք թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործով դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի անկախությունը և անաչառությունը կամ ողջամիտ անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալ կամ խտրական վարքագծի տպավորություն է ստեղծում` հանգեցնելով դատավորի վարքագծի կանոնների խախտման,

4. արդյո՞ք թույլ տրված խախտումները կարող են որակվել որպես կոպիտ,

5. արդյո՞ք վարույթ հարուցած մարմինը պահպանել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները:

2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերն առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Խորհուրդը փաստում է, որ թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է մինչև 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի այն պետք է քննվեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Հետևաբար Խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործով արձանագրված և դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումները, որոնք կողմի մոտ ստեղծել են կողմնակալ վարքագծի տպավորություն, պետք է գնահատվեն` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) դրույթները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` (...) գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

Նույն օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (...) դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ (...):

Նույն օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես` քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու (...) հարցերը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշանակությանը` իր որոշմամբ արձանագրել է, որ. «Գործը դատաքննության նախապատրաստելը` որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն և պարտադիր փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների և դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է, որը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը»:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ. «Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է (. . .): Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները`

1) վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը,

2) դատավարության մասնակիցների կազմը ճշտելը և նրանց մասնակցությունն ապահովելը,

3) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը,

4) ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում իրականացվող նախապատրաստական գործողությունների գերակշիռ մասն իրականացվում է բացառապես նախնական դատական նիստի ընթացքում (...)» (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով 22.04.2016 թ. և թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով 22.04.2016 թ. որոշումները):

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 149.5-րդ, 149.8-րդ հոդվածի 1-ին մասի և 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ գործը նախնական դատական նիստով դատաքննության նախապատրաստելիս դատարանը պարտավոր է նախնական դատական նիստում կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները դատաքննության կանոնավոր ընթացքն ապահովելու, դատական նիստերի հնարավոր հետաձգումները, ինչպես նաև կողմերի մրցակցային իրավունքների հնարավոր խախտումները կանխելու համար: Ի թիվս այլ դատավարական գործողությունների, նախքան գործը դատաքննության նշանակելը դատարանը պարտավոր է նախնական դատական նիստում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ճշտելու համար դատավարության մասնակիցների կազմը, այդ թվում` լուծելու նոր պատասխանող ներգրավելու, նրան այդ մասին ծանուցելու, հայցի կապակցությամբ նրա դիրքորոշումը պարզելու հարցը:

Խորհուրդն արձանագրում է, որ գործը պատշաճորեն դատաքննության նախապատրաստելու, դրա արդյունավետ քննությունն ապահովելու առումով նոր պատասխանող ներգրավելու հարցը նախքան դատաքննություն նշանակելը չափազանց կարևոր է այն իմաստով, որ նոր ներգրավվող գործին մասնակցող անձի` պատասխանողի համար դատարանը պետք է ապահովի հայցադիմումի պատասխան ներկայացնելու հնարավորություն, որի բովանդակությունն էական նշանակություն կարող է ունենալ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի մյուս հիմնական խնդիրները լուծելու, այն է` վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելու, գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու, ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելու համար: Մինչդեռ գործը դատաքննության նշանակելուց հետո նոր պատասխանող ներգրավելու հարցին անդրադառնալու պարագայում նախնական դատական նիստում կատարված գործողությունների մեծամասնությունը իմաստազրկվում է և ծագում է դրանք կրկին կատարելու անհրաժեշտություն: Հենց այդ նկատառումներից ելնելով է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանվել, որ դատարանը նախնական դատական նիստում քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը:

Թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործի և կարգապահական վարույթի նյութերի հետազոտման արդյունքում Խորհուրդը պարզեց հետևյալը.

