Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ԵՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/0748/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0748/02/16     2018 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան

                       Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն պահանջել է «Յումակս» ՍՊԸ-ից և Բագրատ Մարությանից համապարտության կարգով բռնագանձել 146.000 ՀՀ դրամ,

146.000 ՀՀ դրամին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողների կողմից ստանալու օրվանից մինչև պարտավորության պատշաճ կատարումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Հակոբյան, Ա. Խառատյան, Տ. Նազարյան) 19.07.2017 թվականի որոշմամբ Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.08.2017 թվականի որոշմամբ Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ և 214-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, 16.08.2017 թվականի որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խոչընդոտել է պատասխանողների բողոքարկման իրավունքի իրացմանն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 19.07.2017 թվականի որոշումը ստանալուց հետո` 11.08.2017 թվականին, կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք` վերացնելով նշված թերությունները:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են լիազորագրեր և անհրաժեշտ փաստաթղթեր, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է ընդունվեր վարույթ և ապահովվեր գործի քննությունը վերաքննության կարգով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Համանման դրույթներ են պարունակում նաև 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, սակայն, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները: Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`

(...)

8) բողոքարկելու դատական ակտը (...):

Նույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտը կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը: Այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչություն իրականացնելու լայն շրջանակ` չսահմանափակելով դրա գործառնությունը դատավարական այս կամ այն փուլում, այս կամ այն դատական ատյանում: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք օրենքով սահմանված կարգով վերապահված են այս կամ այն գործին մասնակցող անձին, բացառությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարումից, ինչպիսին է, օրինակ, դատական ակտը բողոքարկելը: Նշված գործողության կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով), արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառել դրանից բխող դատավարական հետևանքները:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, արձանագրում է, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու էին բողոքարկել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքը ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողություն ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու էր իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնել վերաքննիչ բողոքը` նույն հոդվածի 3-րդ կետի հիմքով սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը` թերությունները շտկելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված թերությունները և այն կրկին` առանց թերությունների ներկայացնել: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձն օրենքով սահմանված ժամկետում վերացնում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և կրկին այն ներկայացնում է` թույլ չտալով վերաքննիչ բողոքի նոր թերություններ, ապա կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ենթակա չէ վերադարձման միայն այն հիմքով, որ առաջին բողոքի ներկայացման ժամանակ թույլ է տրվել որևէ խախտում: Այլ կերպ ասած` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելիս Վերաքննիչ դատարանն իրավասու չէ հղում կատարել առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտմանը, եթե այն վերաքննիչ բողոք բերած անձի կողմից արդեն իսկ վերացվել է:

Սույն գործով Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանը 11.07.2017 թվականին Դատարանի 07.06.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 5-7): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 19.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը ներկայացվել է Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի կողմից, որն էլ ստորագրել է վերաքննիչ բողոքը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հերմինե Ավետիսյանի կողմից վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի անունից իր լիազորությունները հավաստող ապացույց, իսկ գործում առկա` Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի կողմից Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագրերի գործողության ժամկետը լրացել է դեռևս 2017 թվականի ապրիլի 13-ին: Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ արդյունքում վերաքննիչ բողոքը ստորագրել է այն անձը, ով վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ լիազորություն չունի (հատոր 2-րդ, գ.թ. 16):

Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանը 11.08.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցվել է 07.08.2017 թվականին Բագրատ Մարությանի կողմից Հերմինե Ավետիսյանին երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը և 31.07.2016 թվականին «Յումակս» ՍՊԸ-ի տնօրեն Միխաիլ Յուխանյանի կողմից Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագիրը` առանց ժամկետի նշմամբ (հատոր 2-րդ գ.թ. 36-41):

Վերաքննիչ դատարանը, 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «11.08.2017 թվականին Հերմինե Ավետիսյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված լիազորագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն տրվել է Բագրատ Մարությանի կողմից 07.08.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը նախկինում ներկայացվել էր 07.07.2017 թվականին, ինչից էլ հետևում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան լիազորություններ ունենալու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Արդյունքում` վերաքննիչ բողոք ներկայացնելու պահի դրությամբ (07.07.2017 թվականին) Հերմինե Ավետիսյանը լիազորություն չի ունեցել ստորագրելու վերաքննիչ բողոքը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված թերությունը Բագրատ Մարությանի մասով չի շտկվել: Իսկ ինչ վերաբերում է «Յումակս» ՍՊԸ-ի կողմից Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ լիազորագիրը տրվել է 31.07.2016 թվականին (առանց ժամկետի նշմամբ), իսկ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ներկայացվել է 11.08.2017 թվականին, հետևաբար «Յումակս» ՍՊԸ-ի անունից Հերմինե Ավետիսյանը վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ լիազորություն չունի» (հատոր 2-րդ, գ.թ. 42):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Բագրատ Մարությանի մասով անհիմն է, իսկ «Յումակս» ՍՊԸ-ի մասով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանը 11.07.2017 թվականին առաջին անգամ ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 19.07.2017 թվականի որոշմամբ նշելով, որ Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի կողմից 13.04.2016 թվականին Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագրերի ժամկետը լրացած է և արձանագրելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման փաստը` վերադարձրել է վերաքննիչ բողոքը: Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանը 11.08.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է Բագրատ Մարությանի և «Յումակս» ՍՊԸ-ի տնօրեն Միխաիլ Յուխանյանի կողմից տրված լիազորագրերը:

Բագրատ Մարությանի կողմից 07.08.2017 թվականին Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագրի ուսումնասիրությունից հետևում է, որ Բագրատ Մարությանը Հերմինե Ավետիսյանին 07.08.2017 թվականին պատշաճ կարգով տվել է լիազորագիր` երեք տարի ժամկետով` մինչև 08.08.2020 թվականը: Այսինքն` Հերմինե Ավետիսյանը 11.08.2017 թվականին կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքում Բագրատ Մարությանի մասով պահպանել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, այն է` Բագրատ Մարությանի մասով շտկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բագրատ Մարությանի մասով վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձնելիս Վերաքննիչ դատարանը հստակ մատնանշել է վերաքննիչ բողոքում թույլ տրված թերությունը, այն է` Բագրատ Մարությանի անունից նրա ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի` օրենքով սահմանված լիազորություն չունենալու հանգամանքը, ինչն էլ հետագայում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով Բագրատ Մարությանի կողմից վերացվել է: Մասնավորապես` Բագրատ Մարությանի մասով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Բագրատ Մարությանի կողմից Հերմինե Ավետիսյանին 07.08.2017 թվականին պատշաճ կարգով տրված լիազորագիր` երեք տարի ժամկետով` մինչև 08.08.2020 թվականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Բագրատ Մարությանի մասով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելով, վկայակոչել է առաջին անգամ վերաքննիչ բողոքում թույլ տրված թերությունը, ինչն օրենքով սահմանված ժամկետում Բագրատ Մարությանի կողմից արդեն իսկ վերացվել էր: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Բագրատ Մարությանի մասով բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` Բագրատ Մարությանի դատական պաշտպանության իրավունքը:

i

Անդրադառնալով «Յումակս» ՍՊԸ-ի տնօրեն Միխաիլ Յուխանյանի կողմից 31.07.2016 թվականին Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագրին, ապա նշված լիազորագրի ուսումնասիրությունից հետևում է, որ այն տրվել է 31.07.2016 թվականին` առանց ժամկետի նշմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Այսինքն` «Յումակս» ՍՊԸ-ի տնօրեն Միխաիլ Յուխանյանի կողմից 31.07.2016 թվականին Հերմինե Ավետիսյանին տրված լիազորագիրը գործել է մինչև 01.08.2017 թվականը: Հետևաբար կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ` 11.08.2017 թվականին, Հերմինե Ավետիսյանը «Յումակս» ՍՊԸ-ի անունից վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ լիազորություն չի ունեցել, այսինքն` «Յումակս» ՍՊԸ-ի մասով չի վերացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Բագրատ Մարությանի մասով, վերացնելու, իսկ «Յումակս» ՍՊԸ-ի մասով` օրինական ուժի մեջ թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Բագրատ Մարությանի մասով, վերացնել: Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2018
N ԵԱՔԴ/0748/02/16
Որոշում