Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԿԴ/0641/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0641/02/17     2018 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Մ. Հարթենյան

                

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Ռ. Հակոբյան

զեկուցող` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի դեկտեմբերի 10-ին

 

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Հակոբյանի ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) և «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձինք ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքը վաճառելու վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուսաննա Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքը վաճառելու վերաբերյալ աճուրդը և կիրառել գործարքի անվավերության հետևանքներ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2018 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության սնանկության գործով կառավարչին Դատարանի 08.01.2018 թվականի վճռի դեմ կրկին բերված վերաքննիչ բողոքի օրինակը 18.04.2018 թվականին փոստային առաքմամբ (թիվ 693 առաքանի, կոդը RR252325643 անդորրագրով) պատշաճ կերպով ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 111/1 հասցեով, որն էլ վերջինս ստացել է 15.05.2018 թվականին և այդ մասին նշել է իր հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի օրինակն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանին առաքելու հանգամանքը հիմնավորող փոստային առաքման անդորրագրում վերջինիս հասցեի թերի լինելուն, ապա գրառման կրճատ և ոչ ամբողջական լինելու պատճառը ոչ թե բողոքաբերի անփութությունն է, այլ փոստային բաժանմունքում առկա` նամակների առաքման համակարգչային ծրագրերում առկա սահմանափակումներն են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

i

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է` 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքսում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: (...)

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու` վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):

Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի պահանջը, և բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզև որևէ թերությամբ նշված հասցեով, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականության դրսևորում է և կհանգեցնի անձի` դատարանի մատչելության իրավունքի անհարկի սահմանափակման:

Սույն գործով Սուսաննա Հակոբյանը Դատարանի 08.01.2018 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի (հատոր 2-րդ, գ.թ. 10-16):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Հակոբյանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց: Միաժամանակ Վերաքննիչ դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ` արձանագրված խախտումը վերացնելու և որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 17-18):

Սուսաննա Հակոբյանը, Դատարանի 08.01.2018 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլոց, կցել է վերաքննիչ բողոքը 18.04.2018 թվականին հետևյալ անձին և հասցեով ուղարկելու փոստային անդորրագիրը, այն է` «Հայաստան, Կոտայք, ՀՐԱԶԴԱՆ, 0000, ՄԻԿ., Զ. ԱՆԴՐԱՆԻԿԻ Փ., ԱԳԱԹԱ ՖԱՐՄ ՍՊԸ ՍՆԱՆԿ. ԳՈՐ. ԿԱՌ. Ղարիբյան Հարութ» բովանդակությամբ (անվան և ազգանվան տառերի մի մասը նշվել են ձեռագիր) թիվ RR252325643M կոդով (առաքանի թիվ 693) փոստային անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 43):

Վերաքննիչ դատարանն իր 07.05.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի պահպանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կանոնը: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակն Ընկերության սնանկության գործով կառավարչին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` Հարութ Ղարիբյանի անունը պարունակող փոստային առաքման անդորրագրին (թիվ 693 առաքանի, կոդը` RR252325643M), ապա դրանում նշված հասցեն («Հայաստան, Կոտայք, ՀՐԱԶԴԱՆ, 0000, ՄԻԿ., Զ. ԱՆԴՐԱՆԻԿԻ Փ., ԱԳԱԹԱ ՖԱՐՄ ՍՊԸ ՍՆԱՆԿ. ԳՈՐ. ԿԱՌ. Ղարիբյան Հարութ»), չի համապատասխանում նրա հասցեին` ըստ գործի նյութերի (»ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 111/1»), որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանին ուղարկված լինելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց»: Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել 30.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված խախտումը վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերացված լինելու հարցի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 57-58):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ըստ գործում առկա հայցադիմումի` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանի հասցեն է` «ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 111/1» (հատոր 1-ին, գ.թ. 4):

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը 23.05.2018 թվականի հայտարարություն է տվել այն մասին, որ թիվ ԿԴ/0641/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի` Սուսաննա Հակոբյանի ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի և «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքը վաճառելու վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, Դատարանի 08.01.2018 թվականի վճռի դեմ Սուսաննա Հակոբյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքի օրինակը 18.04.2014 թվականին փոստային առաքմամբ ուղարկվել է իրեն` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 111/1 հասցեով, որը ստացել է 15.05.2018 թվականին, որի համար ստորագրել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով` վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող այլ անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում գործին մասնակցող անձանց հայցադիմումում նշված հասցեներն են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ հասցեով բողոքն այլ անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: ՈՒստի Սուսաննա Հակոբյանը պարտավոր էր պատշաճ հասցեով բողոքն ուղարկել Ընկերության սնանկության գործով կառավարչին:

Անդրադառնալով նշված պարտականությունը Սուսաննա Հակոբյանի կողմից կատարված լինելուն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրից պարզ է դառնում, որ թեև հասցեատիրոջ հասցեն նշվել է թերություններով, սակայն թերություններն այնպիսին չեն, որ միանշանակ կերպով կասկածի տակ դնեին Սուսաննա Հակոբյանի կողմից իր դատավարական պարտականությունը կատարված լինելու հանգամանքը հատկապես այն պարագայում, երբ առաքանու հասցեատերը ևս հաստատել է փոստային առաքանին ստանալու հանգամանքը: Այսպիսով, ոչ էական թերություններ պարունակող փոստային անդորրագիրը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձանց ուղարկած լինելը հավաստող ապացույց` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Սուսաննա Հակոբյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում Սուսաննա Հակոբյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտում:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, 07.05.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, որպես վերադարձման հիմք արձանագրել է միայն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը, չանդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը Սուսաննա Հակոբյանի կողմից վերացված լինելու հանգամանքին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել նույն դատարան` նոր քննության` պարզելու համար` արդյոք շտկվել է պետական տուրքի մասով արձանագրված վերաքննիչ բողոքի թերությունը, և ըստ այդմ` լուծելու վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող` Ռ. Հակոբյան

զեկուցող` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.12.2018
N ԿԴ/0641/02/17
Որոշում