Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 210-ՐԴ ԵՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/3297/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3297/02/16   2018 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Գ. Խանդանյան  

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյաի       

                   մասնակցությամբ դատավորներ` Ն. Տավարացյանի

                                              Ս. Անտոնյանի         

                                              Ա. Բարսեղյանի

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Մ. Դրմեյանի          

                                              Գ. Հակոբյանի         

                                              Ռ. Հակոբյանի  

                                              Ս. Միքայելյանի      

                                              Տ. Պետրոսյանի  

 

2018 թվականի հուլիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սոնա Մկրտումյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սոնա Մկրտումյանը պահանջել է Բանկից բռնագանձել 04.09.2013 թվականից մինչև 13.10.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար միջին օրական աշխատավարձին համարժեք գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 23.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից հօգուտ Սոնա Մկրտումյանի բռնագանձվել է 04.09.2013 թվականից մինչև 20.06.2015 թվականն ընկած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2017 թվականի որոշմամբ Բանկի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ոչ թե լիազորագրի պատճենը, այլ Բանկի կողմից տրված լիազորագրի բնօրինակը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել ներկայացված լիազորագրի` բնօրինակ չլինելու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, սակայն, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

Միաժամանակ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

i

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:

i

Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, (...), գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:

i

Միևնույն ժամանակ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան: Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածը, որը վերնագրված է «Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը», սահմանել է այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Մասնավորապես` վերաքննիչ բողոքը պետք է պարունակի դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձի ներկայացուցիչը, վերաքննիչ բողոքին կցվում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տրված ներկայացուցչի լիազորությունները հավաստող լիազորագիրը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանի ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանի 23.09.2017 թվականի վճռի դեմ Բանկը ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 1-ին, գ.թ. 91-92):

Վերաքննիչ դատարանը 06.11.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձրել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով` պատճառաբանելով, որ գործում առկա` Բանկի կողմից Ռուբեն Բալասանյանին տրված լիազորագիրը գունավոր լուսապատճեն է (հատոր 1-ին, գ.թ. 97-98):

Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանը սահմանված ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է Վերաքննիչ դատարան` կցելով Բանկի կողմից 10.05.2017 թվականին իրեն տրված նոր լիազորագիր (հատոր 1-ին, գ.թ. 108, 109, 110):

i

Վերաքննիչ դատարանը 01.12.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է Բանկի վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի պահպանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կանոնը, մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է Բանկի կողմից Ռուբեն Բալասանյանին տրված լիազորագրի գունավոր լուսապատճենը (հատոր 1-ին, գ.թ. 115-116):

Վերոնշյալ վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը որևէ ապացույցով չի հիմնավորել ներկայացված լիազորագրի` լուսապատճեն լինելու մասին իր հետևությունը, իսկ նոր ներկայացված լիազորագրի գունավոր լուսապատճեն լինելու հանգամանքն առերևույթ ակնհայտ չէ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կանոնով, անհիմն կերպով Բանկին զրկել է վերաքննիչ ատյանում իր գործի քննության սահմանադրական իրավունքից, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի 01.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2018
N ԵԿԴ/3297/02/16
Որոշում