Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ, 20.1-ՐԴ, 46-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԿԴ1/0261/04/16

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0261/04/16     2018 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2017 թվականի որոշման դեմ` Ընկերության սնանկության գործով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) պահանջի հաստատման մասով սնանկության գործի վարույթը կասեցնելու միջնորդության վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ընկերությունը սնանկ է ճանաչվել: Սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարազդատ Ասատրյանը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) «Թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը Բանկի և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջների մասով կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 09.06.2017 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի դիմումը` սնանկության գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է մասնակիորեն. որոշվել է` թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը` Բանկի պահանջի մասով, կասեցնել մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17 և թիվ ԵԿԴ/1963/02/17 քաղաքացիական գործերով վերջնական դատական ակտերի կայացումը: Սնանկության գործի վարույթը` «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով կասեցնելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2017 թվականի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, և Դատարանի 09.06.2017 թվականի որոշումը` Բանկի պահանջի մասով սնանկության գործի վարույթը կասեցնելու մասով, վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, 20.1-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պարտապան Ընկերությունը ներկայացրել է ապացույց քաղաքացիական դատավարության կարգով քննվող այլ գործի առկայության վերաբերյալ, որի շրջանակներում վիճարկվում է պարտատիրոջ կողմից սնանկության գործի շրջանակներում ներկայացված ու պահանջի հիմքում դրված Բանկի և Ընկերության միջև 06.05.2016 թվականին կնքված թիվ LGL20160166 «Վարկային ծառայության» (վարկային) պայմանագիրը, այսինքն` մի պայմանագիր, որն անվավեր ճանաչվելու պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով կարող են անվավեր ճանաչվել դրա ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերը, որոնց պարագայում պարտատիրոջ ներկայացրած պահանջը` որպես ապահովված պահանջ, առնվազն ապահովվածության մասով կարող է դառնալ առարկայազուրկ: Ավելին, արդյունքում փոփոխման կենթարկվի նաև պահանջատիրոջ պահանջի չափը, քանի որ 06.05.2016 թվականին կնքված թիվ LGL20160166 «Վարկային ծառայության» (վարկային) պայմանագրի անվավերության դեպքում չեն կարող հաշվարկվել և Բանկի պահանջում ներառվել դրանով նախատեսված գույքային բնույթի սանկցիաները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը` պարտապանի սնանկության հատկանիշը համարելով որպես Դատարանի կողմից հաստատված փաստ, քանի որ Դատարանի 14.03.2017 թվականի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ 20.12.2016 թվականի դրությամբ Ընկերության ընդհանուր պարտքը Բանկի հանդեպ թիվ LGL20160166 վարկային պայմանագրով կազմում է 7.545.966,99 ԱՄՆ դոլար, իսկ վճարային պարտավորությունների կետանցը կազմում է 60 օրից ավելի: Այսինքն` տվյալ պարագայում Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է պարտավորության առկայությունը որպես պարտապանի սնանկության հատկանիշ, այլ ոչ թե պարտապանի պարտքի առկայությունը (դրա չափով, առաջնահերթությամբ, ապահովվածությամբ)` որպես հիմնավոր և օրինական փաստ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ վերացնել Վերաքննիչ դատարանի 28.08.2017 թվականի որոշումը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի պահանջի մասով սնանկության գործի վարույթը կասեցնելու պարտապանի միջնորդությունը բավարարելու մասով օրինական ուժ տալ (թողնել անփոփոխ) Դատարանի 09.06.2017 թվականի սնանկության գործի վարույթը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջների մասով կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները հիմք են պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս պահանջների անվիճելիության համար:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ` ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է` հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը: Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սարգիս Գասպարյանի թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործի վարույթն առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Օրենսդիրը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով), այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով կարգավորել է կասեցման ընթացակարգի կիրառման հնարավորությունը: Օրենսդիրը վարույթի կասեցման կարգ նախատեսել է առանձին պարտատերերի պահանջների մասով և այն պայմանով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը (հիմքերը) կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ: Ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով:

Այսպիսով, օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու հիմքին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, (իրավահարաբերության ծագման պահին գործող) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

Դիմելով դատարան, Բանկը որպես պարտատեր, խնդրել է Ընկերության նկատմամբ իր պահանջները հաստատել և գրանցել հետևյալ հերթականությամբ` 8.433.638,72 ԱՄՆ դոլարը և 31.792.603 ՀՀ դրամը` որպես ապահովված պահանջ, 500.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախս և 471.578,95 ԱՄՆ դոլարը` որպես ապահովված պահանջ: «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերությունը` որպես պարտատեր, խնդրել է Ընկերության նկատմամբ իր 14.411.998,08 ԱՄՆ դոլարի պահանջը հաստատել և գրանցել որպես ապահովված պահանջ:

Ընկերության ներկայացուցիչը միջնորդել է վերը ներկայացված պահանջների մասով կասեցնել սույն սնանկության գործի վարույթը մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17, թիվ ԵԿԴ/1963/02/17 և թիվ ԵԿԴ/1982/02/17 քաղաքացիական գործերով վերջնական դատական ակտ կայացնելը:

Դատարանը, մասնակիորեն բավարարելով Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը և կասեցնելով թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը Բանկի պահանջների մասով, մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17 և թիվ ԵԿԴ/1963/02/17 քաղաքացիական գործերով վերջնական դատական ակտ կայացնելը, պատճառաբանել է, որ ըստ վերը նշված քաղաքացիական գործերով Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումների` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 17.10.2014 թվականի թիվ LGL 20141263 և 06.05.2016 թվականի թիվ LGL 20160166 վարկային ծառայության պայմանագրերը, որոնք ընկած են Բանկի պահանջի գրանցման հիմքում, որպիսի պայմաններում մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17 և թիվ ԵԿԴ/1963/02/17 քաղաքացիական գործերով դատական ակտ կայացնելը սույն սնանկության գործի շրջանակներում Բանկի պահանջների քննությունը դառնում է անհնարին: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարկային պայմանագրերն անվավեր ճանաչվելու դեպքում կարող են անվավեր ճանաչվել նաև դրանց ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերը, որպիսի պարագայում նման հիմնավորումներով պահանջ ներկայացրած պարտատիրոջ պահանջը կարող է դառնալ հիմնազուրկ և գրանցման ոչ ենթակա: Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն սնանկության գործի շրջանակներում Բանկի պահանջները չեն կարող դառնալ քննության առարկա, քանի դեռ մեկ այլ դատարանում առկա քաղաքացիական գործերով չի որոշվել այդ պահանջի հիմքում ընկած վարկային պայմանագրերի վավերության հարցը:

Վերաքննիչ դատարանը, Բանկի վերաքննիչ բողոքը բավարարելով և Բանկի պահանջների մասով վերացնելով դատական ակտը, արձանագրել է, որ Դատարանի 14.03.2017 թվականի վճռով (որով ընկերությունը ճանաչվել է սնանկ) հաստատված է համարվել այն հանգամանքը, որ 20.12.2016 թվականի դրությամբ Ընկերության ընդհանուր պարտքը Բանկի հանդեպ միայն թիվ LGL 20160165 վարկային պայմանագրի մասով կազմում է 7.545.966,99 ԱՄՆ դոլար, իսկ վճարային պարտավորության կետանցը կազմում է 60 օրից ավելի: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից ներկա պահին այլ դատարաններում վիճարկվող պայմանագրերից մեկը հանդիսանում է այն պայմանագիրը, որի հիմքում ընկած պարտավորությունն արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է Դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած` անձին սնանկ ճանաչելու մասին վճռով, որն այլ դատարանի կողմից վերանայման ենթակա չէ: Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ հարուցված քաղաքացիական գործերով առկա չէ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ իրավական հարցադրում, որը կարող էր անհնարին դարձնել դիմողի ներկայացված պահանջների քննարկման անհնարինությունը, հետևաբար սույն գործի քննությունը հնարավոր է առանց վերը նշված գործերով վերջնական դատական ակտ կայացնելը` հաշվի առնելով այն փաստը, որ Դատարանն արդեն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարել պարտապանի պարտքը դիմողի հանդեպ:

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ (տե՛ս, «Յունիբանկ»ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սնանկության վարույթը միմյանց հաջորդող առանձին փուլերից բաղկացած գործընթաց է, իսկ անձին սնանկ ճանաչելու վարույթն այդ փուլերից առաջինն է, որի շրջանակներում դատարանի կողմից ըստ էության ենթակա է պարզման անձին սնանկ ճանաչելու` օրենքով սահմանված հիմքերի առկայությունը: Ըստ այդմ էլ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փուլի շրջանակներում ապացուցման են ենթակա միայն անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը: Այսինքն` անձին սնանկ ճանաչելու վարույթի ընթացքում դատարանը չի պարզում անձի վճարային պարտավորության հիմքում ընկած պահանջների հիմնավորվածությունը և օրինականությունը:

i

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված իրավադրույթով, ըստ որի` հրավիրված դատական նիստի ընթացքում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանը պարզում է յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Այլ կերպ ասած` օրենսդիրը սնանկության վարույթի մեկ այլ փուլի` պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու գործընթացի համար սահմանել է այլ իրավակարգավորում, որն անկախ է անձին սնանկ ճանաչելու փուլից, այն է` դատարանը յուրաքանչյուր պահանջի օրինականության և հիմնավորվածության հիմքում ընկած հանգամանքները պարզում է անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռից անկախ` առանձին քննություն իրականացնելով յուրաքանչյուր պահանջի վերաբերյալ:

Այսպիսով, վերը նշվածի հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2017 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված` Ընկերության պարտավորության առկայությունը դիտել է որպես վերանայման ոչ ենթակա փաստական հանգամանք: Մինչդեռ ելնելով վերը նշված իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռով բացառապես գնահատվել են վճռի կայացման պահին անձին սնանկ ճանաչելու հիմքերը, և դրանց առկայությունը չի կարող կաշկանդել սնանկության հետագա ընթացքը` բացառելով պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջի օրինականության և հիմնավորվածության ստուգումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված պարտավորության անվիճելիությունը պարտատերերի կողմից ներկայացված պահանջների քննարկման և հաստատման փուլում չունի որևէ ապացուցողական նշանակություն այդ պահանջների օրինականության և հիմնավորվածության գնահատման տեսանկյունից, քանի որ ներկայացված պահանջների օրինականության և հիմնավորվածության ստուգումը սնանկության այլ փուլի խնդիրն է և ենթադրում է անձին սնանկ ճանաչելու վճռից անկախ ապացույցներով այդ հատկանիշների բացահայտում և հիմնավորում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Ընկերությունը թիվ ԵԿԴ/1950/02/17 և թիվ ԵԿԴ/1963/02/17 քաղաքացիական գործերով վիճարկում է 17.10.2014 թվականի թիվ LGL 20141263 և 06.05.2016 թվականի թիվ LGL 20160166 վարկային ծառայության պայմանագրերը, որոնք ընկած են սույն գործով Բանկի ներկայացրած պահանջների գրանցման հիմքում: Այսինքն` վկայակոչված գործերով հայցերի բավարարումը կամ մերժումն ուղղակիորեն անդրադառնալու է սույն սնանկության գործով ներկայացված պահանջների օրինականության, հիմնավորվածության, չափի և առաջնահերթության վրա: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործի շրջանակներում Բանկի պահանջները չեն կարող դառնալ քննության առարկա, քանի դեռ մեկ այլ դատարանում առկա քաղաքացիական գործերով չի որոշվել այդ պահանջների հիմքում ընկած վարկային պայմանագրերի վավերության հարցը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի պահանջի մասով թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը կասեցնելու մասով օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջների մասով կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 09.06.2017 թվականի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2018
N ԿԴ1/0261/04/16
Որոշում