Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/5614/05/15  

    Վարչական գործ թիվ ՎԴ/5614/05/15        2018 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

                       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով «Ինդուստրիա Դե Դիսենյո Տեքստիլ, Ս. Ա.» ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՀՀ մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի` Գործակալության կողմից 11.08.2015 թվականին թիվ 23340 և 23339 գրանցման համարներով 33-րդ դասում կատարված «ZARA WINES» և «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Գործակալության կողմից 11.08.2015 թվականին թիվ 23340 և 23339 գրանցման համարներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 33-րդ դասում «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ կատարված «ZARA WINES» և «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանների գրանցումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 12.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Գործակալության կողմից 11.08.2015 թվականին թիվ 23340 գրանցման համարով կատարված «ZARA WINES» ապրանքային նշանի գրանցումը ճանաչվել է անվավեր, իսկ Գործակալության կողմից 11.08.2015 թվականին թիվ 23339 գրանցման համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2017 թվականի որոշմամբ Ընկերության և «Շիրակամուտ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 12.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Շիրակամուտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աննա Սարդարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ կառավարության 18.11.2010 թվականի թիվ 1538-Ն որոշմամբ հաստատված` «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 23339 համարով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի տարբերակիչ հատկությունն ապահովվում է բացառապես դրա միակ պահպանվող տարրի` ZARA բառի միջոցով, իսկ չպահպանվող տարրերը ZARA բառի հետ հորինվածքային կապեր չունեն և չեն ապահովում այդ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությունն ամբողջության մեջ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի հիմնական, առաջնային ընկալման տարրը ZARA բառն է, և հենց այդ տարրը նախևառաջ պետք է համեմատվի Ընկերության «ZARA» ապրանքային նշանի հետ: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ձայնային և իմաստային տեսանկյունից դրանք նույնական են, իսկ գրաֆիկական տեսանկյունից` նման: Իսկ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 23339 համարով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի չպահպանվող տարրերը չեն կարող ազդել այդ նմանության վրա և թուլացնել այն: Ավելին` այդ չպահպանվող տարրերից Z տառը նույնիսկ ուժեղացնում է երկու ապրանքային նշանների գրաֆիկական նմանությունը:

Հետևաբար «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցումը ենթակա էր անվավեր ճանաչման «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

Ընկերությունը երբևէ չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր իր կողմից վկայակոչված փաստերը, այլ իր ողջ հիմնավորումները կառուցել է կանխատեսումների և ենթադրությունների վրա, մասնավորապես` վերջինիս փաստարկն առ այն, որ «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանում պահպանված է միայն ZARA բառը և երկու նշանների համեմատության համար պետք է վերցնել այդ բառը, անհիմն է, քանի որ ապրանքային նշանը համեմատվում է իր ամբողջության մեջ, անկախ այն հանգամանքից, թե դրա որ տարրերն են գրանցված: Տվյալ պարագայում «ZARA» ապրանքային նշանն ակնհայտորեն տարբերվում է «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանից: Բացի այդ, Ընկերությունը պետք է ապացուցեր, որ «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ վնաս կհասցնի «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին: Վերոգրյալի հաշվառմամբ Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության «ZARA» ապրանքային նշանը միջազգային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 01.02.2001 թվականին` ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 25-րդ և 35-րդ դասերի համար (հատոր 1-ին, գ.թ. 26-39):

2. «Շիրակամուտ» ՍՊԸ-ի կողմից «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցման համար Գործակալություն ներկայացված հայտում այդ ապրանքային նշանը նկարագրված է հետևյալ կերպ. «ապրանքային նշանը կազմված է խաղողի տերևի վրա անգլերեն գրված մեծատառ Z տառից և անգլերեն սպիտակ ֆոնի վրա սև գույնով գրված ZARA WINES, RED DRY WINE մուգ կարմիր գույնով գրված tigrani բառերից, անգլերենից թարգմանվում է Զառա գինիներ, կարմիր չոր գինի, իսկ տիգրանին գինու անվանումն է» (հատոր 3-րդ, գ.թ. 72-73):

