Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 406-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԱՆԴ/0006/11/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0006/11/08

Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`             Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ` Հ. Ասատրյանի

                                               Ե. Դանիելյանի

                                               Ա. Պողոսյանի

                                               Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ`

                   դիմողներ`                   Ա. Մովսեսյանի

                                               Գ. Խաչատրյանի

 

2018 թվականի սեպտեմբերի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանի վճռաբեկ բողոքի և դիմողներ Ալբերտ Մովսեսյանի, Գայանե Խաչատրյանի ու նրանց ներկայացուցիչ Մելս Մանուկյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնում Կարինե Ալբերտի Մովսեսյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

2. Դիմողներ Ալբերտ Մովսեսյանը, Գայանե Խաչատրյանը և Սամվել Դանիելյանը քննիչի` 2008 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի մայիսի 26-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է:

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ Ա. Մովսեսյանի և Գ. Խաչատրյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Ա. Մովսեսյանի և Գ. Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` բողոքը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով բերված չլինելու պատճառաբանությամբ:

i

5. Ա. Մովսեսյանը 2009 թվականի ապրիլի 22-ին ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան): Ներկայացված գանգատի (գանգատ թիվ 27524/09) քննության արդյունքում Եվրոպական դատարանը 2017 թվականի նոյեմբերի 16-ին կայացրել է «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:

6. Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը, դիմողներ Ա. Մովսեսյանը, Գ. Խաչատրյանն ու նրանց ներկայացուցիչ Մ. Մանուկյանը:

2018 թվական հուլիսի 20-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Քննիչի` 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «2007թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 22-ի սահմաններում, 19.11.1985թ. ծնված Կարինե Ալբերտի Մովսեսյանը վատացել և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ 2007թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 7.20-ին մահացել է:

(...)

Համաձայն 23.04.2008թ. ստացված թիվ 6 եզրակացության` Կ. Մովսեսյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից` գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների խանգարման ֆոնի վրա, (...) նրա մոտ ի ծնե հիվանդության մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել, (...) առաջին բուժ. օգնություն ցուցաբերած անձնակազմի, հիվանդանոցում բժիշկների կողմից բուժ. օգնությունը, իրականացված բուժումը, ներարկումները կատարվել են պատշաճ, բավարար, առանց թերացումների և ճիշտ ու ժամանակին:

Այսպիսով, նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Կարինե Մովսեսյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից (...), ուստի քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման` հանցագործության դեպքի բացակայության հիմքով»1:

___________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-4:

 

8. 2008 թվականի ապրիլի 25-ին Նոր Նորքի քննչական բաժնի պետը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրոսյանին` հետևյալ բովանդակությամբ. «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բուժ. անձնակազմը բժիշկ Անժելա Գևորգովա, բուժքույր` Արմինե Ազիզյան և վարորդ` Մերուժան Հովակիմյան տեղ է հասել կանչից շուրջ 40 րոպե ուշացումով, տեղում բժշկուհի` Ա. Գևորգովան հանձնարարել է ներարկել բուժքրոջը Ռելանիում և Մագնեզիում տեսակի դեղամիջոցները, սակայն կանչի թերթիկի մեջ նշել է միայն Ռելանիում տեսակի դեղամիջոցը, բացի այդ, տեղում որոշելով տեղափոխել հիվանդին հիվանդանոց` պրոցեսը կատարվել է շատ դանդաղ, անկազմակերպ և վարորդն իր պարտականությունները (հիվանդին իջեցնելու, մեքենայում տեղավորելու կապակցությամբ) չի կատարել պատշաճ ձևով, որից հետո բժիշկ Ա. Գևորգովան հիվանդի կողքին նստելու փոխարեն նստել է մեքենայի առջևի նստատեղին` անմիջական հսկողությունից դուրս թողնելով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին (...):

(...) Հիմնավորված եմ համարում այն հանգամանքը, որ առաջին բուժօգնության մեկնած հիշյալ անձնակազմը ցուցաբերել է ոչ պատշաճ բուժ. օգնություն, թույլ է տվել թերացումներ և բժշկին ոչ վայել դրսևորումներ` արհամարհելով, վիրավորելով հիվանդի ծնողներին, հիվանդին թողնելով ոչ անմիջական հսկողության տակ և հասել են դեպքի վայր խիստ ուշացումով (...)»2:

___________________

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-11:

 

