Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 397-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Գործ թիվ ԱՎԴ/0104/01/19

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում ԱՎԴ/0104/01/19

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

    Դատավորներ`        Կ. Մարդանյան

                       Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև

Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    2021 թվականի մարտի 9-ին                          ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի և պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի մարզի դատախազությունում 2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 44201119 քրեական գործը, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Համլետ Եղիշի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ` 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2019 թվականի օգոստոսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, յուրաքանչյուր դրվագով, Հ.Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կարգով` հիմնական պատիժները մասնակիորեն, իսկ լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում` կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 3 (երեք) տարի ժամկետով: Հ.Ղազարյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և վերջինս ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նրան թողնվել է կրելու լրացուցիչ պատիժը:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը` անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հ.Ղազարյանը և պաշտպան Լ.Սիմոնյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Համլետ Ղազարյանին երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ. «Նա, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն` մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով` 2.011.857 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:

Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի` Արևհատ Կարենի Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար:

Նկարագրված գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Համլետ Եղիշի Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված գույքը` Ջրահովիտի համայնքապետարանի դրամական միջոցները վատնելու և յուրացնելու դիտավորությամբ, իր հարս Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի` թիվ 12 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով, 2011 թվականի հոկտեմբերի 3-ին վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ-հավաքարար: 2014 թվականի նոյեմբերի 28-ին, հաստիքացուցակային փոփոխություններ լինելու պատճառով Համլետ Ղազարյանը թիվ 16 հրամանով Արևհատ Սարգսյանին ազատել է աշխատանքից և նույն հրամանով ընդունել աշխատանքի որպես հավաքարար, որպիսի հաստիքում Արևհատ Սարգսյանը հրամանագրված է եղել մինչ 2015 թվականի ապրիլի 1-ը: 2015 թվականի ապրիլի 1-ին Համլետ Ղազարյանն Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի` թիվ 5 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ, որպիսի հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հունվարի 8-ը: 2018 թվականի հունվարի 8-ին Համլետ Ղազարյանն իր մյուս հարս Լուսինե Մարտիրոսյանի դիմումի հիման վրա, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի թիվ 17 հրամանով, այնուհետև` աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի` որպես համայնքապետարանի հավաքարար: Հիշյալ հաստիքում Լուսինե Մարտիրոսյանը հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը:

Վերոգրյալ ողջ ժամանակահատվածներում Արևհատ Սարգսյանն ու Լուսինե Մարտիրոսյանն իրականում աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, վերջիններիս համար կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես նաև համայնքապետարանին պատկանող դրամական միջոցները հափշտակելու շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել է հարսներին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, արձակուրդ տրամադրելու մասին կեղծ հրամաններ, կեղծ աշխատանքային պայմանագրեր, ստորագրել և Ջրահովիտի համայնքապետարանի կնիքով կնքել է իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր` դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, թե իբր Արևհատ Սարգսյանը և Լուսինե Մարտիրոսյանը վերը նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի:

2011 թվականի հոկտեմբերի 3-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի փոխարեն նրա աշխատանքային պարտականությունները փաստացի կատարել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի 6/24 հասցեի բնակչուհի Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Արևհատ Սարգսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը` ընդհանուրը 927.870 ՀՀ դրամ գումարի չափով:

2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանը աշխատանքի չի հաճախել, և նրա փոխարեն որևէ մեկը փաստացի չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ կեղծ տեղեկագրերի հիման վրա գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել ընդհանուրը` 1.837.100 ՀՀ դրամ աշխատավարձ, որը փաստացի ստացել և յուրացման եղանակով հափշտակել է Համլետ Ղազարյանը: Այդ նույն ժամանակահատվածում Ջրահովիտի համայնքապետարանի կողմից Արևհատ Սարգսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ` ընդհանուրը 147.233 ՀՀ դրամի չափով:

2018 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի փոխարեն համայնքապետարանի հավաքարարի պարտականությունները, ևս, փաստացի կատարել է Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Լուսինե Մարտիրոսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը` ընդհանուր 389.140 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանի կողմից նույն ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ` ընդհանուրը 27.524 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, վատնել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդներին փոխանցված ընդհանուրը 174.757 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև յուրացրել է 2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի միջոցներից դուրս գրված` ընդհանուրը 1.837.100 ՀՀ դրամ գումար աշխատավարձը: Այսինքն` Համլետ Ղազարյանը յուրացման և վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված` Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով 2.011.857 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այսինքն` Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքների համար, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, Համլետ Եղիշի Ղազարյանը, ՀՀ պետական դրամական միջոցներից զգալի չափերով հափշտակություն կատարելու շահադիտական նպատակով կազմել և 2013 թվականի հունվար ամսին սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալություն է ներկայացրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իր հարս Արևհատ Սարգսյանը հանդիսանում է Ջրահովիտ համայնքապետարանի աշխատակից և 16.01.2013 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքի հիման վրա Արևհատ Սարգսյանը 28.02.2013 թվականին հաշվառվել է սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և ձեռք բերել խնամքի նպաստ ստանալու իրավունք: Նկարագրված խաբեության, այն է` ակնհայտ կեղծ տեղեկանքով պետական մարմնին իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու եղանակով Համլետ Ղազարյանն ու Արևհատ Սարգսյանը 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներից մաս-մաս ստացել և խմբի կազմում խարդախությամբ հափշտակել են զգալի չափերով` ընդհանուրը` 396.000 ՀՀ դրամ գումար:

Այսինքն` Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»(1):

_________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 38-42:

 

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Համլետ Ղազարյանը կատարել է չորս դրվագ միջին ծանրության դիտավորյալ հանցանքներ, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, խնամքի տակ է գտնվում երրորդ կարգի հաշմանդամ կինը` Սաթենիկ Ղազարյանը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ` դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն համարում է ամբաստանյալի կողմից հանցագործությունները բացահայտելուն աջակցելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը և անկեղծորեն զղջալը:

(...)

Հաշվի առնելով արարքների հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները և ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանին մեղսագրվող արարքների համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը` տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակները, հետևաբար նրան մեղսագրվող չորս դրվագ արարքների համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, (...):

Քննության առնելով Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման հարցը, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական լրացուցիչ պատիժ պետք է նշանակել պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում` 3 (երեք) տարի ժամկետով, որը պետք է թողնել ամբաստանյալի կողմից կրելու` հաշվի առնելով ՀՕ-414-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից: (...)»(2):

_________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 124-138:

 

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Հ.Ղազարյանի անձը բնութագրող տվյալների, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան, սույն գործով առկա չէ նաև ամբաստանյալ Հ.Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանք կամ դրանց համակցություն, որը դուրս է սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ է, որ գործի փաստակազմը վերածվում է բացառության:

Ընդ որում, ամբաստանյալ Հ.Ղազարյանի կողմից կատարված հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի, կատարման եղանակի, շարժառիթի և գործի մյուս փաստական հանգամանքների համակցության մեջ հանցագործությունների թիրախ դարձած համայնքի ավագանու անդամների` ամբաստանյալ Հ.Ղազարյանին դրականորեն բնութագրելը և համայնքի ղեկավարի պաշտոնում նրա պաշտոնավարելը շարունակելուն համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց համաձայնությունը տալն ինչպես առանձին, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության մեջ դուրս չէ սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ չէ, որ հանգեցներ բացառության: Այլ կերպ` ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու իրավաչափ հիմքեր չկան:

(...)

Այլ կերպ` առկա չէ որևէ օբյեկտիվ ու իրավաչափ հիմք, որը հնարավորություն կտար փաստարկված դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված չէ, կամ որ այդ հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ»(3):

_________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 124-138:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակները գտել են, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերների կարծիքով, ստորադաս դատարանները, Համլետ Ղազարյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչն էլ հանգեցրել է նույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող, չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

Բողոքի հեղինակներն ընդգծել են, որ սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Հ.Ղազարյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը:

Ի հիմնավորումը վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ավագանու կողմից բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում 3-րդ խմբի հաշմանդամ կինը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով, բացի այդ, նրան մեղսագրվող հանցանքները միջին ծանրության են, ամբողջությամբ կամովին հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և շարունակում է աշխատել որպես Հովտաշատի համայնքապետ, իր գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում համայնքի համար կատարել է բազմաթիվ աշխատանքներ ու շարունակում է այդպիսիք կատարելը, իսկ համայնքի` թվով 500-ից ավելի բնակիչներ իրենց համաձայնությունն են տվել, որ վերջինս շարունակի պաշտոնավարել համայնքի ղեկավարի պաշտոնում:

Վկայակոչելով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բողոք բերած անձինք նշել են, որ ստորադաս դատարանները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում, պետք է հանգեին այն հետևության, որ վերջինիս նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, մասնավորապես` կարող է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժը, որով հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

11.1. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քննարկվող նորմը կարող է կիրառվել հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկի առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա(4):

_________________________

4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռոբերտ Խատոյանի գործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07, Հարություն Հաբեշյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-145/07, Սամվել Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Հակոբ Հովհաննիսյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-13/08, Վաչիկ Մնացականյանի գործով 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08, Նիկոլայ Հովսեփյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ՏԴ/0094/01/09, Վարդան Գասպարյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԱՎԴ2/0057/01/09, Գոռ Ավետիսյանի և Արմեն Հովակիմյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0164/01/09 և Հրանտ Խաչատրյանի ու Վաղարշակ Մինասյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱՔԴ/0195/01/09 որոշումները:

 

12. Պատժի տեսակներից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու էությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ: (...):

Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը»(5):

_________________________

5 Տե՛ս Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 14.1-րդ կետը:

 

13. Մեջբերված իրավական կարգավորումների և վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառման հնարավորության հարցը լուծելիս դատարանները յուրաքանչյուր գործի քննության ժամանակ պետք է բացահայտեն այնպիսի հանգամանքներ, որոնք էականորեն ազդել են անձի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա, կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ: Եթե հանցանքի համար սահմանված է պարտադիր լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգով անձի նկատմամբ այն կարող է չկիրառվել` գործում առկա այնպիսի մեղմացնող հանգամանքների համակցության համատեքստում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և ապահովում են պատժի անհատականացման սկզբունքի արդյունավետ իրացումը: Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել պատժի նպատակների ոչ լիարժեք իրացվելիության:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն` մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով` 2.011.857 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր: Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի` Արևհատ Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար(6):

_________________________

6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, պատիժ նշանակելիս, որպես ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով, աջակցել է հանցագործությունները բացահայտելուն, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցել է, մեղքն ընդունել է և անկեղծորեն զղջացել, նրա խնամքին է գտնվում երրորդ խմբի հաշմանդամ կինը: Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կարգով` հիմնական պատիժները մասնակիորեն, իսկ լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում` կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 3 (երեք) տարի ժամկետով: Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Հ.Ղազարյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նրան թողնվել է կրելու լրացուցիչ պատիժը(7):

_________________________

7) Տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը:

 

Վերաքննիչ դատարանն իր հերթին եզրահանգել է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու իրավաչափ հիմքեր չկան: Ըստ Վերաքննիչ դատարանի` համայնքի ավագանու անդամների` ամբաստանյալ Հ.Ղազարյանին դրականորեն բնութագրելը և համայնքի մի շարք բնակիչների կողմից նրա պաշտոնավարելը շարունակելուն իրենց համաձայնություն տալն ինչպես առանձին, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության մեջ դուրս չէ սովորականի շրջանակներից, որ հանգեցներ բացառության, առկա չէ որևէ օբյեկտիվ ու իրավաչափ հիմք, որը հնարավորություն կտար փաստարկված դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված չէ, կամ որ այդ հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ(8):

_________________________

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մեղմացնող հանգամանքների համակցությունը` ամբաստանյալի կողմից հանցագործությունները բացահայտելուն աջակցելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, նրա կողմից մեղքն ընդունելը ու անկեղծորեն զղջալը և այլն, դուրս չեն սովորականի շրջանակներից ու այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության և էականորեն չեն նվազեցնում նրա կատարած արարքների հանրության համար վտանգավորությունն այն աստիճանի, որ դատարանին հնարավորություն տան եզրահանգելու, որ տվյալ դեպքում պատժի նպատակները կարող են իրացվել առանց լրացուցիչ պատժի կրման:

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ չեն տվել դատական սխալ, ուստի ներկայացված բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 9 մարտի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.03.2021
N ԱՎԴ/0104/01/19
Որոշում