Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/9420/05/13

    Վարչական գործ թիվ ՎԴ/9420/05/13        2018 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորիկ Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արթուր Միրզոյանի, Գեղեցիկ Գաբրիելյանի, Էդգար Սողոմոնյանի, Անդրանիկ Սողոմոնյանի, Հովհաննես Սողոմոնյանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և իրավունքի գրանցումը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նորիկ Տեր-Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` պարտավորեցնել Կադաստրին` վերականգնելու Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) 22.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 04.06.2015 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 22.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 13.01.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2016 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 13.01.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Հովհաննես Սողոմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ինքնին և առանձին վերցրած չի հանդիսանում վարչարարություն: Սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը գործողություն է` ուղղված վարչական ակտ ընդունելուն (նախկին գրանցումը վերականգնելուն կամ նոր գրանցում կատարելուն): Հետևաբար վիճելի վարչական ակտը` Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ընդունվել է չեղարկման արդյունքում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում որևէ դատական ակտ չի պարունակել դրույթ Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը կամ դրա համար հիմք հանդիսացած առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Հետևաբար Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` արդյունքում կայացնելով հիմնավոր և պատճառաբանված որոշում: Հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավորում և վերաբերելի ապացույց, որոնք կարող են հաստատել Կադաստրի կողմից կատարված պետական գրանցման ոչ իրավաչափ լինելը: Ընդհակառակը` սույն գործում առկա տվյալներով հիմնավորվում է, որ Կադաստրը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը գրանցել է բացառապես օրինական հիմքերով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կադաստրի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) 02.12.2002 թվականի թիվ 587674 վկայականի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ պետ. նոտարի 10.05.1991 թվականի թիվ 1057 վաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Անդրանիկ Սողոմոնյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 18-19).

2) 01.11.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Անդրանիկ Սողոմոնյանը, այսուհետ` «Վաճառող» և Արթուր Միրզոյանը, այսուհետ` «Գնորդ» կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Արթուր Միրզոյանը ձեռք է բերել Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 հասցեի բնակարանը (հատոր 2-րդ, գ.թ. 18-19).

3) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) 06.11.2008 թվականի թիվ 2582457 վկայականի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ նոտարի 01.11.2008 թվականի թիվ 4567 առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Արթուր Միրզոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 53-55).

4) 18.02.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արթուր Միրզոյանը, այսուհետ` «Վաճառող» և Նորիկ Տեր-Գրիգորյանը, այսուհետ` «Գնորդ» կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Նորիկ Տեր-Գրիգորյանը ձեռք է բերել Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 հասցեի բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 56-57).

5) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի 25.02.2010 թվականի թիվ 2741877 վկայականի համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ նոտարի 18.02.2010 թվականի թիվ 6612 առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 58-60).

6) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով դատարանը վճռել է. «Հայցը բավարարել մասնակի.

1. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Արթուր Միրզոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 2. Արթուր Միրզոյանի և Նորիկ Տեր-Գրիգորյանի միջև 18.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 3. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարել որպես անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր: Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի, 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրավատու ճանաչել Անդրանիկ Սողոմոնյանին, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել որպես գրավառու` 32.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով: 4. Քաղաքացիական գործի վարույթը` սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով կարճել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: 5. Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժել» (հատոր 1-ին, գ.թ. 61-70).

7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 04.11.2011 թվականին թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի 3-րդ կետը և «Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 2008 թվականի նոյեմբերի 01-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարել որպես անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր: Երևանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրավատու ճանաչել Անդրանիկ Սողոմոնյանին, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել որպես գրավառու` 32.000 (երեսուներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով:» մասով և այդ մասով փոփոխել հետևյալ կերպ.

«Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը` 2008 թվականի նոյեմբերի 1-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին մերժել»:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ»: Նշված որոշման դեմ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.01.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 71-85).

8) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի կատարողական թերթի պարզաբանման մասին որոշման համաձայն` դատարանը որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի Մալաթիա-Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Սողոմոնյանի դիմումը` 16.11.2012 թվականին տրված թիվ ԵՄԴ/0348/02/11 կատարողական թերթը պարզաբանելու մասին և պարզաբանել է, որ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշման համաձայն` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճռում փոփոխվել է միայն վճռի երրորդ կետը, այն է` «Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը` 2008 թվականի նոյեմբերի 01-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին» մերժվել է, որպիսի հանգամանքը վերաբերում է նաև թիվ ԵՄԴ/0348/02/11 կատարողական թերթին: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ» (հատոր 2-րդ, գ.թ. 23-25).

9) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Հովհաննես Սողոմոնյանի, Գեղեցիկ Գաբրիելյանի, Էդգար Սողոմոնյանի, Անդրանիկ Սողոմոնյանի` Երևանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի թիվ 22 բնակարանից վտարելու պահանջի մասին, բավարարվել է, ինչի արդյունքում 24.08.2013 թվականին թիվ ԵՄԴ/0835/02/10 քաղաքացիական գործով տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 86-89).

10) Ի պատասխան Հովհաննես Սողոմոնյանի 27.08.2013 թվականի թիվ 2-0260 դիմումի` Կադաստրի կողմից 30.08.2013 թվականին տրվել է թիվ ԱՏ-27/08/2013-2-0260 տեղեկանքը, ըստ որի` «Բաբաջանյան փողոցի 103 շենքի թիվ 22 բնակարան հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է եղել Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ, սակայն համաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի վճիռների, անվավեր են ճանաչվել իրավունքների պետական գրանցումները, անվավեր են ճանաչվել նաև Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցումը, որը դիտվել է որպես գրավի պայմանագիր, որտեղ որպես գրավատու է ճանաչվել Անդրանիկ Սողոմոնյանը» (հատոր 2-րդ, գ.թ. 42).

11) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` 25.09.2013 թվականին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրանցվել է Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը: Գրանցման հիմքում դրվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, 19.09.2013 թվականի թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 1-ին, գ.թ. 97-98).

12) Կադաստրի 03.10.2013 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-02/10/2013-2-0008 տեղեկանքի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանի թիվ 02/10/2013-2-0008 դիմումի հիման վրա հայտնվել է, որ դիմումի և կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ 25.09.2013 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը ճիշտ է և բխում է օրենսդրության պահանջներից, որի գրանցման հիմք են հանդիսացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի որոշումը, 19.09.2013 թվականի թիվ 9940 և 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 1-ին, գ.թ. 99):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումից հետո այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրավաչափության գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք անշարժ գույքի սեփականության իրավունքի նոր գրանցման նպատակով կատարված սեփականության իրավունքի գործող պետական գրանցման չեղարկումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ:

- արդյո՞ք առկա են եղել խնդրո առարկա բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարման հիմքերը, այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած գործարքն անվավեր ճանաչելու հայցապահանջը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժվել է:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաբանական բնույթին ու նշանակությանը` հարցը դիտարկելով այն տեսանկյունից, թե արդյո՞ք սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վարչական ակտ է, թե` ոչ:

i

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի հասկացության վերլուծությանը` արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

i

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաբանական բնույթի, բովանդակության, ինչպես նաև դրա ընթացակարգի հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավունքի դադարման պետական գրանցումն իրականացվում է գրանցված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու միջոցով, գրանցման մատյանում իրավունքի դադարման վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելով:

Նույն օրենքի` մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից: Սեփականության իրավունքի գործող պետական գրանցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է չեղարկվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ:

Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված է եղել, որ սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարում է այդ պետական գրանցումը չեղարկելու միջոցով` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից: Այսինքն` մինչև 14.11.2016 թվականը գործող օրենսդրության համաձայն` սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վրա է հասնում այն պահին, երբ կատարվում է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Սա նշանակում է, որ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը չէր կարող չեղարկվել, եթե դրան չէր հաջորդելու այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Այլ կերպ ասած, որպես կանոն, գույքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում այդ գույքի նկատմամբ նախկին սեփականատիրոջ իրավունքը չեղարկվում էր, իսկ նոր սեփականատիրոջ իրավունքը գրանցվում էր միաժամանակ` մեկ վարչական վարույթի շրջանակներում: Հակառակ պարագայում միևնույն հարցի վերաբերյալ կարող էր գոյություն ունենալ վարչական մարմնի կողմից ընդունված երկու վարչական ակտ:

Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարել էր մեկ բացառություն. այն է` սեփականության իրավունքի գործող պետական գրանցումը կարող էր չեղարկվել առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման միայն այն դեպքում, երբ դա կատարվում էր գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա: Փաստորեն, մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր որևէ անձի մոտ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դատական ակտի հիման վրա դադարելու դեպքում այդ անձի սեփականության իրավունքի չեղարկման հնարավորություն` առանց տվյալ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի պետական գրանցման: Ընդ որում, տվյալ դեպքում առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման դատական ակտի հիման վրա դադարած սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկելու վերաբերյալ իրավասու վարչական մարմին կարող էին դիմել բոլոր շահագրգիռ անձինք, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող համապատասխան մարմինը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման երկու ռեժիմ` 1) դատական ակտի հիման վրա` առանց մինչ այդ տեղի ունեցած իրավաբանական փաստերի ուժով նոր պետական գրանցում կատարելու անհրաժեշտության և 2) մինչ այդ տեղի ունեցած իրավաբանական փաստերի հիման վրա իրավունքի նոր պետական գրանցում կատարելու նպատակով: Ընդ որում, երբ բացակայում է իրավունքի նոր պետական գրանցման անհրաժեշտությունը, վարչական մարմնի տվյալ ակտը վերջնականապես կարգավորում է կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցը (դադարում է կոնկրետ անձի սեփականության իրավունքը), հետևաբար այդ պարագայում այն իրավադադարեցնող վարչական ակտ է: Մինչդեռ երբ իրավունքի գրանցման չեղարկումը կատարվում է նոր պետական գրանցում իրականացնելու նպատակով, իրավունքի չեղարկումն ինքնին դեռևս ամբողջությամբ չի կարգավորում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցը, այլ այդ հարցը վերջնականապես կարգավորվում է միայն իրավունքի նոր պետական գրանցմամբ, հետևաբար այդ պայմաններում իրավունքի պետական գրանցումը չեղարկելը չի համապատասխանում վարչական ակտի այն հատկանիշին, որ այն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այսինքն` կոնկրետ անձին առնչվող գործը չի կարող համարվել կարգավորված, քանի դեռ չի կատարվել իրավունքի նոր պետական գրանցումը: Նման պայմաններում վարչական ակտ է հանդիսանում իրավունքի նոր պետական գրանցումը, քանի որ դրանով է ավարտվում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ գործի կարգավորումը, իսկ իրավունքի պետական գրանցման չեղարկումը հանդես է գալիս իբրև ընթացիկ գործողություն, որն ուղղված է վարչական ակտի ընդունմանը, այն է` հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ անձին առնչվող գործի կարգավորմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործել է 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որն ուժը կորցրել է 07.01.2014 թվականին, իսկ գործի քննությունն իրականացվել է 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որն ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին:

