Սեղմել Esc փակելու համար:
{16.08.2018 - 03.04.2021} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.08.2018 - 03.04.2021} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ Հ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.08.2018  -ից մինչեւ   03.04.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0597.160512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 686-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 01.04.2021 թիվ 469-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 597-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք իրականացնում են ռազմական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:

3. Բուհերի առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետ` ցանկ) համաձայն:

4. Սույն կարգի համաձայն բուհեր ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) հաստատած տեղերի:

5. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:

6. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները բուհեր կարող են ընդունվել` համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

7. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ:

8. Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը:

9. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններն են, իսկ 2021/2022 ուսումնական տարում նաև Արարատյան բակալավրիատի քննությունները: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները (2021/2022 ուսումնական տարում) կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը` «Այբ» կրթական հիմնադրամը` ԳԹԿ-ի հետ համատեղ:

10. Տվյալ ուսումնական տարում դիմորդն ընդունելության քննությունը կարող է հանձնել միայն մեկ անգամ:

11. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, (պարսկերեն) առարկաներից:

12. Միասնական քննությունները և մասնագիտության հայտագրումն անցկացվում են երկու փուլով` առաջին և երկրորդ:

13. Առաջին փուլն ընդգրկում է`

1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը:

14. Երկրորդ փուլը տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն ու տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննությունների հանձնումն է:

15. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի համար` 150 րոպե:

16. Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ մասնագիտության առանձնահատկություններից:

17. Կենտրոնացված քննություններն են գրավոր (ստեղծագործական) քննությունը և «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները:

18. Կենտրոնացված քննությունները կազմակերպվում են մեկ փուլով` տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

19. Կենտրոնացված քննությունների տևողությունն է`

1) գրավոր (ստեղծագործական) քննությունը` 240 րոպե.

2) բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը` 30 րոպե:

20. Բուհեր ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունները կազմակերպվում են նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

21. Ներբուհական են`

1) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» ու Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

6) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

7) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Լրագրության հիմունքներ» և «Լրագրության տեսության պատմություն» մասնագիտական առարկաների քննությունները.

9) Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

10) Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

11) Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

12) Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

13) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

14) Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

15) Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

16) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները:

22. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 21-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված ու նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

23. Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով` տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

24. Հանրակրթական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, ընդունելության քննությունները միայն երկրորդ փուլում կարող են հանձնել ռուսերեն թարգմանությամբ` բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» և մյուս օտար լեզուների քննությունների:

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ, ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

25. Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների և մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ` ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) դիմորդը կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը` մինչև ժամը 18:00-ն լրացնում է ընդունելության դիմում-հայտը: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների` ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.

4) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

5) դիմորդն ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական և կենտրոնացված քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար.

6) ընդունելության դիմում-հայտ լրացնելու ընթացքում դիմորդն անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել դպրոցի օժանդակությունից.

7) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

8) դիմորդը քննության ընդունելության դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը.

9) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում:

26. Ընդունելության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) ընդունելության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է դիմորդների ցուցակները` ըստ քննական առարկաների և կենտրոնների.

2) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով` դիմորդին: Կենտրոնացված և ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին անցաթուղթը տրամադրում է բուհը.

3) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.

4) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղից ստացել է ԳԹԿ անձնական համար: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

27. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով ԳԹԿ-ն կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատություն:

28. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17:00-ն: Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում:

29. Երկրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց` անձնական համար ստանալու: Դպրոցը երկրորդ փուլի դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

30. Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:

31. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել`

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:

32. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողին տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունը և ընտրած մասնագիտությունը, իսկ վկայագիր ունեցող զինծառայողը` մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկան և մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 91-րդ կետով սահմանված արտոնությունից:

33. Բուհի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):

34. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

35. Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`

1) սույն կարգի 85-րդ, 89-րդ, 91-րդ և 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը.

2) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում.

4) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

36. Սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

37. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնում են իրենց ընդունելության դիմում-հայտում և մինչև տվյալ տարվա հուլիսի 12-ը ուղարկում ԳԹԿ:

38. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում ԳԹԿ-Ն դիմորդին է տալիս վկայագիր, որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

39. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը կարող է հաջորդ տարի վերահանձնել և մասնակցել տվյալ տարվա մրցույթին ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

40. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա»,»Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

41. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի բազայում նույն դիմորդի` մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

42. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`

1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)», «023201.09.6 Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» կրթական ծրագրերի)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

2) «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն (»023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան)», մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր քննություն, «023102.00.6 Օտար լեզու և գրականություն (»023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր)» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկայից:

43. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:

44. Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:

45. «091201.00.7 Բուժական գործ», «091101.00.7 Ստոմատոլոգիա», «091601.00.6 Ֆարմացիա», «091202.00.7 Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունների դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:

46. Սույն կարգի 45-րդ կետում նշված մասնագիտությունների համար մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշված առարկայի քննական գնահատականին:

 

III. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

47. Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից` մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը` մինչև ժամը 18:00-ն:

48. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվողները և առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընդունելության երկրորդ փուլի դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել` մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17: 00-ն:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ` ԿՈՐՑՐԱԾ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

49. Դիմորդը քննական թերթիկը կորցնելու մասին առցանց եղանակով տեղեկացնում է ԳԹԿ-ին:

50. ԳԹԿ-ն 24 ժամվա ընթացքում դիմորդին է տալիս նոր քննական թերթիկ: Նոր քննական թերթիկում քննության օրերը չեն փոխվում` բացառությամբ սույն կարգի 51-րդ կետում նշված դեպքի:

51. Եթե քննական թերթիկը կորել է քննության օրը կամ տվյալ առարկայի քննությունների վերջին օրը, ապա քննական թերթիկը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի տվյալների բազայի հիման վրա:

 

V. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

52. Միասնական քննությունների կազմակերպումը`

1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 25-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 40 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.

7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: ԳԹԿ-ի տնօրենը հաստատում է նաև պատասխանատու օպերատորների ցուցակը, ովքեր իրենց քննական կենտրոններում կազմակերպում են օպերատորների աշխատանքը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.

8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` ԳԹԿ-ի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը ԳԹԿ-ի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.

9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի դիմորդ` ևս մեկ կազմակերպիչ.

10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ, այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.

13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,

բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ.

15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.

16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

17) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.

18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.

20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը քննական կենտրոնի ղեկավարից գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ, ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքին.

22) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.

23) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

53. Միասնական քննության անցկացումը`

1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.

3) միասնական քննությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9:30-ին.

4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով` քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.

8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է` «Խոտանված է».

9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը.

10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում` հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

14) դիմորդի` քննությունից հեռացվելու փաստը դիմորդի բողոքի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում, որն ընդունում է որոշում դիմորդին երկրորդ փուլի քննությանը թույլատրելու կամ չթույլատրելու մասին.

15) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը.

16) հարգելի պատճառով միասնական քննությանը չներկայացած (հիվանդություն, պատահար և այլն), հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում երկրորդ փուլի միասնական քննության օրը:

54. Միասնական քննության ավարտը`

1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.

4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:

55. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`

1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.

2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.

3) ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

56. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`

1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.

2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.

3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:

57. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`

1) միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը` բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Երկրորդ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.

2) ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.

3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից.

4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.

5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: ԳԹԿ-ն միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է դպրոցներ.

6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի` միջնակարգ կրթության ատեստատում.

7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից.

8) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները.

9) վկայագրի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

10) դիմորդները մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձը հաստատող փաստաթուղթը:

58. Միասնական քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`

1) բողոքարկումը կարող է լինել`

ա. քննության անցկացման կարգի խախտման մասին,

բ. քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին.

2) բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա.

3) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ ԳԹԿ-ի ներկայացուցչին.

4) պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.

5) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է ԳԹԿ.

7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.

8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.

9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու երկրորդ փուլի քննությանը.

10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`

ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.

11) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ը կարող է բողոքարկել այն.

12) արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն պատասխանատու օպերատորին, որտեղ հանձնել է քննությունը: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները ԳԹԿ է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.

13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա առաջին փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՆԱՎՈՐ ԵՎ ԳՐԱՎՈՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

59. Կենտրոնացված ընդունելության քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը` մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը:

60. Կենտրոնացված ընդունելության քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով):

61. Քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

62. Քննական հանձնաժողովը կազմում է քննական տոմսերը, տարբերակները և քննական այլ նյութեր, ստորագրում և ծրարում է քննական տոմսերի բնագրերը, որոնք կնքվում են գնահատման և թեստավորման կենտրոնի կնիքով և մինչև տվյալ քննության օրը պահվում ԳԹԿ-ում:

63. Քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում ու ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն, որի պատճենը հանձնում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողովին:

64. Կենտրոնացված քննության արձանագրությունը պարտադիր կերպով ստորագրում է քննական հանձնաժողովի նախագահը:

65. Կենտրոնացված բանավոր քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`

1) կենտրոնացված բանավոր քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.

2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան.

3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.

4) դիմորդների ցուցակում դիմորդն իր անվան դիմաց ստորագրում է, որից հետո քննասենյակում ընտրում է քննատոմսը.

5) քննատոմսն ընտրելուց հետո դիմորդը քննասենյակում ստանում է բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանը, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները: Պատասխանին նախապատրաստվելու համար դիմորդին տրվում է առավելագույնը 40 րոպե.

6) դիմորդի պատասխանը գնահատվում է 20-միավորանոց համակարգով.

7) անբավարար գնահատականները և 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.

8) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով.

9) կենտրոնացված բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու` դիմելով քննական հանձնաժողովի նախագահին` մինչև քննասենյակից դուրս գալը.

10) կենտրոնացված բանավոր քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում են ևս 2 քննող դասախոս.

11) կենտրոնացված բանավոր քննությունները տեսաձայնագրվում են:

66. Կենտրոնացված գրավոր քննության անցկացումը`

1) հանձնաժողովի նախագահը կենտրոնացված գրավոր քննության օրն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.

2) դիմորդների մուտքը կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոն կատարվում է համաձայն դիմորդների ցուցակի.

3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են առարկայական հանձնաժողովի նախագահը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.

4) քննական հանձնաժողովի նախագահն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ ճշտում է քննությանը ներկայացած դիմորդների թիվը, որից հետո քննական տետրերը բաժանում են դիմորդներին, բացատրում տիտղոսաթերթի լրացման ձևը.

5) քննական տետրերը բաղկացած են տիտղոսաթերթից ու 10 թերթից, ծածկագրված են, կնքված գնահատման և թեստավորման կենտրոնի և ընդունող հանձնաժողովի կողմից.

6) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ստուգում է տիտղոսաթերթի ճիշտ լրացված լինելը, կազմում արձանագրություն տիտղոսաթերթերի թվի մասին: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը ԳԹԿ-ին է հանձնում կնքված տիտղոսաթերթերը, դրանք ապածածկագրվում են, և գրանցված տվյալները մուտքագրվում են բազայում.

7) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն արձանագրությունը ԳԹԿ-ին է հանձնում քննությունից հետո.

8) քննական տարբերակները դրվում են սեղանին, դահլիճից հրավիրվում են դիմորդներ` ընտրելու համապատասխան թվով քննական տարբերակներ: Գործընթացին կարող են ներկա լինել դիմորդների ծնողները.

9) կենտրոնացված գրավոր քննության ամբողջ ընթացքում քննասենյակում պետք է ներկա լինեն քննական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2012
N 597-Ն
Որոշում