Հայցվորներ Բորիս Մուրադյանի և Կարինե Մարգարյանի կողմից հայցադիմումով Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ որևէ պահանջ չի ներկայացվել, իսկ վերջինը որպես պատասխանող հայցադիմումում չի հիշատակվել:

2017 թվականի դեկտեմբերի 7-ին հայցվորների կողմից ներկայացվել է գրավոր միջնորդություն, որով վերջինները խնդրել են որպես պատասխանող ներգրավել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին:

2018 թվականի ապրիլի 3-ի դատական նիստով կազմված պարզ թղթային արձանագրության հետազոտման արդյունքում Խորհուրդը հաստատված է համարում, որ դատարանը դատական նիստում միայն արձանագրել է, որ հայցվոր Բորիս Մուրադյանը դատարան է ներկայացրել միջնորդություն` Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու մասին, և չի անդրադարձել այդ միջնորդության քննարկմանը, չի կատարել որևէ դատավարական գործողություն, որը կարող է վկայել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին գործով որպես պատասխանող ներգրավելու մասին:

Խորհուրդն անհիմն է համարում դատավոր Արայիկ Մելքումյանի պնդումն առ այն, որ 2018 թվականի ապրիլի 3-ին` նախքան դատաքննության անցնելը, Փավրիզ Նոսրաթի Ալամդարին գործով ներգրավվել էր որպես պատասխանող: Տվյալ պնդումը հերքվում է նաև նույն նիստի պարզ թղթային արձանագրությամբ, որի համաձայն` դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով, որոշել է գործի քննությունը հետաձգել, դատական նիստը նշանակել 16.04.2018 թ-ին լրացուցիչ ծանուցել գործին մասնակցող անձանց (նրանց ներկայացուցիչներին) դատական նիստի վայրի և ժամանակի մասին` ծանուցման ենթակա անձանց կազմում չնշելով Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին:

Խորհուրդը հաստատված է համարում, որ հաջորդ նախնական դատական նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 11-ին, որի ձայնային արձանագրության և համառոտագրման ուսումնասիրությունը, իր հերթին, վկայում է, որ Փավրիզ Նոսրաթի Ալամդարին որպես պատասխանող գործով չի հիշատակվում: Ավելին, տվյալ նախնական դատական նիստում Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու հարցը կրկին չի քննարկվել, թեև դատարանի` «լրացումներ, միջնորդություններ ունե՞ք» հարցին ի պատասխան հայցվորը պնդել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի գույքի վրա արգելանք դնելու անհրաժեշտությունը, «որովհետև ինքն էլ է պարտապան» (հայցվորի բառացի ձևակերպմամբ): Փաստելով, որ դա առանձին միջնորդություն է` դատարանն արձանագրել է «ընդհանուր գործի վերաբերյալ միջնորդություններ, նոր ապացույցներ» չունենալու հանգամանքը և, այլևս որևէ կերպ չանդրադառնալով Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու հարցին, գործը հայտարարել է նախապատրաստված դատաքննության և որոշում է կայացրել այն դատաքննության նշանակելու մասին:

Փավրիզ Նոսրաթի Ալամդարին 2018 թվականի հունիսի 11-ի` գործը դատաքննության նշանակելու որոշմամբ ևս պատասխանողների շարքում չի հիշատակվել:

Միաժամանակ վերը շարադրվածի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված փաստն առ այն, որ 2018 թվականի ապրիլի 3-ի դատական նիստի պարզ թղթային արձանագրությունն ստորագրված չէ Դատավորի կողմից, ինչպես նաև Դատավորի պնդումն առ այն, որ գործում այդուհանդերձ առկա է արձանագրության իր կողմից ստորագրված օրինակը, սույն հարցի քննության համար էական նշանակություն չունի:

Խորհուրդը հաստատված է համարում նաև այն, որ հայցվորների կողմից Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվել են նաև գործը դատաքննության նշանակելուց հետո` 2018 թվականի հունիսի 22-ին և հուլիսի 4-ին: Միաժամանակ Փավրիզ Նոսրաթի Ալամդարին 2018 թվականի հուլիսի 6-ին ներկայացրել է իրեն որպես երրորդ անձ ներգրավելու մասին դիմում:

Նշված միջնորդություններին դատարանն անդրադարձել է 2018 թվականի հուլիսի 12-ի դատաքննության նիստում, որի ժամանակի և վայրի մասին Փավրիզ Նոսրաթի Ալամդարին որպես պատասխանող ծանուցված չի եղել: Վերջինիս ծանուցված չլինելու փաստը հաստատվում է նաև նշված նիստի ձայնային արձանագրության և համառոտագրման ուսումնասիրությամբ, որոնց բովանդակությունից երևում է, որ Փավրիզ Նոսրաթի Ալամդարին` որպես դատական նիստի մասին ծանուցված, սակայն չներկայացած պատասխանող, չի հիշատակվում:

2018 թվականի հուլիսի 12-ի դատաքննության նիստի ձայնային արձանագրության և համառոտագրման ուսումնասիրությամբ հաստատվում է, որ այն բանից հետո, երբ հայցվորը կրկին պնդել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին պատասխանող ներգրավելու անհրաժեշտությունը, դատավոր Արայիկ Մելքումյանն արձանագրել է, որ «դատարանը տվյալ միջնորդությամբ որևէ դատավարական անելիք չունի», և կողմին հայտնել է. «Եթե գտել եք, որ վերջինս պետք է պատասխանող լինի, Ձեր իրավունքն է (...) հետևաբար Դուք այս պահին պատասխանող եք ներգրավել վերջինիս» (Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին):

Նույն նիստում դատավոր Արայիկ Մելքումյանը մերժել է Փավրիզ Նոսրաթի Ալամդարիի դիմումն իրեն որպես երրորդ անձ ներգրավելու մասին, այն հիմնավորմամբ, որ վերջինս հայցվորի կողմից գործով ներգրավվել է որպես պատասխանող, և հետաձգել է գործի քննությունը` արձանագրելով «սույն գործով արդեն պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին» (դատավորի բառացի ձևակերպմամբ) ծանուցելու անհրաժեշտությունը:

Խորհուրդը հաստատված է համարում, որ 2018 թվականի օգոստոսի 15-ի և դրան հաջորդող մյուս դատական նիստերի արձանագրություններում Փավրիզ Նոսրաթի Ալամդարին հիշատակվում է որպես պատասխանող:

Շարադրված փաստերի և դրանք հաստատող ապացույցների համակցության հիման վրա Խորհուրդը եկել է եզրահանգման, որ դատավոր Արայիկ Մելքումյանը նախքան գործը դատաքննության նշանակելը նախնական դատական նիստում պատշաճորեն չի լուծել դատավարության մասնակիցների կազմը ճշտելու, այն է` Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու հարցը` դրան անդրադառնալով գործը դատաքննության նշանակելուց հետո: Արդյունքում դատավոր Արայիկ Մելքումյանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի խախտում:

Խորհուրդը հաստատված է համարում, որ 2018 թվականի սեպտեմբերի 6-ի դատաքննության նիստում դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնել է, որ պատասխանող Փավրիզ Նոսրաթի Ալամդարին ներգրավվել է որպես պատասխանող և ծանուցվել է` մինչև հայցվորի կողմից վերջինի դեմ պահանջ ներկայացնելը, իսկ դատական նիստի օրվա դրությամբ ներկայացված լինելու կամ չլինելու վերաբերյալ ինքը տեղյակ չէ, և հայցվորներից ուղղորդող հարցերով կատարել է ճշտումներ, որ նրանք պետք է հայցադիմումը գրավոր ներկայացնեին:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրքը, ի տարբերություն 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, նոր պատասխանող ներգրավելու հարցը կարգավորող հատուկ նորմեր չի նախատեսում` բավարարվելով ընդհանուր բնույթի նորմով, որն ամրագրված է 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում:

Նոր պատասխանող ներգրավելուն նվիրված միակ հատուկ նորմը նախատեսված է նախկին օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուն հայցվորի անհամաձայնության դեպքերին, երբ դատարանին վերապահվում է պատշաճ պատասխանողին գործի քննությանը որպես երկրորդ պատասխանող ներգրավելու հնարավորություն: Ելնելով գործի հանգամանքներից` Խորհուրդը գտնում է, որ նախկին օրենսգրքի ոչ պատշաճ կողմի փոխարինման վերաբերյալ կանոնները թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործով կիրառելի չեն: Միևնույն ժամանակ Խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: (...)