Ի պատասխան Նոր Նորքի քննչական բաժնի պետ Հ. Բաղդասարյանի գրության` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրոսյանը գրությամբ հայտնել է. «Ի պատասխան Ձեր (...) միջնորդագրի հայտնում ենք, որ (...) տեղի է ունեցել բուժ. խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է միջնորդագրում նշված կանչի մանրամասները, աշխատակիցների կողմից ներկայացվել են բացատրագրեր, որի արդյունքում (...) բժշկուհի Անժելա Գևորգովան պետական և աշխատանքային կանոնակարգի կոպիտ խախտման համար ստացել է գրավոր նկատողություն»3:

___________________

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 51:

 

9. Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի մայիսի 26-ի որոշման համաձայն` «Ընդհանուր իրավասության դատարանը, հետազոտելով Կարինե Մովսեսյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերը, համադրելով դրանք իրենց համակցության մեջ, տալով դրանց քրեաիրավական գնահատականը, հանգեց հետևության, որ քննիչի կողմից ձեռնարկվել են նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, սակայն կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել հանցագործության դեպքի առկայությունը, ինչը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` քրեական գործի վարույթը բացառող հանգամանք է դիտվում»4:

___________________

4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 65:

 

10. Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման համաձայն` «(...) Ընդհանուր իրավասության դատարանը, պահպանելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել»5:

___________________

5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 156:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

11. Բողոքների հեղինակները փաստել են, որ Եվրոպական դատարանի` «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը նոր հանգամանք է դատական ակտը վերանայելու համար: Մասնավորապես, դիմողներ Ա. Մովսեսյանը, Գ. Խաչատրյանն ու նրանց ներկայացուցիչ Մ. Մանուկյանը վճռաբեկ բողոքում խնդրել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 4-ի դատական ակտը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոքում նշել է, որ Եվրոպական դատարանը կյանքի հիմնարար իրավունքի խախտում է արձանագրել` նկատի ունենալով, որ Կ. Մովսեսյանի մահվան դեպքի առթիվ պաշտոնական քննությունը սահմանափակվել է նյութերի նախապատրաստմամբ, որի շրջանակներում տուժողի հայրը` Եվրոպական դատարանում դիմումատու` Ա. Մովսեսյանը, չի ունեցել համապատասխան դատավարական կարգավիճակ և իր փաստարկները, հիմնավորումներն ու նյութերը ներկայացնելու և դրանց պատշաճ քննարկումն ապահովելու հնարավորություն: Արձանագրված խախտումը բնույթով այնպիսին է, որ այն հնարավոր է վերացնել Կ. Մովսեսյանի մահվան դեպքի հանգամանքների` պատշաճ իրավական ընթացակարգով` վարույթում համապատասխան շահեր իրացնող անձանց դատավարական կարգավիճակն ու դրանից բխող դատավարական հնարավորությունները երաշխավորող պաշտոնական վարույթի շրջանակներում հետազոտությամբ:

Արդյունքում բողոքաբերը խնդրել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի մայիսի 26-ի և Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումներն ու գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում արձանագրելու փաստն արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

(...)

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն6 օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

___________________

i

6 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-935 որոշումը:

 

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ) համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(...)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրա ուժի մեջ մտնելու պահից:

(...)»:

i

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09 որոշումները):

14. Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատու Ալբերտ Մովսեսյանի դստեր նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորության խախտում:

Մասնավորապես` Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(...) 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությամբ պետությունից պահանջվում է ստեղծել այնպիսի արդյունավետ անկախ դատական համակարգ, որ բացահայտվի բուժաշխատողների խնամքի տակ եղած հիվանդների մահվան պատճառը` թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածում, և դրա համար պատասխանատու անձինք ենթարկվեն պատասխանատվության (...): Նշված ընթացակարգային պարտավորությունը վերաբերում է ոչ թե արդյունքին, այլ միայն միջոցներին (...):

(...) Դատարանը մի շարք առիթներով նշել է, որ 2-րդ հոդվածով պահանջվող արդյունավետ դատական համակարգը կարող է ներառել, իսկ որոշ հանգամանքներում պետք է ներառի քրեական իրավունքի օգնությանը դիմելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, եթե կյանքի իրավունքի կամ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը չի կատարվել դիտավորությամբ, ապա 2-րդ հոդվածով սահմանված` արդյունավետ դատական համակարգ ստեղծելու պոզիտիվ պարտավորությունը պարտադիր ձևով չի ենթադրում յուրաքանչյուր գործի դեպքում քրեական իրավունքում առկա իրավական պաշտպանության միջոցի տրամադրում: Բժշկական անփութության կոնկրետ դեպքերում այդ պարտականությունը կարող է կատարվել, օրինակ, եթե դատական համակարգով տուժողներին հնարավորություն է տրվում օգտվելու քաղաքացիական գործերով դատարաններում առկա իրավական պաշտպանության միջոցից` ինքնուրույն կամ քրեական գործերով դատարաններում առկա իրավական պաշտպանության միջոցի հետ համատեղ` տվյալ բժիշկների մասով պատասխանատվություն սահմանելու և քաղաքացիական գործով ցանկացած պատշաճ փոխհատուցում ստանալու հնարավորություն տալով, ինչպես օրինակ` վնասների վերաբերյալ հանձնարարությունը կամ որոշման հրապարակումը: Կարող են կիրառվել նաև կարգապահական միջոցներ (...)»7:

___________________

7) Տե՛ս Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 61-62-րդ կետերը:

 

Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(...) 2007 թվականի սեպտեմբերի 7-ի երեկոյան դիմումատուի դուստրը` Կ. Մ.-ն, որը մոտավորապես հինգ շաբաթական հղի է եղել, իրեն վատ է զգացել և սկսել է ցնցվել: Կանչվել է շտապօգնություն. նրան ախտորոշել են ցնցումային համախտանիշ, կատարել են երկու ներարկում և տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 2007 թվականի սեպտեմբերի 14-ին նա մահացել է: Նա այլևս գիտակցության չի եկել: Դիմումատուն չի պնդել կամ ենթադրել, որ իր դուստրը հիվանդանոց տեղափոխվելուց հետո չի ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Այնուամենայնիվ, նա պնդել է, որ շտապօգնության բժիշկը, բուժքույրը իր դստերն առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել և, ավելին, ներարկել են այնպիսի նյութեր, որոնք հակացուցված են եղել` հաշվի առնելով նրա հղիությունը, շնչառական խնդիրները և արյան ցածր ճնշումը:

(...)

(...) Դիմումատուի դստեր մահվանը հանգեցնող իրադարձությունները և ներգրավված բուժանձնակազմի ենթադրյալ պատասխանատվությունը հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրվեն այդ իրադարձությունները պարզաբանելու համար նախատեսված մեխանիզմների համապատասխանության տեսանկյունից` հնարավորություն տալով, որպեսզի գործի փաստերը ենթարկվեն հանրային վերահսկողության, մասնավորապես, ի շահ դիմումատուի (...): Հետևաբար, Դատարանը պետք է ուսումնասիրի, թե արդյոք կարող է, համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, առաջանալ պետության պատասխանատվության հարցը` դատական համակարգի` դիմումատուի դստեր մահվանը հանգեցրած անփութության համար պատասխանատվություն սահմանելու ենթադրյալ անկարողության հետ կապված: Այն պետք է ուսումնասիրի, թե արդյոք կարելի է ասել, որ իրավական պաշտպանության հասանելի միջոցները միասին վերցված ապահովել են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժողին համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար բավարար փաստերը հաստատող իրավական միջոցների առկայությունը»8:

___________________

8 Տե՛ս Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 63-րդ և 65-րդ կետերը:

 

14.1. Անդրադառնալով քննվող գործի հանգամանքներին` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(...) Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուի դստեր մահվան առնչությամբ, որպես այդպիսին, որևէ քրեական վարույթ չի հարուցվել, սակայն Կ. Մ.-ի մահվան օրը Վարչական շրջանի դատախազությունը նրա մահվան առնչությամբ հետաքննություն է սկսել, որի ընթացքում նշանակվել է դիահերձում, ինչպես նաև հարցաքննվել է Կ. Մ.-ի բուժման գործընթացին ներգրավված բուժանձնակազմը: Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ պաշտոնապես հարուցված քրեական վարույթի բացակայության պայմաններում, հարցաքննված անձանց, այդ թվում` շտապօգնության բժշկին և բուժքրոջը պարզապես խնդրել են իրադարձությունների վերաբերյալ բացատրություն տալ: Ավելին, չնայած շտապօգնության բժշկի և բուժքրոջ կողմից տրված` իրադարձությունների վերաբերյալ բացատրությունները` ներարկված դեղամիջոցների տեսակի և քանակի մասով, հակասել են միմյանց, քննիչը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել նրանց սկզբնական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները պարզաբանելու համար (...): Դատարանն այնուհետև նկատում է, որ քննության ընթացքում հարցաքննված բուժաշխատողներից ոչ մեկը հետագայում չի կանչվել դատարանում երդմամբ ցուցմունք տալու համար` չնայած դիմումատուն այդպիսի հատուկ պահանջ էր ներկայացրել, ինչը կարող էր հնարավորություն տալ ստուգելու նրանց ցուցմունքների արժանահավատությունը: Հարկ է նշել, որ թե՛ քննություն իրականացնող մարմինները և թե՛ դատարաններն իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են բուժանձնակազմի անդամների վերոնշյալ ցուցմունքների վրա (...):

