i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ3/0355/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0355/02/17 2018 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Ս. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ` Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
Ս. Միքայելյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի հուլիսի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Քրիստինե Քամալյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի (այսուհետ` Համայնք)` աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Քրիստինե Քամալյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ կարգադրությունը, վերականգնել նախկին աշխատանքում և գումար բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 19.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան, Ա. Սմբատյան) 03.11.2017 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2017 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քրիստինե Քամալյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ և 210-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Քրիստինե Քամալյանին և Արմեն Ղազարյանին առաքված նամակների ծրարների վրա նշված են եղել ճիշտ հասցեներ, իսկ փոստային անդորրագրերի վրա կատարված նշումները «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցի կողմից կատարված վրիպակի արդյունք են, որպիսի փաստը հաստատվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանի 19.12.2017 թվականի ծառայողական նամակի բովանդակությամբ: Հետևաբար Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոստային առաքման անդորրագրերում համապատասխան հասցեների սխալ գրառումները տեղի են ունեցել վերաքննիչ բողոք ներկայացրած անձից անկախ հանգամանքներում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև ակնհայտ այն հանգամանքը, որ Երևան քաղաքը չի գտնվում Կոտայքի մարզում, հետևաբար փոստային անդորրագրերի վրա կատարված վրիպակներն աննշան են, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից սահմանափակվել է բողոք բերած անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի որոշման և վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերաքննիչ բողոքին կցված անդորրագրերում հայցվորի և նրա ներկայացուցչի հասցեները նշված են ոչ ճիշտ և ոչ ամբողջական, և խոսքը ոչ թե Երևան քաղաքը Կոտայքի մարզում չգտնվելու պարզունակ տրամաբանության, այլ ընդհանրապես նշված հասցեների ամբողջականության և լրիվության մասին է, ինչն էլ իրավացիորեն մատնանշել է Վերաքննիչ դատարանը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի խախտման և դրա հետևանքով նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: (...)
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու` վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ բողոքը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը նպատակ է հետապնդում վերջիններիս տեղեկացնել դատարանում իրենց իրավունքներին և շահերին առնչվող գործի առկայության մասին: ՈՒստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց և արդյոք ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալը.
ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:
Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի խախտում չեն կարող դիտվել այն դեպքերը, երբ բողոքն ուղարկվել է թեկուզև որևէ թերություններով նշված հասցեով, սակայն նշված հասցեն բավարար է եղել ծրարը հասցեատիրոջը հանձնելու և իր իրավունքներին և շահերին առնչվող դատական գործի առկայության մասին տեղեկացնելու պահանջը կատարելու համար:
Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերաքննիչ դատարանի կողմից ոչ էական, աննշան թերությունների առկայության պատճառով անձին դատական ակտի բողոքարկման հնարավորությունից զրկելը հանգեցնում է արդար դատաքննության և դրա բաղկացուցիչ տարրը կազմող դատական մատչելիության իրավունքի սահմանափակման` նկատի ունենալով, որ դրանով խախտվում է դատավարության կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն վերաքննիչ բողոքը չի պարունակել (հատոր 2-րդ, գ.թ. 43-44):
Համայնքը 28.11.2017 թվականին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 52-69): Վերաքննիչ բողոքին կցվել են «Հայաստան, Կոտայք, Երևան, 0000, Ազատության Պ. 2-րդ նրբ., Արմեն Ղազարյան» բովանդակությամբ թիվ RR250289577AM կոդով (առաքանի թիվ 3163) և «Հայաստան, Կոտայք, ԳՅ Քանաքեռավան, 0000, 10-րդ փ., Քրիստինե Քամալյան» բովանդակությամբ թիվ RR250289594AM կոդով (առաքանի թիվ 3162) փոստային անդորրագրեր (հատոր 2-րդ, գ.թ. 53-54): Ըստ հայցադիմումի` Քրիստինե Քամալյանի հասցեն է` «ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 10-րդ փողոց, 104 տուն», իսկ Արմեն Ղազարյանի հասցեն է` «ք. Երևան, Ազատության պողոտա, 2-րդ նրբանցք, 4-րդ շենք, 20-րդ բնակարան» (հատոր 1-ին, գ.թ. 2):