3. Գործակալությունը 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով գրանցել է «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը` ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 33-րդ դասի համար: Այդ ապրանքային նշանը պահպանվում է սև, սպիտակ և մուգ կարմիր գունային համակցությամբ: Ընդ որում, բացի «ZARA» բառից մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

4. Գործակալությունը 11.08.2015 թվականին թիվ 23340 համարով գրանցել է «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES» ապրանքային նշանը` ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 33-րդ դասի համար (հատոր 1-ին, գ.թ. 24-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ապրանքային նշանի գրանցման իրավաչափության` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի և Ընկերության «ZARA» ապրանքային նշանի նմանության հարցին:

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանն այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`

1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.

2) տառերը կամ թվերը.

3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.

4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.

6) ձայնային ազդանշանները.

7) նույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն:

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին և գրանցման է ներկայացված ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը, եթե ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի` ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ վնաս կհասցնի ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին:

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի իմաստով ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են` ապրանքային նշաններ, որոնց հայտի ներկայացման թվականը (...) նախորդում է քննարկվող հայտի ներկայացման թվականին (...):

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետի համաձայն` գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և այդ նիշի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ բարի համբավին:

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե առկա է նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավելի վաղ ապրանքային նշան, և առկա են նաև նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պայմանները:

Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանը` որպես օրենքով պաշտպանվող մտավոր սեփականության օբյեկտ, գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշ է, որի գործառութային նշանակությունը հանգում է մեկ անձի ապրանքները կամ ծառայություններն այլ անձի ապրանքներից կամ ծառայություններից տարբերակման ապահովմանը: Իր այդ նշանակության միջոցով ապրանքային նշանը հնարավորություն է տալիս նույնականացնել մեկ անձի ապրանքը կամ ծառայությունը և այն տարբերել այլ անձի ապրանքներից ու ծառայություններից:

Այդ իսկ պատճառով օրենսդիրն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում սահմանել է այն դեպքերը, երբ արգելվում է որևէ նիշ գրանցել որպես ապրանքային նշան, եթե այն չի կարող ծառայել իր գործառութային նշանակությանը համապատասխան: Այդ դեպքերում հայտարկվող ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման:

Ապրանքային նշանի գրանցման արգելքներից մեկը սահմանված է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) տվյալ նիշը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին,

2) տվյալ նիշը գրանցման է ներկայացված ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը,

3) ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ,

4) հայտարկված ապրանքային նշանի օգտագործումը կարող է հանգեցնել անհիմն առավելությունների` ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ կարող է վնաս հասցնել ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին:

Ընդ որում, գրանցված (ավելի վաղ) ապրանքային նշանի իրավատերն օժտված է բացառիկ իրավունքով` արգելելու այլ անձանց առևտրային գործունեության ընթացքում օգտագործել այնպիսի նիշ, որը համապատասխանում է վերը նշված չափանիշներին և եթե առկա են վերը նկարագրված բոլոր պայմանները:

Նշված պայմանների առկայության դեպքում արգելելով ապրանքային նշանի գրանցումը` օրենսդիրը սահմանել է նաև այդ արգելքի խախտմամբ կատարված ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու իրավական հնարավորություն: Ըստ այդմ, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արգելքի առերևույթ խախտմամբ կատարված ապրանքային նշանի գրանցման վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության և լուծման համար էական նշանակություն է ստանում «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայության կամ բացակայության հարցը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արգելքի առերևույթ խախտմամբ կատարված ապրանքային նշանի գրանցման անվավերության հարցը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք առկա են նշված իրավադրույթով սահմանված բոլոր պայմանները, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` «ZARA» ապրանքային նշանը 01.02.2001 թվականին միջազգային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է Ընկերության անվամբ` ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 25-րդ և 35-րդ դասերի համար: Իսկ 11.08.2015 թվականին «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ գրանցվել են «ZARA WINES Z TIGRANI» և «ZARA WINES» ապրանքային նշանները` ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 33-րդ դասի համար:

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Գործակալության կողմից 11.08.2015 թվականին թիվ 23339 և թիվ 23340 համարներով «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ կատարված «ZARA WINES Z TIGRANI» և «ZARA WINES» ապրանքային նշանների գրանցումները: Ըստ Ընկերության` տվյալ դեպքում Գործակալությունը խախտել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արգելքը, և առկա են նշված իրավադրույթով սահմանված բոլոր պայմանները «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ կատարված վերոգրյալ ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու համար:

Դատարանն Ընկերության հայցը բավարարել է մասնակիորեն` անվավեր ճանաչելով միայն «ZARA WINES» ապրանքային նշանի` «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23340 համարով կատարված գրանցումը, իսկ «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի` «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է: Դատարանն իր դատական ակտով հաստատված է համարել, որ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23340 համարով գրանցված «ZARA WINES» ապրանքային նշանի մասով առկա են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պայմանները. այդ ապրանքային նշանը նման է Ընկերության անվամբ ավելի վաղ գրանցված «ZARA» ապրանքային նշանին, որն ունի բարի համբավ, իսկ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23340 համարով գրանցված «ZARA WINES» ապրանքային նշանի օգտագործումը կհանգեցնի անհիմն առավելությունների: Միևնույն ժամանակ Դատարանը հանգել է այն եզրակացության, որ ի տարբերություն «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 23340 համարով գրանցված «ZARA WINES» ապրանքային նշանի, «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 23339 համարով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը նույնական կամ նման չէ Ընկերության «ZARA» ապրանքային նշանին: Նշված դատողությունն էլ հիմք է հանդիսացել «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով Ընկերության հայցը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, նշել է, որ «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանն իր հորինվածքային կապի շնորհիվ էապես տարբերվում է «ZARA» ապրանքային նշանից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումներին` հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Նախ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս դատարաններն անդրադարձել են «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցման իրավաչափության` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պայմաններից միայն երեքին` (1) «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի և Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանի նմանության, (2) վիճելի ապրանքային նշաններով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների ոչ նույնատիպ լինելու, (3) Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանի` Հայաստանի Հանրապետությունում բարի համբավ ունենալու հանգամանքներին: Հանգելով այն եզրակացության, որ վերոգրյալ ապրանքային նշանները նման չեն միմյանց` ստորադաս դատարանները այլևս չեն քննարկել «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցման «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված այն պայմանի առկայության կամ բացակայության հարցը, թե տվյալ ապրանքային նշանի օգտագործումը կարող է արդյոք հանգեցնել անհիմն առավելությունների` Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ կարող է արդյո՞ք վնաս հասցնել Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին:

Այդ իսկ պատճառով սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցման իրավաչափության` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միայն այն պայմանին, որն ըստ ստորադաս դատարանների` տվյալ դեպքում բացակայում է, ինչն էլ հիմք է հանդիսացել Ընկերության հայցը մասնակիորեն մերժելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն հարցին, թե արդյոք «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը նույնական կամ նման է Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանին, թե` ոչ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն ապրանքային նշանների նմանության հարցին անդրադարձել է թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշման շրջանակներում: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ապրանքային նշանների նմանությունը գնահատելիս հարկավոր է դրանք համեմատել այն տեսքով, որով դրանք գրանցվել են:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` բառային (տառային) ապրանքային նշանները, որպես կանոն, ընկալվում են միաժամանակ տեսողական, իմաստային և ձայնային եղանակով: Այսինքն` բառային ապրանքային նշանն առկա է և իրականացնում է իր առջև դրված գործառույթները` անկախ դրա հավելումներից, հետևաբար երկու նշանները պետք է գնահատվեն ինքնուրույնաբար` առանց հաշվի առնելու դրանց ներկայացման եղանակը, իսկ համեմատության առարկա պետք է դառնա միայն համապատասխան նշանը` առանց հաշվի առնելու այդ նշանի գեղագրությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապրանքային նշաններում պաշտպանության օբյեկտ է հանդիսանում միայն հիմնական տարբերակիչ տարրը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան նշանին կատարված հավելումներն այնքանով են փոխում այդ նշանը, որ հիմնական տարրը կորցնում է իր անհատականությունը և տարբերակիչ նշանակությունը:

Համակցված ապրանքային նշանների նմանության առումով ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ համակցված ապրանքային նշանների նմանակման հարցը որոշելիս վերջիններս համեմատվում են նաև այն նշանների հետ (բառային, պատկերային և այլն), որոնք որպես տարրեր ներառված են համապատասխան համակցված ապրանքային նշանի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ ապրանքային նշանի համեմատության ընթացքում նախևառաջ պետք է հաշվի առնվի տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը` անկախ լրացուցիչ և զուտ սիմվոլիկ տարրերի առկայությունից: Այսինքն` եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, ապա կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճան նմանություն: Ապրանքային նշանները պետք է համեմատության առարկա դարձվեն որպես ամբողջություն, որպեսզի ստեղծվի նույն իրադրությունը, որն առկա է սպառողի մոտ, քանի որ վերջինս իր տրամադրության տակ չունի երկու նշանները, որպեսզի կարողանա գտնել դրանց տարբերակիչ հատկանիշները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապրանքային նշանի հիմնական նպատակն է անհատականացնել ապրանքը և ուղղորդել հնարավոր սպառողներին, ապրանքային նշանների նմանությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև սպառողների զարգացվածության և պատրաստվածության մակարդակը:

i

Անդրադառնալով այն խնդրին, որ երկու ապրանքային նշանների համեմատության ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի ապրանքային նշանների թե՛ նմանությունները, թե՛ տարբերությունները, ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է իր այն նախկին դիրքորոշումը, որ ապրանքային նշանները համեմատելիս նախևառաջ պետք է հաշվի առնվեն այդ նշանների նմանությունները (որն ունի տարբերակիչ նշանակություն)` անկախ լրացուցիչ և աննշան տարրերի առկայության: Այսինքն` եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճանի նմանություն: Ապրանքային նշանների շփոթության աստիճան նմանության հարցի նկատմամբ նման մոտեցումը բացատրվում է այն հանգամանքով, որ սպառողն այս կամ այն ապրանքն ընտրելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում հենց ապրանքային նշանին և դրանում գտնելով իրեն արդեն իսկ հայտնի ապրանքային նշանի հիմնական բաղադրատարրերը` կարող է սխալ համոզմունք ձեռք բերել համապատասխան ապրանքն արտադրողի հարցում` առանց նկատելու այն չնչին տարբերությունները, որոնք սպառողը կարող էր նկատել միայն այդ երկու ապրանքային նշաններն իրար կողք կողքի համեմատելիս (տե՛ս, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ապրանքային նշանների համեմատության համար նշանակություն ունեցող հատկանիշների ու չափանիշների ընդհանուր բնութագիրը սահմանված է ՀՀ կառավարության 18.11.2010 թվականի թիվ 1538-Ն որոշմամբ հաստատված` «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգում (այսուհետ` Կարգ):

i

Այսպես, Կարգի 105-րդ կետի համաձայն` չպահպանվող տարրի առկայությունն ու դրա հորինվածքային կապերը մնացած տարրերի հետ ապահովում են տվյալ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությունը (...):

i

Կարգի 115-րդ կետի համաձայն` ապրանքային նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճանի նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու (միջին սպառողի) մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն)` չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ մասը համընկնում կամ կատարված են այնպես, որ, տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի (...) մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է): Պետք է հաշվի առնել, որ ապրանքային նշանների առանձին տարբերությունների առկայությունը, որոնք էական դեր չեն կատարում նշանի ընկալման համար, սովորաբար որոշվում է դրանց անմիջական համեմատության արդյունքում և միջին սպառողի համար, որպես կանոն, ընկալելի չեն ապրանքի ընտրության ժամանակ:

i

Կարգի 119-րդ կետի համաձայն` բառային ապրանքային նշաններին նման կարող են համարվել`

1) բառային ապրանքային նշանները.

2) համակցված ապրանքային նշանները, որոնց մեջ ընդգրկված են բառային տարրեր (...):

i

Կարգի 120-րդ կետի համաձայն` բառային ապրանքային նշանի և նույն կարգի 119-րդ կետում նշված ապրանքային նշանների (...) նմանությունը որոշելու համար բառային ապրանքային նշանները համեմատվում են`

1) բառային ապրանքային նշանների հետ.

2) համակցված ապրանքային նշանների մեջ ընդգրկված բառային տարրերի հետ (...):

i

Կարգի 121-րդ կետի համաձայն` ապրանքային նշանի նմանությունը կարող է լինել ձայնային (հնչյունային), գրաֆիկական (տեսողական) և իմաստային (արտահայտած մտքի):

i

Կարգի 122-րդ կետի համաձայն` ձայնային նմանությունը հիմնականում որոշվում է հետևյալ հատկանիշներով`

1) համեմատվող նշաններում մոտ և համընկնող հնչյունների առկայությամբ.

2) նշանը կազմող մոտ և համընկնող հնչյունների մոտիկությամբ.

3) մոտ հնչյունների և հնչյունային կապակցությունների` միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.

4) համընկնող վանկերի առկայությամբ և դրանց դասավորվածությամբ.

5) նշանի մեջ պարունակվող վանկերի ընդհանուր քանակով.

6) նշաններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.

7) ձայնավորների կազմի մոտիկությամբ.

8) բաղաձայնների կազմի մոտիկությամբ.

9) նշանների համընկնող մասերի բնույթով.

10) նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, հատկապես բառային արտահայտությունների, այդ թվում` ֆիրմային անվանումների մեջ: Այս դեպքում համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը մեկ այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման հարցում որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը: Որոշ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համընկնումը` տարբեր միջնամասերի դեպքում.

11) շեշտադրությամբ:

i

Կարգի 123-րդ կետի համաձայն` գրաֆիկական նմանությունը որոշվում է հետևյալ չափանիշներով`

1) ընդհանուր տեսողական տպավորությամբ.

2) օգտագործված տառատեսակով.

3) տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձևով (օրինակ` տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ, ոճավորումը և այլն).

4) միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ.

5) այբուբենով, որի տառերով գրված է բառը.

6) գույնով կամ գունային համակցությամբ:

i

Կարգի 124-րդ կետի համաձայն` իմաստային նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա`

1) նշանների մեջ դրված նման հասկացության, գաղափարի, այդ թվում` տարբեր լեզուներով նշանների համընկնող իմաստի.

2) նշանների տարրերից որևէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.

3) նշանների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության:

i

Կարգի 125-րդ կետի համաձայն` նույն կարգի 122-124-րդ կետերում թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համակցություններում:

i

Կարգի 128-րդ կետի համաձայն` թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր զուգակցություններով: Նշանների նմանությունը նմանակելու երևույթ է, որն առաջանում է նշանների տարրերի միատեսակ ընկալման արդյունքում: Նշանների նմանությունը որոշվում է դրանց տարրերի ընդհանրությամբ: Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող և չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը նշանի ընդհանուր հորինվածքում:

i

Կարգի 129-րդ կետի համաձայն` ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության ընթացքում սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է: Նշանի նմանությունը որոշելիս հաշվի է առնվում, որ սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ:

i

Կարգի 130-րդ կետի համաձայն` համակցված ապրանքային նշաններին նման կարող են լինել`

1) համակցված ապրանքային նշանները.

2) ապրանքային նշանների այն տեսակները, որոնք որպես տարրեր ներառված են ստուգվող համակցված ապրանքային նշանի մեջ:

i

Կարգի 131-րդ կետի համաձայն` համակցված նշանների նմանությունը որոշելիս օգտագործվում են նույն կարգի 120-128-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նաև ուսումնասիրվում է հայտարկված ապրանքային նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը:

i

Կարգի 132-րդ կետի համաձայն` համակցված ապրանքային նշանների նմանությունը որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցն առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների` այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»:

i

Կարգի 133-րդ կետի համաձայն` համակցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե առկա է ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշան, որի հիմնական ընկալման բառային տարրը շփոթելու աստիճանի նման է հայտարկված նշանի հիմնական ընկալման բառային տարրին, այդ թվում` նաև այն դեպքերում, երբ այդ բառային տարրերը գրված են տարբեր լեզուներով (...):

«Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» և Ընկերության «ZARA» ապրանքային նշանների համեմատության համար հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Կարգով սահմանված չափանիշները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ ապրանքային նշանները նման են միմյանց:

Նախ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համեմատման ենթակա ապրանքային նշանները գրանցված են հետևյալ աղյուսակում ներկայացված տեսքով.

 

._____________________________________________________________________.

|Ընկերության «ZARA» ապրանքային նշան|«Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z  |

|                                  |TIGRANI» ապրանքային նշան          |

|__________________________________|__________________________________|

|                                  |         .____________.           |

|              ZARA                |         |      Z     |           |

|                                  |         | ZARA WINES |           |

|                                  |         |  tigrani   |           |

|                                  |         |RED DRY WINE|           |

|                                  |         .____________.           |

._____________________________________________________________________.

 

Փաստորեն, Ընկերության «ZARA» ապրանքային նշանը հանդիսանում է բառային ապրանքային նշան, իսկ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը` համակցված ապրանքային նշան: Հետևաբար այդ ապրանքային նշանների նմանությունը պետք է որոշվի «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի հիմնական ընկալման բառային տարրը Ընկերության «ZARA» ապրանքային նշանի հետ համեմատելու արդյունքում:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի հիմնական ընկալման տարրն անգլերեն ZARA բառն է, քանի որ այդ ապրանքային նշանում բացի ZARA բառից, մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն հանդիսանում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ZARA բառը պետք է դիտարկվի որպես «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի «առաջնային ընկալման» տարր նաև այն պատճառով, որ տվյալ ապրանքային նշանի` իրավական պահպանություն չունեցող տարրերն ու մնացած տարրերի հետ դրանց հորինվածքային կապերը Կարգի 105-րդ կետի իմաստով ապրանքային նշանին որևէ տարբերակիչ հատկանիշ չեն հաղորդում: Այսպես, «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանում առկա են հետևյալ չպահպանվող տարրերը.

1) խաղողի տերև, որն ինչ-որ առումով խորհրդանշում է գինին կամ գինեգործությունը,

2) Z տառը, որը որևէ իմաստ չի արտահայտում և որպես ZARA բառի առաջին տառ` ևս մեկ անգամ ընդգծում է այդ բառը,

3) WINES բառը, որը պարզապես անգլերենից թարգմանաբար նշանակում է գինիներ,

4) tigrani բառը, որը, ըստ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի, տվյալ գինու անվանումն է,

5) RED DRY WINE արտահայտությունը, որը պարզապես անգլերենից թարգմանաբար նշանակում է կարմիր չոր գինի:

«Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանում առկա չպահպանվող տարրերի վերոգրյալ բովանդակությունը վկայում է այն մասին, որ այդ չպահպանվող տարրերն իրենց հավաքական իմաստով միջին սպառողի մոտ որևէ այլ պատկերացում (ասոցիացիա) չեն առաջացնում, քան զուտ գինին կամ գինեգործությունը: Բացի այդ, ապրանքային նշանի ընդհանուր պատկերի մեջ այդ չպահպանվող տարրերի միջոցով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ տվյալ նշանի «առաջնահերթ» ընկալման հատկանիշը հենց ZARA բառն է` միջին սպառողի մոտ առաջացնելով այն պատկերացումը, որ տվյալ ապրանքային նշանով մակնշվում են ZARA գինիները: Ավելին, «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանում առկա չպահպանվող տարրերին գերիշխող նշանակություն չի տրվել նաև Գործակալության կողմից` այդ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարույթի ընթացքում, քանի որ հակառակ պարագայում տվյալ ապրանքային նշանի գրանցումը ենթակա կլիներ մերժման Կարգի` «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցման պահին գործող խմբագրությամբ 100-րդ կետի ուժով, որի համաձայն` եթե չպահպանվող տարրը կազմում է ապրանքային նշանի գերիշխող մասը, ապա եզրակացություն է արվում տվյալ նշանը որպես ապրանքային նշան գրանցելու անհնարինության մասին և որոշում է ընդունվում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի հիմնական ընկալման տարրը անգլերեն ZARA բառն է, քանի որ մնացած տարրերն այդ նշանի ընդհանուր հորինվածքում չունեն այն նշանակությունը, որով օժտված է ZARA բառը: «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի այդ տարրի և Ընկերության «ZARA» ապրանքային նշանի համեմատության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի հիմնական ընկալման տարրը` անգլերեն ZARA բառը, և Ընկերության «ZARA» ապրանքային նշանը ձայնային (հնչյունային) և իմաստային առումներով նույնանում են միմյանց հետ, իսկ գրաֆիկական (տեսողական) իմաստով` չափազանց նման են միմյանց: Այլ կերպ ասած` «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» համակցված ապրանքային նշանի հիմնական ընկալման տարրը` անգլերեն ZARA բառը, նման է (որոշ հատկանիշների մասով ընդհուպ նույնական է) Ընկերության «ZARA» ապրանքային նշանին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ընկերության «ZARA» ապրանքային նշանը և «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, քանի որ տվյալ նշանների հիմնական տարրերն ըստ էության համընկնում են: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսնելով «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը` միջին սպառողի մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ` Ընկերության «ZARA» ապրանքային նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է): Ընկերության «ZARA» և «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշաններն անշուշտ ունեն առանձին տարբերություններ, սակայն դրանք էական դեր չեն կատարում այդ ապրանքային նշանների անմիջական համեմատության ժամանակ միջին սպառողի կողմից այդ ապրանքային նշանների ընկալման համար: Հետևաբար «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանն ընդհանուր առմամբ զուգորդվում է Ընկերության «ZARA» ապրանքային նշանի հետ` չնայած առանձին տարբերությունների առկայությանը:

Ամփոփելով վերոգրյալ համեմատական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ դեպքում առկա է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված այն պայմանը, որ Ընկերության «ZARA» և «Շիրակամուտ» ՍՊԸ-ի «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանները նման են միմյանց, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում է նոր քննության միայն Գործակալության կողմից «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը` Գործակալության կողմից «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23340 համարով կատարված «ZARA WINES» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և այդ պահանջը բավարարելու մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնվելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը պարտավոր է անդրադառնալ «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցման իրավաչափության` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված այն պայմանի առկայության կամ բացակայության հարցին, որին սույն գործի քննության ընթացքում դեռևս անդրադարձ չի կատարվել: Այլ կերպ ասած` սույն գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը, ի թիվս այլնի, պարտավոր է քննության առարկա դարձնել գործի համար էական նշանակություն ունեցող այն հարցը, թե «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի օգտագործումը կարող է արդյոք հանգեցնել անհիմն առավելությունների` Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ կարող է արդյո՞ք վնաս հասցնել Ընկերությանը պատկանող ավելի վաղ «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.04.2017 թվականի որոշման` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից «Շիրակամուտ» ՍՊԸ-ի անվամբ 11.08.2015 թվականին թիվ 23339 համարով կատարված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով ՀՀ վարչական դատարանի 12.05.2016 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ/5614/05/15
Որոշում