Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0046/01/09

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

    2021 թվականի փետրվարի 1-ին                       ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հակոբ Վարդանեսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ Հ.Հակոբյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը:

2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ 58200608 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին ու նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

2008 թվականի մարտի 3-ին Հակոբ Հակոբյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով և նույն օրը ձերբակալվել է:

2008 թվականի մարտի 5-ին Հ.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Հ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով:

2009 թվականի մարտի 31-ին դատախազների կողմից որոշում է կայացվել Հ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն որոշմամբ Հ.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:

2009 թվականի մարտի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ քրեական գործից ամբաստանյալ Հ.Հակոբյանի մասը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով անջատվել է առանձին վարույթ:

Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով Հ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով: Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` 2009 թվականի հունիսի 19-ի` «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը և նա ազատվել է պատժի կրումից:

3. Պաշտպան Մ.Առուստամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Պաշտպան Մ.Առուստամյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2020 թվականի օգոստոսի 19-ին Հ.Հակոբյանը հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Հակոբ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Հակոբ Հակոբյանը և այլոք երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:

Հասարակության լայն շրջանակներում դժգոհություն առաջացնելու, մարդկանց նոր զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորմամբ Հակոբ Հակոբյանը և մյուսները, տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008 թվականի փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ հավաքված բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների:

Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռքբերված հրազենի և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:

Հակոբ Հակոբյանը նյութապես շահագրգռել կամ հարկադրաբար Երևան քաղաքի Մալաթիա թաղամասից հավաքագրել է Լավրենտ Գասպարյանին, Մուշեղ Անտոնյանին, Արա Հարությունյանին, Աշոտ Մելքոնյանին և մարդկանց նոր խմբեր, ապահովել նրանց տեղափոխումն ու մասնակցությունը զանգվածային միջոցառումներին, անմիջականորեն ղեկավարել ու առաջնորդել է նրանց` օգտագործելով Արցախի ազատագրական պայքարի ընթացքում ձեռքբերած հրամանատարական հեղինակությունն ու փորձը, ունեցած ազդեցությունը: Հավաքված բազմությունն առավել ոգևորելու նպատակով, ի նշան ուժի ցուցադրության` Ազատության հրապարակում պարբերաբար շրջել է թիկնապահների և զինակիցների ուղեկցությամբ:

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ:

Այնուհետև զանգվածային միջոցառման մասնակիցները Հակոբ Հակոբյանի և մյուս հանցակիցների ուղղորդմամբ ու հրահանգով տեղափոխվել, Վիրաբ Մանուկյանի և այլոց կազմակերպմամբ հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու ու հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու հրահանգներ են տվել:

Հակոբ Հակոբյանի կողմից հավաքագրված Արմեն Ֆարմանյանի, Գաբրիել Գաբրիելյանի, ինչպես նաև մյուս կազմակերպիչների հավաքագրած այլ անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենք, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, այլ առարկաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ: Բացի այդ, Հակոբ Հակոբյանի հանձնարարությամբ, աշխատանքից ազատելու սպառնալիքով, վերջինիս պատկանող «Անուշ» ՏԱՄ ՍՊԸ-ի և Մալաթիայի գյուղմթերքի շուկայի 200-ից ավելի աշխատակիցների` Ամատունի Սարգսյանին, Մակար Սահակյանին, Սերոբ Սերոբյանին, Մարտուն Շուշանյանին, Վլադիմիր Եսայանին, Արամ Գրիգորյանին և այլոց 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 11-ի սահմաններում, պարտավորեցրել են ավարտել աշխատանքը, հավաքվել նրա տան մոտ և արդեն այդտեղ հավաքված թաղամասի բնակիչների հետ գնալ քաղաքապետարանի հարակից տարածք` միանալու հավաքված բազմությանը:

Արդյունքում` 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ:

Զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո: (...)»(1):

______________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 168-315:

 

7. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանական կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Գաբրիել Գաբրիելյանին(2), ինչը դատարանի կողմից մերժվել է(3):

__________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 25-26:

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 57-59:

 

7.1. Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարվել, որ Հ.Հակոբյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր գործադրելով և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով(4):

_____________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 166-186:

 

