Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 983-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 983-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ` տուժած ոլորտ) վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` շահառու):

2. Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները`

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.

2) հանրային սննդի ծառայություններ.

3) զբոսաշրջային ծառայություններ.

4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).

6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.

7) կինոթատրոնների գործունեություն.

8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.

9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

12) խաղատների գործունեություն.

13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:

(2-րդ կետը փոփ. 29.06.2020 թիվ 1090-Լ որոշում)

3. Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ), ապա գործատուի վարձու աշխատողներին աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս: Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները:

4. Վարձու աշխատողները (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները) շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում, եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը):

Սույն կետում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է` անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից:

5. Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում` անկախ 2020 թվականի առաջին եռամսյակում իրացման շրջանառության չափից:

6. Սույն հավելվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված` տուժած ոլորտների գործատուների և անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը, անհատ ձեռնարկատերերի դեպքում նաև անհատ ձեռնարկատերերի ՀԾՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ` ծառայություն) տրամադրում է` հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված` հարկ վճարողների կողմից 2020 թվականի որևէ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը: 2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է dimum.ssa.am կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում: Դիմումում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից համեմատվում է կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության հետ և առավել տուժած ոլորտներին պատկանելու հանգամանքը հերքվելու դեպքում այդ տնտեսավարողների տվյալները (ՀՎՀՀ և ՀԾՀ) չեն տրամադրվում ծառայությանը: Սույն պարբերությունում նշված դիմումները dimum.ssa.am կայքում կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը:

(6-րդ կետը փոփ. 29.06.2020 թիվ 1090-Լ որոշում)

7. Աջակցությունը տրամադրվում է միանվագ` նվազագույն աշխատավարձի չափով:

8. Աջակցությունը նշանակում և վճարում է ծառայությունը` շահառուի կողմից հttps://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա: Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

9. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

3) ամփոփ տեղեկատվություն տուժած ոլորտների գործատուների թվի, աջակցություն ստացած աշխատողների և նրանց վճարված գումարների վերաբերյալ:

10. Համատեղությամբ աշխատող, միաժամանակ վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ:

11. Ծառայությունը, հիմք ընդունելով սույն միջոցառման 6-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը, ձևավորում է շահառուների ցանկ:

12. Շահառուների ցանկում ներառվում են շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, գործատուի ՀՎՀՀ-ն:

13. Դիմումը ներկայացնելու համար անձը https://dimum.ssa.am/ կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը ծառայություն է ներկայացնում`

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) շահառուի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը:

(13-րդ կետը փոփ. 01.04.2021 թիվ 446-Լ որոշում)

14. Ծառայությունն առցանց ռեժիմում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը շահառուների ցանկում:

15. Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում ծառայությունը հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը: Դիմումը մերժելու դեպքում (եթե շահառուն ընդգրկված չէ շահառուների ցանկում) շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն:

16. Ծառայությունն օրական պարբերականությամբ սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը համադրում է շահառուների ցանկի հետ և ձևավորում է վճարման ցուցակ:

17. Վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները հանվում են շահառուների ցանկից:

18. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը:

19. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

20. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին:

21. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

22. Աջակցության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում:

23. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1038-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու:

(23-րդ կետը լրաց. 29.06.2020 թիվ 1090-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 983-Լ
Որոշում