i

28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող էր պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

i

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վարչական դատավարությունում վիճարկման հայցի` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոցի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է այն դիրքորոշումը, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկման հայցի շրջանակներում կարող է անվավեր ճանաչվել, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, թե՛ 28.11.2007 թվականի, և թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը` ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի պետական գրանցման վիճարկման հայցի մերժման կամ բավարարման հարցը լուծելիս դատարանը, մասնավորապես, պետք է պարզի, թե պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվել է արդյո՞ք այն հանգամանքը, որ իրավունքի գրանցում հայցող անձն ունի կոնկրետ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը ենթակա է եղել պետական գրանցման` ըստ ներկայացված (վարույթի ընթացքում ձեռք բերված) իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Դատարանը մերժել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցը` պատճառաբանելով, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելիս Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն արդեն իսկ չեղարկված է եղել, իսկ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի գրանցումը մերժելու հիմքերը բացակայել են:

Վերաքննիչ դատարանը մերժել է Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի նշված դիրքորոշման հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի` Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը ենթակա է գնահատման բացառապես այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցների շրջանակներում: Տվյալ դեպքում, մասնավորապես, սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցման իրավաչափությունը որոշելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվել է, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա էր պետական գրանցման Հովհաննես Սողոմոնյանի անվամբ` ըստ ներկայացված (վարույթի ընթացքում ձեռք բերված) իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների:

Վերոգրյալ հաշվառմամբ անդրադառնալով սույն գործով վիճարկվող վարչական ակտի` Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման պահին նշված անշարժ գույքի նկատմամբ որևէ անձի սեփականության իրավունք գրանցված չէր, քանի որ այդ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել էր 26.08.2013 թվականին` սեփականության իրավունքի նոր պետական գրանցում կատարելու նպատակով: Դրա ապացույցն են հանդիսանում սույն գործի փաստերը, որոնցից հետևում է, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման` 26.08.2013 թվականին կատարված չեղարկման և 25.09.2013 թվականին կատարված Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած են միևնույն դատական ակտերը` թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշումը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսացել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, կատարողական թերթի պարզաբանման մասին որոշումը, որոնցից երկուսով էլ սահմանված է` «Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը 2008 թվականի նոյեմբերի 01-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժել»: Այսինքն` 18.02.2010 թվականի պայմանագրով Նորիկ Տեր-Գրիգորյանը հանդիսացել է վիճելի բնակարանի գնորդ, իսկ տվյալ պայմանագրի հիման վրա 25.02.2010 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում:

Նշված դատական ակտերի հարկադիր կատարման փուլում ծագած անհստակությունները հարթելու նպատակով հարկադիր կատարողը դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու խնդրանքով: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 02.05.2013 թվականին կայացրած «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշմամբ բավարարել է հարկադիր կատարողի դիմումը և պարզաբանել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշմամբ փոփոխվել է միայն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի 3-րդ կետը, իսկ մնացած մասով նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Փաստորեն, նշված դատական ակտում սահմանելով թեկուզ և 3-րդ կետի փոփոխվելու մասին դրույթ, այն է`

«Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը 2008 թվականի նոյեմբերի 01-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժել», ապա հստակ է, որ Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու որևէ հիմք բացակայել է: Հետևաբար, ակնհայտ է, որ անվավեր ճանաչված չլինելով Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, վերջինիս սեփականության իրավունքի գրանցումը չէր կարող ի չիք դառնալ: Միևնույն ժամանակ պարզաբանման որոշմամբ, վճռի 3-րդ կետն ակնհայտ հակասության մեջ է վճռի 1-ին և 2-րդ կետերի հետ, քանի որ չէին կարող 1-ին և 2-րդ կետերով բավարարվել գործարքները առոչինչ ճանաչելու վերաբերյալ պահանջները (ի դեպ` սույն գործով նման պահանջներ ներկայացված էլ չեն եղել), իսկ 3-րդ կետով ընդհակառակը` այդ պահանջները մերժվել: Այսինքն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի` բավարարված մասը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերցվել է չակերտների մեջ և հստակ նշվել է այդ մասի բեկանման, փոփոխման և հայցի մերժման մասին:

Հիմք ընդունելով թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով վերոգրյալ զարգացումները` Կադաստրը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա չեղարկել է Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` խաթարելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները: Այլ կերպ` Կադաստրը թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի բովանդակությունն ընկալել է այլ կերպ, քան այն արտացոլված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշմամբ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.05.2013 թվականին կայացված «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշմամբ, որոնք օրինական ուժի մեջ գտնվող վերջնական դատական ակտեր են և պարտադիր են կատարման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը չէին կարող դրվել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում, քանի որ այն պայմաններում, երբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած գործարքը դատական կարգով անվավեր չի ճանաչվել և այդ ակտի դեմ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ չընդունվելու հիմքով մտել է օրինական ուժի մեջ, այդպիսի դատական ակտի առկայության պայմաններում բացակայել է Կադաստրի կողմից հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման և նոր գրանցումն իրականացնելու իրավական հիմքը:

Վերը կատարված իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավունքի պետական գրանցման չեղարկումը չի հանդիսացել վարչական ակտ, քանի որ այն կատարվել է Հովհաննես Սողոմոնյանի անվամբ նոր պետական գրանցում կատարելու նպատակով, ինչը հաստատվում է վերջինիս կատարած հետագա գործողություններով, հետևաբար Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավոր չէր որպես առանձին վարչական ակտ վիճարկել իր իրավունքի պետական գրանցման չեղարկումը: Ընդ որում, տվյալ դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի նոր գրանցումը տեղի է ունեցել Նորիկ Տեր-Գրիգորյանի գրանցված սեփականության իրավունքի չեղարկումից շուրջ մեկ ամիս անց, այլ էական նշանակություն ունի այն, որ գրանցման չեղարկմամբ վարչական վարույթը չի ավարտվել, քանի որ վարչական մարմինը նպատակ է հետապնդել կատարելու սեփականության իրավունքի նոր գրանցում:

Անդրադառնալով Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած` Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի իրավահաստատող փաստաթղթերին` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 19.09.2013 թվականին տրամադրված թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես իրավահաստատող փաստաթուղթ ժառանգության իրավունքի վկայագիրը հավաստում է ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ ժառանգին փոխանցվող իրավունքը և հիմք չէ ժառանգատու չհանդիսացող այլ անձի պատկանող սեփականության իրավունքի դադարեցման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, հանգում է այն եզրակացության, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքերը բացակայել են և գրանցման վարույթում Կադաստրը թույլ է տվել ՀՀ օրենսդրության խախտումներ: Հետևաբար Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Նման պայմաններում Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից ներկայացված պահանջը ենթակա է բավարարման, ինչն էլ իր հերթին հանգեցնում է դրանից ածանցյալ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերականգնելուն Կադաստրին պարտավորեցնելու պահանջի բավարարմանը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, իսկ Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցը` բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, գտնում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու և ՀՀ վարչական դատարանի 11.11.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքներ ներկայացնելու և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի և 10.03.2016 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել: Անվավեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` վերականգնել Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ:

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 11.11.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքների համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի և 10.03.2016 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/9420/05/13 վարչական գործով 30.11.2018 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2018 թվականի նոյեմբերի 30-ին, քննելով Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորիկ Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արթուր Միրզոյանի, Գեղեցիկ Գաբրիելյանի, Էդգար Սողոմոնյանի, Անդրանիկ Սողոմոնյանի, Հովհաննես Սողոմոնյանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և իրավունքի գրանցումը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել: Անվավեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` վերականգնել Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 11.11.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքների համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի և 10.03.2016 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար»:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ. Հակոբյանս, Գ. Հակոբյանս (զեկուցող դատավոր) և Ե. Խունդկարյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 30.11.2018 թվականին թիվ ՎԴ/9420/05/13 վարչական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նորիկ Տեր-Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` պարտավորեցնել Կադաստրին` վերականգնել Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) 22.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 04.06.2015 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 22.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 13.01.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2016 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.01.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Հովհաննես Սողոմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է նաև հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ինքնին և առանձին վերցրած վարչարարություն չէ: Սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը գործողություն է` ուղղված վարչական ակտ ընդունելուն (նախկին գրանցումը վերականգնելուն կամ նոր գրանցում կատարելուն): Հետևաբար վիճելի վարչական ակտը` Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ընդունվել է չեղարկման արդյունքում: Առանց Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի չեղարկման` վիճելի վարչական ակտը չէր կարող ընդունվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում որևէ դատական ակտ չի պարունակել դրույթ Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը կամ դրա համար հիմք հանդիսացած առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Հետևաբար Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` արդյունքում կայացնելով հիմնավոր և պատճառաբանված որոշում: Հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավորում և վերաբերելի ապացույց, որոնք կարող են հաստատել Կադաստրի կողմից կատարված պետական գրանցման ոչ իրավաչափ լինելը: Ընդհակառակը` սույն գործում առկա տվյալներով հիմնավորվում է, որ Կադաստրը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը գրանցել է բացառապես օրինական հիմքերով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 18.02.2010 թվականի թիվ 612 առուվաճառքի պայմանագրի հիման վրա 25.02.2010 թվականին գրանցվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 58-60).

2) դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշման և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի հիման վրա Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով գործող պետական գրանցումը 26.08.2013 թվականին չեղարկվել է առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման, և Հովհաննես Սողոմոնյանին առաջարկվել է իրավունքի նոր պետական գրանցման համար ներկայացնել իրավահաջորդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (հատոր 2-րդ, գ.թ. 22).

3) 25.09.2013 թվականին կատարված իրավունքների պետական գրանցման հիմք են հանդիսացել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի որոշումը, 19.09.2013 թվականի թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 1-ին, գ.թ. 97-99).

4) Ըստ հայցի Հովհաննես Սողոմոնյանի ընդդեմ Անդրանիկ Սողոմոնյանի, Արթուր Միրզոյանի, Նորիկ Տեր-Գրիգորյանի և երրորդ անձ Ռուբեն Գևորգյանի` 01.11.2008 թվականի ու 18.02.2010 թվականի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով 08.09.2011 թվականին կայացված վճռով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն և վճռվել է`

«1. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` որպես շինծու գործարք, ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Արթուր Միրզոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

2. Արթուր Միրզոյանի և Նորիկ Տեր-Գրիգորյանի միջև 18.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` որպես շինծու գործարք, ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարել որպես անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր: Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրավատու ճանաչել Անդրանիկ Սողոմոնյանին, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել որպես գրավառու` 32.000 (երեսուներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով:

4. Քաղաքացիական գործի վարույթը` սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով կարճել, վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

5. Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժել» (հատոր 1-ին, գ.թ. 61-70).

5) թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 04.11.2011 թվականին կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն և որոշվել է`

«Մասնակիորեն բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճիռը` «Հայցը բավարարել մասնակի: 1. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Արթուր Միրզոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 2. Արթուր Միրզոյանի և Նորիկ Տեր-Գրիգորյանի միջև 18.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 3. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարել որպես անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր: Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրավատու ճանաչել Անդրանիկ Սողոմոնյանին, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել որպես գրավառու` 32.000 (երեսուներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով» մասով, և այդ մասով փոփոխել հետևյալ կերպ. «Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը` 01.11.2008 թվականի և 18.02.2010 թվականի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժել». մնացած մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ» (հատոր 1-ին, գ.թ. 71-80).

6) թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշման դեմ Հովհաննես Սողոմոնյանի և գործին մասնակից չդարձված անձանց վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.01.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 81-85).

7) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի «Կատարողական թերթի պարզաբանման մասին» 02.05.2013 թվականի որոշմամբ 16.11.2012 թվականին տրված թիվ ԵՄԴ/0348/02/11 կատարողական թերթը պարզաբանելու մասին հարկադիր կատարողի դիմումը բավարարվել է` պարզաբանվել է, որ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշման համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճռում փոփոխվել է միայն վճռի երրորդ կետը, այն է` «Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը` 01.11.2008 և 18.02.2010 թվականների առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին» մերժվել է, որպիսի հանգամանքը վերաբերում է նաև թիվ ԵՄԴ/0348/02/11 կատարողական թերթին: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ» (հատոր 2-րդ, գ.թ. 23-25).

8) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 19.09.2013 թվականին տրամադրված թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի համաձայն` Հովհաննես Սողոմոնյանն իր հանգուցյալ ծնողների` Ժենյա Հակոբյանի և Անդրանիկ Սողոմոնյանի ժառանգն է, իսկ ժառանգական գույքը վերջիններիս սեփականության իրավունքով պատկանած Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանն է (հատոր 1-ին, գ.թ. 153, 154):

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումից հետո այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրավաչափության գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց անշարժ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի պետական գրանցման սեփականության իրավունքի գործող պետական գրանցման չեղարկումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ է,

2) արդյո՞ք սեփականության իրավունքի պետական գրանցման այդպիսի չեղարկումից հետո կատարված սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կարող է անվավեր ճանաչվել սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման ընթացքում թույլ տրված օրենքի առերևույթ խախտումների հիմքով այն պայմաններում, երբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը չի վիճարկվել և ուժը կորցրած կամ ոչ իրավաչափ չի ճանաչվել:

Սույն հատուկ կարծիքով նախ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաբանական բնույթին ու նշանակությանը` հարցը դիտարկելով այն տեսանկյունից, թե արդյոք սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վարչական ակտ է, թե` ոչ:

i

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի հասկացության վերլուծությանը` արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

i

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Արձանագրում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաբանական բնույթի, բովանդակության, ինչպես նաև դրա ընթացակարգի հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավունքի դադարման պետական գրանցումն իրականացվում է գրանցված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու միջոցով, գրանցման մատյանում իրավունքի դադարման վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելով:

Նույն օրենքի` մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից: Սեփականության իրավունքի գործող պետական գրանցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է չեղարկվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ:

Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված է եղել, որ սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարում է այդ պետական գրանցումը չեղարկելու միջոցով: Այսինքն` մինչև 14.11.2016 թվականը գործող օրենսդրության համաձայն` սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վերացրել է այդ պետական գրանցումը` դադարեցնելով այդ վարչական ակտի իրավաբանական ուժը: Ընդ որում, սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն իրականացվել է գրանցման մատյանում սեփականության իրավունքի պետական գրանցման դադարման վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելով:

Օրենսդիրը մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում սահմանել էր, որ ընդհանուր կանոնի համաձայն` որևէ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ կատարվում է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Այս ընդհանուր կանոնը նշանակում է, որ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը չէր կարող չեղարկվել, եթե այդ գույքի նկատմամբ միաժամանակ չէր կատարվելու սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Այլ կերպ ասած, որպես կանոն, գույքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում այդ գույքի նկատմամբ նախկին սեփականատիրոջ իրավունքը չեղարկվում էր, իսկ նոր սեփականատիրոջ իրավունքը գրանցվում էր միաժամանակ` մեկ վարչական վարույթի շրջանակներում:

Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարել էր մեկ բացառություն. այն է` սեփականության իրավունքի գործող պետական գրանցումը կարող էր չեղարկվել առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման միայն այն դեպքում, երբ դա կատարվում էր գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա: Փաստորեն, մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր որևէ անձի մոտ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դատական ակտի հիման վրա դադարելու դեպքում այդ անձի սեփականության իրավունքի չեղարկման հնարավորություն` առանց տվյալ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի պետական գրանցման: Ընդ որում, տվյալ դեպքում առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման դատական ակտի հիման վրա դադարած սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկելու վերաբերյալ իրավասու վարչական մարմին կարող էին դիմել բոլոր շահագրգիռ անձինք, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող համապատասխան մարմինը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում արձանագրում ենք հետևյալը.

1) մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն անհատական ակտ է, քանի որ հասցեագրված է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում սեփականության իրավունքը դադարել է դատական ակտի հիման վրա, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր, և ուղղված է վերջինիս սեփականության իրավունքի վերացմանը,

2) մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ունի արտաքին ներգործություն, քանի որ առնչվում է այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ովքեր կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չեն գտնվում այն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում է վարչական մարմնի և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած իրավահարաբերությունները,

3) մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` Կադաստրի կողմից իրավական նորմերի հիման վրա կատարված միակողմանի կարգադրություն է` ուղղված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց,

4) մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձանց առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` դատական ակտի հիման վրա դադարած սեփականության իրավունքի վերացմանը,

5) մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական անձանց համար, քանի որ դրանով վարչական մարմինը, վերացնելով անձի սեփականության իրավունքը, վատթարացնում է վերջինիս իրավական և փաստացի դրությունը:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը տեղի էր ունենում ոչ թե նոր սեփականության իրավունքի պետական գրանցմանն ուղղված վարչական վարույթի, այլ առանձին վարույթի շրջանակներում: Իսկ առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գույքի նկատմամբ գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումից մինչև այդ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող էր անցնել որոշակի ժամանակահատված:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` հանգում ենք այն եզրակացության, որ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ է, քանի որ այն համապատասխանում է վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր որակական հատկանիշներին:

Այսպիսով, մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը` որպես վարչական ակտ, ունի իր ընդունման յուրահատուկ հիմքերը, ընթացակարգը, ինչպես նաև այդ վարչական ակտի ընդունումը հայցելու իրավունք ունեցող սուբյեկտների առանձնահատուկ կազմը: Ընդ որում, մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը` որպես վարչական ակտ, կարող է ինքնուրույն վիճարկվել վարչական կամ դատական կարգով, իսկ վերը նշված հանգամանքները կանխորոշում են այդ վարչական ակտի իրավաչափության գնահատման սահմանները:

Փաստում ենք, որ իրավակիրառ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գույքի նկատմամբ գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն առանձին չի վիճարկվում դատական կարգով, սակայն փոխարենը վիճարկվում է այդ չեղարկումից որոշակի ժամանակ անց նույն գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը` այդ հայցի հիմքում դնելով սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման ընթացքում թույլ տրված օրենքի առերևույթ խախտումների առկայությունը: Սույն որոշմամբ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նշված խնդրահարույց իրավիճակի մանրամասն վերլուծությանը և մշակել իրավական դիրքորոշումներ նմանատիպ գործերի քննության ծավալի ու շրջանակների վերաբերյալ:

Արձանագրում ենք, որ սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործել է 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որն ուժը կորցրել է 07.01.2014 թվականին, իսկ գործի քննությունն իրականացվել է 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որն ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին:

i

28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող էր պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

i

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վարչական դատավարությունում վիճարկման հայցի` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոցի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես արտահայտել է այն դիրքորոշումը, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում դատական քննության հիմնական օբյեկտն է (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկման հայցի շրջանակներում կարող է անվավեր ճանաչվել, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, թե՛ 28.11.2007 թվականի և թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը` ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:

i

Գտնում ենք, որ դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով: Ընդ որում, այն պարագայում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը չի կարող այդ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության հարցին. եթե վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի վիճարկման պահանջը տվյալ գործով հայցի առարկա չէ, ապա դատարանն իրավասու չէ ստուգելու այդ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը` ելնելով չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածից (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

Այսպես, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալու այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ` դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե՛ս, Լյուբով Փիլոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և այլոց թիվ ՎԴ/2085/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` գտնում ենք, որ ինչպես ցանկացած վարչական ակտի, այնպես էլ սեփականության իրավունքի պետական գրանցման` դատական կարգով վիճարկվելու դեպքում դրա իրավաչափությունը դատարանը ստուգում է վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Սեփականության իրավունքի պետական գրանցման վիճարկման հայցի մերժման կամ բավարարման հարցը լուծելիս դատարանը մասնավորապես պետք է պարզի, թե պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվե՞լ է արդյոք այն հանգամանքը, որ իրավունքի գրանցում հայցող անձն ունի կոնկրետ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը ենթակա է եղել պետական գրանցման` ըստ ներկայացված (վարույթի ընթացքում ձեռք բերված) իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների: Միևնույն ժամանակ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումից հետո կատարված սեփականության իրավունքի նոր պետական գրանցման վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանն իրավասու չէ անդրադառնալու սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաչափության հարցին` ելնելով այդ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից:

 

Իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արձանագրում ենք, որ սույն վարչական գործը հարուցվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես ածանցյալ պահանջ` պարտավորեցնել Կադաստրին` վերականգնել Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ: Սույն գործի փաստերի համաձայն` մինչև նշված վարչական ակտի ընդունումը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.02.2010 թվականից գրանցված է եղել Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը: Այնուհետև` 26.08.2013 թվականին, հարկադիր կատարողի դիմումով հարուցված վարչական վարույթի արդյունքում Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով գործող պետական գրանցումը դատական ակտերի հիման վրա չեղարկվել է առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման: Դրանից հետո` 25.09.2013 թվականին, Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրանցվել է Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը:

Դատարանը մերժել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցը` իր վճռի հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելիս Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն արդեն իսկ չեղարկված է եղել, իսկ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի գրանցումը մերժելու հիմքերը բացակայել են:

Վերաքննիչ դատարանը մերժել է Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի նշված դիրքորոշման հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` արձանագրում ենք հետևյալը.

Նախ և առաջ փաստում ենք, որ սույն գործում առկա տվյալների համաձայն` Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է նույն անշարժ գույքի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը 26.08.2013 թվականին չեղարկվելուց հետո: Ընդ որում, Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը կատարվել է մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ձևով` առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման, հարկադիր կատարողի դիմումով հարուցված վարույթում, դատական ակտերի հիման վրա: Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` գտնում ենք, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման` 26.08.2013 թվականին կատարված չեղարկումը վարչական ակտ է, քանի որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշներին: Թեև նշված վարչական ակտը միջամտող ազդեցություն ունի Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավական և փաստական կարգավիճակի նկատմամբ, սակայն այն երբևէ չի վիճարկվել, ոչ իրավաչափ կամ ուժը կորցրած չի ճանաչվել: Հետևաբար սույն գործի քննության շրջանակներում դատարաններն իրավասու չեն անդրադառնալու Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման` 26.08.2013 թվականին կատարված չեղարկման` որպես ինքնուրույն վարչական ակտի իրավաչափության հարցին` ելնելով այդ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից:

Նման պայմաններում գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի` Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը ենթակա է գնահատման բացառապես այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցների շրջանակներում: Տվյալ դեպքում, մասնավորապես, սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցման իրավաչափությունը որոշելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվել է, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա էր պետական գրանցման Հովհաննես Սողոմոնյանի անվամբ` ըստ ներկայացված (վարույթի ընթացքում ձեռք բերված) իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների:

Վերոգրյալ դատողությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով վիճարկվող վարչական ակտի` Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությանը` արձանագրում ենք հետևյալը.

Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման պահին նշված անշարժ գույքի նկատմամբ որևէ անձի սեփականության իրավունք գրանցված չէր, քանի որ այդ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել էր 26.08.2013 թվականին: Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման` 26.08.2013 թվականին կատարված չեղարկման և 25.09.2013 թվականին կատարված Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած են միևնույն դատական ակտերը` թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշումը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշումը:

Արձանագրում ենք, որ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի եզրափակիչ մասի 2-րդ կետով դատարանն անվավեր է ճանաչել Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վերոհիշյալ վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բողոքարկվել է և մտել է օրինական ուժի մեջ 18.01.2012 թվականին:

Նշված դատական ակտերի հարկադիր կատարման փուլում ծագած անհստակությունները հարթելու նպատակով հարկադիր կատարողը դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու խնդրանքով: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 02.05.2013 թվականին կայացրած «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշմամբ բավարարել է հարկադիր կատարողի դիմումը և պարզաբանել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշմամբ փոփոխվել է միայն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի 3-րդ կետը, իսկ մնացած մասով նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Փաստորեն, նշված դատական ակտում պարզաբանվել է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի եզրափակիչ մասի` Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ 2-րդ կետը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշմամբ չի բեկանվել և չի փոփոխվել, այլ մնացել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը դատավարության մասնակիցները չեն բողոքարկել:

Հիմք ընդունելով թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով վերոգրյալ զարգացումները` Կադաստրը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա չեղարկել է Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` կատարելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարզաբանված պահանջը: Այլ կերպ` Կադաստրը թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի բովանդակությունն ընկալել է այն կերպ, ինչպես որ այն արտացոլված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.05.2013 թվականին կայացված «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշմամբ, որն օրինական ուժի մեջ գտնվող վերջնական դատական ակտ է և պարտադիր է կատարման համար: Մեր գնահատմամբ սույն գործով պետք է ելնել այն կանխադրույթից, որ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկելիս Կադաստրն իրավաչափորեն է կատարել թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով վերը նշված դատական ակտերի պահանջները, քանի որ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաչափությունը սույն գործով չի կարող կասկածի տակ դրվել:

Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը, այդ թվում նաև` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.05.2013 թվականին կայացված «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշումը, իրավաչափորեն են դրվել նաև Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում: Նշված դատողության համար հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշումը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշումը հիմք են հանդիսացել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման համար միայն այնքանով, որքանով որ այդ դատական ակտերը հիմք են հանդիսացել նշված անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու համար, ինչը թույլ է տալիս կատարելու սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Այլ կերպ ասած` թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վերը նշված դատական ակտերը ոչ թե Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի իրավահաստատող փաստաթղթերն են, այլ այդ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման հիմքերը: Հաշվի առնելով, որ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն իրավաչափ վարչական ակտ է, հանգում ենք այն հետևության, որ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը կարող էին դրվել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում, քանի որ դրանք հաստատում են այդ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկված լինելը, ինչը թույլ է տալիս Կադաստրին կատարելու սեփականության իրավունքի նոր պետական գրանցում:

Արձանագրում ենք, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած` Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի իրավահաստատող փաստաթղթերը ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 19.09.2013 թվականին տրամադրված թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն են: Նշված վկայագրերով հաստատվում է, որ Հովհաննես Սողոմոնյանն իր հանգուցյալ ծնողների` Ժենյա Հակոբյանի և Անդրանիկ Սողոմոնյանի ժառանգն է, իսկ ժառանգական գույքը վերջիններիս սեփականության իրավունքով պատկանած Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանն է:

i

Այսպես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը (...):

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` իրավահաստատող փաստաթղթերն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերը և գույքագրման փաստաթղթերն են: Նույն օրենքի իմաստով գույքագրման փաստաթղթերը հողամասերի, շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական անձնագրավորում կամ գրանցում իրականացնող լիազոր մարմինների կողմից մինչև 1998 թվականի մարտի 1-ը կազմված` անշարժ գույքի գույքագրման, տեխնիկական անձնագրավորման կամ գրանցման արդյունքում կազմված կամ այդ գործառույթների ավարտի ձևակերպման համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերն են, իսկ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերն են օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձևակերպման համար անհրաժեշտ և բավարար գրավոր փաստաթուղթը, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտերը, դատական ակտերը, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար` այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթերը:

Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես ժառանգական զանգվածում ընդգրկված գույքը ժառանգության կարգով սեփականության իրավունքով ձեռք բերելու համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող փաստաթուղթ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է իրավահաստատող փաստաթուղթ և հիմք է ժառանգական զանգվածում ընդգրկված գույքի նկատմամբ այդ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Հետևաբար Կադաստրը պարտավոր էր ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 19.09.2013 թվականին տրամադրված թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա գրանցել Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ, քանի որ ժառանգության իրավունքի այդ վկայագրերով հաստատվում է Հովհաննես Սողոմոնյանի կողմից նշված անշարժ գույքի նկատմամբ ժառանգության կարգով սեփականության իրավունքի ձեռքբերման փաստը: Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարույթի ընթացքում ձեռք բերված իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների միջոցով հաստատվում է, որ Հովհաննես Սողոմոնյանը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ ունեցել է ժառանգության կարգով ձեռք բերված սեփականության իրավունք, որը ենթակա է եղել պետական գրանցման այդ գույքի նախկին սեփականատիրոջ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկված լինելու պայմաններում:

i

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, հանգում ենք այն եզրակացության, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրինական հիմքերով, և գրանցման վարույթում Կադաստրը թույլ չի տվել օրենքի որևէ խախտում: Հետևաբար Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ վարչական ակտ է և ենթակա չէ անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Նման պայմաններում Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից ներկայացված պահանջը ենթակա է մերժման, ինչն էլ իր հերթին հանգեցնում է դրանից ածանցյալ` Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերականգնելուն Կադաստրին պարտավորեցնելու պահանջի մերժմանը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հաստատվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, մերժելով Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և այդ անշարժ գույքի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերականգնելուն պարտավորեցնելու վերաբերյալ վերջինիս հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, գտնում ենք, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

Վերոգրյալ հանգամանքներից ելնելով` գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը պետք է թողնվեր անփոփոխ` վերը շարադրված պատճառաբանություններով, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվեր նշված որոշմանը համապատասխան:

 

Դատավորներ Ռ. Հակոբյան

Գ. Հակոբյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ/9420/05/13
Որոշում