ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 2021 թվականի N 22-Ն
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա. ենթակետը`
Հրամայում եմ`
1. Սահմանել` օդանավակայաններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
2021 թվականի ապրիլի 23-ի
թիվ 22-Ն հրամանի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1. Սույն հավելվածով սահմանվում են օդանավակայաններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները:
2. Օդանավակայաններում պետք է լինեն ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ (այսուհետ` տարածքներ):
3. Տարածքները կարող են լինել ինչպես փակ, այնպես էլ բացօթյա:
4. Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված բացօթյա տարածքները պետք է գտնվեն օդանավակայանային համալիրի հիմնական մուտքերից/ելքերից առնվազն 5 մետր հեռավորության վրա:
5. Փակ տարածքները տեղակայվում են նախնական զննում անցած, թռիչքների համար գրանցված ուղևորների, իսկ միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող օդանավակայաններում նաև տարանցիկ (տրանզիտ) ուղևորների համար նախատեսված սպասասրահների ոչ բանուկ հատվածում:
6. Փակ տարածքներին ներկայացվող պահանջներն են`
1) դռան կամ դրան փոխարինող մեխանիզմների առկայություն, որը կկանխի ծխի ներթափանցումը հաստատության տարածք: Ընդ որում, դրսի կողմից պետք է փակցված լինի հատուկ նշան` ծխելու համար նախատեսված վայրի մատնանշմամբ (օրինակ` «Ծխելու համար հատկացված վայր»)` հայերեն և անգլերեն լեզուներով.
2) տարածքի հատակը, պատերը և առաստաղը պետք է լինեն չհրկիզվող նյութից.
3) անհրաժեշտ քանակությամբ ջրով կամ համապատասխան հեղուկով լցված մետաղյա մոխրամանների և էլեկտրական կրակայրիչների առկայություն.
4) արհեստական լուսավորության առկայություն.
5) կրակմարիչի առկայություն, որը պետք է տեղադրվի մուտքի մոտ` հորիզոնական դիրքով, 1,5 մետր բարձրության վրա.
6) տարածքը պետք է ունենա օդափոխության հնարավորություն, որը կբացառի ծխախոտի ծխի ներթափանցումը հարակից տարածքներ.
7) պատերին ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների` մարդու առողջության վրա օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստեր պարունակող պաստառների առկայություն.
8) տարածքը պետք է նախատեսված լինի առավելագույնը 15 մարդ միաժամանակ տեղավորելու հաշվարկով:
7. Տարածքը չի թույլատրվում ապահովել հարմարավետ աթոռներով, սեղաններով կամ այլ կահույքով:
8. Բացօթյա տարածքները պետք է հագեցված լինեն`
1) հատուկ նշանով` ծխելու համար նախատեսված վայրի մատնանշմամբ (օրինակ` «Ծխելու համար հատկացված վայր»)` հայերեն և անգլերեն լեզուներով.
2) մոխրամաններով.
3) արհեստական լուսավորությամբ (օրվա մութ ժամերի ընթացքում):
9. Տարածքների մաքրության և սանիտարահիգիենիկ վիճակի համար պատասխանատու է օդանավակայանի ղեկավարությունը:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 ապրիլի 2021 թվական: