Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ, 280-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵՇԴ/3949/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3949/02/15   2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Հ. Ենոքյան    

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Մ. Դրմեյանի    

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

                   

2018 թվականի հուլիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Կարապետյանի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանի և Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Կարապետյանի ընդդեմ Քաջիկ Կարապետյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Քաջիկ Կարապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռոբերտ Կարապետյանի և Վարդանուշ Մելոյանի` վտարման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Կարապետյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 54,4 քմ մակերեսով բնակելի տնով և 16,8 քմ մակերեսով օժանդակ շինություններով ծանրաբեռնված հողամասերի նկատմամբ, ինչպես նաև այդ մասերով անվավեր ճանաչել Քաջիկ Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Քաջիկ Կարապետյանը պահանջել է Ռոբերտ Կարապետյանին և Վարդանուշ Մելոյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասից և դրա վրա գտնվող ինքնակամ շինությունից:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ռոբերտ Կարապետյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող անշարժ գույքի` Ռոբերտ Կարապետյանի փաստացի տիրապետած 54,4 քմ և 16,8 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ` նույն մակերեսին վերաբերող մասով անվավեր ճանաչելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Քաջիկ Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Քաջիկ Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 09.03.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռոբերտ Կարապետյանի ներկայացուցիչը և Վարդանուշ Մելոյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Քաջիկ Կարապետյանը:

 

2. Ռոբերտ Կարապետյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասի վիճելի մասի վրա շինությունները կառուցվել են Ռոբերտ Կարապետյանի կողմից, որպիսի փաստի վերաբերյալ առկա են վկաների ցուցմունքներ և գրավոր ապացույցներ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Քաջիկ Կարապետյանը երբևէ առարկություն չի ունեցել իրականացվող շինարարական աշխատանքների կապակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ վերջինս հրաժարվել է նշված հողամասի վիճելի մասից:

Բացի այդ, Ռոբերտ Կարապետյանը հանդիսացել է առանձին բաժանորդ` կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպություններում, և ինքն է կատարել մատուցված ծառայությունների դիմաց վճարումները, ինչպես նաև մուծել է գույքահարկը և հողի հարկը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.03.2017 թվականի վճռին:

 

2.1. Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները` անտեսելով, որ առկա են բավարար հիմքեր ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի անշարժ գույքից վիճելի մակերեսներով հողատարածքների նկատմամբ Ռոբերտ Կարապետյանի սեփականության իրավունքը ճանաչելու համար:

Ինչ վերաբերում է Քաջիկ Կարապետյանի հակընդդեմ հայցին, ապա այն անհիմն է` վտարման պահանջը գույքի սեփականատիրոջ կամ իրավասու անձի կողմից ներկայացված չլինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.03.2017 թվականի վճռին:

2.2. Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Ներկայացված վճռաբեկ բողոքներն անհիմն են, քանի որ չեն բխում գործի հանգամանքներից: Վերաքննիչ դատարանը կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչի արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հակոբ Ջամբուլյանի կողմից տեխնիկական հաշվառման բյուրոյի պետին 16.10.1974 թվականին ուղղված դիմումի համաձայն` վերջինս խնդրել է թույլտվություն` հանձնաժողովի միջոցով Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի անշարժ գույքը վաճառել Քաջիկ Կարապետյանին` հայտնելով, որ ապօրինի շինությունները քանդված են (հատոր 2-րդ, գ.թ. 66):

2) Երքաղսովետի գործկոմի առուվաճառքի հանձնաժողովի 18.10.1974 թվականի «Անձնական սեփականության իրավունքով պատկանող տունը օտարել ցանկացողի մասին» տեղեկագրի համաձայն` Հակոբ Ջամբուլյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի հողամասից քանդված են անօրինական կառուցվածքները (հատոր 2-րդ, գ.թ. 67):

3) 23.10.1974 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Հակոբ Ջամբուլյանը Քաջիկ Կարապետյանին է վաճառել Երևանի Արարատյան թիվ 51 տնատիրությունն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 16.07.2015 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ 16072015-01-0075 վկայականի համաձայն` Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի բնակելի տունը հանդիսանում է Քաջիկ Կարապետյանի սեփականությունը (հատոր 2-րդ, գ.թ. 114):

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.12.2015 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-15/12/2015-4-0024 տեղեկանքի համաձայն` Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում առկա են 234,5 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ (հատոր 2-րդ, գ.թ. 3-4):

6) Երևանի Շենգավիթի թաղապետարանի թիվ 17 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Աղաջանյանի կողմից տրված տեղեկանքի, ինչպես նաև Ռոբերտ Կարապետյանի թիվ AH0573152 (տրված 25.04.2008 թվականին, 003-ի կողմից) անձնագրի պատճենի համաձայն` Ռոբերտ Կարապետյանը 08.05.1981 թվականից հաշվառված է Երևանի Արարատյան թիվ 51 տանը (հատոր 1-ին, գ.թ. 21, 24):

7) Գույքահարկի և հողի հարկի վճարումների 27.05.2011 թվականի թիվ 1631916, թիվ 1631917 և 27.08.2014 թվականի թիվ 2778589 անդորրագրերի համաձայն` Ռոբերտ Կարապետյանը կատարել է Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի գույքահարկի և հողի հարկի վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

8) Ռոբերտ Կարապետյանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 28.05.2006 թվականին կնքվել է կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման թիվ 814117 պայմանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 154):

9) Թիվ 814117 աբոնենտային համարի շրջանառու ամփոփագրի համաձայն` Ռոբերտ Կարապետյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին կատարել է վճարումներ 2006 թվականի փետրվարից մինչև 2015 թվականի սեպտեմբեր ամիսը (հատոր 2-րդ, գ.թ. 132-135):

10) 09.11.2015 թվականին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի 09.11.2015 թվականի թիվ ԳԳ/9319 գրության համաձայն` 2012 թվականին Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեում բնակվող Ռոբերտ Կարապետյանի հետ կնքվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 124):

11) «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից 05.05.2015 թվականին տրված` բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն` 2006 թվականի հունիս ամսից մինչ 2015 թվականի մարտ ամիսը բաժանորդ է եղել Ռոբերտ Կարապետյանը, որը կատարել է համապատասխան վճարումներ (հատոր 2-րդ, գ.թ. 136-137):

12) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 05.05.2015 թվականին տրված էպիկրիզի համաձայն` 2002 թվականի հոկտեմբեր ամսից մինչ 2015 թվականի մարտ ամիսը ներառյալ Ռոբերտ Կարապետյանը հանդիսացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ և կատարել է էլեկտրաէներգիայի վճարումներ (հատոր 2-րդ, գ.թ. 139-153):

13) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 15.02.2016 թվականի թիվ 22/01-Մ869 գրության համաձայն` Ռոբերտ Կարապետյանը փաստացի բնակվում է Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի տանը (հատոր 2-րդ, գ.թ. 92):

14) «Պիկետ» ՍՊԸ-ի կողմից 12.07.2016 թվականին տրված` Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի վերաբերյալ հողամասերի և շինությունների փաստացի հատակագծի համաձայն` Ռոբերտ Կարապետյանի կողմից Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում գտնվող հողամասից փաստացի օգտագործվում է 92,72 քմ մակերեսով տարածքը (հատոր 2-րդ, գ.թ. 160):

15) Որպես վկա Մայրանուշ Սուքիասյանի, Սիրանուշ, Արամ և Ռազմիկ Կարապետյանների` 14.11.2016 թվականի դատական նիստի ընթացքում տրված ցուցմունքների համաձայն` Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 տունը գնել է Սուրեն Կարապետյանը և ձևակերպել մեծ տղայի` Քաջիկ Կարապետյանի անվամբ, սակայն որոշված է եղել, որ նշված հասցեում ապրելու են Ռոբերտ, Արթուր և Քաջիկ Կարապետյանները: 1984 թվականին Ռոբերտ Կարապետյանն իր միջոցներով վիճելի հասցեում կառուցել է տուն, որտեղ մինչ օրս բնակվում է իր ընտանիքով (հատոր 3-րդ, գ.թ. 100-109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքները ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի, 187-րդ հոդվածի 1-ին կետի և 280-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

4.1 Քննելով Ռոբերտ Կարապետյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածներին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

i

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով և հակընդդեմ հայցը մերժելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ռոբերտ Կարապետյանը տասը տարուց ավելի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում գտնվող հողամասի վիճելի մասը, իսկ Քաջիկ Կարապետյանի վարքագիծը և վերաբերմունքը վկայում են այն մասին, որ վերջինս հրաժարվել է նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Անդրադառնալով հակընդդեմ հայցին` Դատարանը պատճառաբանել է, որ սկզբնական հայցը բավարարման ենթակա լինելու պայմաններում Ռոբերտ Կարապետյանի մոտ ծագել է սեփականության իրավունք` Երևան քաղաքի Արարատյան 51 հասցեի անշարժ գույքի` իր կողմից փաստացի տիրապետվող հողամասի նկատմամբ, հետևաբար հակընդդեմ հայցն անհիմն է` այն գույքի սեփականատիրոջ կամ իրավասու անձի կողմից ներկայացված չլինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, նշել է, որ Դատարանի այն պատճառաբանությունը, որ Քաջիկ Կարապետյանը հրաժարվել է Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքից, անհիմն է, քանի որ Դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի հետազոտում և գնահատում, որպիսի պայմաններում «Ռոբերտ Կարապետյանի վերաբերմունքը վիճելի հասցեի նկատմամբ և սեփականատիրոջ` Քաջիկ Կարապետյանի վարքագիծն ու վերաբերմունքն իր սեփականությունից հօգուտ հայցվորի հրաժարվելու վերաբերյալ պետք է դառնան նոր քննության առարկա»:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում են ինչպես տիրապետողի, այնպես էլ գույքի սեփականատիրոջ գործողություններով (անգործությամբ):

Սույն գործի փաստերի համաձայն` 23.10.1974 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Հակոբ Ջամբուլյանը Քաջիկ Կարապետյանին է վաճառել Երևանի Արարատյան թիվ 51 տնատիրությունն ամբողջությամբ: Սույն գործով չի վիճարկվել փաստ առ այն, որ Ռոբերտ Կարապետյանը Քաջիկ Կարապետյանի թույլտվությամբ 1982 թվականից սկսել է բնակվել նշված հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 26, հատոր 2-րդ, գ.թ. 56-63), ինչից հետևում է, որ վիճելի գույքը հայցվորի փաստացի տիրապետմանն է անցել Քաջիկ Կարապետյանի կամքին ոչ հակառակ: Նշված փաստը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ Ռոբերտ Կարապետյանի մոտ ձևավորել է համոզմունք այն մասին, որ վիճելի գույքը ձեռք է բերել օրինական հիմքերով, իսկ տիրապետման ընթացքում ձևավորվել է համոզմունք առ այն, որ նշված գույքը տիրապետում է որպես սեփականություն: Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը հիմնավորվում է նաև վկաներ Մայրանուշ Սուքիասյանի, Սիրանուշ, Արամ և Ռազմիկ Կարապետյանների` 14.11.2016 թվականի դատական նիստի ընթացքում տրված ցուցմունքներով, որոնց համաձայն` Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 տունը գնել է Սուրեն Կարապետյանը և ձևակերպել մեծ տղայի` Քաջիկ Կարապետյանի անվամբ, սակայն որոշված է եղել, որ նշված հասցեում ապրելու է նաև Ռոբերտ Կարապետյանը, որն էլ 1984 թվականին իր միջոցներով վիճելի հասցեում կառուցել է տուն, որտեղ մինչ օրս բնակվում է իր ընտանիքով: Ավելին` Ռոբերտ Կարապետյանի կողմից նշված հասցեում շինությունների կառուցման փաստը հաստատվում է նաև Հակոբ Ջամբուլյանի կողմից տեխնիկական հաշվառման բյուրոյի պետին 16.10.1974 թվականին ուղղված դիմումի բովանդակության, Երքաղսովետի գործկոմի առուվաճառքի հանձնաժողովի 18.10.1974 թվականի «Անձնական սեփականության իրավունքով պատկանող տունը օտարել ցանկացողի մասին» տեղեկագրի, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.12.2015 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-15/12/2015-4-0024 տեղեկանքի ուսումնասիրությամբ: Մասնավորապես, համաձայն նշված փաստաթղթերի` Հակոբ Ջամբուլյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հողամասից այն Քաջիկ Կարապետյանին վաճառելու օրվա դրությամբ քանդված են եղել անօրինական կառուցվածքները: Այնինչ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.12.2015 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-15/12/2015-4-0024 տեղեկանքի համաձայն` Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում առկա են ինքնակամ շինություններ: Նշված ապացույցները վկայում են այն մասին, որ Ռոբերտ Կարապետյանն ինքնակամ շինությունները կառուցել է հետագայում, որով էլ հերքվում է Քաջիկ Կարապետյանի այն հայտարարությունը, որ «ինքնակամ կառույցները գոյություն են ունեցել Քաջիկ Կարապետյանի կողմից Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեի գույքը ձեռք բերելիս»: Բացի այդ, կողմերը չեն վիճարկում այն փաստը, որ հողատարածքի վիճելի մակերեսով ծանրաբեռնված ինքնակամ շինությունները տիրապետում և օգտագործում է Ռոբերտ Կարապետյանը: Նշվածը հիմնավորվում է նաև «Պիկետ» ՍՊԸ-ի կողմից 12.07.2016 թվականին տրված` Երևանի Արարատյան թիվ 51 հասցեի վերաբերյալ հողամասերի և շինությունների փաստացի հատակագծով, որի համաձայն` Ռոբերտ Կարապետյանի կողմից Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում գտնվող հողամասից փաստացի օգտագործվում է 92,72 քմ մակերեսով տարածքը: Ավելին` Ռոբերտ Կարապետյանը կատարել է Երևանի Արարատյան փողոցի թիվ 51 հասցեի գույքահարկի և հողի հարկի վճարումները, հանդիսացել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ` վերջիններիս հետ կնքելով համապատասխան պայմանագրեր և կատարելով կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ:

Այսպիսով` վերոգրյալ փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս փաստելու, որ Ռոբերտ Կարապետյանն անշարժ գույքը տիրապետել է որպես իր սեփականը` կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ներհատուկ են անշարժ գույքի սեփականատիրոջը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռոբերտ Կարապետյանն առնվազն 10 տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել է վիճելի անշարժ գույքը` կատարել է շինարարական աշխատանքներ, վճարել գույքի և հողի հարկերը, հանդիսացել կոմունալ ծառայությունների առանձին բաժանորդ:

Միաժամանակ նշված փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Քաջիկ Կարապետյանը բավարար չափով հետևողականություն չի ցուցաբերել անշարժ գույքի վիճելի մասի նկատմամբ: Մասնավորապես` չի առարկել Ռոբերտ Կարապետյանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին, չի պահանջել դադարեցնել դրանք կամ որևէ կերպ չի դիմել իր իրավունքների պաշտպանությանը` ցուցաբերելով անգործություն: Բացի այդ, մինչև սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելը երբևէ վերջինիս դեմ պահանջ չի ներկայացրել` գույքի զբաղեցրած հատվածն ազատելու վերաբերյալ: Ավելին` գույքի նշված մասում Ռոբերտ Կարապետյանն իր ընտանիքով բնակություն է հաստատել Քաջիկ Կարապետյանի թույլտվությամբ և գիտությամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաջիկ Կարապետյանն իր անգործությամբ հրաժարվել է իրեն պատկանող գույքից, այսինքն` վիճելի իրավահարաբերությունում առկա է պատասխանողի կողմից այնպիսի վարքագծի դրսևորում, որն ակնհայտ վկայում է վերջինիս` գույքի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից մեկուսացման մասին, ինչի արդյունքում Ռոբերտ Կարապետյանի մոտ ողջամտորեն ձևավորվել է համոզմունք առ այն, որ նշված անշարժ գույքը վերջինս տիրապետում է որպես սեփական գույք:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ճիշտ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության: Վերը նշված հանգամանքները տվյալ պարագայում հիմք են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ սույն քաղաքացիական գործով միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված բոլոր վավերապայմանները, ուստի վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ տվյալ պարագայում կիրառելի են հիշատակված իրավական նորմի դրույթները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են վիճելի գույքի նկատմամբ Ռոբերտ Կարապետյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ նախապայմանները: Հետևաբար Վերաքննիչ դատարանների հետևություններն այն մասին, որ բավարար հիմքեր չկան ենթադրելու, որ Քաջիկ Կարապետյանը հրաժարվել է Երևանի Արարատյան թիվ 51 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքից, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է Ռոբերտ Կարապետյանի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ, տասը տարուց ավելի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցը պետք է բավարարվեր, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը:

Անդրադառնալով վտարման պահանջի վերաբերյալ հակընդդեմ հայցին` Վճռաբեկ դատարան գտնում է, որ սկզբնական հայցի բավարարման ենթակա լինելու պայմաններում Քաջիկ Կարապետյանի ներկայացրած հակընդդեմ հայցը ենթակա է մերժման` նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սկզբնական հայցի բավարարումը բացառում է հակընդդեմ հայցի բավարարումը:

 

4.2 Քննելով Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքը ևս վերաբերում է ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերելու` Ռոբերտ Կարապետյանի պահանջի հիմնավորվածությանը և Քաջիկ Կարապետյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի անհիմն լինելուն, որոնց սույն որոշման 4.1 կետում արդեն իսկ անդրադարձ է կատարվել, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանություններով Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքը ևս հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքները ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Քաջիկ Կարապետյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ` որպես Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 26.03.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Քաջիկ Կարապետյանից հօգուտ Ռոբերտ Կարապետյանի ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2017 թվականի վճռին:

2. Քաջիկ Կարապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի 26.03.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Քաջիկ Կարապետյանից հօգուտ Ռոբերտ Կարապետյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2018
N ԵՇԴ/3949/02/15
Որոշում