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը, ընդ որում` պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Նույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն` (...) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (...), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները (...), հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները (...):

Նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությունը հայցվորին է վերապահել հայցով դատարան դիմելու, հայցադիմումով որոշակի անձի կամ անձանց որպես պատասխանող ներգրավելու, նրանց ուղղված պահանջը որոշելու իրավունքը: Ընդ որում, այդ իրավունքը, ընդհանուր կանոնի ուժով, կարող է իրականացվել որոշակի անձանց դեմ հայցադիմում ներկայացնելու միջոցով:

Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի որևէ նորմ չի բացառում գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում նոր պատասխանող ներգրավելու դիմումով կամ միջնորդությամբ դատարանին դիմելու հայցվորի հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Խորհուրդն արձանագրում է, որ սույն գործով հայցվորների կողմից Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Նման միջնորդություններով հայցվորներն իրականացրել են իրենց դատավարական իրավունքները, որպիսի պայմաններում այդ միջնորդությունները դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից քննարկման առարկա չդարձնելը, դրանց որևէ եղանակով չանդրադառնալը, ինչպես նաև 2018 թվականի հուլիսի 12-ի և սեպտեմբերի 6-ի դատական նիստերի ընթացքում դրանց կապակցությամբ արտահայտված դատողություններն առ այն, որ «դատարանը տվյալ միջնորդությամբ որևէ դատավարական անելիք չունի», որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով հիմնավորվել չեն կարող: Դատարանն առնվազն պարտավոր էր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, այդ միջնորդությունների քննարկման արդյունքներով կայացնել որոշումներ: Մինչդեռ գործի նյութերի ուսումնասիրությամբ, ինչպես նաև դատավոր Արայիկ Մելքումյանի բացատրություններով հաստատվում է, որ դատարանը ոչ միայն չի քննարկել և լուծել Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունները, այլ նաև, հայտարարելով, որ տվյալ միջնորդություններով անելիք չունի, Փավրիզ Նոսրաթի Ալամդարիին հայտարարել է պատասխանող` հայցվորներին առաջարկելով նրա դեմ սահմանված կարգով ներկայացնել հայցային պահանջ, որպիսի հանգամանքը դատավարության մասնակցի մոտ ստեղծել է կողմնակալ վերաբերմունքի տպավորություն:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ակնհայտ են, քանի որ դրանց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Խորհրդի գնահատմամբ նման խախտումները վտանգում են դատավորի և դատարանի անկախությունը և անաչառությունը, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ստեղծել դատավորի կողմնակալ կամ խտրական վերաբերմունքի տպավորություն, ուստի դրանք անթույլատրելի են:

Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/1363/02/17 քաղաքացիական գործով դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից թույլ տրված թերացումներն ու բացթողումները չեն կարող համարվել կոպիտ, եթե չունեն պարբերական բնույթ կամ չեն պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց` վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների ոտնահարմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը և, որպես հետևանք, դատական իշխանության հեղինակազրկմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Վերոշարադրյալից հետևում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի նորմի խախտման առկայությունը, այլ նաև այն, որ այդ խախտումը լինի կոպիտ, այսինքն` դրանց միաժամանակյա առկայությունը:

Խորհրդի գնահատմամբ տվյալ պարագայում առկա խախտումներն ակնհայտ են, սակայն դրանք որպես կոպիտ որակվել չեն կարող: Հետևաբար, այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ:

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Արայիկ Մելքումյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումներ, որոնք դատավարության մասնակցի մոտ ստեղծել են կողմնակալ վերաբերմունքի տպավորություն, այնուամենայնիվ Խորհուրդը հաստատված է համարում նաև այն հանգամանքը, որ դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի խախտման առկայությունը, այլ նաև այդ խախտումների կոպիտ լինելու հանգամանքը, այսինքն` դրանց միաժամանակյա առկայությունը:

Ինչ վերաբերում է, դատավոր Արայիկ Մելքումյանի դիրքորոշմանն առ այն, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում իրեն չուղարկելու փաստը հանդիսանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու հիմք, ապա Խորհուրդն այն անհիմն է համարում` հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: (...)

Նույն օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

Տվյալ դեպքում Խորհուրդը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը չի կարող գնահատվել որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետ, քանի որ այն չի վերաբերում կարգապահական վարույթը հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելուն և հարուցված վարույթի տևողությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Խորհրդի նախագահ` Գ. Հարությունյան

Անդամներ` Ա. Բեկթաշյան

Գ. Դանիելյան

Ա. Խաչատրյան

Լ. Մելիքջանյան

Ս. Մեղրյան

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
11.01.2019
N ԲԴԽ-60-Ո-Կ-01
Որոշում