Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼԸ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Գործ թիվ ԱՐԴ1/0084/12/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ1/0084/12/18

Նախագահող դատավոր` Ս. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև

Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի մարտի 24-ին                         ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշման դեմ դատապարտյալ Արթուր Լյովայի Հարությունյանի պաշտպան Էդ. Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի դատավճռով Արթուր Լյովայի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մերժել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Հարությունյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել է` վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ա.Հարությունյանի պաշտպան Էդ.Թովմասյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատապարտյալ Ա.Հարությունյանի բողոքը վարույթ ընդունելը մերժել է` հետևյալ հիմնավորմամբ. «(...) դատապարտյալ Արթուր Հարությունյանի կողմից ներկայացված բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն չի բավարարում ինչպես վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական, այնպես էլ բովանդակային պահանջներին:

Դատապարտյալ Ա.Հարությունյանի կողմից ներկայացված բողոքում ընդհանրապես բացակայում է նշում բողոքի հիմքերի, նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտման մասին, որոնք ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա` նշելով դրանց վերաբերյալ հիմնավորումներ, որը օրենքի ուղղակի պահանջ է: Դատապարտյալ Ա.Հարությունյանը վերաքննիչ բողոքում կատարել է ընդհանրական ձևակերպում` նշելով, որ «առաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի վերլուծել իմ վերաբերյալ ներկայացված նյութերը», որը բավարար չէ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (...) ներկայացված բողոքը չի համապատասխանում Վերաքննիչ բողոքին ներկայացվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380.1-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված պահանջներին, ուստի բողոքը չի կարող ընդունվել վարույթ և նշանակվել քննության, այլ պետք է դրա վարույթ ընդունելը մերժել (...)»(1):

________________________

1) Տե՛ս հատոր 2-րդ, թերթ 7:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթները և սահմանափակել է իր պաշտպանյալի` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի իրացումը: Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Հարությունյանը վերաքննիչ բողոքը կազմելիս տեսականորեն պահպանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթների պահանջները և նկատի ունենալով դատապարտյալի ցածր իրավագիտակցությունը, ըստ էության բողոքի նման ձևակերպումը ինքնին հիմք չէր վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ որոշմամբ Ա.Հարությունյանին ընդամենը ծանրաբեռնել է ավելորդ ձևական պահանջներով` նրան զրկելով բողոքը շտկելու և կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Նշվածից բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում թույլ է տրվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելը հանգեցրել է դատապարտյալ Ա.Հարությունյանի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով(2),

________________________

2) Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(3),

________________________

3) Տե՛ս նույն տեղում:

 

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(4),

________________________

4) Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(5): Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(6):

________________________

5) Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6) Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»(7):

________________________

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

12. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ` վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում:

13. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»(8):

________________________

8) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ դատապարտյալի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է` այն պատճառաբանությամբ, որ բողոքում բացակայում է նշում բողոքի հիմքերի, նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին: Ուստի դատարանը գտել է, որ բողոքը չի համապատասխանում վերաքննիչ բողոքին ներկայացվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380.1-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված պահանջներին(9):

________________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից վարույթն ընդունելը մերժելն իրավաչափ համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական պահանջներին տրված նման մեկնաբանությամբ դատապարտյալի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով, prima facie, ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը:

16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելը հանգեցրել է դատապարտյալ Ա.Հարությունյանի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արթուր Լյովայի Հարությունյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

ԻՐՏԵԿ - www.datalex.am կայքէջում հրապարակման ամսաթիվը նշված չէ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.03.2021
N ԱՐԴ1/0084/12/18
Որոշում