Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 հունիսի 2014 թվականի N 732-Ա/Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7.2.1-ին ենթաբաժինը, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետը և ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 27 արձանագրային որոշմամբ հաստատված «Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրի» ժամանակացույցի 1.2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    կրթության և  գիտության նախարար         Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2014 թվականի հուլիսի 10-ի

N 732-Ա/Ք հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի կարգը (այսուհետ` կարգ) կարգավորում է նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում ներառված են նաև կրեդիտային համակարգում գործածվող առանձին հասկացություններ, նկարագրված են համակարգի բնութագրիչները, բնորոշ գործառույթները և ընթացակարգերը:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները.

1) Կարողություն` գիտելիքի, ընկալման, ունակությունների և հմտությունների դինամիկ համակցություն է, որի ձևավորումը կրթական ծրագրի հիմնական նպատակն է:

2) Ուսումնառության արդյունքները նկարագրում են, թե ինչ պետք է գիտենա, հասկանա և կարողանա անել ուսանողն ուսումնառության գործընթացը կամ մեկ առանձին մոդուլը ավարտելիս, որոնք էլ սահմանվում են հետևյալ եզրույթներով` գիտելիք, հմտություններ և կարողություններ: Ուսումնառության արդյունքը և կրեդիտի գնահատման չափանիշը միասին սահմանում են կրեդիտի շնորհման պահանջները:

3) Ուսումնառության արդյունքների մոդուլ` որակավորման բաղադրիչի մաս, որը բաղկացած է գիտելիքի, հմտությունների ու կարողությունների կապակցված շարքից և կարող է գնահատվել ու վավերացվել,

4) Ուսումնառության արդյունքների կրեդիտ` անհատի ուսումնառության արդյունքների շարք, որոնք գնահատվել են և կարող են կուտակվել զուգահեռ կամ տեղափոխվել ուսումնառության այլ ծրագրեր,

5) Ուսումնառության արդյունքների գնահատում` մեթոդներ և գործընթացներ, որոնք կիրառվում են հաստատելու, թե իրականում ուսումնառուն ինչ չափով Է ձեռք բերել որոշակի գիտելիք, հմտություններ և կարողություններ:

6) Ուսումնառության արդյունքների վավերացում` գործընթաց, որը հաստատում է այն մասին, որ ուսումնառուի կողմից նախկինում ձեռք բերված ուսումնառության գնահատված արդյունքները համապատասխանում են տվյալ մոդուլի կամ որակավորման համար պահանջվող որոշակի արդյունքներին,

7) Ուսումնառության արդյունքների ճանաչում` մոդուլների կամ որակավորումների շնորհման միջոցով ուսումնառության ձեռք բերված արդյունքների պաշտոնապես հաստատման գործընթաց,

8) Որակավորում` գնահատման և վավերացման գործընթացի ֆորմալ արդյունք, որը ձեռք է բերվում, երբ իրավասու հաստատությունը վճռում է, որ անհատը ձեռք է բերել տվյալ չափորոշիչներին համապատասխան ուսումնառության արդյունքներ,

9) Կրեդիտը` դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բելելու համար ուսանողից պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածքի չափման պայմանական միավոր է, որը տրվում է ուսանողին նախանշված կրթական արդյունքների դրական գնահատումից հետո:

10) Կրեդիտի կարևորագույն հատկանիշները.

ա) կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածքը ներառում է ուսանողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական աշխատանքները, այդ թվում` մասնակցությունը դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքների կատարումը, քննություններին նախապատրաստվելը և դրանք հանձնելը, անհատական հետազոտությունը և այլն,

բ) կրեդիտը չափում է ուսանողի միայն ուսումնական բեռնվածքը և չի գնահատում դասընթացի կամ կրթական մոդուլի բարդության աստիճանը, կարևորությունը և մակարդակը կրթական ծրագրում կամ ուսանողի կողմից դրա յուրացման որակը (գնահատականը),

գ) կրեդիտը ուսանողին տրվում է միայն կրթական մոդուլով նախանշված ելքային կրթական արդյունքի գնահատման շեմային չափանիշները բավարարելուց հետո: Ուսանողը վաստակում է կրթական մոդուլին հատկացված կրեդիտների լրիվ քանակը` քննական արդյունքների (գնահատականների կամ գնահատման միավորների) հետ միասին,

դ) կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը,

ե) կրեդիտը չի փոխարինում ուսանողի` թվանշաններով գնահատմանը, իսկ ուսանողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած թվանշաններով (գնահատման միավորներով),

զ) կրեդիտը չի արտահայտում ուսանողի ստացած գիտելիքի որակը. որակը չափվում է գնահատականներով:

11) Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ակադեմիական կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է, որտեղ համապատասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և քանակի ձեռքբերումից հետո:

12) Կրեդիտների փոխանցման և կուտակման ECVET համակարգը միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում կազմում է 60 ECVET կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական մասնագիտական կրթական տարածքում ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների չափման, պաշտոնական ճանաչման և ուսումնական հաստատությունների միջև փոխանցումը դյուրացնելու համար:

13) Կրեդիտային համակարգի կարևորագույն հատկանիշները.

ա) կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ուսանողը պետք է վաստակի կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը,

բ) կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի` գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մոդուլներին, պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքներին և այլն:

14) Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները.

ա) ուսուցման կրեդիտային համակարգին անցնող նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է իրականացնեն համապատասխան ծրագրային և կազմակերպական վերափոխումներ,

բ) կրեդիտների կուտակում, ինչը ուսանողին տալիս է դասախոսի, դասընթացների և դրանց յուրացման կիսամյակների ընտրության հնարավորություն և ենթադրում է կրթական կրեդիտների աստիճանական կուտակման գործընթացի առկայություն,

գ) կրեդիտների փոխանցում, ինչը ենթադրում է ուսումնական ծրագրի բոլոր բաղկացուցիչների աշխատածավալների կրեդիտների օգնությամբ արժևորում և տարբեր ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի միջև այդ կրեդիտների փոխանցման հնարավորություն ուսումնառության արդյունքների համապատասխանության դեպքում:

15) Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի հատկանիշները.

ա) կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ուսանողը պետք է վաստակի ուսումնական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը,

բ) կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի` գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչներին. դասընթացներին, կրթական մոդուլներին, պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքներին և այլն:

գ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և/կամ կրթական ծրագրերում ստացված կրեդիտները փոխանցելի են բարձրագույն ուսումնական հաստատություններ, եթե դրանց կրթական վերջնարդյունքները համադրելի են,

դ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում ստացված կրեդիտները փոխանցելի են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի միջև, եթե դրանց ուսումնառության (կրթական) արդյունքները համարժեք են,

16) Կրեդիտների կուտակման գործառույթի հիմնական հատկանիշները.

ա) ուսումնական ծրագիրը բաղկացած է ինչպես պարտադիր, այնպես էլ ընտրովի դասընթացներից, որոնց յուրացման հաջորդականությունը սահմանափակվում է միայն դասընթացների նախապայմաններով,

բ) ուսանողների կողմից դասընթացների ընտրության և դրանցում ընդգրկվելու համար գրանցման ընթացակարգերի առկայություն,

գ) դասընթացի համար մեկից ավելի ուսումնական հոսքերի առկայության դեպքում ուսանողի կողմից դրանց ընտրության հնարավորություն` կախված դասընթացի իրականացման ժամանակացույցից և դասախոսի նախապատվությունից:

17) Կրեդիտների փոխանցման գործառույթի հիմնական հատկանիշները.

ա) մոդուլացված ուսումնական ծրագրեր, որոնց բոլոր բաղադրամասերի (դասընթացներ, կրթական մոդուլներ, կուրսային և ավարտական աշխատանքներ, պրակտիկաներ և այլն) աշխատածավալներն արտահայտված են ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունն (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք) արտահայտող կրեդիտներով,

բ) կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և որոշակի թվով կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն նույն հաստատության ներսում, տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև` ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան:

գ) կրեդիտների փոխանցման գործառույթը պահանջում է միայն ծրագրային վերափոխումներ, իսկ կրեդիտների կուտակման գործառույթը` նաև ուսումնառության կազմակերպման գործընթացի համապատասխան վերակառուցում` պահանջվող ընթացակարգերի ապահովման նպատակով:

 

2. ՄԿՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱԾԱՎԱԼԸ

 

4. ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը կազմում է 60 կրեդիտ, որն էլ համարժեք է տարեկան 1800 ակադեմիական ժամ բեռնվածությանը` ներառյալ ուսումնառողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն բեռնվածությունը:

5. Մեկ կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ակադեմիական ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային, ինքնուրույն և պրակտիկա) ուսումնական բեռնվածությանը:

6. Ուսումնական տարվա տևողությունը 52 շաբաթ է: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակներով` աշնանային և գարնանային:

7. Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն, իսկ մեկ ուսումնական տարում` 60 կրեդիտ:

8. Որոշ դեպքերում, ուսման բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողը սահմանված կարգով կարող է ստանձնել լրացուցիչ ուսումնական բեռնվածություն:

9. Ուսումնական ծրագրում (պլանում) և դասընթացների նկարագրերում (առարկայական ծրագրերում) դասընթացին հատկացված կրեդիտների հետ մեկտեղ նշվում է նաև շաբաթական լսարանային ժամաքանակն ըստ պարապմունքի ձևերի (դասախոսություններ, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ և այլն):

 

3. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

10. Կրթական ծրագրի առանձին մոդուլներին կրեդիտների հատկացումը ելնում է մոդուլով սահմանված կրթական արդյունքին հասնելու համար ուսանողից պահանջվող միջին աշխատաժամանակի (լրիվ ուսումնական բեռնվածության) իրատեսական կանխատեսումից:

11. Դասընթացը մշակող ուսումնական ստորաբաժանումը այնպես է պլանավորում ուսանողի ուսումնական աշխատանքը, որ դրա կատարման համար պահանջվող ժամաքանակը համապատասխանի դասընթացին հատկացված կրեդիտների ժամային համարժեքին:

12. Ուսումնական ծրագրում (պլանում) ներառված դասընթացները կամ կրթական մոդուլները ներկայացվում են հատկացված կրեդիտների հետ միասին:

13. Դասընթացները (կրթական մոդուլները) ըստ յուրացման բնույթի բաժանվում են 2 հիմնական խմբի`

ա) պարտադիր դասընթացներ, որոնց յուրացումն ամրագրված է որոշակի կիսամյակներում,

բ) կամ ընտրական դասընթացներ, որոնք առաջարկվող ցանկից ընտրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման կիսամյակը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ:

14. Կրթական մոդուլին հատկացվող կրեդիտները պետք է ունենան ամբողջական արժեքներ` ուսումնական ծրագրի մանրատվածության վտանգից խուսափելու և դասընթացների ընտրությունը (այդ թվում նաև այլ կրթական ծրագրերից) դյուրացնելու նպատակով:

 

4. ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

15. Ուսանողի կողմից ծրագրի ընդհանուր կրթական արդյունքներին համապատասխան կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտական աշխատանքի իրականացմամբ կամ ծրագրի ավարտից հետո կազմակերպվող ավարտական (պետական) քննությամբ, որը չի կրկնում կիսամյակային քննություններով հաստատված կրթական արդյունքների գնահատումները:

16. Ուսանողների վերջնարդյունքների գնահատման համակարգը պետք է ունենա գնահատման և նշագրման հստակ և հրապարակված չափանիշներ:

17. Օգտագործվող գնահատման սանդղակը պետք է հնարավորություն տա առանց դժվարության հաշվարկելու կիսամյակի և ուսումնառության ողջ շրջանի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորները` միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող ուսանողների առաջադիմությունները համեմատելու համար:

18. Օգտագործվող գնահատման սանդղակը պետք է հնարավորություն տա հաշվարկելու ուսանողի միջին որակական գնահատականը կիսամյակի և ուսումնառության ցանկացած ժամանակահատվածի համար` ուսանողի բացարձակ առաջադիմության չափման համար:

19. Գնահատումները կարող են կատարվել ինչպես թվային կամ տառային նշագրումով տարբերակված գնահատականներով, այնպես էլ «ստուգված» և/կամ «չստուգված» սկզբունքով:

20. Գնահատման եղանակից և գնահատականների նշագրման ձևից (ստուգարք կամ տարբերակված գնահատում) անկախ բոլոր տեսակի գնահատումներն իրականացվում են ուսումնական պարապմունքների ավարտից հետո` առանձին քննաշրջաններում կազմակերպվող քննությունների օգնությամբ:

21. Գիտելիքների գնահատումը (ստուգումը) ներառում է հետևյալ բաղադրիչները.

1) դասընթացին ուսանողի մասնակցության գնահատում` դասահաճախումների հաշվառման օգնությամբ,

2) դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների և ծրագրով նախատեսված անհատական առաջադրանքների կատարման և յուրացման ընթացիկ ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ընթացիկ քննություններ և ստուգումներ),

3) ամբողջ դասընթացի կամ ուսումնական մոդուլի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, ինչը ենթադրում է դասընթացի կամ կրթական մոդուլի համար սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում,

4) ստուգման արդյունքների ինտեգրում` դասընթացին ուսանողի մասնակցության աստիճանի, ընթացիկ և եզրափակիչ գնահատումների հիման վրա դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականի ձևավորում:

22. Ելնելով մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ` դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 2 խմբի`

1) եզրափակիչ գնահատումով դասընթացներ,

2) առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ:

23. Ընթացիկ և եզրափակիչ քննությունների/ստուգումների ենթակա ուսումնական նյութի բովանդակությունը, քննությունների ձևերը, հարցաշարերը և ժամանակացույցը, ինչպես նաև գնահատման մեթոդներն ու չափանիշները տրամադրվում են ուսանողներին նախապես (կիսամյակի առաջին 2 շաբաթվա ընթացքում):

24. Ընթացիկ և եզրափակիչ քննությունների ժամանակացույցները կազմում են ամբիոնները և ուսումնական աշխատանքների գծով պատասխանատուի ներկայացմամբ հաստատվում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

 

5. ՈՒՍԱՆՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

25. Ակադեմիական տեղեկագիրն օգտագործվում է ուսանողի ուսումնական գործունեությունը և առաջադիմությունն ուսման որոշակի կամ ողջ շրջանի ընթացքում վավերագրելու համար` ուսումնասիրած դասընթացների և կրթական մոդուլների, շնորհված կրեդիտների և ստացած գնահատականների գրանցման միջոցով: Այն արտացոլում է ուսանողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը:

26. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության համապատասխան ուսումնական ստորաբաժանումը յուրաքանչյուր ուսանողի համար նրա ընդունման պահից սկսած վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են ուսանողի վաստակած կրեդիտները և գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների:

27. Ուսանողի ստացած կրեդիտը ներառվում է նրա ակադեմիական տեղեկագրում և ուժի մեջ է նրա ուսումնառության ողջ շրջանում` անկախ ուսումնական ծրագրի հետագա հնարավոր փոփոխություններից:

28. Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակահատվածը ուսանողի առաջադիմությունը ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները`

ա) գումարային կրեդիտների քանակը,

բ) գնահատված կրեդիտների քանակը,

գ) վարկանիշային միավորները,

դ) միջին որակական գնահատականը:

29. Գումարային կրեդիտը կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի վաստակած կրեդիտների գումարն է:

30. Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված գնահատականներով:

31. Վարկանիշային միավորը բոլոր գնահատված կրեդիտների և դրանց համապատասխանող գնահատականների արտադրյալների գումարն է:

32. Միջին որակական գնահատականը գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ):

33. Տարբերակում են կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և ամփոփիչ (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկանիշային միավորներ և միջին որակական գնահատականներ:

34. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը պարտավոր է ուսանողի հիմնավորված պահանջի դեպքում տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը ավարտված ուսումնառության կամ ուսումնական ծրագրի չավարտված մասի համար:

 

6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

35. Մասնագիտության ուսումնական ծրագիրը (պլանը) ներկայացվում է համապատասխան կրթամասերում խմբավորված պարտադիր և ընտրովի (եթե այդպիսիք նախատեսված են) դասընթացների ցանկով: Կրթամասերի քանակը և անվանումները սահմանում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը:

36. Յուրաքանչյուր դասընթացի (կրթական մոդուլի) համար նշվում է նրա եզակի նույնացման թվանիշը (դասիչը), լրիվ անվանումը, հատկացված կրեդիտների քանակը, պարապմունքի իրականացման ձևը, կիսամյակի համարը (ամրագրված ուսումնական պլանի դեպքում) կամ անվանումը (աշնանային/գարնանային` ճկուն ուսումնական ծրագրի դեպքում), դասընթացի նախապայմանը (եթե այդպիսին կա) և գնահատման ձևը:

37. Կրթական ծրագրի ավարտական պահանջներում նշվում է համապատասխան որակավորում շնորհելու համար անհրաժեշտ կրեդիտների ընդհանուր քանակը (այդ թվում` ըստ կրթամասերի) և նվազագույն ամփոփիչ միջին որակական գնահատական, որի համար նվազագույն շեմ կարող է սահմանվել նաև մասնագիտական կրթամասի համար):

 

7. ՈՒՍՄԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Ըստ ուսման առաջադիմության` ուսանողները դասակարգվում են` առաջադիմող, փորձաշրջանի կարգավիճակում գտնվող և հեռացման ենթակա:

39. Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե`

1) կիսամյակում ունի 30 կրեդիտ ուսումնական միջին բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով),

2) ապահովել է տվյալ կրթական աստիճանի (ծրագիր) համար սահմանված բոլոր պարտադիր դասընթացների կրեդիտները:

40. Ուսանողը համարվում է փորձաշրջանի կարգավիճակում, եթե չի բավարարել նախորդ կետում նշված պայմաններից որևէ մեկը:

41. Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվում ուղղելու թերացումներն ու բացթողումները և բարձրացնելու ուսման առաջադիմությունը ծրագրի նվազագույն պահանջներին համապատասխան: Փորձաշրջանի տևողությունը սահմանում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը:

42. Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը համարվում է հեռացման ենթակա, եթե սահմանված ժամկետում դուրս չի գալիս այդ կարգավիճակից: Հեռացված ուսանողի վերականգնումը կատարվում է նույն կիսամյակում` ուսումնառության նախորդ ընթացքում վաստակած բոլոր կրեդիտների պահպանմամբ: Նույն ուսումնական բեռնվածությամբ ուսանողների ակադեմիական առաջադիմությունները համեմատվում են (ուսանողական նպաստներ, պետական, ներբուհական և այլ տեսակի կրթաթոշակներ հատկացնելիս) նրանց միջին որակական գնահատականներով:

 

8. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՈՒՄԸ

 

43. Տվյալ կրթական ծրագրի համար սահմանված կիսամյակային միջին որակական գնահատականի նվազագույն շեմն ապահովելու նպատակով ուսանողը համապատասխան ուսումնական ստորաբաժանման թույլտվությամբ կարող է կրկնել դասընթացը, սակայն տվյալ դասընթացին հատկացված կրեդիտներից ավել կրեդիտներ ուսանողին չեն տրվում, իսկ միջին որակական գնահատականում հաշվի է առնվում այդ դասընթացի վերջին գնահատման արդյունքը,

44. Հաջողությամբ հանձնած դասընթացների կրեդիտները կուտակվում են ուսանողի ակադեմիական տեղեկագրում և մնում ուժի մեջ` անկախ կիսամյակում ուսանողի ցուցաբերած առաջադիմությունից կամ ուսման ընդհատման հանգամանքից:

45. Կրեդիտների կուտակման արդյունքում վերանում է տարբեր պատճառներով ուսումնառությունն ընդհատած և այն վերսկսող ուսանողի կողմից կիսամյակն ամբողջությամբ կրկնելու անհրաժեշտությունը:

 

9. ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

46. Կրեդիտները նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական մեկ հաստատությունից մյուսը փոխանցելի են առանձին դասընթացների, դասընթացների խմբի կամ ուսումնառության որոշակի շրջանների տեսքով: Փոխանցումը կատարվում է ուսանողի հայտի հիման վրա` երկու ուսումնական հաստատությունների համաձայնությամբ` սույն կարգի պահանջներին համապատասխան:

47. Կրեդիտները փոխանցելի են ուսումնական ծրագրերի և մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև, եթե դրանց վերջնական կրթական արդյունքները համադրելի են:

48. Կրեդիտների փոխանցման գործընթացում ներգրավված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող և բարձրագույն ուսումնական հաստատությունները այդ մասին կնքում են համապատասխան երկկողմ համաձայնագիր:

 

10. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ

 

49. Կրեդիտների կուտակման գործառույթի դեպքում շրջանավարտների աստիճանաշնորհումը կատարվում է ծրագրի ավարտական պահանջների կատարման ամփոփումից հետո, որը կատարվում է ակադեմիական գրանցումներն իրականացնող կառույցի և համապատասխան ուսումնական ստորաբաժանման մասնակցությամբ:

50. Ավարտական ամփոփման ընթացքում ստուգվում են ուսանողի ակադեմիական տվյալների (կուտակած կրեդիտների քանակի ու բովանդակության, ամփոփիչ միջին որակական գնահատականի և ամփոփիչ ատեստավորման) համապատասխանությունը մասնագիտության ավարտական պահանջներին:

 

11. ՈՒՍԱՆՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

51. Ծանոթանալ կրեդիտային համակարգով ուսուցման կարգին:

52. Կատարել ուսումնական դասընթացների և քննությունների համար սահմանված պահանջները:

53. Կանոնավոր հաճախել բոլոր դասընթացներին:

 

12. ՈՒՍԱՆՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

54. Ընտրելու տվյալ մասնագիտության (մասնագիտացման) ուսուցման համար նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կողմից առաջադրվող ոչ պարտադիր դասընթացներ` ուսումնական ծրագրի պահանջներին համապատասխան:

55. Միևնույն դասընթացի համար մեկից ավելի ուսումնական հոսքերի առկայության դեպքում կատարելու ընտրություն` ելնելով դասախոսի նախապատվությունից և/կամ դասընթացի կայացման ժամանակացույցից:

56. Փոխանակման և/կամ ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակներում ուսումնառության որոշակի շրջան (կիսամյակ, ուստարի) ուսումնառելու այլ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում (ներառյալ` օտարերկրյա):

57. Հիմնավորված կերպով դիմելու դեպքում ստանալու իր ակադեմիական տեղեկագիրը` կազմված ուսումնառության լրիվ կամ որևէ շրջանի համար:

 

13. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

58. Ուսումնական ծրագրում և դասընթացների տեղեկագրում դասընթացին հատկացված կրեդիտների հետ մեկտեղ նշվում է նաև շաբաթական լսարանային ժամաքանակն ըստ պարապմունքի ձևերի (դասախոսություններ, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ և այլն):

59. Կրեդիտների կուտակման գործառույթի դեպքում ուսանողների անհատական ուսումնական ծրագրերի վերլուծության և առանձին դասընթացներին ուսանողների գրանցման տարիների ընթացքում կուտակված վիճակագրական տվյալների հիման վրա նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կազմում է ինչպես հաջորդ ուստարվա ուսումնական բեռնվածությունը, այնպես էլ դասընթացների ու քննությունների ժամանակացույց:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
10.06.2014
N 732-Ա/Ք
Հրաման