(...) Դատարանը նաև նշում է, որ քննություն իրականացնող մարմինը հետաքննության ժամանակ չի ապահովել դիմումատուի անմիջական մասնակցությունը: Քանի որ չի հարուցվել քրեական վարույթ, դիմումատուն վարույթում չի ունեցել տուժողի պաշտոնական կարգավիճակ, որը նրան թույլ կտար օգտվելու այդ կարգավիճակին հատուկ իրավունքներից, ինչպես օրինակ` գործի նյութերում ներառելու համար փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնելը կամ փորձագետներին հարցեր ուղղելը: Փաստացի, դիմումատուն քննությունն իրականացնող մարմին մի քանի անգամ ներկայացրել է համապատասխան բժշկական ցուցումների պատճեններն ու բժշկական գրականությունից քաղվածքներ և հետագայում դատարանում հղում է կատարել դրանց, սակայն նրա փաստարկներն այդպես էլ չեն ուսումնասիրվել: Ավելին, չնայած այն փաստին, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությանը դիմումատուի մասնակցությունն ի վերջո թույլատրվել է Վարչական շրջանի դատախազի 2008 թվականի մարտի 3-ի որոշմամբ, պարզվում է, որ նրա մասնակցությունը զուտ ձևական բնույթ է կրել, քանի որ համապատասխան փաստաթղթային ապացույցներով հիմնավորված նրա փաստարկները չեն ուսումնասիրվել փորձագետների հանձնաժողովի կողմից` իր եզրահանգումներն անելու ժամանակ (...): Հետևաբար, չի կարելի համարել, որ դիմումատուն` հաշվի առնելով նրա անմիջական հետաքրքրվածությունը և անձնական մտահոգությունը հետաքննության առարկայի նկատմամբ, գործընթացին ներգրավված է եղել այնքանով, որքանով անհրաժեշտ է եղել նրա շահերը պաշտպանելու համար:

(...) Ո՛չ դիահերձմամբ և ո՛չ էլ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ վերջնականապես չի պարզվել դիմումատուի դստեր մահվան պատճառը: Այսպիսով, համաձայն դիահերձման արձանագրության, նա մահացել է օրգանիզմի ընդհանուր թունավորումից, որն առաջացել է նյարդային անոթների տարածուն և ցրված թրոմբոզի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման հետևանքով: Նշանակվել է երկու լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն. մեկը նախաքննության ընթացքում, որի արդյունքում կայացվել է թիվ 89 դատաբժշկական եզրակացությունը, և մյուսը` դատախազի 2008 թվականի մարտի 3-ի որոշման համաձայն իրականացված լրացուցիչ քննության ընթացքում, որի արդյունքում կայացվել է թիվ 6 դատաբժշկական եզրակացությունը: Չնայած պատասխանող Կառավարությունը Դատարանին չի տրամադրել թիվ 89 դատաբժշկական եզրակացության ամբողջական և ճշգրիտ օրինակը, ըստ հասանելի նյութերի` այս եզրակացության մեջ նշվել է, որ Կ. Մ.-ին ցուցաբերված բժշկական օգնությունը եղել է ճիշտ և ախտանիշների վրա հիմնված: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք այս դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է օրգանիզմի ընդհանուր թունավորման պատճառը, որն առաջացել է նյարդային անոթների տարածուն և ցրված թրոմբոզի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման հետևանքով, որը ենթադրաբար Կ. Մ.-ի մահվան պատճառն է եղել: Ավելին, թիվ 6 դատաբժշկական եզրակացությամբ նույնպես հստակ չի պարզվել, թե կոնկրետ ինչի հետևանքով է առաջացել Կ. Մ.-ի նյարդային անոթների թրոմբոզը, որը հանգեցրել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել օրգանիզմի ընդհանուր թունավորումը: Միևնույն ժամանակ, այս եզրակացության մեջ նշվել է, որ պարզ չէ, թե արդյոք Կ. Մ.-ն ծնված օրվանից տառապել է այնպիսի հիվանդությամբ, որը հավանաբար կարող էր կապ ունենալ նրա մահվան հետ, և որ համապատասխան բժշկական փաստաթղթերի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք նա ունեցել է որևէ ֆունկցիոնալ խանգարում, որը կարող էր առաջացնել ցնցումային համախտանիշը (...): Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ քննություն իրականացնող մարմինը և դատարանները որևէ փորձ չեն արել հանգուցյալի` նրա մահվանը հանգեցրած կրիտիկական վիճակի պատճառները պարզելու համար և, առանց լրացուցիչ պարզաբանման, բավարար են համարել դատաբժշկական փորձագետների եզրահանգումներին հղում կատարելը, որոնցով, ինչպես արդեն նշվել է, պարզապես հաստատվել է մահվան` դիահերձմամբ որոշված հնարավոր պատճառը, սակայն չի տրվել որևէ բացատրություն, թե նախ և առաջ այդ վիճակն ինչի հետևանքով կարող էր առաջանալ: Այնուհետև Դատարանը նկատում է, որ դիմումատուն և հանգուցյալի մյուս բարեկամները ո՛չ հետաքննության և ո՛չ էլ դատական վարույթի ընթացքում չեն հարցաքննվել` պարզելու համար, թե արդյոք նախկինում նա ունեցել է որևէ այնպիսի խանգարում, որը կարող էր հանգեցնել նյարդային անոթների տարածուն և ցրված թրոմբոզի: Այդպիսի հանգամանքներում Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն գործել բավարար ջանասիրությամբ և խնամքով, որպեսզի պարզեն դիմումատուի դստեր մահվան պատճառը:

(...) Հետաքննությամբ պարզվել է, որ շտապօգնության բրիգադը դիմումատուի դստերը պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել: Հետևաբար, զարմանալի է այն փաստը, թե ինչու դրա մասին ընդհանրապես չի նշվել կամ այն հաշվի չի առնվել քրեական վարույթ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշման մեջ: Ավելին, այս որոշման մեջ, որը հետագայում հաստատվել է դատարանների կողմից, նշվել է, որ Կ. Մ.-ին առաջին բժշկական օգնությունը տրամադրվել է պատշաճ ձևով, մինչդեռ, միևնույն ժամանակ, բժիշկն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար քննիչի պահանջով ստացել է նկատողություն: Այդպիսի հանգամանքներում պարզ է դառնում, որ քննություն իրականացնող մարմինը դիմումատուի դստերը ցուցաբերված բժշկական օգնության պատշաճ լինելու վերաբերյալ հանգել է ոչ ճիշտ եզրահանգումների, և որ դատարանները պարզապես հաստատել են այդ եզրահանգումները` առանց լրացուցիչ ուսումնասիրելու, թե արդյոք շտապօգնության բրիգադի` իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելը հանգուցյալի վիճակի վրա որևէ որոշիչ բացասական ազդեցություն է ունեցել (...):

(...):

Դատարանը նկատում է, որ տվյալ ժամանակահատվածում դիմումատուն հնարավորություն չի ունեցել պետության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու` իր դստեր մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, քանի որ նյութական վնասը չի համարվել վնասի այնպիսի տեսակ, որի դիմաց կարող էր հատուցում պահանջվել քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում` մինչև Քաղաքացիական օրենսգրքում 2014 թվականին կատարված փոփոխությունները: Ինչ վերաբերում է նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորությանը, ապա Կառավարությունը պնդել է, որ այդ հնարավորությունը կախված է քրեական գործով վարույթի արդյունքից (...):

(...) Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթները համարվող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում պարունակող գործերում խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցումը պետք է, մասնավորապես, հասանելի լինի` որպես փոխհատուցման շրջանակի մի մաս (...):

(...) Այն հանգամանքներում, երբ դիմումատուն ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու որևէ հնարավորություն չի ունեցել, մինչդեռ նյութական վնասի դիմաց հատուցում ստանալու հնարավորությունը, ինչպես պնդել է Կառավարությունը, կախված է եղել քրեական վարույթի արդյունքներից (...), Դատարանը համարում է, որ պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցներով հնարավոր չէր լինի հասնել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արդյունքին, այն է` պարզել դիմումատուի դստեր մահվան հետ կապված հանգամանքները և պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության:

(...) Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորության խախտում»9:

___________________

9 Տե՛ս Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 66-75-րդ կետերը:

 

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյո՞ք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

17. Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում իր կողմից արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»-ն ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա10: Ընդ որում, այդ առումով հատկանշական է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի` «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» հանձնարարականը, որտեղ նշվում է, որ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է` նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ»11:

___________________

i

10 Տե՛ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը:

i

11 Տե՛ս Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշման 26-րդ կետը:

 

18. Հաշվի առնելով Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 13-14.1-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման բնույթը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման վերանայման արդյունքում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մայիսի 26-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դիմողներ Ալբերտ Մովսեսյանի և Գայանե Խաչատրյանի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը վերանայել:

2. Դիմողներ Ալբերտ Մովսեսյանի, Գայանե Խաչատրյանի և Սամվել Դանիելյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի մայիսի 26-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.09.2018
N ԵԱՆԴ/0006/11/08
Որոշում