Վերաքննիչ դատարանի 04.12.2017 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք կրկին վերադարձվել է` այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերած անձը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կանոնի խախտում: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` հայցվորի և նրա ներկայացուցչի անունը պարունակող փոստային առաքման անդորրագրերին (համապատասխանաբար թիվ 3162 առաքանի, կոդը` RR250289594AM, և թիվ 3163 առաքանի, կոդը` RR250289577AM), ապա դրանցում նշված հասցեները (համապատասխանաբար «Կոտայք ԳՅ Քանաքեռավան, 10-րդ փ.» և «Կոտայք Երևան, Ազատության Պ 2-րդ նրբ.»), չեն համապատասխանում նրանց հասցեներին` ըստ գործի նյութերի (համապատասխանաբար «ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 10-րդ փողոց, թիվ 104 տուն» և «ք. Երևան, Ազատության պողոտա, թիվ 2 նրբանցք, թիվ 4 շենք, թիվ 20 բնակարան»), որպիսի պայմաններում այդ անդորրագրերը չեն կարող համարվել բողոքի օրինակը հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ» (հատոր 2-րդ, գ.թ. 70-71):
Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 19.12.2017 թվականի գրությունը, որի համաձայն` մասնավորապես` թիվ RR250289594AM պատվիրված նամակը` հասցեագրված Քրիստինե Քամալյանին` «ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 10-րդ փողոց, տուն 104» հասցեով, 01.12.2017 թվականին հանձնվել է հասցեատիրոջը: Թիվ RR250289577AM պատվիրված նամակը` հասցեագրված Արմեն Ղազարյանին` «ՀՀ, ք. Երևան, Ազատության պող., 2-րդ նրբ., շենք 4, բն. 20» հասցեով, Երևանի թիվ 0037 փոստային բաժանմունքում մուտքագրվել է 30.11.2017 թվականին, որից հետո փոստատարի կողմից կատարվել է հասցեով առաքում, սակայն գրանցվել է առաքանու հանձնման անհաջող փորձ` առաքանին չի հանձնվել հասցեատիրոջը, թողնվել է ծանուցագիր` թիվ 0037 փոստային բաժանմունքից ստանալու համար: Նշված պատվիրված առաքանին գտնվում է Երևանի թիվ 0037 փոստային բաժանմունքում` պատվիրված առաքանիների պահպանման ժամկետում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով` վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող այլ անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում հայցվորի և նրա ներկայացուցչի կողմից հայցադիմումում նշված հասցեն էր: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ հասցեով բողոքն այլ անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: ՈՒստի Համայնքը պարտավոր էր պատշաճ հասցեով բողոքն ուղարկել Քրիստինե Քամալյանին և նրա ներկայացուցչին:
Անդրադառնալով նշված պարտականությունը Համայնքի կողմից կատարված լինելուն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերից պարզ է դառնում, որ թեև հասցեատերերի հասցեները նշվել են թերություններով, սակայն թերություններն այնպիսին չեն, որ միանշանակ կերպով կասկածի տակ դնեին Համայնքի կողմից իր դատավարական պարտականությունը կատարված լինելու հանգամանքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկրորդ անգամ վերադարձնելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանն այնքան է սահմանափակել Համայնքի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս է հասցվել այդ իրավունքի բուն էությանը:
Այսպիսով, ոչ էական թերություններ պարունակող փոստային անդորրագրերը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձանց ուղարկած լինելը հավաստող ապացույց` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի և դրա արդյունքում նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել էր միայն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն վերաքննիչ բողոքը չի պարունակել:
Վերաքննիչ դատարանը 04.12.2017 թվականի որոշմամբ, կրկին ներկայացված վերաքննիչ բողոք վերադարձնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կանոնի խախտման հիմքով, այն է` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց, որևէ դատողություն չի ներկայացվել 03.11.2017 թվականի որոշմամբ արձանագրված թերությունը շտկված լինելու հարցի վերաբերյալ:
Նման պայմաններում անհրաժեշտ է գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության պարզելու համար` արդյոք շտկվել է պետական տուրքի մասով արձանագրված վերաքննիչ բողոքի թերությունը, և ըստ այդմ լուծել` վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան