Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 77-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱՔԴ/1881/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1881/02/13    2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 01-ին,

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Աշոտ Իգիթյանի, Անահիտ Մակարյանի ընդդեմ Արմեն Իգիթյանի, Սիլվա Եգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Սիլվա Եգորյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Իգիթյանը և Անահիտ Մակարյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 26 տան 2/3 մասի նկատմամբ` դադարեցնելով Արմեն Իգիթյանի, Սիլվա Եգորյանի սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 04.11.2014 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը` ըստ հայցի Աշոտ Իգիթյանի ընդդեմ Արմեն Իգիթյանի, Սիլվա Եգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, իսկ ըստ Անահիտ Մակարյանի հայցն ընդդեմ Արմեն Իգիթյանի, Սիլվա Եգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2017 թվականի որոշմամբ Սիլվա Եգորյանի` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը` վերադարձվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիլվա Եգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Մակարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 77-րդ, 207-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Սիլվա Եգորյանը Դատարանի 04.11.2014 թվականի վճիռը չի ստացել, քանի որ ընդհանրապես տեղեկացված չի եղել դատական նիստերի վերաբերյալ և վերաքննիչ բողոքն էլ ներկայացվել է հենց այդ հիմքով: Մասնավորապես` Դատարանի կողմից Սիլվա Եգորյանին ուղարկված բոլոր ծանուցագրերն ու դատական ակտերը վերադարձվել են` «բացակայում է», «տեղափոխված է» նշումներով, որն էլ բավարար էր Սիլվա Եգորյանի ներկայացրած` օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու համար:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով միջնորդության այն պատճառաբանությունը, որ Սիլվա Եգորյանը վերջնական դատական ակտի վերաբերյալ տեղեկացել է գործի նյութերին ծանոթանալու ժամանակ, գտել է, որ սույն քաղաքացիական գործի նյութերում նման դիմումի բացակայության պայմաններում, միջնորդությունը ենթակա է մերժման: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ եթե անգամ այդ դիմումը բացակայում է, ապա դրա պատասխանատվությունը չպետք է կրի Սիլվա Եգորյանը: Այն, որ Սիլվա Եգորյանի կողմից իսկապես Դատարան մուտքագրվել է դիմում գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, որպես այդ փաստը հիմնավորող ապացույց, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Դատարանի աշխատակազմի ղեկավարի 25.09.2017 թվականի թիվ Ե-18744/17 գրությունը, որտեղ նշվել է, որ 04.08.2017 թվականին Սիլվա Եգորյանի կողմից ներկայացվել է վերոնշյալ դիմումը (Մ-13573/17):

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

i

Դատարանի կողմից պահպանվել է պատասխանող Սիլվա Եգորյանին դատական նիստի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման կարգը` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածին համապատասխան, որպիսի պայմաններում Դատարանը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը, գործը քննել է պատասխանող Սիլվա Եգորյանի բացակայությամբ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հստակ արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձը չի ապացուցել Դատարանի 04.11.2014 թվականի վճռի պատճենն իր կողմից վկայակոչած ժամանակահատվածում ստանալու հանգամանքը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռ, կետ 57):

Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով (տե՛ս, Oleksandr Volkov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 09.01.2013 թվականի վճիռը, կետ 137):

i

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ի կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե՛ս, հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, 11.09.2017 թվականի որոշմամբ Սիլվա Եգորյանի ներկայացուցչի կողմից 25.08.2017 թվականին բերված` օրենքով սահմանված ժամկետի բացթողումը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելով և վերաքննիչ բողոքը վերադարձնելով, արձանագրել է, որ տվյալ դեպքում Դատարանի 04.11.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 05.12.2014 թվականը ներառյալ, սակայն բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո` 25.08.2017 թվականին, և միջնորդել է ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարել: Անդրադառնալով ժամկետի բացթողումը վերականգնելու մասին միջնորդությանը` Վերաքննիչ դատարանն այն մերժել է այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը չի պարունակում այն վերականգնելու ժամանակահատվածը և հարգելի պատճառները հիմնավորող ապացույցներ, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոք բերողի այն հիմնավորումը, որ Դատարանի վճիռը չի ստացել և դատական ակտի մասին տեղեկացել է միայն գործի նյութերին ծանոթանալու համար Դատարան դիմում ներկայացնելուց և վճռի պատճենը ստանալուց հետո, հիմնավոր չէ, քանի որ սույն քաղաքացիական գործի նյութերում նման դիմում առկա չէ, ինչպես նաև գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ դիմում կցված չէ վերաքննիչ բողոքին (հատոր 2-րդ, գ.թ. 94):

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի կողմից Սիլվա Եգորյանի հաշվառման` ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, թիվ 26 տան հասցեով ուղարկված դատական նիստերի ծանուցագրերը փոստային առաքում իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են` «տեղափոխված է», «բացակայում է» նշումներով (հատոր 1-ին, գ.թ. 30, 39, 46, հատոր 2-րդ, գ.թ. 8): Դատարանի վճիռը հրապարակվել է 04.11.2014 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 51-60) և պատվիրված նամակով ուղարկվել է Սիլվա Եգորյանի` հաշվառման հասցեով, սակայն վերադարձվել է Դատարան` «տեղափոխված է» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 63-64):

Սույն գործով Սիլվա Եգորյանի ներկայացուցչի կողմից 25.08.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է, որ դատական նիստերի մասին Սիլվա Եգորյանը տեղյակ չի եղել, դրանց չի մասնակցել և գործն ըստ էության լուծող դատական ակտն ստացել է հետագայում` այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործի նյութերին ծանոթանալու ընթացքում (հատոր 2-րդ, գ.թ. 81-84):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սիլվա Եգորյանի ներկայացուցչի կողմից սույն վճռաբեկ բողոքին կցվել է նաև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 25.09.2017 թվականի Սիլվա Եգորյանի ներկայացուցչին ուղղված գրությունը, որով հայտնվել է, որ Սիլվա Եգորյանի կողմից 04.08.2017 թվականին նույն դատարան է մուտքագրվել դիմում` գործի նյութերին ծանոթանալու մասին (Մ-13573/17) (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Սիլվա Եգորյանին հանձնված և այն նրա կողմից ստացված լինելու փաստը, քանի որ և՛ վճռի հանձնումը, և՛ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:

Այսպես, սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Սիլվա Եգորյանը գործն ըստ էության լուծող դատական ակտը ստացել է հրապարակման օրը: Ավելին, նշված վճիռը կողմին հնարավոր չի եղել հանձնել նաև պատվիրված նամակով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է (վճռաբեկ բողոքին կից) համապատասխան փաստաթուղթ, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Սիլվա Եգորյանը գործի նյութերին ծանոթացել է 04.08.2017 թվականին, և գործում այլ ապացույցների բացակայության պայմաններում ողջամտորեն ենթադրվում է, որ դատական ակտին Սիլվա Եգորյանը ծանոթացել է սույն քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու հետ միաժամանակ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ սույն քաղաքացիական գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց Սիլվա Եգորյանի վերջնական դատական ակտի մասին գործի նյութերին ծանոթանալու ընթացքում տեղեկացված լինելու վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքին կից ներկայացված` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 25.09.2017 թվականի գրության առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությունը դառնում է առարկայազուրկ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սիլվա Եգորյանի կողմից վերաքննիչ բողոքի ներկայացման համար դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2018
N ԵԱՔԴ/1881/02/13
Որոշում