ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2019 թվականի N 378-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված` «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1087-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.
i
2) 1-ին կետով հաստատված հավելվածի`
i
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող` սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:»,
բ. 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հիմնադրամի կողմից իրականացված յուրաքանչյուր գործարքի (ձեռքբերման) համար լրացվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին` մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Յուրաքանչյուր գործարքի համար լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն նույնական, առանձին-առանձին կնքված ու ստորագրված: Տեղեկանքի սխալ լրացման դեպքում հիմնադրամի կողմից դրա երեք օրինակն էլ ճանաչվում են անվավեր` համապատասխան նշում կատարելով դրանց վրա:»,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հարկային մարմինը հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկանքների պատճեններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանք տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:».
3) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 15
Երևան