Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 189...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 189-ՐԴ, 190-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՆԴ/1636/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1636/02/15  2018 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Գ. Խանդանյան  

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի    

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի     

                                              Գ. Հակոբյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Էվոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Նիկողոսյանի ընդդեմ Արուսյակ Ներսիսյանի, Արթուր Էվոյանի և Զոյա Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժնի (այսուհետ` Ոստիկանություն)` հաշվառումից հանելու, բնակարանից վտարելու և բանալին հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Նիկողոսյանը պահանջել է Արթուր Էվոյանին, Արուսյակ Ներսիսյանին, Զոյա Հարությունյանին վտարել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանից և դադարեցնել նրանց հաշվառումը վերը նշված հասցեում:

Գործի քննության ընթացքում փոփոխելով հայցապահանջը` Սարգիս Նիկողոսյանը պահանջել է Արթուր Էվոյանին վտարել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի` իր բաժնային սեփականությունը հանդիսացող թիվ 2 սենյակից և թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ տարածքներից, իրեն հանձնել մուտքի դռան բանալին և Արթուր Էվոյանին հանել նշված բնակարանի հաշվառումից:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2016 թվականի վճռով Սարգիս Նիկողոսյանի հայցն ընդդեմ Արթուր Էվոյանի, երրորդ անձ Ոստիկանության` բնակարանի հաշվառումից հանելու, վտարելու և բնակարանի մուտքի բանալին հանձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժվել է: Գործի վարույթը` ըստ հայցի Սարգիս Նիկողոսյանի ընդդեմ Արուսյակ Ներսիսյանի, Զոյա Հարությունյանի, երրորդ անձ Ոստիկանության` բնակարանի հաշվառումից հանելու և վտարելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.02.2017 թվականի որոշմամբ Սարգիս Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.09.2016 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. Սարգիս Նիկողոսյանի հայցը` Արթուր Էվոյանին վտարելու պահանջի մասով, բավարարվել է: Որոշվել է Արթուր Էվոյանին վտարել Սարգիս Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի թիվ 2 (12 քմ) բաժնային սեփականություն հանդիսացող սենյակից և թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ ու օժանդակ տարածքներից: Գործի վարույթը` Արթուր Էվոյանին բնակարանի հաշվառումից հանելու պահանջի մասով, կարճվել է: Վճիռը` վիճելի բնակարանի բանալին հանձնելու պահանջի մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Էվոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սարգիս Նիկողոսյանի ներկայացուցիչ Անահիտ Սոխակյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 189-րդ հոդվածի 2-րդ կետը, 190-րդ, 191-րդ հոդվածները, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 219-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սարգիս Նիկողոսյանի սեփականության իրավունքը գրանցվել է միայն 12,06 քմ մակերեսով բնակելի տարածքի նկատմամբ, իսկ մյուս մասի, այն է` թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ տարածքների նկատմամբ գրանցվել է նրա օգտագործման իրավունքը: Ընդ որում, կոմունալ և օժանդակ տարածքները չեն կարող տիրապետվել և օգտագործվել մի մասով, հետևաբար այդ տարածքները հանձնվում են կողմերի ընդհանուր օգտագործմանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ փոխվում է այդ տարածքների նկատմամբ սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի բաժնեմասը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սարգիս Նիկողոսյանը` իբրև սեփականատեր, չի կարող Արթուր Էվոյանին վտարել կոմունալ և օժանդակ տարածքների ամբողջ մասից, քանի որ վերջինս հաշվառված է նշված բնակարանում և օրինական հիմքով է բնակվում այնտեղ:

Վերաքննիչ դատարանը, փաստելով գործում համապատասխան ապացույցների բացակայությունը, միաժամանակ հաստատել է նոր փաստ` բնակարանի նկատմամբ Արթուր Էվոյանի գույքային իրավունքների բացակայությունը, ինչը կարող էր անել միայն այն պարագայում, երբ Դատարանի հետազոտած ապացույցները հնարավորություն տային հանգելու նման եզրակացության: Մինչդեռ Դատարանը չէր հանգել որևէ կոնկրետ եզրակացության Արթուր Էվոյանի կողմից Գրետա Էվոյանի ժառանգությունը փաստացի ընդունելու վերաբերյալ և այդ փաստի հաստատման կամ մերժման համար ապացույցներ չէր հետազոտել և գնահատել, ուստի Վերաքննիչ դատարանը չէր կարող առանց ապացույցների որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատել, այլ պետք է այդ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելու համար գործն ուղարկեր նոր քննության: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Արթուր Էվոյանը, որպես վիճելի բնակարանի բաժնեմասի նկատմամբ իր ժառանգությունը փաստացի ընդունելու վերաբերյալ ապացույց, Դատարան է ներկայացրել «Վիլնյուսի 36» համատիրության կողմից 02.02.2016 թվականին տրված թիվ 18 տեղեկանքը, ըստ որի` Արթուր Էվոյանը բնակվում է վիճելի բնակարանում մեկ անձով և վճարում է շենք-շինությունների վերանորոգման և պահպանման պարտադիր վճարները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.09.2016 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Գրետա Էվոյանի իրավունքը պետական գրանցման չի ենթարկվել, մինչև մահը նա տառապել է հոգեկան հիվանդությամբ և 08.01.2009 թվականի վճռով ճանաչվել է անգործունակ, իսկ Արթուր Էվոյանը նշանակվել է նրա խնամակալ: Վերջինս մինչև քրոջ մահը որևէ գործողություն չի կատարել նրա բաժնային սեփականության իրավունքը գրանցելու համար: Հետևաբար չգրանցված բաժնի նկատմամբ ժառանգության փաստացի ընդունման մասին խոսելն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ժողովրդական դեպուտատների Երևանի Սովետական շրջսովետի գործադիր կոմիտեի 04.08.1988 թվականի թիվ 15/191 որոշման հիման վրա տրված «Կոոպերատիվ» վերտառությամբ թիվ 1503 միասնական օրդերի համաձայն` Գրետա Էվոյանին իր երկու հոգուց բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար հատկացվել է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 երկու սենյականոց բնակարանը (հատոր 2-րդ, գ.թ. 19):

2) Ըստ հայցի Սարգիս Նիկողոսյանի ընդդեմ Գրետա Էվոյանի` բնակարանի բաժանման պահանջի մասին, Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանի 10.06.1991 թվականի թիվ 2-971 օրինական ուժի մեջ մտած վճռով Սարգիս Նիկողոսյանը ճանաչվել է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի` ըստ հատակագծի թիվ 2` 12,6 քմ բնակմակերեսով սենյակի փայատեր և այն հատկացվել է նրան: Նույն բնակարանի` ըստ հատակագծի թիվ 5` 19,4 քմ բնակմակերեսով սենյակը հատկացվել է Գրետա Էվոյանին, և նա ճանաչվել է փայատեր այդ սենյակի նկատմամբ: Մնացած կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնվել են կողմերի ընդհանուր օգտագործմանը: Միաժամանակ վճռով նշվել է. «կողմերը նախկին ամուսիններ են, իրենց միջոցներով ... 1988 թվականին ստացել են Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 երկու սենյականոց կոոպերատիվ բնակարանը, որի փայատեր է ձևակերպվել Գրետա Էվոյանը: ... «Հիդրոապարատ» բնակշինկոոպի 13-րդ շենքի փայատերերի ժողովում որոշվել է կողմերին փայատեր ճանաչել առանձին-առանձին» (հատոր 1-ին, գ.թ. 14):

3) Երևանի Խորհրդային շրջանի քաղաքացիական կացության գրանցման բաժնի կողմից 17.06.1992 թվականին տրված I-ՍԼ թիվ 368328 ամուսնալուծության վկայականի համաձայն` լուծվել է Սարգիս Նիկողոսյանի և Գրետա Էվոյանի ամուսնությունը, որի մասին ամուսնալուծության ակտերի գրանցման գրքում 05.05.1989 թվականին կատարվել է թիվ 188 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 16):

4) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.07.2003 թվականի թիվ 1770918 վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի 12,06 քմ բնակելի տարածքի նկատմամբ գրանցված է Սարգիս Նիկողոսյանի սեփականության իրավունքը, իսկ մյուս մասի (բացառությամբ 19,4 քմ մակերեսով սենյակի) նկատմամբ գրանցված է վերջինիս ընդհանուր օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 10-12):