7.2. Առաջին ատյանի դատարանն իր կողմից հաստատված հանգամանքների հիմքում դրել է. վկաներ` ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Մ.Մխիթարյանի, Ա.Մկրտչյանի, Գ.Այվազյանի, Ս.Հակոբյանի, Ա.Կիրակոսյանի, Մ.Թելոյանի, Ա.Խաչատրյանի, վկաներ Հ.Աթոյանի, Ա.Հարությունյանի, Մ.Անտոնյանի, Ա.Պետրոսյանի, սույն գործից անջատված գործով` Երևան քաղաքի քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտված Լավրենտ Միշայի Գասպարյանի ցուցմունքները, վերջինիս և Գաբրիել Գաբրիելյանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները, սույն գործից անջատված թիվ 622202608 քրեական գործով մեղադրյալ Համլետ Հովհաննիսյանի ցուցմունքները, գործին կցված` 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների ժամանակ հանցագործություններ կատարելու համար դատապարտված Հ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների առկայության փաստը, Երևանի քաղաքապետի 01/7-6295հ գրությամբ և դրան կից ներկայացված վնասի չափն ու վերականգմանն ուղղված ծախսերը հիմնավորող ակտերով զանգվածային անկարգությունները պատկերող տեսասկավառակները, նյութագիտական փորձաքննության թիվ 08-0142, սառը զենքի փորձաքննության թիվ 479, դատապայթունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 07100803, դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 357 եզրակացությունները, 2008 թվականի փետրվարի 24-ին կատարված տեղանքի զննման արձանագրությունները, սառը զենքի փորձաքննության թիվ 300 և 301 եզրակացությունները, սառը զենքի փորձաքննության թիվ 633 և 492 եզրակացությունները, դատապայթունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 07050803 եզրակացությունը, պայթունատեխնիկական փորձաքննության թիվ 12960803 եզրակացությունը, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատապայթունատեխնիկական համալիր փորձաքննության թիվ 09410802, 09320802, 09400802 եզրակացությունները, 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության իրականացրած միջոցառումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գրությունը, 2008 թվականի փետրվարի 21-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանում կազմակերպված զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գրությունը, կից ներկայացված լազերային տեսասկավառակը և քրեական գործի այլ նյութերը(5):

____________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 112-134:

 

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ արձանագրել է, «(...) Հակոբ Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը և նրա մեղքը հաստատված, պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկները հերքված են քրեական գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Հակոբ Վարդանեսի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով օրինական, հիմնավորված, պատճառաբանված է և վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները դատական ակտը բեկանելու, արդարացման դատավճիռ կայացնելու հիմք համարվել չեն կարող, ուստի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Քրեական գործի քննության նախորդ փուլերի ընթացքում քրեական և դատավարական նորմերի էական խախտումներ թույլ չեն տրվել: (...)»(6):

________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 112-134:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածին, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման մասին ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի ապացուցվել, թե կոնկրետ ինչ եղանակներով և գործողություններով են դրսևորվել իրեն մեղսագրված հանցավոր արարքները: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ գործով վկա հանդիսացող ոստիկանության աշխատակիցներից որևէ մեկը չի հայտնել, որ ինքը 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ուղղորդել կամ ղեկավարել է ոստիկանությանը դիմադրություն ցույց տվողների գործողությունները: Ավելին, վկա Ա.Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը շրջապատում, հատկապես Երևանի քաղաքապետարանի տարածքում հավաքվածների շրջանում վայելել է մեծ հեղինակություն և դրա ազդեցությամբ կարողացել է կանխել հակաօրինական գործողությունները և օժտված է եղել լուրջ կազմակերպչական հնարավորություններով:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը, դատավճռի հիմքում դնելով Լ.Գասպարյանի ցուցմունքը և Գ.Գաբրիելյանի ու Լ.Գասպարյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի դատավճիռը, խախտել է Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը մերժելով Գ.Գաբրիելյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը` պաշտպանության կողմին զրկել է հնարավորությունից` հարցեր ուղղելու այն անձին, որի միջոցով ինքը, ըստ մեղադրական եզրակացության, ապա` նաև դատավճռի, կազմակերպել է զանգվածային անկարգություններ:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են նաև վկաներ Հ.Հովհաննիսյանի, Ա.Հարությունյանի, Մ.Անտոնյանի, Հ.Աթոյանի ցուցմունքներն այն պայմաններում, երբ վերջիններիս ցուցմունքներում չկա մի տվյալ, որով կհաստատվեր, որ ինքը կազմակերպել է զանգվածային անկարգություններ:

Բողոք բերած անձի կարծիքով, լազերային սկավառակների զննում կատարելու մասին արձանագրությունները չէին կարող համարվել թույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք ստացվել են տարբեր լրատվամիջոցներից, օպերատիվ ծառայություններից և անհատ անձանցից, և գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կվկայեր այս կամ այն տեսասկավառակը կամ նկարահանված տեսանյութը որևէ լրատվական միջոցից, որևէ անհատ քաղաքացուց կամ օպերատիվ ծառայության կողմից տրամադրված լինելու փաստը:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը: Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ(7):

___________________________

7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01:

 

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման: Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը` հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ` արդարադատության պատշաճ իրականացման համար: Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»` կամ հօգուտ անձի, կամ հակառակը(8):

_______________________________

8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133:

 

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

12.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Նույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»(9):

______________________________

9) Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:

 

12.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը` թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(...) Հիմնարար խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»(10):

____________________________

10) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը:

 

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:

13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով(11) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

___________________________

11) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

 

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե` ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ(12),

_____________________________

12) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետերը, Huseyn and Others v. Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետերը:

 

- որպես ընդհանուր կանոն` դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել` արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը` կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի` համեմատած իր հակառակորդի հետ»(13),

___________________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետերը:

 

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին(14),

_________________________

14) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետը, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետը, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետը:

 

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն(15),

__________________________

15) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Topic v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետը:

 

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին(16),

__________________________

16) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետը:

 

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները(17):

___________________________

17) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետը, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետը, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետը:

 

13.2. Միևնույն ժամանակ, անդրադառնալով նկարագրված իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների ամբողջությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրել է նաև, որ`

ա) առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել(18),

____________________________

18) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233:

 

բ) առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները(19),

_______________________________

19) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 248:

 

գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց` ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետևաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց` խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»(20),

___________________________

20) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Smbat Ayvazyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ 44841/08 և 63701/09, կետ 123, Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, կետ 234:

 

դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար` անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար(21):

_____________________________

21) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Smbat Ayvazyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, կետ 132, Jhangiryan v. Armenia գործով վճիռը, 126-րդ կետը, ինչպես նաև Hakobyan and Others v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Հ.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և մյուսները տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008 թվականի փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ հավաքված բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների, որոնց արդյունքում, սկզբում` 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, Ազատության հրապարակում հանրավտանգ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ այնուհետև իր և այլոց կողմից հավաքագրված այլ անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենք, և այլ առարկաներ, և 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում ու Երևան քաղաքի տարբեր վայրերում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին(22),

_____________________________

22) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Գաբրիել Գաբրիելյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է(23): Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարել, որ Հ.Հակոբյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր գործադրելով և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով(24),

_______________________________

23) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

24) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ քրեական գործի քննության նախորդ փուլերի ընթացքում նյութական և դատավարական նորմերի էական խախտումներ թույլ չեն տրվել(25):

_____________________________

25) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանները, Հ.Հակոբյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվել են ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ստորադաս դատարանները Հ.Հակոբյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին` այն դեպքում, երբ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մասնավորապես, սույն գործով ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալների ծավալի` ուղղակի և անուղղակի ապացույցների ամբողջության համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Հ.Հակոբյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Մ.Մխիթարյանի, Ա.Մկրտչյանի, Գ.Այվազյանի, Ս.Հակոբյանի, Ա.Կիրակոսյանի, Մ.Թելոյանի, Ա.Խաչատրյանի ցուցմունքներն են:

Վերոգրյալի հետ մեկտեղ, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Հ.Հակոբյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Այսինքն` բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու վկա Գաբրիել Գաբրիելյանին և ապացուցողական զանգվածում ներառելու նրա ցուցմունքները, որոնք կարող էին կասկածի տակ դնել ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորել դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշած վարկածը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, առերևույթ ստվերում են գործով ձեռքբերված ապացուցողական զամբյուղի լիարժեքությունն ու վկայում Հ.Հակոբյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքների խախտման մասին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալի համատեքստում սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի իրավական ռեժիմով վճռաբեկ բողոքը քննության առնելու պայմաններում, չի անդրադառնում 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ` ապացուցողական զամբյուղում ներառված փաստական տվյալների վերաբերյալ արդեն իսկ տրված գնահատականներին:

16. Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով սույն գործով Հ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների ամբողջությանը, սույն որոշման 13.2-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` մի կողմից` նկատի ունենալով, որ Հ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` այդ թվում` 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով, մյուս կողմից` հաշվի առնելով այդ մեղադրանքի հաստատման համար սույն գործով ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալների ծավալը, այդ թվում` անուղղակի ապացույցների ամբողջությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թույլ տրված խախտումները վերացնելու, ապացույցները ողջ ծավալով համակողմանի հետազոտման ենթարկելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

17. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Հակոբ Վարդանեսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է գնահատման ենթարկի գործով ձեռքբերված ապացույցների ծավալը, այդ թվում` անդրադառնալով նաև դրանց հետ փոխկապակցված` սույն որոշման 9-րդ կետում նշված բողոքաբերի փաստարկներին և գործի լուծման համար Հակոբ Հակոբյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարության հարցում հանգի վերջնական հետևության:

18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հակոբ Վարդանեսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 1 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2021
N ԵԿԴ/0046/01/09
Որոշում