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 06.02.2015 թվականի տրված տեղեկանքի համաձայն` վիճելի բնակարանի գրանցման վկայականի պատճենի շտրիխված մասի` 19,4 քմ մակերեսի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել, իսկ 10.06.1991 թվականի թիվ 2-971 օրինական ուժի մեջ մտած վճռով 19,4 քմ մակերեսի փայատեր է ճանաչվել Գրետա Էվոյանը, սակայն վճռից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 29):

6) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի կողմից 07.02.2011 թվականին տրված թիվ ԱԲ N 054724 մահվան վկայականի համաձայն` Գրետա Էվոյանը մահացել է 21.01.2011 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 22):

7) Նոր Նորքի թաղապետարանի «Վիլնյուսի 36» համատիրության 02.02.2016 թվականի թիվ 18 տեղեկանքի համաձայն` Արթուր Էվոյանը բնակվում է Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանում (հատոր 2-րդ, գ.թ. 24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. կարող է արդյո՞ք վերաքննիչ դատարանը փաստի բացակայությունը հաստատված համարել և այն դնել հայցի բավարարման հիմքում այն դեպքում, երբ ստորադաս դատարանն այդ փաստը չի ներառել ապացուցում պահանջող փաստերի շրջանակում և կողմերի միջև չի բաշխել ապացուցման պարտականությունը:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, իսկ նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս, Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով սեփականության ներքո գտնվող գույքի բաժնային և համատեղ սեփականության իրավունքի իրավական ռեժիմները, միաժամանակ ամրագրել է, որ բաժնային սեփականությունում բաժինները համարվում եմ հավասար, եթե բաժինները որոշված չեն բաժնային սեփականության մասնակիցների համաձայնությամբ կամ սահմանված չեն օրենքով: Ընդ որում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը մասնակիցները տիրապետում և օգտագործում են միասին համաձայնեցված կարգով, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի կողմից սահմանված կարգով:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է սեփականատիրոջ` իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու իրավունքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս, Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է:

ՈՒրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս, Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր հանդիսանում է գույքի սեփականատերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածից հետևում է, որ նույն օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված իրավունքը պատկանում է նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Միևնույն ժամանակ վինդիկացիոն հայցը կարող է հարուցվել միայն ապօրինի տիրապետողի դեմ, հետևաբար այդպիսի հայցով պատշաճ պատասխանող կարող է լինել այն անձը, ում ապօրինի տիրապետման ներքո գտնվում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքը (տե՛ս, Վարդան Ղազարյանն ընդդեմ Լևոն Գրիգորյանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2014 թվականի որոշումը):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (...) դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գործը դատաքննության նախապատրաստելու, որպես առանձին դատավարության փուլի առանձնահատկությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն` դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 149.8-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործը դատաքննության նախապատրաստելը` որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների և դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները` վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը, դատավարության մասնակիցների կազմը ճշտելը և նրանց մասնակցությունն ապահովելը, գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը, ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը (տե՛ս, ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի` թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով 22.04.2016 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` վեճի առարկա` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանը, համաձայն ժողովրդական դեպուտատների Երևանի Սովետական շրջսովետի գործադիր կոմիտեի 04.08.1988 թվականի թիվ 15/191 որոշման հիման վրա տրված «Կոոպերատիվ» վերտառությամբ թիվ 1503 միասնական օրդերի, հատկացվել է Գրետա Էվոյանին` իր երկու հոգուց բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար: Հետագայում Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանի 10.06.1991 թվականի թիվ 2-971 օրինական ուժի մեջ մտած վճռով Սարգիս Նիկողոսյանը ճանաչվել է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի` ըստ հատակագծի 12,06 քմ բնակմակերեսով սենյակի փայատեր, և այն հատկացվել է իրեն, իսկ ըստ հատակագծի 19,4 քմ բնակմակերեսով սենյակի փայատեր ճանաչվել է Գրետա Էվոյանը, և այն հատկացվել է իրեն: Մնացած կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնվել են կողմերի ընդհանուր օգտագործմանը: Միաժամանակ վճռով նշվել է, որ կողմերը, լինելով նախկին ամուսիններ, իրենց միջոցներով 1988 թվականին ստացել են Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 երկու սենյականոց կոոպերատիվ բնակարանը, որի փայատեր է ձևակերպվել Գրետա Էվոյանը: «Հիդրոապարատ» բնակշինկոոպի 13-րդ շենքի փայատերերի ժողովում որոշվել է կողմերին փայատեր ճանաչել առանձին-առանձին: Ըստ գործում առկա` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.07.2003 թվականի թիվ 1770918 վկայականի` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի 12,06 քմ բնակելի տարածքի նկատմամբ գրանցված է Սարգիս Նիկողոսյանի սեփականության իրավունքը, իսկ մյուս մասի (բացառությամբ 19,4 քմ մակերեսի) նկատմամբ գրանցված է վերջինիս ընդհանուր օգտագործման իրավունքը: 19,4 քմ մակերեսի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել: Գրետա Էվոյանը մահացել է 21.01.2011 թվականին: Արթուր Էվոյանը բնակվում է Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանում:

10.05.2016 թվականին նշանակված դատական նիստին` գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, Դատարանը Գրետա Էվոյանի ժառանգությունն ընդունելու փաստն ապացուցելու պարտականությունը չի դրել Արթուր Էվոյանի վրա (հատոր 2-րդ, գ.թ. 40, 42, 82):

Սույն գործով Դատարանը վտարման հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Սարգիս Նիկողոսյանի սեփականության իրավունքը չի խախտվել, քանի որ վերջինս հանդիսանում է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի 12,06 քմ բնակմակերեսով սենյակի սեփականատեր, իսկ Արթուր Էվոյանը բնակվում է վերը նշված բնակարանի` քրոջը` Գրետա Էվոյանին, պատկանող բաժնեմասում, հետևաբար չի խոչընդոտում հայցվորի գույքի տիրապետմանը, օգտագործմանը և տնօրինմանը:

Վերաքննիչ դատարանը Սարգիս Նիկողոսյանի բողոքը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ վիճելի բնակարանի փայատերեր են հանդիսացել Սարգիս Նիկողոսյանը և նրա մահացած կինը` Գրետա Էվոյանը, ով, սակայն, իր իրավունքը պետական գրանցման չի ենթարկել: Վերջինիս մահվանից հետո բնակարանում բնակվել է պատասխանողը: Արթուր Էվոյանը Գրետա Էվոյանի մահվանից հետո վերջինիս ժառանգությունն ընդունելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: Միևնույն ժամանակ Արթուր էվոյանը բնակարանի կամ դրա սենյակի օգտագործման առումով չունի գրանցված իրավունք, այլ միայն հաշվառված է նշված հասցեում: Նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն Արթուր Էվոյանին վիճելի բնակարանից վտարելու պահանջի մասով հայցը բավարարել է` նրան վտարելով ոչ միայն Սարգիս Նիկողոսյանի սեփականությունը հանդիսացող 12,06 քմ սենյակից, այլև թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ սենյակներից:

Վերը նշվածի հիման վրա գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով վեճի առարկա բնակարանը հանդիսացել է կոոպերատիվի գույք, որի փայատերեր են ճանաչվել սույն գործով հայցվորը և Գրետա Էվոյանը, միաժամանակ հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս և փոփոխելիս անդրադարձել է Գրետա Էվոյանի` սեփականության իրավունքը գրանցված չլինելու փաստին, վերաբերելի օրենսդրական կարգավորումների համատեքստում հարկ է համարում անդրադառնալ այն խնդրին, թե արդյո՞ք այդ գույքի նկատմամբ Գրետա Էվոյանի սեփականության իրավունքը կարող էր ծագել, թե` ոչ, և ըստ այդմ` կարող էր այն ժառանգության զանգվածի մաս հանդիսանալ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի (ընդունվել է 03.12.1982 թվականին, ուժի մեջ է մտել 01.07.1983 թվականին, ուժը կորցրել է 26.11.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն`(...) Հայաստանի

Հանրապետության սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն բնակարանի իրավունք: Այդ իրավունքն ապահովվում է պետական և հանրային բնակարանային ֆոնդի զարգացմամբ ու պահպանմամբ, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարությանը ցույց տրվող օժանդակությամբ, բարեկարգ բնակարանների կառուցման ծրագրի իրականացման համեմատ հատկացվող բնակելի տարածությունը հասարակական վերահսկողության ներքո արդարացիորեն բաշխելով, ինչպես նաև բնակարանի և կոմունալ ծառայությունների ոչ բարձր վարձով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն սահմանված կարգով բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն մտնելու բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ և բնակարան ստանալու այնտեղից:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունված անձին, կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ, որը հաստատում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն, հատկացվում է մեկ կամ մի քանի սենյակից բաղկացած առանձին բնակարան` ընտանիքի անդամների թվին, նրա փայավճարի գումարին և բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքով նախատեսվող բնակելի մակերեսի առավելագույն չափին համապատասխան:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 31.10.1990 թվականին, ուժի մեջ է մտել 01.12.1990 թվականին, ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնակարանային, բնակշինարարական, ավտոտնակային և այլ կոոպերատիվի այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի, իր օգտագործմանը տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:

i

Նույնաբովանդակ կարգավորում նախատեսում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետը, համաձայն որի` բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր են օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձևակերպման համար անհրաժեշտ և բավարար գրավոր փաստաթուղթը, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրեր, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր, դատական ակտեր, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար` այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոոպերատիվում իր փայը լրիվ մուծած անդամը ձեռք է բերում համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունք օրենքի ուժով: Հետևաբար անկախ այդ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից` կոոպերատիվի անդամը համարվում է գույքի սեփականատեր օրենքի ուժով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոոպերատիվում փայը վճարվել է ժառանգատուի կենդանության օրոք ժառանգատուի կողմից, ապա վերջինս նախքան իր մահն օրենքի ուժով ունեցել է սեփականություն գույքի նկատմամբ: ՈՒստի, թեև գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը պետության կողմից այդ իրավունքի ճանաչումն է, այդուհանդերձ, գույքի նկատմամբ ժառանգատուի կենդանության օրոք սեփականություն իրավունքի պետական գրանցում իրականացված չլինելու պայմաններում այդ գույքը ժառանգության զանգվածում չներառելը կխախտի անձի սեփականության իրավունքը` առավել ևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժառանգության զանգվածում կարող են ներառվել նաև գույքային իրավունքներ: Հետևաբար, եթե ժառանգատուն իր կենդանության օրոք վճարել է կոոպերատիվում ունեցած իր փայը` իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության վերոգրյալ նորմերին համապատասխան, ապա համապատասխան գույքը ներառվում է ժառանգատուի ժառանգության զանգվածում:

Սույն գործի փաստերը հաշվի առնելով և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման էր ենթակա վիճելի բնակարանի 12,06 քմ սենյակը և թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ սենյակները հայցվորի սեփականությունը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նշված տարածքները պատասխանողի կողմից ապօրինի տիրապետելը և օգտագործելը:

Արթուր Էվոյանը, հայցադիմումի պատասխանով առարկելով վտարման պահանջի դեմ, հայտնել է, որ ինքը հանդիսանում է Գրետա Էվոյանի երկրորդ հերթի ժառանգը և վերջինիս մահվանից հետո բնակվելով վիճելի բնակարանում` փաստացի տիրապետմամբ ընդունել է նրա ժառանգությունը (հատոր 2-րդ, գ.թ. 17), հետևաբար Արթուր Էվոյանը պետք է ապացուցեր, որ Գրետա Էվոյանը գույքային իրավունքներ է ունեցել վիճելի բնակարանի նկատմամբ, այդ իրավունքները կարող էին ներառվել Գրետա Էվոյանի ժառանգության զանգվածի մեջ, և Գրետա Էվոյանի մահից հետո Արթուր Էվոյանն ընդունել է նրա ժառանգությունը: Դատարանը, գործի քննությունն իրականացնելով գործը դատաքննության նախապատրաստելու կանոններով, Արթուր Էվոյանի վրա չի դրել վերոնշյալ փաստերն ապացուցելու պարտականություն` արդյունքում հնարավորություն չընձեռելով վերջինիս հիմնավորել իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Մինչդեռ սույն գործով Արթուր Էվոյանին վիճելի տարածքներից վտարելու Սարգիս Նիկողոսյանի հայցապահանջը բավարարելու համար էական նշանակություն են ունեցել այն հանգամանքները, թե արդյո՞ք վիճելի բնակարանը հանդիսացել է ժառանգության զանգվածի մաս, արդյո՞ք Արթուր Էվոյանի մոտ` որպես երկրորդ հերթի ժառանգի ծագել է իր ժառանգման իրավունքն իրացնելու հնարավորություն և արդյո՞ք այդ հնարավորությունն իրացվել է, որպիսի պայմաններում միայն Վերաքննիչ դատարանը կարող էր հաստատված համարել Արթուր Էվոյանի կողմից վիճելի (օժանդակ) տարածքներն օրինական հիմքով տիրապետելու և օգտագործելու փաստի առկայությունը կամ բացակայությունը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Արթուր Էվոյանը քրոջ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել, անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով Դատարանն այդ փաստի ապացուցման պարտականությունը չի դրել վերջինիս վրա: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման այն մասին, որ Արթուր Էվոյանը վեճի առարկա բնակարանի բնակելի և օժանդակ-կոմունալ տարածքներն ամբողջությամբ զբաղեցնում է առանց որևէ իրավական հիմքի` անտեսելով նաև այդ տարածքների տարբեր իրավական կարգավիճակը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վիճելի բնակարանի բաժնեմասի նկատմամբ Գրետա Էվոյանի սեփականության իրավունքը գրանցված չի եղել, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բնակարանը հանդիսացել է կոոպերատիվի գույք` հաշվի չառնելով իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումները` կոոպերատիվի փայը լրիվ մուծելու դեպքում օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու իրավական հնարավորության վերաբերյալ: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ և առաջ ենթակա էր պարզման այն հարցը, թե արդյո՞ք Գրետա Էվոյանի կենդանության օրոք կոոպերատիվի փայը վճարված եղել է, թե` ոչ` այն վերջինիս ժառանգական զանգվածում ներառելու հարցը ևս պարզելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի որոշումն Արթուր Էվոյանի կողմից բողոքարկվել է միայն հայցապահանջը` 12,06 քմ մակերեսով սենյակից, ինչպես նաև թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ սենյակներից վտարելու պահանջների մասով բավարարելու մասով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերանայման միայն այդ մասով:

Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Նիկողոսյանը Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի 12,06 քմ մակերեսով բնակելի տարածքի միանձնյա սեփականատերն է, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 12,06 քմ մակերեսով սենյակից Արթուր Էվոյանի վտարումն իրավաչափ է` տիրապետման հիմքերի բացակայության հիմքով: Ինչ վերաբերում է թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ տարածքներից վտարելու հայցապահանջի բավարարմանը, ապա նկատի ունենալով, որ ըստ գործի փաստերի` այդ տարածքները հայցվորին թողնվել են ընդհանուր օգտագործման իրավունքով, այսինքն` նշված տարածքների նկատմամբ օգտագործման իրավունք կարող է ունենալ նաև բնակարանի մյուս բաժնեմասի սեփականատերը կամ նման իրավական հավակնություններ ունեցող անձը, միաժամանակ հաշվի առնելով վերոգրյալ պատճառաբանություններում սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի կապակցությամբ բազմակողմանի և լրիվ քննություն իրականացված չլինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված պահանջների մասով հիմնավոր է և գործն այդ մասով ենթակա է նոր քննության:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.06.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2017 թվականի որոշման` Արթուր Էվոյանին Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13-րդ շենքի թիվ 57 բնակարանի թիվ 1, 3, 7, 6, 5 կոմունալ և օժանդակ տարածքներից վտարելու պահանջի մասով հայցը բավարարելու մասը, և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.06.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵԱՆԴ/1636/02/15
Որոշում